Դաս 53
Ղուկաս 15
Նախաբան
Փարիսեցիներն ու դպիրները դժգոհում էին, որ Փրկիչը հաղորդակցվում էր մաքսավորների ու մեղավորների հետ: Տերը պատասխանեց` պատմելով մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 15.1-10
Տերը պատմում է մոլորված ոչխարի և կորած դրամի առակները
Դասը սկսեք ուսանողներին հարցնելով, թե արդյո՞ք նրանք երբևէ կորցրել են որևէ իր, որն արժեքավոր է եղել իրենց համար:
-
Դուք ի՞նչ էիք պատրաստվում անել, որպեսզի գտնեիք այն: Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով, մարդու համար ի՞նչ է նշանակում լինել հոգևոր առումով մոլորված: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ սա կարող է վերաբերել նրանց, ովքեր դեռ չեն ընդունել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կամ ներկայումս չեն ապրում ավետարանական ուսմունքներով:)
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց որևէ ծանոթի մասին, ով հավանաբար հոգևոր առումով մոլորված է: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ մարդուն:
Բացատրեք, որ Ղուկասի 15 գլուխն ընդգրկում է Փրկիչի ուսմունքները նրանց մասին, ովքեր հոգևոր առումով մոլորված են: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին Ղուկասի 15 գլխում այն բանի վերաբերյալ, թե ինչպիսի՞ն է Երկնային Հոր վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր հոգևոր առումով մոլորված են և պարտականությունները, որոնք մենք ունենք նրանց նկատմամբ:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 15․1-2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ովքեր էին մոտենում Հիսուսին և ինչից էին դժգոհում Փարիսեցիներն ու դպիրները:
-
Ովքե՞ր էին մոտենում Փրկիչին: Ինչո՞ւ էին դժգոհում Փարիսեցիներն ու դպիրները:
-
Ի՞նչ է բացահայտում այս դժգոհությունը Փարիսեցիների ու դպիրների մասին:
Բացատրեք, որ Փրկիչը պատասխանեց` պատմելով երեք առակները. մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Այս առակները նախատեսված էին մեղավորներին հույս տալու, ինչպես նաև Փարիսեցիների ու դպիրների կեղծավորությունն ու ինքնագոհությունը դատապարտելու համար: Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչո՞ւ է յուրաքանչյուր առակի թեման վերաբերում կորածին և ինչպես է այն գտնվել:
Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ թերթիկների տեսքով բաժանեք ուսանողներին․ Ուսանողներին խմբավորեք զույգերով և նրանցից մեկին հանձնարարեք ուսումնասիրել Ղուկաս 15․3–7 հատվածները, իսկ մյուսին` Ղուկաս 15․8-10 հատվածները։ Ուսանողներին հրավիրեք կարդալ իրենց հանձնարարված առակները` փնտրելով ձախ սյունակում տրված հարցերի պատասխանները: (Երրորդ առակին անդրադարձեք ավելի ուշ` այդ դասի ժամանակ:)
Կորած ոչխարի, դրամի և որդու առակները
Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ. Դաս 53
Ղուկաս 15.3-7 (տես նաև հատված 4, ծանոթագրություն ա, եթե առկա է սուրբ գրությունների ձեր հրատարակության մեջ) | |||
---|---|---|---|
Ի՞նչ էր կորել: | |||
Ինչո՞ւ էր այն կորել: | |||
Ինչպե՞ս այն գտնվեց: | |||
Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում արձագանքն այն բանին, երբ այն գտնվեց։ |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին բացատրել իրենց հանձնարարված առակը և իրենց զուգընկերոջը հաղորդել աղյուսակի իրենց պատասխանները։ Երբ յուրաքանչյուր խմբից երկու ուսանողներն ավարտեն, հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և աղյուսակում լրացնել իրենց պատասխանները կամ (եթե գրատախտակին աղյուսակ չեք գծել) իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:
-
Ո՞րն է տարբերությունը այն եղանակների միջև, թե ինչպե՞ս ոչխարն ու դրամը կորան: (Ոչխարը կորավ ոչ իր մեղքով, մինչ դրամը կորավ իր տիրոջ անփութության կամ անուշադրության հետևանքով [see David O. McKay, in Conference Report, Apr. 1945, 120, 121–22]:)
-
Ըստ 7 և 10-րդ հատվածների, ի՞նչ են ներկայացնում դրամն ու ոչխարը, որոնք գտնվեցին։ (Նրանք ներկայացնում են մեղավորին, ով ապաշխարեց ու դարձավ դեպի Աստված:)
-
Ո՞րն է մեր պարտականությունը նրանց նկատմամբ, ովքեր մոլորված են, անկախ այն բանից, թե ինչպես են մոլորվել:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Երբ մենք օգնում ենք ուրիշներին զգալ ապաշխարելու ցանկություն …
-
Հիմնվելով նրանց պատասխանների վրա, ովքեր գտան այն, ինչ կորած էր, ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված նախադասությունը: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ օգնում ենք ուրիշներին զգալ ապաշխարելու ցանկություն, մենք զգում ենք ուրախություն, իսկ երկինքները հրճվում են: Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը: Հրավիրեք ուսանողներին գրել այս սկզբունքն իրենց սուրբ գրություններում` Ղուկասի 15.1-10 հատվածների կողքին:)
-
Ինչպե՞ս եք դուք կամ ձեր ծանոթը օգնել հոգեպես մոլորված մի մարդու զգալ ապաշխարելու ցանկություն կամ ավելի մոտենալ Երկնային Հորը: Ե՞րբ է ինչ-որ մեկը օգնել ձեզ: (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպիտի կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)
Ղուկաս 15.11-32
Փրկիչն ուսուցանում է անառակ որդու առակը
Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ սցենարի շուրջ. Երիտասարդ կինը լուրջ մեղքեր է գործել և դադարել է աղոթել կամ եկեղեցի հաճախել: Նա զգում է աղոթելու և Տիրոջ պատվիրաններով ապրելու ցանկություն, բայց վախենում է, որ Նա չի ցանկանա իրեն ետ ընդունել:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյո՞ք իրենք ճանաչում են ինչ-որ մեկին, ով նմանություն ունի սցենարում նկարագրված անձի հետ: Բացատրեք, որ երրորդ առակը Ղուկասի 15 գլխում պատմում է անառակ (որը նշանակում է վատնող և անխոհեմորեն շռայլ) որդու, նրա ավագ եղբոր և նրանց հոր մասին: Հրավիրեք ուսանողներին այս առակն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել ճշմարտություններին, որոնք կարող են օգնել այն անհատներին, ովքեր իրենց անհույս կորած են համարում:
Ուսանողներին բաժանեք երեք հոգանոց խմբերի : Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ թերթիկի մեկական օրինակ։ Հանձնարարեք նրանց բարձրաձայն կարդալ Ղուկասի 15․11-32 հատվածներն իրենց խմբի համար։ Հանձնարարեք մի ուսանողի քննարկել առակը անառակ որդու տեսանկյունից, երկրորդ ուսանողին` քննարկել այն հոր տեսանկյունից, իսկ երրորդ ուսանողին` ավագ եղբոր տեսանկյունից:
Երբ ուսանողներն ավարտեն ընթերցումը, խնդրեք նրանց իրենց խմբերում քննարկել թերթիկում տրված հարցը:
Հարցրեք ուսանողներին, թե նրանք ինչպես կավարտեին աղյուսակի երրորդ սյունակը (Ղուկաս 15․11–32), որը տրված է գրատախտակին կամ առաջին թերթիկի վրա: Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակին կամ հրավիրեք նրանց գրել իրենց պատասխանները թերթիկների վրա:
-
Ինչո՞ւ էր մոլորվել անառակ որդին: (Ի տարբերություն ոչխարի ու դրամի, անառակ որդին մոլորվել էր իր սեփական ըմբոստության պատճառով:)
-
Հասկանալով, որ հայրն այս առակում ներկայացնում է Երկնային Հորը, մենք ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր տված պատասխանից նրանց մասին, ովքեր վերադառնում են դեպի Նա` ապաշխարելով: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք վերադառնանք դեպի Երկնային Հայրը` ապաշխարելով և Նրա ներումը փնտրելով, Նա կուրախանա և ետ կընդունի լայն բացված բազուկներով: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
-
Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել նրանց, ովքեր հոգեպես մոլորված են։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Այս տղայի հուզված, հավատարիմ հոր սիրող պատկերը, ով վազում է դիմավորելու նրան և համբույրներ է տեղում նրա վրա, սուրբ գրությունների ամենահուզիչ և կարեկցող տեսարաններից մեկն է: Աստծո յուրաքանչյուր զավակին այն ասում է, որ կամակոր թե այլ կերպ, որքան է Աստված կամենում, որ մենք վերադառնանք Իր բազուկների պաշտպանության գիրկը» (“The Other Prodigal,” Ensign, May 2002, 62)։
Հիշեցրեք ուսանողներին առակի ավագ որդու մասին:
-
Ձեր կարծիքով, ավագ եղբայրն ինչո՞ւ էր բարկացած:
Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ երեց Հոլլանդի հետևյալ խոսքերը, իսկ հետո դասարանին խնդրեք մտքեր առաջարկել այն բանի վերաբերյալ, թե ավագ եղբայրն ինչո՞ւ էր բարկացած.
«Այս որդին այնքան էլ շատ բարկացած չէ, որ կրտսերը տուն է եկել, նա բարկացած է, որ իր ծնողներն են այդքան ուրախ դրա համար: Չգնահատված լինելու զգացումով և հավանաբար, մի փոքր էլ ինքնախղճահարությամբ, այս խոնարհ որդին, իսկ նա զարմանալիորեն խոնարհ էր, մի պահ մոռանում է, որ ինքը երբեք ստիպված չէր եղել ճանաչել գարշելիությունն ու հուսահատությունը, վախն ու ինքնատելությունը: Նա մի պահ մոռանում է, որ ագարակում յուրաքանչյուր եզ արդեն իրենն էր և պահարանի բոլոր պատմուճանները նույնպես և գզրոցի բոլոր մատանիներն էլ: Մի պահ նա մոռանում է, որ իր հավատարմությունը միշտ էլ գնահատվել է ու կգնահատվի: …
Նա դեռ չի զգացել այն կարեկցանքն ու գութը, տեսարանի ողջ խորությունը, որպեսզի տեսնի, որ վերադարձողը թշնամի չէ: Դա նրա եղբայրն է։ …
Անշուշտ կրտսեր որդին բանտարկյալ էր` մեղքի, հիմարության և խոզաբնի բանտարկյալ: Բայց ավագ որդին նույնպես ապրում է որոշակի սահմանափակումներով: Նա դեռևս չի կարողացել ինքնուրույն դուրս գալ բանտից: Նրան կախարդել է կասկածամտության նախանձոտ հրեշը» (“The Other Prodigal,” 63):
-
Ըստ Երեց Հոլլանդի, ավագ եղբայրն ինչո՞ւ էր զայրացած։
-
Մենք ի՞նչ պիտի հիշենք, երբ տեսնում ենք, որ Աստված ողորմածություն է ցուցաբերում և օրհնում է նրանց, ովքեր ապաշխարել են ու վերադարձել Իր մոտ:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս առակից այն մասին, թե ինչպես ավելի նմանվել Երկնային Հորը։ (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք ավելի նմանվել Երկնային Հորը` արձագանքգելով կարեկցանքով և ուրախությամբ, երբ ուրիշներն ապաշխարում են:)
Վերանայեք այն սկզբունքները, որոնք ուսանողները սովորեցին Ղուկասի 15 գլխում տրված առակներից: Ուսանողներին խնդրեք բացատրել, թե նրանք ինչպե՞ս կօգտագործեին այս սկզբունքները` պատասխանելու փարիսեցիներին ու դպիրներին, ովքեր դժգոհում էին, երբ Հիսուսը ճաշում էր մեղավորների հետ:
Հիշեցրեք ուսանողներին հոգեպես մոլորված այն մարդու մասին, ում վերաբերյալ խոսվեց դասի սկզբում: Խրախուսեք նրանց աղոթքով խորհել, թե իրենք ինչպե՞ս կկարողանային օգնել այդ մարդուն ապաշխարել և ավելի մոտենալ Երկնային Հորը: Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Դուք ի՞նչ եղանակով կկիրառեիք ձեր այսօրվա սովորածը: