Դաս 140
Հակոբոս 1
Նախաբան
Հակոբոսը մի թուղթ գրեց Իսրայելի ցրված տանը` խրախուսելով նրանց համբերատար լինել իրենց չարչարանքներում և իմաստություն փնտրել Երկնային Հորից: Հակոբոսը նաև ուսուցանեց նրանց դիմակայել գայթակղությանը, լինել խոսքը կատարողներ, ծառայել ուրիշներին և հոգեպես մաքուր մնալ:
Ուսուցման առաջարկներ
Հակոբոս 1.1-11
Հակոբոսը խրախուսում է ցրված Իսրայելին համբերատար լինել իրենց չարչարանքներում և իմաստություն փնտրել Աստծուց
Դասից առաջ գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը. Երանի ավելի իմաստուն լինեի: Դասի սկզբում ուսանողներին խնդրեք ուշադրություն դարձնել գրատախտակին գրված արտահայտությանը: Հրավիրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել այն թեմաների կամ անձնական իրավիճակների մասին, որտեղ նրանք իմաստություն են փնտրում: Կարող եք առաջարկել, որ նրանք իրենց ցուցակներում ընդգրկեն ավետարանային թեմաներ և կյանքի հրատապ հարցեր: Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրած թեմաներից կամ հարցերից մի քանիսով: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն ամենով, ինչը խիստ անձնական է):
Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթն իմաստություն է փնտրում Աստվածաշնչում նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 89, տես նաև LDS.org)։
-
Ջոզեֆ Սմիթը երիտասարդ տարիքում ինչպիսի՞ հրատապ հարցերի առջև էր կանգնել: (Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն, հանձնարարեք նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․9-10):
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը կարդում էր Հակոբոսի թուղթը, երբ բացահայտեց ինչպես գտնել իր հարցերի պատասխանները: Հակոբոսը Հիսուս Քրիստոսի Առաքյալն էր և Եպիսկոպոս էր Երուսաղեմում: Քրիստոնեական ավանդույթը նաև հաստատում է, որ Հակոբոսը Մարիամի ու Հովսեփի որդին էր` հետևաբար Հիսուսի խորթ եղբայրը:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալՀակոբոս 1.1-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ ուսուցանեց Իսրայելի ժողովրդին իրենց դժվարությունների ու տանջանքների վերաբերյալ: Նշեք, որ 2-րդ հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը (Հակոբոս 1.2, ծանոթագրություն ա) «կերպ կերպ փորձանքներ» արտահայտությունը փոխում է «բազմաթիվ չարչարանքներ»-ի:
-
Հակոբոսն ի՞նչ ուսուցանեց Իսրայելի ժողովրդին իրենց դժվարությունների ու չարչարանքների վերաբերյալ:
-
Ինչո՞ւ է կարևոր համբերություն ունենալ դժվարությունների ու չարչարանքների ընթացքում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.5–6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Ջոզեֆ Սմիթն ինչ բացահայտեց, որն օգնեց նրան գտնել իր հարցերի պատասխանները:
-
Հակոբոսն ի՞նչ խորհուրդ տվեց իր կարդացողներին անել իրենց հարցերի պատասխանները գտնելու համար:
-
Ի՞նչ է նշանակում, որ Աստված տալիս է «առատութեամբ» և «չէ նախատում»: (հատված 5): (Առատութեամբ նշանակում է առատորեն ու շռայլորեն: Նախատել նշանակում է հանդիմանել կամ քննադատել):
Հրավիրեք ուսանողներից մեկին մոտենալ գրատախտակին և գրել մի սկզբունք, որ կարող ենք սովորել Հակոբոս 1.5–6 հատվածներից: Ուսանողը կարող է օգտագործել տարբեր բառեր, սակայն նա պետք է բացահայտի նման մի ճշմարտություն. Աստված առատորեն իմաստություն է տալիս նրանց, ովքեր խնդրում են Նրան հավատքով:
-
Ի՞նչ է նշանակում «հավատքով խնդրէ առանց երկմտելու» արտահայտությունը: (հատված 6):
Հրավիրեք ուսանողներից մեկին բացատրել, թե Հակոբոս 1.5–6-րդ հատվածներն ինչպիսի ազդեցություն ունեցան երիտասարդ Ջոզեֆ Սմիթի վրա, երբ նա պատասխաններ էր փնտրում (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.12): Խնդրեք մեկ ուրիշ ուսանողի ամփոփել Ջոզեֆ Սմիթի հավատով լի աղոթքի արդյունքն իր տան մոտ գտնվող պուրակում:
-
Ե՞րբ է Երկնային Հայրը մեծահոգաբար պատասխանել ձեր աղոթքներին, երբ դուք հավատքով աղոթել եք Նրան։
Վկայեք, որ Աստված առատորեն իմաստություն է տալիս նրանց, ովքեր խնդրում են Նրան հավատքով: Հրավիրեք ուսանողներին հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին` կիրառելով այս սկզբունքն իրենց կյանքում, որպեսզի ստանան Երկնային Հորից այն իմաստությունը, որի կարիքն ունեն:
Ամփոփեք Հակոբոս 1.7–11 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը զգուշացնում էր Տիրոջ հանդեպ հավատարմության ու պարտավորությունների հարցում երկմտելու կամ տատանվելու մասին: Հակոբոսը նաև գրել է, որ հարուստները պետք է խոնարհ լինեն, քանի որ աշխարհիկ հարստությունները լոկ ժամանակավոր են և շուտով կանհետանան:
Նշում: հանձնարարեք ուսանողներից երկուսին ուսուցանել Սուրբ գրությունների հետևյալ երկու պարբերությունները: Լավ կլինի այս հանձնարարությունն ուսանող ուսուցիչներին տալ դասից մեկ կամ երկու օր առաջ, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել դասին: Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանող ուսուցչին հրավիրել ուսուցանելու ողջ դասը: Կամ կարող եք դասը բաժանել երկու մասի, հրավիրել յուրաքանչյուր ուսանող ուսուցչի ուսուցանել իր սուրբ գրության պարբերությունը դասի մի կեսի ընթացքում, իսկ այնուհետև խնդրել ուսանող ուսուցիչներին (կամ դասարանին) հերթով փոխվել, որպեսզի կարողանան ուսուցանել դասի մյուս կեսը:
Ուսանող ուսուցիչ 1- Հակոբոս 1.12-21
Հակոբոսն ուսուցանում է փորձության մասին
Հարցրեք ուսանողներին.
-
Ինչպիսի՞ փորձությունների առջև են կանգնում երիտասարդներն այսօր: (Կարող եք ուսանողների պատասխանները թվարկել գրատախտակին):
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար փորձությանը դիմադրել:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.12-րդ հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով այն օրհնությանը, որը խոստացվում է նրանց, ովքեր սիրում են Տիրոջն ու դիմակայում են փորձությանը: Նշեք, որ այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (Հակոբոս 1.12, ծանոթագրություն բ) «համբերում է փորձութեան» արտահայտությունը փոխում է «դիմակայում է փորձության» արտահայտությամբ:
-
Ինչպիսի՞ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր սիրում են Տիրոջն ու դիմակայում են փորձությանը: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ նկատմամբ` դիմակայելով փորձությանը, որը հավերժական կյանքի պսակը ստանալու պահանջմունքներից մեկն է):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.13–16-ը: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե որտեղից է գալիս փորձությունը կամ չի գալիս:
-
Համաձայն 13-րդ հատվածի` ո՞վ չի հանդիսանում մեր փորձությունների աղբյուրը:
Բացատրեք, որ ցանկութիւն բառը 14-րդ հատվածում վերաբերում է անսուրբ ցանկություններին, որ մենք կարող ենք ունենալ մեր ընկած էության պատճառով: Սատանան գայթակղում է մեզ տեղի տալ այդ անսուրբ ցանկություններին:
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ունեցած փորձությունների մասին:
-
Ինչպե՞ս կարող ենք հոգևոր զորություն ձեռք բերել փորձությանը դիմակայելու համար:
-
Փորձությանը դիմակայելով ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ:
Վկայեք Հակոբոս 1.12-ում ուսանողների բացահայտած սկզբունքի ճշմարտացիության մասին: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կանեն նրանք` իրենց փորձություններին դիմակայելու համար:
Ամփոփեք Հակոբոս 1.17-21 հատվածները` բացատրելով, որ ըստ Հակոբոսի ուսուցանածի` բոլոր բարի պարգևները գալիս են Աստծուց, և Սրբերը պետք է դեն գցեն «ամեն աղտեղութիւն» և ընդունեն Տիրոջ խոսքը «խոնարհութիւնով» (21-րդ հատված):
Ուսանող ուսուցիչ 2- Հակոբոս 1.22-25
Հակոբոսը հրավիրում է իր կարդացողներին լինել խոսքը լսողներ ու կատարողներ
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերը.
«Ես վերջերս հանդիպեցի մի լավ պատանու: Նրա նպատակներն էին` գնալ միսիա , ստանալ կրթություն, ամուսնանալ տաճարում և ունենալ հավատարիմ ու երջանիկ ընտանիք: … Ես զգացի, որ նա իսկապես ուզում էր գնալ միսիա և խուսափում էր լուրջ օրինազանցություններից, որոնք արգելք կհանդիսանային միսիայի համար, սակայն նրա ամենօրյա վարքը չէր նախապատրաստում նրան ֆիզիկական, էմոցիոնալ, հասարակական, ինտելեկտուալ և հոգևոր մարտահրավերներին, որոնց նա կհանդիպեր: Նա չէր սովորել ջանասիրաբար աշխատել: Նա լուրջ չէր վերաբերվում ուսմանն ու սեմինարիային: Նա հաճախում էր եկեղեցի, սակայն չէր կարդացել Մորմոնի Գիրքը: Նա շատ ժամանակ էր ծախսում տեսախաղերի ու սոցկայքերի վրա: Կարծես նա մտածում էր, որ բավական կլիներ պարզապես միսիա գնալը»: («Կատարել իմաստուն ընտրություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 47):
-
Եթե դուք լինեիք Երեց Քուքի իրավիճակում, ինչպիսի՞ մտահոգություն կունենայիք այս երիտասարդ տղամարդու միսիոներական նախապատրաստության բացակայության մասին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.22 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ էր ուսուցանում, որ կարող էր օգնել Երեց Քուքի պատմության մեջ նկարագրված երիտասարդ տղամարդուն:
-
Հակոբոսն ի՞նչ էր ուսուցանում, որ կարող էր օգնել այդ երիտասարդ տղամարդուն:
Բացատրեք, որ ինչպես հիշատակված է Հակոբոս 1.23-24 հատվածներում, Հակոբոսը խոսքը լսողին, սակայն չանողին նմանեցնում էր մի մարդու, ով իրեն տեսնում է հայելու մեջ, սակայն անցնելով մոռանում է, թե ինչ տեսք ուներ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.25 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր ընտրում են գործել համաձայն իրենց լսած ճշմարտությունների:
-
Ի՞նչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր ոչ միայն լսողներ են, այլև կատարողներ: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. եթե մենք լսենք ու գործենք համաձայն Աստծո խոսքի, Նա կօրհնի մեզ մեր գործերում):
Հրավիրեք ուսանողներին գնահատել իրենց որպես Աստծո խոսքը լսողներ ու կատարողներ` խորհելով հետևյալ հարցերի շուրջ: Կարող եք բարձրաձայն կարդալ այս հարցերը կամ գրել դրանք գրատախտակին:
-
Որքա՞ն լիարժեք եմ հավատում այն ճշմարտություններին, որոնք սովորում եմ սուրբ գրություններից տանը, եկեղեցում և սեմինարիայում:
-
Որքա՞ն հաճախ եմ դնում հոգևոր նպատակներ համաձայն իմ սովորած ճշմարտությունների գործելու համար: Որքա՞ն հաճախ եմ նվաճում դրանք: Որքա՞ն հաճախ եմ մոռանում դրանք:
-
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի լինեմ ոչ միայն խոսքը լսող, այլև կատարող:
Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք գործում ենք համաձայն մեր սովորածի:
Հակոբոս 1.26–27
Հակոբոսը խորհուրդ է տալիս սրբերին հոգ տանել ուրիշների մասին
Երբ երկու ուսանողներն իրենց սուրբ գրությունների պարբերություններն ուսուցանեն, մի քանի ուրիշ ուսանողների խնդրեք ամփոփել, թե ինչ սովորեցին իրենք:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 1.26-27 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով Հակոբոսի առաջարկներին այն մասին, թե ինչպես կարող ենք ապերլ համաձայն մեր կրոնի:
-
Համաձայն Հակոբոսի` ո՞րոնք են այն մի քանի եղանակները, որոնց միջոցով կարող ենք ապրել համաձայն մեր հավատքի կամ ցույց տալ մեր նվիրվածությունն Աստծո հանդեպ:
Բացատրեք, որ Հակոբոսն օգտագործել է կարիքի մեջ գտնվող «որբերին ու այրիներին այցելելու» միտքը որպես ուրիշների մասին հոգ տանելու մի օրինակ: «Իր անձն աշխարհքից անարատ պահել» (27-րդ հատված) նշանակում է հոգեպես մաքուր մնալ, նույնիսկ մի աշխարհում, որտեղ իշխում է չարիքը:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել 27-րդ հատվածից: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն հավաստիացեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ մենք ցույց ենք տալիս մաքուր հավատք, երբ հոգ ենք տանում ուրիշների մասին ու մեզ հոգեպես անարատ ենք պահում: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակի վրա):
-
Ուրիշների մասին հոգ տանելն ու մեզ հոգեպես անարատ պահելն ինչպես կարող է լինել Աստծո հանդեպ մեր նվիրվածության կարևոր արտահայտում:
-
Ո՞ւմ եք ճանաչում, ով իր առօրյայում «մաքուր հավատք» ցույց տալու լավ օրինակ է հանդիսանում: Ի՞նչ է անում այդ անձնավորությունը, որը ոգեշնչում է ձեզ:
Հրավիրեք ուսանողներին թղթի վրա գրել մեկ կամ երկու արարք, որ նրանք կանեն գալիք շաբաթվա ընթացքում կարիքի մեջ գտնվող մեկին օգնելու կամ իրենց «աշխարհքից անարատ պահելու» համար: Հրավիրեք նրանց լինել Աստծո խոսքը կատարողներ` կիրառելով այս սկզբունքն իրենց կյանքում:
Սուրբ գրության սերտման հատված` Հակոբոս 1.5–6
Բացատրեք, որ Հակոբոս 1.5-6 հատվածները մտապահելը կօգնի ուսանողներին իրենց կյանքի ընթացքում, երբ նրանք հարցեր ունենան ավետարանի վերաբերյալ, երբ փնտրեն Տիրոջ օգնությունը կարևոր որոշումներ կայացնելիս և երբ ավետարանն ուսուցանեն ուրիշներին:
Երբ օգնեք ուսանողներին մտապահել այս պարբերությունը, կիրառեք հավելվածում զետեղված մտապահման վարժություններից մեկը կամ հորինեք ձեր սեփական վարժությունը: Հիշեք ուսանողների հետ հաճախ վերանայել անգիր սովորած սուրբ գրությունների սերտման հատվածները, որպեսզի օգնեք նրանց պահպանել իրենց սովորածը: Կարող եք գալիք դասերի ընթացքում պահեր հատկացնել սուրբ գրության այս հատվածը վերանայելու համար, իսկ ուսանողներին հրավիրեք անգիր արտասանել դրանք: