Գրադարան
Ղուկասի ավետարանի նախաբանը


Ղուկասի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ղուկասի ավետարանը տրամադրում է լրացուցիչ վկայություններ Մատթեոսի և Մարկոսի կողմից գրանցված շատ ճշմարտություններին և ունի նաև եզակի բովանդակություն: Ղուկասի ավետարանը կարող է խորացնել ուսանողների հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ուսմունքների վերաբերյալ և օգնել նրանց ավելի լիարժեք գնահատել Նրա սերը և կարեկցանքը ողջ մարդկության հանդեպ, որոնք Նա դրսևորեց Իր մահկանացու ծառայության ընթացքում և Իր անսահման Քավության միջոցով:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Ղուկասն է այս ավետարանի հեղինակը: Նա բժիշկ էր (տես Կողոսացիս 4.14) և «Հիսուս Քրիստոսի սուրհանդակը» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 1.1 [Ղուկասի 1.1, ծանոթագրություն ա]): Ղուկասը Պողոսի «գործակիցներից» մեկն էր (Փիլիմոն 1:24) և Պողոսի միսիոներական զուգընկերը (տես 2 Տիմոթեոս 4.11): Ղուկասը գրել է նաև Գործք Առաքելոցը (տես Աստվածաշնչի բառարան, «Ղուկաս»):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Չնայած իրականում հայտնի չէ, թե Ղուկասը երբ է գրել իր ավետարանը, այն հավանաբար գրվել է առաջին դարի երկրորդ կեսին Ք.ծ.հ: Ղուկասի աղբյուրները եղել են մարդիկ, ովքեր «սկզբիցն ականատես» (Ղուկասի 1.2) էին Փրկիչի մահկանացու կյանքի ծառայությանն ու Հարությանը: Մենք չգիտենք, թե որտեղ է գրվել Ղուկասի ավետարանը:։

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Ղուկասն իր ավետարանը հիմնականում նախատեսել էր հեթանոսների լսարանի համար, և նա ներկայացրել էր Հիսուս Քրիստոսին թե որպես հրեաների, թե որպես հեթանոսների Փրկիչ: Ղուկասն իր ավետարանը հատկապես հասցեագրել է «Թեոֆիլիուսին» (Ղուկասի 1.3), որը հունարեն նշանակում է «Աստծո ընկեր» կամ «Աստծո սիրելի» (տես Աստվածաշնչի բառարան, «Թեոֆիլիուս»): Ակնհայտ է, որ Թեոֆիլիուսը նախկինում հրահանգներ էր ստացել Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների վերաբերյալ (տես Ղուկասի 1.4): Ղուկասը հույս ուներ տրամադրել հետագա հրահանգներ` առաջարկելով Փրկիչի մի համակարգված պատմություն առաքելության և ծառայության մասին: Նա ցանկանում էր, որ նրանք, ովքեր կարդան իր վկայությունը «իմանան ստուգութիւնը» (Ղուկասի 1.4) Աստծո որդու մասին` Նրա կարեկցանքը, Քավությունը և Հարությունը:

Որո՞նք են այս գրքի մի քանի հատկանշական առանձնահատկությունները:

Ղուկասի ավետարանը ամենաերկարն է չորս ավետարաններից և ամենածավալուն գիրքն է Նոր Կտակարանում: Քրիստոնեությանը վերաբերող ամենահայտնի պատմություններից մի քանիսը հատուկ են միայն Ղուկասի ավետարանին. Հովհաննես Մկրտիչի ծնունդին վերաբերող հանգամանքները (տես Ղուկասի 1.5–25, 57–80), Սուրբ ծննդյան ավանդական պատմության նկարագրությունը (տես Ղուկասի 2.1–20), Հիսուսի` որպես 12-ամյա տղայի պատմությունը տաճարում (տես Ղուկասի 2.41–52), առակները, ինչպես օրինակ` բարի սամարացու առակը (տես Ղուկասի 10.30–37), անառակ որդին (տես Ղուկասի 15.11–32), Հարուստ մարդու և Ղազարոսի առակը (տես Ղուկասի 16.19–31), բորոտների պատմությունը (տես Ղուկասի 17.11–19) և պատմությունը հարություն առած Տիրոջ մասին, ով քայլում էր Իր աշակերտների կողքին Էմմաուս տանող ճանապարհին (տես Ղուկասի 24.13–32):

Այլ եզակի առանձնահատկություններից են Ղուկասի կողմից Հովհաննես Մկրտիչի ուսմունքների ներառումը, որոնք ընդգրկված չեն այլ ավետարաններում (տես Ղուկասի 3.10–14), նրա կողմից Հիսուս Քրիստոսի աղոթասիրության շեշտադրումը (տես Ղուկասի 3.21, 5.16, 9.18, 28–29, 11.1) և նրա կողմից Յոթանասունին կանչելու, ուսուցման և միսիոներական աշխատանքների ընդգրկումը (տես Ղուկասի 10.1–22): Բացի այդ, Ղուկասը միակ ավետարանիչն է, ով արձանագրել է, որ Փրկիչը թափեց իր արյունը Գեթսեմանում, և որ մի հրաշտակ ծառայեց նրան (տես Ղուկասի 22.43–44):

Քանի որ Ղուկասի ավետարանը սկսվում և եզրափակվում է տաճարում, այն նաև ազդանշան է հանդիսանում տաճարների կարևորության մասին` որպես մարդկության հետ Աստծո հարաբերության գլխավոր վայրի (տես Ղուկասի 1.9, 24.53):

Համառոտ շարադրանք

Ղուկասի 1–3 Կանխագուշակվում է Հովհաննես Մկրտիչի և Հիսուս Քրիստոսի ծնունդն ու առաքելությունը: Ականատեսները վկայում են, որ մանուկ Հիսուսը Մեսիան է: 12 տարեկանում Հիսուս Քրիստոսը ուսուցանում է տաճարում: Հովհաննես Մկրտիչը քարոզում է ապաշխարություն և մկրտում Հիսուս Քրիստոսին: Ղուկասը արձանագրում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը:

Ղուկասի 4–8 Հիսուս Քրիստոսը փորձվում է անապատում: Նազարեթում Նա Իրեն հայտարարում է որպես Մեսիա և մերժվում է: Հիսուս Քրիստոսը ընտրում է Տասներկու Առաքյալներին և ուսուցանում է Իր աշակերտներին: Նա ներում է մեղքերը և կատարում շատ հրաշքներ:

Ղուկասի 9-14 Տասներկու Առաքյալները ուղարկվում են քարոզելու և բժշկելու: Հիսուս Քրիստոսը կերակրում է հինգ հազար մարդու և կերպարանափոխվում է սարի վրա: Նա կանչում է Յոթանասունին և ուղարկում է նրանց ուսուցանելու: Հիսուս Քրիստոսն ուսուցանում է աշակերտության, կեղծավորության և դատաստանի մասին: Փրկիչն ուսուցանում է բարի Սամարացու առակը:

Ղուկաս 15-17 Հիսուս Քրիստոսն ուսուցանում է առակներով: Նա ուսուցանում է հանցանքի, հավատի ու ներման մասին: Հիսուս Քրիստոսը բուժում է տասը բորոտների և ուսուցանում Իր Երկրորդ Գալուստի մասին:

Ղուկասի 18–22 Հիսուս Քրիստոսը շարունակում է ուսուցանել առակներով: Նա նաև բուժում է մի կույր մարդու և ուսուցանում է Զաքեոսին: Նա հաղթական մտնում է Երուսաղեմ, սգում է իր քաղաքի համար և մաքրում տաճարը: Հիսուս Քրիստոսը կանխագուշակում է Երուսաղեմի կործանումը և նկարագրում է նշանները, որոնք կնախորդեն Իր Երկրորդ Գալուստին: Նա սահմանում է հաղորդության խորհուրդը, ուսուցանում է Իր Առաքյալներին և տառապում է Գեթսեմանում: Նրան դավաճանում են, բանտարկում, ծաղրում, խոցում և հարցաքննում:

Ղուկասի 23-24 Հիսուս Քրիստոսը դատվում է Պիղատոսի ու Հերովդեսի առջև, խաչվում է և թաղվում: Գերեզմանի մոտ գտնվող հրեշտակները և երկու առաքյալները Էմմաուս տանող ճանապարհին վկայեցին, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել: Փրկիչը հայտնվում է Իր աշակերտներին Երուսաղեմում, խոստանում Իր Առաքյալներին, որ նրանց իշխանություն կտրվի Աստծուց և համբարձվում երկինք: