Տնային ուսումնասիրության դաս
Հովհաննես 2–6 (Մաս 13)
Նախաբան
Երբ Հիսուսը հրաշքով կերակրեց 5000-ից ավել մարդու, հաջորդ օրը Նա ուսուցանեց, որ Ինքն է կյանքի հացը։
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 6.22-59
Հիսուսն ուսուցանում է, որ Ինքն է կյանքի հացը
Ցուցադրեք մի բոքոն հաց։ Հանձնարարեք ուսանողներից մեկին ամփոփել այն պատմությունը, երբ Փրկիչը կերակրում է 5000-ից ավել մարդու հինգ բոքոն հացով և երկու փոքր ձկներով։
-
Ի՞նչ կմտածեիք, եթե դուք ներկա լինեիք այդ հրաշքին և տեսնեիք, որ Հիսուսը կարողացավ հրաշքով ուտելիք ապահովել։
Բացատրեք, որ Հովհաննես 6․22–25 հատվածներում գրված է, որ մարդկանցից շատերը, ում Հիսուսը հրաշքով կերակրել էր, գնացին Կափառնայում՝ փնտրելու Նրան։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․26–27 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Հիսուսը ժողովրդին։
Բացատրեք, որ Հովհաննես 6․26 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, որ «Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ իմ խոսքերն էիք ցանկանում պահել, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 6․26 [Հովհաննես 6․26, տողատակի գրառում ա])։ Նաև բացատրեք, որ Աստվածաշնչի անգլերեն տարբերակում միս բառը՝ Հովհաննես 6․27 հատվածում և ամբողջ Աստվածաշնչում վերաբերում է կերակուրին, ինչպես թարգմանված է հայերեն տարբերակում։ Մարմին բառը սովորաբար գործածվում է որպես միս բառի հոմանիշ։
-
Համաձայն Փրկիչի խոսքերի, ինչո՞ւ էին այդ մարդիկ փնտրում Իրեն։ (Փրկիչի խոսքերը ենթադրում են, որ նրանք հետևեցին Իրեն՝ Իրենից ավելի շատ կերակուր ստանալու համար։)
-
Ըստ Փրկչի խոսքերի, ի՞նչ պետք է նրանք փնտրեն։
Բացատրեք, որ «միսը [կամ կերակուրը], որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ» (Հովհաննես 6․27) կարող է վերաբերել Փրկիչի ավետարանի հավերժական ճշմարտություններին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․28–31 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ լրացուցիչ ապացույց էին մարդիկ ուզում Հիսուսից, որ Ինքը Մեսիան էր։
-
Ի՞նչ էին մարդիկ ցանկանում, որ Հիսուսն աներ իրենց համար։ (Բացատրեք, որ մանանան «Երկնքիցը հաց» էր [Հովհաննես 6․31], որ Աստված տվեց Իսրայելի զավակներին, երբ նրանք թափառում էին անապատում, տես Ելից 16․14–15, 35։)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․32–35-ը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Փրկիչը մարդկանց՝ ի պատասխան նշան տեսնելու նրանց խնդրանքին։
-
Ի՞նչ ուսուցանեց Փրկիչն Իր մասին, երբ Նա խոսեց մանանայի կամ երկնքից հացի մասին։
Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «Ես եմ կեանքի հացը» արտահայտությունը Հովհաննես 6․35-ից։
-
Ինչպե՞ս կարող ենք Փրկիչին և Նրա ուսմունքները նմանեցնել հացի հետ։
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսին մոտեցողները «երբեք չեն ծարավի»: (Հովհաննես 6․35)։ (Հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ Նա կսնուցի նրանց հոգեպես։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 35-րդ հատվածի Փրկիչի ուսմունքներից։ (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է բացահայտեն նման մի սկզբունք․ Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոս, Նա կսնուցի մեզ հոգեպես։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)
Հետևյալ անավարտ միտքը գրեք գրատախտակին.
Մենք դեպի Հիսուս Քրիստոսն ենք գալիս … |
Նա կսնուցի մեզ… |
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հանձնարարեք նրանց աշխատել միասին և իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կազմել այն գործողությունների ցուցակը, որոնք մեզ կարող են մոտեցնել Հիսուս Քրիստոսին և այն եղանակները, որոնց միջոցով Նա կսնուցի մեզ հոգեպես։ Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ։
Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են հոգևոր սնուցում ստացել, երբ մոտեցել են Փրկիչին։
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին Փրկիչի ուսուցանած հաջորդ սկզբունքին, հրավիրեք մի քանի ուսանողների գալ կանգնել դասարանի առաջ և նրանցից յուրաքանչյուրին տվեք հացի մեկական կտոր։ Հորդորեք նրանց հոտ քաշել հացից և պատկերացնել դրա համը։
-
Այդ հացը որքանո՞վ կարող էր կշտացնել ձեզ, եթե դուք միայն հոտ քաշեիք դրանից, պատկերացնեիք դրա համը և ողջ օրը կրեիք այն ձեզ հետ։
-
Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ճաշակեք հացի տված օգուտը։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․49–54 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես է հացի հետ ունեցած դասընկերների փորձառությունն առնչվում այս հատվածներում Փրկիչի ուսուցանածին։
-
Ինչպե՞ս է Կյանքի հացը տարբերվում սովորական հացից։ (Ի տարբերություն սովորական հացի, որը մեզ կարող է կշտացնել միայն մի կարճ ժամանակով, Հիսուս Քրիստոսն օրհնություններ է առաջարկում, որոնք կտևեն հավերժ։)
-
Համաձայն 53-54 հատվածների, ի՞նչ ուսուցանեց Տերը, որ մարդիկ անեն։
Բացատրեք, որ Փրկիչն ուտել և խմել բառերն օգտագործեց խորհրդանշորեն։ Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ Փրկիչի ուսմունքները, հրավիրեք կամավոր ուսանողներին ուտել հացը։ Ապա հրահանգեք նրանց վերադառնալ իրենց տեղերը:
-
Ի՞նչ է պատահում հացի և դրա սննդանյութերի հետ, երբ այն ուտում են։ (Վիտամիններն ու սննդանյութերը դառնում են մարմնի մի մասը՝ պարգևելով մարմնին ուժ և ամուր առողջություն։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուտել Հիսուս Քրիստոսի մարմինը և խմել նրա արյունը։ (Այն կարող է նշանակել՝ յուրացնել Նրա ուսմունքները և Քավությունը։ Այն նաև կարող է խորհրդանշել հաղորդություն ընդունելը, որը Փրկիչը կհաստատի ավելի ուշ։)
-
Համաձայն Հովհաննես 6․54-ի, ի՞նչ օրհնություն կստանանք, եթե յուրացնենք կամ կիրառենք Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե յուրացնենք կամ կիրառենք Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, մենք կստանանք հավերժական կյանք։)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը։ Հորդորեք դասարանին ուշադիր լսել, թե մենք ինչպես կարող ենք յուրացնել Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը։
«Ուտել Աստծո Որդու մարմինը և խմել Նրա արյունն առաջին հերթին նշանակում է` բառացի և լիակատար իմաստով ու առանց որևէ վերապահումների ընդունել Նրան` որպես Հավերժական Հոր անձնական ժառանգ և երկրորդ՝ պահել Որդու պատվիրանները՝ ընդունելով նրա ավետարանը, հաճախելով Եկեղեցի և հնազանդությամբ ու արդարությամբ համբերելով մինչև վերջ։ Այն մարդիկ, ովքեր այդ կերպ են ուտում Նրա մարմինը և խմում Նրա արյունը, կունենան հավերժական կյանք, որը նշանակում է վեհացում՝ սելեստիալ աշխարհի ամենաբարձր երկնքում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:358)։
-
Ըստ Երեց Մակքոնկիի առաջարկածի,մենք ինչպե՞ս պիտի յուրացնենք Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը։
Բացատրեք, որ հավերժական կյանքը՝ հավետ ապրելն ու նմանվելն է մեր Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․56–57 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող ենք նմանվել Նրանց, եթե յուրացնենք Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Բացատրեք, որ Փրկիչը ֆիզիկական մարմնով չի ապրի մեր մեջ, այլ Նրա աստվածային ազդեցությունը կմնա մեզ հետ, որպեսզի օգնի մեզ նմանվել Նրան և Երկնային Հորը։
Ամփոփեք Հովհաննես 6․59–66 հատվածները և բացատրեք, որ Հիսուսի աշակերտներից ոմանք մերժեցին Նրա ուսմունքները և այլևս չհետևեցին Նրան։
Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները բացահայտեցին։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել մի նպատակ, թե ինչպես նրանք ավելի լավ կյուրացնեն Փրկիչի Քավությունը կամ Նրա ուսմունքներից մեկը։
Հաջորդ Մասը (Հովհաննես 7–10)
Ասացեք ուսանողներին, որ հաջորդ մասում նրան կսովորեն, թե ինչպես Հիսուս Քրիստոսը վարվեց մի կնոջ հետ, ում բռնել էին շնություն գործելիս, և ինչ ասաց նա, որպեսզի ցրի այն ամբոխը, ով ցանկանում էր սպանել կնոջը։ Հորդորեք ուսանողներին փակել իրենց աչքերը և պատկերացնել, թե ինչ է նշանակում կույր լինել։ Այնուհետև հարցրեք, թե ինչպիսի զգացում կապրեին, եթե կարծես բուժվեին կուրությունից և ապա առաջին անգամ իրենց կյանքում կարողանային տեսնել։ Ուսանողները կսովորեն մի կույր մարդու մասին, ում ոչ միայն ֆիզիկական աչքերը բացվեցին, այլ նաև՝ հոգևոր աչքերը և վկայություն ստացավ, որ Հիսուսը Քրիստոսն էր՝ Աստծո Որդին։ Նրանք նաև կսովորեն, թե ինչու է Փրկիչն Իրեն կոչում Բարի Հովիվ և համաձայն Նրա խոսքերի, ինչ զորություն է ստացել Հորից։