Դաս 42
Մարկոս 11-16
Նախաբան
Իր մահկանացու կյանքի ծառայության վերջում Փրկիչը նկատեց, թե ինչպես մի այրի կին երկու լումա գցեց տաճարի գանձանակի մեջ: Ավելի ուշ, մինչ Հիսուսը ճաշում էր Բեթանիայում, Մարիամը օծեց նրան ի նշան Նրա թաղումի: Փրկիչը տառապեց Գեթսեմանում: Նա չարչարանքների ենթարկվեց և դատապարտվեց մահվան: Խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Տերը հայտնվեց Իր Առաքյալներին և լիազորեց նրանց ավետարանը տանել աշխարհին:
Ուսուցման առաջարկներ
Մարկոս 11-13
Փրկիչն ուսուցանում է տաճարում և հետևում, թե ինչպես մի այրի լումաներ է գցում տաճարի գանձանակի մեջ
Բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարները և հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ տարբերություններ կան Տիրոջը կատարված նվիրաբերությունների միջև յուրաքանչյուր սցենարում:
-
Մի կին իր եպիսկոպոսին է տվել մի մեծ գումար` որպես ծոմի նվիրատվություն: Նույն ծխից մեկ այլ կին եպիսկոպոսին է տվել շատ փոքր գումար` որպես ծոմի նվիրատվություն:
-
Մի մարդ ծառայում է որպես ցցի նախագահ։ Մեկ ուրիշը նույն ցցում ծառայում է որպես Երեխաների Միության ուսուցիչ:
-
Ի՞նչ տարբերություններ նկատեցիք յուրաքանչյուր սցենարում կատարված նվիրաբերությունների միջև։
-
Մարդն ինչպե՞ս կարող է զգալ, թե արդյոք Տիրոջը կատարած իր նվիրատվությունը փոքր կթվա ուրիշների կատարած նվիրատվությունների համեմատ:
Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 11-14 գլուխներն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչպես է Տերը վերաբերվում նրանց կողմից իրեն կատարած նվիրաբերություններին:
Ցույց տվեք «Հաղթական մուտքը» նկարը (Ավետարանի նկարների գիրք[2009], հմր. 50, տես նաև LDS.org)։ Համառոտ ամփոփեք Մարկոսի 11․1-12.40` հիշեցնելով ուսանողներին, որ Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին Փրկիչը հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, մաքրեց տաճարը և ուսուցանեց մարդկանց այնտեղ: Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Փարիսեցիներն ու դպիրները փորձեր էին անում վարկաբեկելու Փրկիչին, Նրան դժվար հարցեր էին ուղղում, մինչ Նա ուսուցանում էր տաճարում: Երբ Փրկիչը պատասխանեց նրանց հարցերին, Նա պարսավեց Փարիսեցիների ու դպիրների կեղծավորությունը (տես Մատթեոսի 23):
Բացատրեք, որ մինչ Հիսուսը տաճարում էր, Նա վկա եղավ, թե մարդիկ ինչպես էին գումար գցում տաճարի գանձանակի մեջ` որպես նվիրաբերություն Աստծուն: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոսի 12.41–44 հատվածները և խնդրեք դասարանին հետևել, թե Փրկիչն ինչ տեսավ գանձարանում:
-
Փրկիչն ի՞նչ տեսավ գանձարանում:
Ցույց տվեք ձեր երկրի արժույթի փոքրագույն արժեք ունեցող մետաղադրամը և բացատրեք, որ լուման «հրեաների կողմից օգտագործվող ամենափոքր բրոնզե մետաղադրամն էր» (Աստվածաշնչի բառարան, «Դրամ»):
-
Ինչպե՞ս կարող է մարդն իրեն զգալ, եթե նա ի վիճակի է ընդամենը երկու լումա նվիրաբերել Աստծուն:
-
Ի՞նչ ասաց Փրկիչը այրի կնոջ նվիրատվության մասին` մյուս նվիրատվությունների համեմատ:
-
Ձեր կարծիքով, Փրիկիչն ինչո՞ւ նրա նվիրատվությունը համարեց «ավելին», քան մյուս նվիրատվությունները:
-
Հիմնվելով այն խոսքերի վրա, որոնք Տերն ասաց այրի կնոջ մասին, մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Տիրոջը նվիրաբերություն կատարելու մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք պատրաստ ենք Տիրոջը տալ այն ամենն, ինչ ունենք, Նա կընդունի մեր նվիրաբերությունները, եթե նույնիսկ այն փոքր թվա ուրիշների նվիրաբերությունների համեմատ:)
Ամփոփեք Մարկոսի 13 գլուխը` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր Առաքյալներին Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ։ Հիշեցրեք ուսանողներին, որ դուք ուսումնասիրեցիք այս ուսմունքները Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսում:
Մարկոս 14.1-9
Մարիամն օծում է Փրկիչին
Բացատրեք, որ երբ Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց Իր Երկրորդ Գալուստի նշանների մասին, Նա հեռացավ Երուսաղեմից և ուղևորվեց Բեթանի` Սիմոն անունով մի մարդու տուն, ով նախկինում տառապել էր բորոտությունից:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոսի 14․3 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 12.3 հատվածները: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց Փրկիչի հետ, երբ նա ճաշի էր նստած։
-
Ի՞նչ տեղի ունեցավ Փրկիչի հետ, երբ Նա ճաշի էր նստած Սիմոնի տանը: (Բացատրեք, որ կինը, ով օծեց Փրկիչին, Մարիամն էր` Մարթայի և Ղազարոսի քույրը [տես Հովհաննես 12.1-3]:)
-
Մարիամն ինչպե՞ս արտահայտեց Փրկիչի հանդեպ իր սերն ու նվիրվածությունը:
Բացատրեք, որ Մարիամի կողմից Փրկիչի գլուխն ու ոտքերը նարդոսի յուղով (թանկարժեք օծանելիքով) օծելը այնպիսի մեծարանք էր, որ նույնիսկ թագավորները հազվադեպ էին ստանում այն (see James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 512):
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 14․4-9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ճաշին մասնակցող որոշ մարդիկ ինչպես արձագանքեցին Մարիամի կատարած քայլին: Բացատրեք, որ Հովհաննեսի 12.4-5 հատվածներից սովորում ենք, որ Հուդա Իսկարիովտացին էր այն աշակերտը, ով դժգոհ էր Մարիամի արարքից:
-
Հուդա Իսկարիովտացին ինչպե՞ս արձագանքեց Մարիամի կողմից Տիրոջը թանկարժեք յուղով օծելու քայլին:
-
Համաձայն 5-րդ հատվածի, որքա՞ն արժեր անուշահոտ յուղը: (Բացատրեք, որ երեք հարյուր դահեկանը մոտավորապես հավասար էր այն գումարին, որ աշխատավորը կարող էր վաստակել մի տարում:)
-
Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց Մարիամին ուղղված Հուդայի քննադատությանը:
Նշեք «դա մի բարի բան գործեց ինձ վերայ» արտահայտությունը 6-րդ հատվածում և բացատրեք, որ այն ցույց է տալիս, որ Փրկիչը գոհ էր Մարիամի կատարած քայլից: Նաև նշեք «դա ինչ որ ունէր, արավ» արտահայտությունը 8-րդ հատվածում և բացատրեք, որ սա ենթադրում է, որ Մարիամը Տիրոջը տվել էր այն ամենն, ինչ ուներ:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Տերը զգում, երբ մենք նրան տալիս ենք մեր ունեցածը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Փրկիչը գոհ է, երբ մենք Նրան տալիս ենք մեր ունեցածը:)
Անդրադարձեք դասի սկզբում ներկայացված սցենարներին։ Խնդրեք ուսանողներին օգտագործել այն ճշմարտությունները, որոնք նրանք հայտնաբերեցին Մարկոսի 12 և Մարկոսի 14 գլուխներն ուսումնասիրելիս, որպեսզի բացատրեն, թե այդ սցենարներից յուրաքանչյուրում անհատներն ինչպես կարող էին գոհացնել Տիրոջը:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտություններին հավատալն օգնել այն մարդուն, ով զգում է, որ շատ բան չունի Տիրոջը տալու:
-
Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկը իր ողջ ունեցածը տվել է Տիրոջը։
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք այժմ իրենց ունեցած լավագույնն են տալիս Տիրոջը։ Խրախուսեք նրանց ընտրել իրենց կյանքի մի ոլորտ, որտեղ նրանք կկարողանային կատարելագործվել և մի նպատակ սահմանել, որը կօգներ նրանց Տիրոջը նվիրաբերել իրենց լավագույն ջանքերը:
Մարկոս 14:10–16:20
Հիսուսը սկսում է Իր Քավությունը, երբ Նա տառապում է Գեթսեմանում մեր մեղքերի համար, Նա մատնվում է Հուդա Իսկարիովտացու կողմից և մեղադրվում հրեա ղեկավարների առջև
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ոչ-ոք չի հասկանում ձեզ կամ ինչի միջով եք դուք անցնում:
-
Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր անցյալի մեղքերը ձեզ չեն կարող ներվել:
Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 14 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց, ովքեր, հնարավոր է, ունեն այս զգացումները:
Ամփոփեք Մարկոսի 14.10-31 հատվածները` բացատրելով, որ Մարիամն օծեց Հիսուսին, և մի քանի օր անց Հիսուսն ու Առաքյալները ճաշակեցին Զատիկը։ Այնուհետև Փրկիչը գնաց Գեթսեմանի պարտեզ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 14.32-34: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ինչ զգաց Գեթսեմանի պարտեզում:
-
Փրկիչն ինչպե՞ս էր զգում Գեթսեմանի պարտեզում:
Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները. զարհուրել, տխրել, խիստ տրտմած
Բացատրեք, որ այս արտահայտությունները վերաբերում են այն տառապանքներին, որոնք Հիսուս Քրիստոսը տարավ` որպես Իր Քավության մաս:
-
Այս արտահայտությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Որպես Իր Քավության մաս Հիսուս Քրիստոսը տառապեց ու տրտմեց Գեթսեմանի պարտեզում:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 14.35-42 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց Իր ուժգին տառապանքների պատճառով:
-
Ի՞նչ արեց Փրկիչն Իր ուժգին տառապանքների պատճառով: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուսի տառապանքն այնքան դաժան էր, որ Նա հարցրեց` արդյոք հնարավոր էր, որ Ինքը չկրեր այն:)
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հիսուս Քրիստոսը տառապեց … որպեսզի Նա…
Բացատրեք, որ այլ ավետարանական հատվածներ կարող են օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի տառապանքը, և թե ինչու էր Նա պատրաստ տառապել մեզ համար:
Գրատախտակին գրեք հետևյալ հղումները։ Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13: Ուսանողներին զույգերի բաժանեք և հրավիրեք նրանց միասին կարդալ հատվածները` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ տանջանքներ կրեց և ինչո՞ւ Նա տառապեց: Խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել, թե ինչպես կավարտեին գրատախտակին գրված արտահայտությունն` օգտագործելով իրենց սովորածը Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13 հատվածներից։ (Կարող եք բացատրել, որ սատարել բառը Ալմայի 7.12 հատվածում նշանակում է շտապել` ազատում բերելով ինչ-որ մեկին, կամ հասնել օգնության։)
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել, թե ինչպես են ավարտել նախադասությունները: Ուսանողների պատասխանները կարող են լինել նմանատիպ նախադասություններ. Հիսուս Քրիստոսը տառապեց մեր ցավերով, դժբախտություներով, փորձություններով, հիվանդություններով, թուլություններով ու վշտերով, որպեսզի իմանար, թե ինչպես սատարեր մեզ: Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի կարողանար ջնջել մեր հանցանքները: Հիշեցրեք ուսանողներին, որ մարդկության համար Փրկիչի տառապանքները սկսվեցին Գեթսեմանում և շարունակվեցին ու ավարտվեցին Նրա Խաչելությամբ:
-
Իմացությունը, թե ինչ տառապանքներ կրեց Փրկիչը և ինչու Նա տառապեց, ինչպե՞ս կօգնի ձեզ դիմակայել փորձություններին, ցավերին ու դժբախտություններին:
-
Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը սատարել է ձեզ ցավի, հիվանդության կամ վշտի ժամանակ:
-
Ի՞նչ զգացումներ ունեցաք դուք, երբ ապաշխարեցիք և զգացիք, որ ձեր մեղքերը ջնջվել են (կամ մաքրվել են) Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Ամփոփեք Մարկոսի 14.43-16.20 հատվածները` բացատրելով, որ Հիսուսին տարան Սանհեդրին` անօրինական դատավարության համար և դատապարտեցին մահվան: Խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Նա հայտնվեց Իր Առաքյալներին և լիազորեց նրանց ավետարանը տանել աշխարհին:
Կարող եք եզրափակել դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։