Պողոս Առաքյալի երկրորդ թուղթը առ Տիմոթեոս. նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Տիմոթեոսին ուղղված Պողոս Առաքյալի երկրորդ թուղթը կարևորում է այն զորությունը, որը գալիս է Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալուց (տես Բ Տիմոթեոս 1․7–8)։ Այն նաև ընդգրկում է «չար ժամանակների» մասին մարգարեությունը, որը կտիրի Պողոսի և Տիմոթեոսի օրոք, ինչպես նաև վերջին օրերում (տես Բ Տիմոթեոս 3․1–7)։ Որպեսզի օգնի Տիմոթեոսին հաղթահարել իր դժվարությունները, Պողոսը խրախուսեց նրան վստահել սուրբ գրություններին և Եկեղեցու ղեկավարներին (տես Բ Տիմոթեոս 3․14–17) և ապավինել ճշմարիտ վարդապետությանը (տես Բ Տիմոթեոս 4․2)։ Ուսումնասիրելով այս գիրքը, ուսանողները կսովորեն այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կօգնեն նրանց մնալ հավատարիմ, երբ վերջին օրերի չար ժամանակները գան։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոսն է գրել Բ Տիմոթեոս գիրքը (տես Բ Տիմոթեոս 1․1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Պողոսի Երկրորդ Թուղթն առ Տիմոթեոս , հավանաբար, գրվել է Ք.ծ.հ. 64–65թթ․ (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org)։ Պողոսն այդ թուղթը գրեց Հռոմ կատարած իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ իր նահատակությունից անմիջապես առաջ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։
Իր բանտարկության ժամանակ Պողոսը շղթայակապ էր (տես Բ Տիմոթեոս 1․16, 2․9), հավանաբար, նա գտնվում էր խցում կամ բանտում և ենթարկվում էր եղանակային պայմանների ազդեցությանը (տես Բ Տիմոթեոս 4․13, 21), և նրա ընկերները չէին կարողանում գտնել նրան (տես Բ Տիմոթեոս 1․17)։ Ըստ երևույթին Ղուկասը նրա միակ կանոնավոր այցելուն էր (տես Բ Տիմոթեոս 4․11), և Պողոսը սպասում էր իր կյանքի ավարտին (տես Բ Տիմոթեոս 4․6–8)։
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
Այս նամակով Պողոսը քաջալերում և ուժ է տալիս Տիմոթեոսին, որպեսզի նա շարունակի Պողոսի վերահաս մահից հետո։ Պողոսը տեղյակ էր, որ իրեն քիչ ժամանակ է մնացել և ցանկություն հայտնեց տեսնել Տիմոթեոսին, ում Պողոսը փոխաբերական իմաստով կոչեց «սիրելի որդի» (Բ Տիմոթեոս 1․2)։
Իր նամակի վերջում Պողոսը խնդրեց, որ Պողոսն ու Մարկոսն այցելեն իրեն և իրենց հետ բերեն մի քանի իր, որոնք նա թողել էր (տես Բ Տիմոթեոս 4․9–13)։ Թեև Պողոսի նամակը հասցեագրված էր հատկապես Տիմոթեոսին, նրա խորհուրդը կիրառելի էր նրանց համար, ովքեր ապրում են «վերջին օրերում» (Բ Տիմոթեոս 3․1), քանի որ Պողոսն ուսուցանեց այն դժվարությունների և լուծումների մասին, որոնք արդիական են և մեր օրերում։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Այս նամակը Հովվական թղթերից մեկն է՝ Ա Տիմոթեոսի և Տիտոսի հետ միասին, և «պարունակում է Առաքյալի վերջին խոսքերը և ցույց է տալիս այն զարմանահրաշ քաջությունն ու վստահությունը, որով նա դիմավորում էր մահը» (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։ Ժամանակագրական առումով, պարզվում է, Բ Տիմոթեոսը Պողոսի վերջին նամակն է Նոր Կտակարանում (տես Բ Տիմոթեոս 4․6)։
Այս նամակը պարունակում է «քարոզիչ, առաքյալ և հեթանոսների վարդապետ» ծառայության ժամանակ Պողոսի ունեցած օրհնությունների և դժվարությունների մասին որոշ հուշեր (Բ Տիմոթեոս 1․11)։ Պողոսը հայտարարեց․ «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը» (Բ Տիմոթեոս 4․7–8), նշելով, որ ինքն անձամբ հավաստիացել է, որ կժառանգի հավերժական կյանքը։ Որպես մեկը, ով Հիսուս Քրիստոսին ծառայել է 30 տարի շարունակ, Պողոսը կատարելապես համապատասխանում էր այն մարդու դերին, ով կարող էր ցուցումներ տալ Տիմոթեոսին, թե ինչպես արդյունավետ ծառայել և ամրապնդել ուրիշների հավատը (տես Բ Տիմոթեոս 2․15–17, 22–26, 4․1–2, 5)։
Համառոտ շարադրանք
Բ Տիմոթեոս 1 Պողոսը խոսում է աստծո պարգևի ու զորության մասին, որը կարելի է ստանալ քահանայության կարգման շնորհիվ։ Նա ուսուցանում է, որ «երկչոտության հոգին» (Բ Տիմոթեոս 1․7) Աստծուց չէ, և մենք չպիտի ամաչենք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունից։ Պողոսը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը կանչել է իրեն քարոզել ավետարանը (տես Բ Տիմոթեոս 1․11)։
Բ Տիմոթեոս 2-ում Պողոսն օգտագործում է լավ զինվորի, հաղթական մարզիկի և աշխատասեր ագարակատիրոջ օրինակները, որպեսզի ցույց տա, որ դժվարություններին դիմանալու շնորհիվ մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք։ Նա համեմատում է ճշմարիտ ու կեղծ ուսուցիչներին և պատվավոր ու անարգ անոթներին։ Նա զգուշացնում է Տիմոթեոսին հեռու մնալ բանավեճերից և համբերությամբ ուսուցանել նրանց, ովքեր ապաշխարության կարիք ունեն։
Բ Տիմոթեոս 3–4 Պողոսը նկարագրում է վերջին օրերի վտանգավոր պայմանները և խրախուսում է Տիմոթեոսին քահանայության իր պարտականությունները կատարելիս օգտվել սուրբ գրություններից։ Նա գրում է իր վերահաս մահվան մասին և հայտարարում է` «հավատքը պահեցի» (Բ Տիմոթեոս 4․7)։ Պողոսը վկայում է, որ Տերը կհասցնի իրեն «երկնային արքայությանը» (Բ Տիմոթեոս 4․18)։