Գրադարան
Մարկոսի ավետարանի նախաբանը


Մարկոսի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մարկոսի ավետարանը արագ տեղի ունեցող իրադարձությունների միջոցով պատմում է Հիսուս Քրիստոսի ծառայության, մահվան և Հարության մասին, որոնք հաճախ կենտրոնանում են Փրկիչի զորավոր գործերի վրա: Այս ամենի մեջ գլխավորը Քավությունն է, որը Մարկոսը շեշտադրում է որպես Հիսուսի` երկար խոստացված Մեսիայի, առաքելության առանցքը: Ուսումնասիրելով Մարկոսի պատմությունը և վկայությունն այն մասին, թե Փրկիչն ինչպես իրականացրեց Իր քավիչ առաքելությունը, ուսանողների դարձը դեպի ավետարանը կարող է ավելի խորանալ, և նրանք քաջություն կունենան հետևելու Փրկիչին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մարկոսը (նաև Հովհաննես Մարկոս) այս գրքի հեղինակն է: Չնայած Մարկոսը Հիսուս Քրիստոսի առաջին աշակերտների թվում չէր, նա ավելի ուշ դարձի եկավ և դարձավ Պետրոս Առաքյալի օգնականը, և նա հավանաբար գրել է իր ավետարանը` հիմնվելով այն ամենի վրա, ինչ սովորել էր Պետրոսից (Աստվածաշնչի բառարան, «Մարկոս»):

Մարկոսը և իր մայր Մարիամը ապրում էին Երուսաղեմում, նրանց տունը հավաքատեղի էր մի քանի վաղ շրջանի քրիստոնյաների համար (տես Գործք Առաքելոց 12․12): Մարկոսը հեռացավ Երուսաղեմից, որպեսզի օգնի Բառնաբասին ու Սողոսին (Պողոսին)` պատրաստվելու իրենց առաջին միսիոներական ուղևորությանը (տես Գործք Առաքելոց 12.25, 13.4–6, 42–48): Ավելի ուշ Պողոսը գրել է, որ Մարկոսն իր հետ էր Հռոմում (տես Կողոսացիս 4.10, Փիլիմոն 1.24) և գովաբանել է Մարկոսին` որպես ուղեկից, ով «ծառայության համար պետք է» (Բ Տիմոթեոս 4.11): Պետրոսը վերաբերվում է նրան որպես` «իմ որդի Մարկոսը» (Ա Պետրոս 5.13), նկատի ունենալով իրենց հարաբերությունների մտերմությունը:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք հաստատ չգիտենք, թե երբ է գրվել Մարկոսի ավետարանը։ Մարկոսը հավանաբար գրել է իր ավետարանը Հռոմում Ք.ծ.հ 64 և Ք.ծ.հ 70 թվականների միջև, Պետրոս Առաքյալի նահատակությունից անմիջապես հետո, մոտ Ք.ծ.հ 64 թվականին:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Մարկոսի Ավետարանը ընդգրկում է մանրամասներ, ինչպես օրինակ` թարգմանված արամերեն մեջբերումներ, լատիներեն արտահայտություններ և հրեական սովորույթների մեկնաբանություններ, որոնք կարծես նախատեսված են գլխավորապես հռոմեացիներից և այլ հեթանոս ազգերից կազմված լսարանի համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր դարձի եկած քրիստոնյաներ էին` հիմնականում Հռոմում և ողջ Հռոմեական կայսրությունում: Շատերը կարծում են, որ Մարկոսը հավանաբար Պետրոսի հետ եղել է Հռոմում այն ժամանակահատվածում, որն աչքի է ընկել Եկեղեցու շատ անդամների համար հավատքի դաժան փորձություններով ողջ Հռոմեական Կայսրությունով մեկ:

Մարկոսի ավետարանի մեկ երրորդը շարադրում է Փրկիչի ուսմունքներն ու փորձառությունները Նրա կյանքի վերջին շաբաթվա ընթացքում։ Մարկոսը վկայություն է բերում, որ Աստծո Որդու տառապանքը ի վերջո հաղթանակ տարավ չարի, մեղքի և մահվան հանդեպ: Այս վկայությունը նշանակում էր, որ Փրկիչի հետևորդները չէին վախենում, երբ նրանք բախվում էին հալածանքի կամ նույնիսկ մահվան. նրանք հետևում էին իրենց Տիրոջը: Նրանք տոկում էին վստահությամբ, իմանալով, որ Տերը կօգնի իրենց, և որ Նրա բոլոր խոստումները ի վերջո կիրականանան:

Որո՞նք են այս գրքի որոշ հատկանշական առանձնահատկությունները:

Մարկոսի ավետարանը սկսվում է հանկարծակի և կտրուկ ու պահպանում է արագ ընթացքը` շարադրելով իրադարձությունները արագ հաջորդականությամբ: Մարկոսը հաճախակի օգտագործում է անմիջապես և անհապաղ, բառերը` ստեղծելով արագ տեմպի և գործողության տպավորություն:

Չնայած Մարկոսի ավետարանի նյութերի 90 տոկոսը գտնվում է նաև Մատթեոսի և Ղուկասի ավետարանում, Մարկոսի պատմությունը հաճախ ներառում է լրացուցիչ մանրամասներ, որոնք օգնում են լիարժեք գնահատել Փրկիչի կարեկցանքը և նրան շրջապատող մարդկանց արձագանքը (համեմատեք Մարկոսի 9.14-27Մատթեոսի 17.14-18 հետ): Օրինակ` Մարկոսը շարադրել է Փրկիչի լայնատարած խանդավառ ընդունելությունը, որը Փրկիչը ստացավ Գալիլեայում և այլուր` Իր ծառայության սկզբում (տես Մարկոսի 1.32–33, 45, 2.2, 3.7–9, 4.1): Մարկոսը նաև շատ զգույշ նկարագրում է դպիրների ու փարիսեցիների բացասական արձագանքները, ում ընդդիմությունն արագորեն աճում էր նրանց ունեցած թերահավատ մտքերից (տես Մարկոսի 2.6–7) մինչև Հիսուսի սպանության դավադրությունը (տես Մարկոսի 3.6):

Մարկոսի ավետարանի կարևոր թեմաների թվում են հետևյալ հարցերը` ով էր Հիսուսը և ով ճանաչեց Նրա ինքնությունը, ինչպես նաև աշակերտի դերը` որպես մեկի, ով պիտի «իր խաչը վեր առնէ, և իմ [Հիսուսի] ետևիցը գայ» (Մարկոսի 8.34): Բացի դրանից, Մարկոսի ավետարանը միակն է, որ շարադրում է ինքնուրույն աճող սերմի մասին առակը (տես Մարկոսի 4.26–27), խուլ մարդու բժշկումը Դեկապոլիսի տարածքում (տես Մարկոսի 7.31–37) և կույր մարդու աստիճանական բուժումը Բեթսայիդայում (տես Մարկոսի 8.22–26):

Համառոտ շարադրանք

Մարկոսի 1-4 Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, և Նա սկսում է քարոզել, աշակերտներ կանչել և հրաշքներ գործել: Երբ Նրա դեմ աճում է ընդդիմությունը, Նա ուսուցանում է առակներով:

Մարկոսի 5-7 Փրկիչը շարունակում է շատ հրաշքներ գործել` կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ: Հովհաննես Մկրտիչի սպանությունից հետո Հիսուսը կերակրում է ավելի քան հինգ հազար մարդու և քայլում է ջրի վրայով: Հիսուսն ուսուցանում է` ինչպես պայքարել կեղծ ավանդույթների դեմ:

Մարկոսի 8–10 Հիսուս Քրիստոսը շարունակում է հրաշքներ գործել: Պետրոսը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է: Փրկիչը երեք անգամ մարգարեանում է Իր տառապանքի, մահվան և Հարության վերաբերյալ, բայց Նրա աշակերտները դեռ լրիվ չեն հասկանում Նրա ասածների իմաստը: Նա ուսուցանում է նրանց հնազանդության և ծառայության մասին, որոնք պահանջվում են Իր աշակերտներից:

Մարկոս 11-16 Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Փրկիչը մտնում է Երուսաղեմ, ուսուցանում Իր աշակերտներին, տառապում Գեթսեմանում և խաչվում: Հիսուս Քրիստոսը հարություն առավ: