Տնային ուսումնասիրության դաս
Հովհաննես 16-21 (Մաս 16)
Ներածություն
Հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներին, երբ նրանք ձուկ էին բռնում: Ծովափին Հիսուսը ճաշեց Իր աշակերտների հետ և հրավիրեց Պետրոսին ցույց տալ իր սերը Իր նկատմամբ, արածեցնելով Իր ոչխարներին:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 21․1-17
Հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներից ոմանց Տիբերեա ծովի (Գալիլեայի ծովի) մոտ:
Գրատախտակին նկարեք մի մեծ սիրտ:
Հրավիրեք ուսանողներին գրատախտակի մոտ, և նկարված սրտի մեջ թող գրեն երկու-երեք բան, որ իրենք սիրում են: Բացատրեք, որ կարող են գրել մարդկանց, իրեր կամ միջոցառումներ:
Երբ ուսանողներն ավարտեն, դուք նույնպես կարող եք գրել ձեր սիրած բաներից մի քանիսը:
Ամփոփեք Հովհաննես 21.1-2 հատվածները, բացատրելով, որ հարություն առած Տիրոջը երկու անգամ տեսնելով, Պետրոսն ու մյուս աշակերտները Գալիլեայի ծովի ափին էին (որը նաև կոչվում է Տիբերիայի ծով):
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ տեսնելով, թե ինչ որոշեց անել Պետրոսը:
-
Ձեր կարծիքով, Պետրոսն ի՞նչ կավելացներ գրատախտակի ցուցակին իր նախասիրություններից: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին՝ սրտի մեջ գրեք ձկնորսություն բառը:
-
Որքա՞ն ժամանակ էին Պետրոսն ու աշակերտները ձուկ որսում: Որքա՞ն ձուկ էին բռնել:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ի՞նչ էին զգում Պետրոսն ու մյուս աշակերտները, երբ ամբողջ գիշեր որսալու արդյունքում ոչինչ չէին բռնել:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․4-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ առավոտյան:
-
Ի՞նչ տեղի ունեցավ նրանից հետո, երբ աշակերտներն ամբողջ գիշեր ապարդյուն կերպով ձուկ որսացին:
Ամփոփեք Հովհաննես 21.7-14 հատվածները, բացատրելով, որ երբ աշակերտները դժվարությամբ քաշում էին ձկներով լի ուռկանը նավակի մեջ, Հովհաննեսը բացականչեց, որ ափին կանգնած մարդը Տերն է: Պետրոսն անհամբերությամբ նետվեց ծովը և լողաց դեպի Հիսուսը, մինչդեռ մյուսները եկան իրենց նավակով: Երբ աշակերտները հասան ափ, Հիսուսն ուտելիք էր պատրաստում նրանց համար:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Հարություն առած Հիսուսի հետ ուրախ վերամիավորումից հետո, Պետրոսը հաղորդակցություն ունեցավ Փրկչի հետ, որը ես համարում եմ առաքելական ծառայության վճռական՝ շրջադարձային պահ ընդհանուր առմամբ, և, անշուշտ, անձամբ Պետրոսի համար, շարժելով այդ մեծ ժայռ մարդկանց դեպի նվիրված ծառայության և ղեկավարության փառահեղ կյանքը: Նայելով նրանց ծեծված փոքր նավակին, քրքրված ցանցերին և ցնցող 153 ձկների կույտին՝ Հիսուսը [խոսեց] իր ավագ Առաքյալի հետ» (“The First Great Commandment,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 84):
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21.15-17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ո՞ր հարցը Հիսուսը մի քանի անգամ տվեց Պետրոսին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:
-
Ո՞ր հարցը Հիսուսը երեք անգամ տվեց Պետրոսին:
-
Երբ Հիսուսը հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ դորանցից ավելի» (15-րդ հատվածում), ձեր կարծիքով, ինչի՞ն էր վերաբերում դորանցից բառը: (Հիսուսը կարող էր նկատի ունենալ ձկների կույտը կամ այլ բաներ, որոնք առնչվում են ձկնորսական կյանքի հետ: Գրատախտակին սրտի կողքին գրեք հետևյալ հարցը. Սիրո՞ւմ ես ինձ դորանցից ավելի:)
-
Ի՞նչ պատասխանեց Պետրոսը:
-
Ինչպե՞ս դուք ձեզ կզգայիք, եթե լինեիք Պետրոսի տեղը և Հիսուսը երեք անգամ հարցներ ձեզ, թե արդյոք սիրում եք Նրան:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Հիսուսն ինչու այդ հարցը տվեց և ուզում էր, որ Պետրոսը երեք անգամ պատասխաներ Նրան, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Հոլլանդի հետևյալ խոսքերը․
«Հիսուսը պատասխանեց (և այստեղ ես նորից ընդունում եմ իմ ոչ սուրբգրքյան զարգացումը), հավանաբար, ասելով այսպիսի մի բան. Ապա, Պետրոս, ինչո՞ւ ես դու այստեղ: Ինչո՞ւ ենք մենք կրկին այս նույն ափին, այս նույն ցանցերով, ունենում այս նույն զրույցը: Մի՞թե ակնհայտ չէր այն ժամանակ և ակնհայտ է այժմ, որ եթե ես ձուկ եմ ուզում, ես կստանամ ձուկ: Այն, ինչի կարիքը ես ունեմ՝ աշակերտներն են, ես նրանց կարիքը միշտ ունեմ: Ինձ հարկավոր է, որ ինչ-որ մեկը արածեցնի իմ ոչխարներին ու փրկի իմ գառներին: Ինձ հարկավոր է, որ ինչ-որ մեկը քարոզի իմ ավետարանը և պաշտպանի իմ հավատքը: Ինձ հարկավոր է մեկը, ով սիրում է ինձ, ճշմարիտ, ճշմարիտ սիրում է ինձ և սիրում է այն, ինչ իմ Երկնային Հայրը պատվիրել է ինձ անել: … Այսպիսով, Պետրոս, երկրորդ և հավանաբար վերջին անգամ ես խնդրում եմ քեզ թողնել այս ամենը և գնալ ուսուցանել ու վկայել, աշխատել և ծառայել նվիրվածությամբ մինչև այն օրը, երբ նրանք կանեն քեզ հետ նույնը, ինչ արեցին ինձ հետ» (“The First Great Commandment,” 84):
-
Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Պետրոսի հետ Տիրոջ խոսակցությունից: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք սիրում ենք Փրկչին և Երկնային Հորը ավելի շատ, քան ուրիշ բաները, մենք կարածեցնենք Նրանց ոչխարներին:)
-
Ովքե՞ր են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ոչխարները: Ինչպե՞ս ենք մենք արածեցնում նրանց:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք արածեցնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ոչխարներին, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքը.
«Սա Քրիստոսի կոչն է, ուղղված այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի. «Արածեցրու իմ ոչխարները»: … Արածեցրեք իմ ոչխարները՝ կիսվեք իմ ավետարանով երիտասարդների և մեծահասակների հետ, բարձրացնելով, օրհնելով, սփոփելով, խրախուսելով և շենացնելով նրանց, հատկապես նրանց, ովքեր մտածում և հավատում են ոչ այնպես, ինչպես մենք» («Լինել ավելի քրիստոսանման քրիստոնյա», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 91):
Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ, թե Աստծուն մյուս բաներից ավելի շատ սիրելու սկզբունքն ինչպես կիրառել, հրավիրեք երեք ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարները։ Յուրաքանչյուր սցենարի ընթերցումից հետո տվեք դրան հաջորդող հարցերը:
-
Մի խումբ տղաներ հրավիրում են մի երիտասարդի միանալ իրենց նախաճաշի ժամանակ, և նա էլ հույս ունի ընկերանալ նրանց հետ: Զրույցի ժամանակ խմբի տղաներից մեկը սկսում է բոլորի մոտ ծաղրել մյուս տղային:
-
Մի երիտասարդ կին սիրում է ֆուտբոլ խաղալ: Նա շաբաթական բազմաթիվ ժամեր է անցկացնում ֆուտբոլ խաղալով և շատ քիչ ժամանակ ունի այլ բաների համար, ինչպիսիք են ընտանեկան երեկոն և սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը:
-
Մի երիտասարդ շատ զբաղված էր և գիտական և ֆակուլտատիվ աշխատանքներով: Ամբողջ շաբաթ նա անհամբեր սպասում էր մի քիչ ազատ ժամանակ ունենալուն, որպեսզի ուրբաթ օրն ընկերների հետ անցկացնի: Այդ երեկո, հենց նա պատրաստվում էր զանգել իր ընկերներից մեկին, տնային ուսուցման նրա զուգընկերը զանգեց և խնդրեց, որ իր հետ մի նշանակված ընտանիքի այցելի հրատապ կարիքի մի հարցով օգնելու համար:
-
Ի՞նչ ընտրություններ ունի այս անձը:
-
Ի՞նչ կարող է անել այս անձը՝ ցույց տալու համար իր սերը Տիրոջ նկատմամբ: Ինչպե՞ս կարող է այդ գործողությունը Տիրոջ նկատմամբ սեր լինել:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես համոզված չեմ, թե ինչպիսին է լինելու մեր փորձառությունը Դատաստանի Օրը, բայց ես շատ զարմացած կլինեմ, եթե այդ զրույցի ընթացքում մի պահ Աստված չտա մեզ այն հարցը, որը Քրիստոսը տվեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ» (“The First Great Commandment,” 84):
Կիսվեք ձեր վկայությամբ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ամեն ինչից առավել սիրելու և արածեցնելով Իրենց ոչխարներին այդ սերը ցույց տալու կարևորության մասին:
Ուշադրություն հրավիրեք գրատախտակին նկարված սրտի մեջ թվարկվածին և դրանց կողքին գրված հարցին. «Սիրո՞ւմ ես ինձ դորանցից ավելի»: Ընդգծեք դորանցից բառը և հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
-
Եթե Հիսուսը ձեզ այդ նույն հարցը տար, ի՞նչ եք կարծում, «դորանցից» ասելով, ի՞նչը Նա նկատի կունենար ձեր կյանքից:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք Նրա հարցին:
Եզրափակելով Ավետարանները, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են գրել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրում՝ 4-րդ օրվա դասի հանձնարարությունը կատարելիս. Փրկչի մահկանացու ծառայության ժամանակահատվածից որևէ պատմության, իրադարձության, կամ ուսմունքի մասին, որն օգնել է նրանց հավատալ կամ ամրապնդել է իրենց հավատքը, որ Հիսուսը Քրիստոսը Աստծո Որդին է:
Հաջորդ Մասը (Գործք 1-5)
Հրավիրեք ուսանողներին փնտրել հետևյալ հարցերի պատասխանները, երբ նրանք ուսումնասիրում են Գործք 1-5-ը: Ո՞վ կղեկավարեր Եկեղեցին նրանից հետո, երբ Փրկիչը մահանար և հարություն առներ: Ինչպե՞ս էին ընտրվել մյուս Առաքյալները: Ի՞նչ հրաշք տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը: Ինչպե՞ս Սուրբ Հոգին նպաստեց այդ օրվա հրաշքին: Ի՞նչ հրաշք գործեց Պետրոսը տաճարում, և ինչ պատահեց Պետրոսին այդ պատճառով: Ի՞նչ պատահեց Անանիային և Սափիրային՝ իրենց քահանայության ղեկավարին ստելու համար: