Գրադարան
Դաս 96. Գործք Առաքելոց 20–22


Դաս 96

Գործք Առաքելոց 20-22

Նախաբան

Պողոսը քարոզում է ավետարանը Փոքր Ասիայում (ներկայիս Թուրքիայում) և մինչ նա Միլետոսում՝ Եփեսոսին մոտ գտնվող քաղաքում էր, զգուշացնում է գալիք ուրացության մասին և քահանայության ղեկավարներին խրախուսում է շենացնել Եկեղեցու անդամներին։ Ապա նա մեկնեց Երուսաղեմ, որտեղ հալածվեց և բանտարկվեց։ Մինչ կանգնած էր Անտոնիա ամրոցի աստիճաններին (կայազոր, որտեղ մնում էին հռոմեական զորքերը), Պողոսը կիսվեց իր դարձի գալու պատմությամբ։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 20․1–21․40

Պողոսը ծառայում է Փոքր Ասիայում և ճամփորդում է դեպի Երուսաղեմ, որտեղ ծեծվում ու բանտարկվում է

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ ստիպված են եղել մի քանի օր, շաբաթ կամ ամիս հեռանալ իրենց ընտանիքից, ընկերներից կամ այլ մարդկանցից, ովքեր կարևոր են իրենց համար։

  • Մեկնելուց առաջ ի՞նչ զգացողություններ եք ունեցել դուք կամ նրանք, ում հետ եղել եք։

  • Նախքան բաժանվելն ի՞նչ եք ասել միմյանց։

Բացատրեք, որ երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում Պողոսը եղել է Մակեդոնիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում։ Այդ ճամփորդության ընթացքում նա ոգեշնչում ստացավ վերադառնալ Երուսաղեմ։ Մինչ նա ճամփորդում էր, ճանապարհին կանգ էր առնում՝ քարոզելու և հրաժեշտ տալու Եկեղեցու անդամներին։ Տրովադայից հեռանալու գիշերը միաշաբաթի օրը (կիրակի) Պողոսը և աշակերտները հավաքվեցին հաղորդությունը ճաշակելու համար (տես Գոր․ 20․7)։ Ապա ամբողջ գիշեր Պողոսը խոսեց Սրբերի հետ։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 20.9-12 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ Եվտիքոս անունով երիտասարդի հետ, երբ նա քնեց Պողոսի քարոզի ժամանակ։

  • Ի՞նչ պատահեց Եվտիքոսի հետ:

  • Պողոսն ի՞նչ արեց այդ երիտասարդի հանդեպ սեր և հոգատարություն ցուցաբերելու համար։

  • Պողոսի արարքներն ինչպե՞ս են արտացոլում Փրկիչի ծառայությունը։

Բացատրեք, որ իր երրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում Պողոսը մոտավորապես երեք տարի անցկացրեց Եփեսոսում և աշխատեց մարդկանց հետ։ Ամփոփեք Գոր․ 20․13–17 հատվածները, բացատրելով, որ Երուսաղեմի ճանապարհին Պողոսը կանգ առավ Միլետոսում, որը գտնվում է Եփեսոսի հարևանությամբ և լուր ուղարկեց Եփեսոսի Եկեղեցու ղեկավարներին, որ ցանկանում է հանդիպել նրանց հետ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 120.18-23 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ բացատրեց իր ծառայության վերաբերյալ։

  • Պողոսն ինչպե՞ս նկարագրեց իր միսիոներական ծառայությունը։

  • Ի՞նչ կարող էր նշանակել «ետ չպահեցի ոչ մի բան» (հատված 20) արտահայտությունը նրանց համար, ում նա ուսուցանում էր։

  • Համաձայն հատված 23-ի, Պողոսը որպես Տիրոջ ծառա, ինչի՞ էր պատրաստ հանդիպել։

Բացատրեք, որ Պողոսին վտանգ էր սպառնում հատկապես Երուսաղեմում, որտեղ հրեա ղեկավարները նրան դավաճան էին համարում Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու նրա ջանքերի համար։

  • Համաձայն 22-րդ հատվածի, ինչո՞ւ էր Պողոսը ցանկանում գնալ Երուսաղեմ։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 20․24-27։ Դասարանին հրավիրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ էր պատրաստ անել որպես Տիրոջ ծառա։

  • Համաձայն հատված 24-ի, Պետրոսն ի՞նչ էր պատրաստ անել որպես Տիրոջ ծառա։

  • Ըստ Պողոսի խոսքերի, նա ի՞նչ զգացողություններ ունեցավ Տիրոջ հրահանգները կատարելիս։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի ծառայելու օրինակից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Տիրոջ ճշմարիտ ծառաները հավատարմությամբ կատարում են իրենց պարտականությունները և ուրախություն են գտնում դրանում։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատարմությամբ կատարել ձեր պարտականությունը։

  • Ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ ճշմարտությունը մեր սեփական կյանքում:

Հրավիրեք ուսանողներին խորհել որևէ դեպքի մասին, երբ իրենք կամ ինչ-որ մեկն իրենց ծանոթներից ընտրել է ծառայել Տիրոջը ողջ զորությամբ և ուժով ու մեծ ուրախություն է ապրել։

Հիշեցրեք ուսանողներին, որ Պողոսը վերջին անգամ այցելեց Եփեսոսի Եկեղեցու ղեկավարներին` նախքան Երուսաղեմ գնալը։

  • Եթե լինեիք Պողոսի փոխարեն և իմանայիք, որ այլևս չեք տեսնելու Եփեսոսի Եկեղեցու ղեկավարներին, նախքան հեռանալն ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 20․28-31 հատվածները, փնտրելով, թե Պողոսն ինչ նախազգուշացումներ տվեց Եկեղեցու այս ղեկավարներին։

  • Պողոսն ինչի՞ մասին զգուշացրեց այս ղեկավարներին։

Բացատրեք, որ Պողոսը գայլերին օգտագործեց որպես փոխաբերություն անհավատարիմների համար, ովքեր մոլորեցնելու էին Եկեղեցու անդամներին։

  • Մենք ի՞նչ բառ ենք օգտագործում, որպեսզի նկարագրենք նրանց վիճակը, ովքեր երես են դարձնում ճշմարտությունից և փորձում են նաև ուրիշներին հեռացնել ճշմարտությունից։ (Ուրացություն։ Բացատրեք, որ Պողոսը Եկեղեցու ղեկավարներին նախազգուշացում էր ապագա ուրացության մասին, որ տեղի էր ունենալու Եկեղեցու ներսում։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 20.36-38 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Եկեղեցու ղեկավարներն ինչպես արձագանքեցին այդ ամենին Պողոսի հեռանալուց հետո։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութը։

Ամփոփեք Գոր․ 21․1-10 հատվածները, բացատրելով, որ Պողոսը շարունակեց իր ճամփորդությունը դեպի Երուսաղեմ և ճանապարհին կանգ առավ տարբեր համայնքներում, որպեսզի ժամանակ անցկացնի Եկեղեցու անդամների հետ։ Երբ Պողոսը կանգ առավ Տյուրոս կոչվող քաղաքում, մի քանի աշակերտներ, որոնք ըստ երևույթին մտահոգվում էին Պողոսի ապահովության համար, խորհուրդ տվեցին նրան չգնալ Երուսաղեմ (տես Գոր․ 21․4

Կեսարիայում Ագաբոս անունով մի մարգարե մարգարեացավ այն բանի մասին, թե ինչ էր պատահելու Պողոսի հետ Երուսաղեմում։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 21․11 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչի մասին մարգարեացավ Ագաբոսը։ (Կարող եք բացատրել, որ գոտի ասելով հավանաբար նկատի ունեն գործվածքից պատրաստված գոտի։) Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 21.12-14 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, փնտրելով, թե Պողոսը և նրա զուգընկերներն ինչպես արձագանքեցին այդ մարգարեությանը։

  • Պողոսի զուգընկերներն ինչպե՞ս արձագանքեցին այդ մարգարեությանը։

  • Պողոսն ինչպե՞ս արձագանքեց այդ մարգարեությանը։ Պողոսի պատասխանի ո՞ր բառերն են ավելի տպավորիչ ձեզ համար։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պողոսի օրինակից Տիրոջ ճշմարիտ ծառաները լինելու մասին: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Տիրոջ ճշմարիտ ծառաները հոժարակամ են կատարել Աստծո կամքը՝ անկախ սպասվելիք զոհողություններից։)

Հրավիրեք ուսանողներին մտածել զոհաբերությունների մասին, որոնք միգուցե պահանջվեն մեզանից՝ որպես Տիրոջ ծառաներ։

  • Ե՞րբ եք դուք հոժարակամ կատարել Աստծո կամքը՝ անկախ ձեզ սպասվող զրկանքներից։ Ինչո՞ւ եք հոժարակամ կատարել դա։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր 21․17–40 հատվածների հետևյալ ամփոփումը։

Պողոսը եկավ Երուսաղեմ և տեղի Եկեղեցու ղեկավարներին զեկուցեց իր միսիոներական աշխատանքների մասին։ Պողոսը գնաց տաճար, և երբ նրան տեսան մի խումբ հրեաներ, ովքեր գիտեին նրան իր միսիոներական ճամփորդություններից, հայտարարեցին, թե Պողոսը կեղծ ուսուցիչ էր, ով ուսուցանում էր Մովսեսի օրենքի դեմ և հեթանոսներին անօրինաբար բերում տաճար։ Այս մեղադրանքների պատճառով ամբոխը Պողոսին հեռացրեց տաճարից և սկսեց ծեծել նրան։ Հռոմեացի զինվորները միջամտեցին և տարան նրան դատելու։ Մինչ գտնվում էր Անտոնիա ամրոցի աստիճանների վրա (տես Աստվածաշնչյան քարտեզներ, հ. 12, «Երուսաղեմը Հիսուսի ժամանակ»), Պողոսը խնդրեց զինվորներին, որ խոսեր ժողովրդի հետ։

Գոր․ 22․1–30

Պողոսը պատմում է իր դարձի գալու պատմությունը և վկայում Հիսուս Քրիստոսի մասին

Գրատախտակին գրեք դարձ բառը և բացատրեք, որ դարձի գալ նշանակում է փոխվել։ Հարցրեք ուսանողներին, թե ինչ փոփոխություն կարելի է կատարել ջրի հետ տարբեր նպատակներով այն օգտագործելու համար։ (Օրինակ, ջուրը կարող է սառույց դառնալ։) Խնդրեք ուսանողներին խորհել այնպիսի փոփոխության մասին, որն առաջանում է դեպի ավետարանը դարձի գալու արդյունքում։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 22.1-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչպես նկարագրեց իրեն, մինչ խոսում էր հրեաների հետ Անտոնիա ամրոցի աստիճաններին կանգնած։

  • Ինչպիսի՞ն էր Պողոսը նախքան դարձի գալը և Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալը։

Հետևյալ հարցերը և սուրբ գրությունների հղումները գրեք գրատախտակին կամ բաժանեք դրանք ուսանողներին՝ թերթիկների վրա գրված։ Ուսանողներին բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք հարցերից մեկը։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց տրված հարցի հետ առնչվող սուրբ գրությունները, ապա պատասխանել հարցերին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  1. Պողոսն ինչպե՞ս է նկարագրում իր առաջին տեսիլքը։ (Գոր․ 22․6–9)

  2. Ի՞նչ հրահանգներ ստացավ Պողոսը: (Գոր․ 22․10–11)

  3. Դամասկոսում Պողոսն ո՞ւմ հանդիպեց և ի՞նչը վերականգնեց։ (Գոր․ 22․12–13)

  4. Ի՞նչ մարգարեացավ Անանիան Պողոսի մասին։ (Գոր․ 22․14–15)

  5. Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց իր հավատն առ Հիսուս Քրիստոսը: (Գոր․ 9․18, 22․16)

Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց պատասխանները։ Մի քանի ուսանողների հրավիրեք ամփոփել, թե ինչ սովորեցին Պողոսի դարձի գալու գործընթացի վերաբերյալ։ (Կարող եք նաև բացատրել, որ Պողոսի առաջին տեսիլքի և որպես միսիոներ ծառայելու միջև եղած ժամանակահատվածում նա երեք տարի անցկացրեց Արաբիայում, որը հավանաբար հոգևոր նախապատրաստության և աճի շրջան էր [տես Գաղատացիս 1․11–18]։) Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչը փոխվեց Պողոսի մեջ նրա դարձի գալու արդյունքում։

  • Ի՞նչ տեղի ունեցավ, որը թույլ տվեց, որ տեղի ունենային այդ փոփոխությունները։

  • Պողոսի դարձն ի՞նչ կարող է մեզ սովորեցնել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք դարձի գալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Եթե հնազանդվենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, մենք կարող ենք իսկապես դարձի գալ։)

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեկին, ով ուզում է դարձի գալ։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Քույր Բոննի Լ․ Օսկարսոնի հետևյալ խոսքերը, որտեղ նա բացատրում է ավետարանի վերաբերյալ վկայություն ունենալու և դեպի ավետարանն ամբողջական դարձի գալու միջև եղած տարբերությունները․

Բոննի Լ. Օսկարսոն

«Իսկական դարձն ավելին է, քան պարզապես ավետարանի սկզբունքների մասին գիտելիք ունենալը և նույնիսկ ավելին է, քան ուղղակի այդ սկզբունքների վերաբերյալ վկայություն ունենալը: Հնարավոր է ավետարանի մասին վկայություն ունենալ՝ առանց դրանով ապրելու: Իսկապես դարձի գալը նշանակում է, որ մենք գործում ենք, հիմնվելով նրա վրա, ինչին մենք հավատում ենք։ …

… Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք գործում ենք արդարակյաց սկզբունքների վրա հիմնվելով, որոնք սովորում ենք մեր տներում և դասարանում: Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք ապրում ենք ավետարանով և վայելում Սուրբ Հոգու ընկերակցությունը» («Դարձի եկեք դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 76, 78)։

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցը կամ գրեք այն գրատախտակին․ Ինչպե՞ս կարող եմ իսկապես դարձի գալ դեպի ավետարանը։ Հրավիրեք ուսանողներին գրի առնել իրենց պատասխանները դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Ամփոփեք Գոր․ 22․17–30 հատվածները, բացատրելով, որ Պողոսն իրեն լսողներին ասաց, որ իր դարձի գալուց հետո Տերը հանեց իրեն Երուսաղեմից՝ հեթանոսների մեջ միսիոներ լինելու համար։ Դրանից հետո հավաքվածները հայտարարեցին, որ Պողոսը պետք է մահվան դատապարտվեր։ Պողոսին տարան Երուսաղեմի հռոմեական բանակի հազարապետի մոտ, ով որոշեց, որ Պողոսին պիտի խարազանեն կամ մտրակեն, պատիժ, որը կիրառվում էր հանցագործին նվաստացնելու և նրանից տեղեկություններ իմանալու համար։ Ինչևէ, երբ հռոմեացի հազարապետներն իմացան, որ Պողոսը Հռոմի քաղաքացի է, նրանք որոշեցին նրան չխարազանել, քանի որ հռոմեական օրենքին դեմ էր Հռոմի քաղաքացուն կապելը կամ խարազանելը, եթե նա դատապարտված չէր (հատված 25)։ Դրա փոխարեն նրանք Պողոսին բերեցին հրեական խորհրդի՝ Սանհեդրինի առջև։

Դասն ավարտեք՝ ձեր վկայությունը բերելով Գոր․ 20–22 գլուխներում ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 22․1–24 Պողոսը քաջություն ուներ կիսվելու ավետարանով

Պողոս Առաքյալը քաջություն ուներ կիսվելու Հիսուս Քրիստոսի վեաբերյալ իր վկայությամբ, չնայած կային մի շարք խոչընդոտներ (տես Գոր․ 22․1–24)։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ ճիշտը գործելու խիզախությունը, նույնիսկ եթե դա այդքան էլ ընդունված չէ, շարունակվում է պահանջվել Հիսուս Քրիստոսի աշակերտներից․

«Քաջությունը տարբեր եղանակներով է դրսևորվում։ Քրիստոնյա հեղինակ Չարլզ Սվինդոլը գրել է․ «Քաջությունը չի սահմանափակվում ռազմի դաշտով … կամ ձեր տանը խիզախորեն գող բռնելով։ Քաջության իրական ստուգարքն ավելի անաղմուկ է։ Դա ներքին ստուգարքն է, ինչպես օրինակ՝ հավատարիմ մնալը, երբ ոչ ոք չի տեսնում. … կամ կանգուն մնալը, երբ քեզ սխալ են հասկանում»։ Ես միայն կավելացնեմ, որ այդ ներքին քաջությունը նաև ներառում է ճիշտ բաներ անելը, նույնիսկ երբ ծիծաղի առարկա դառնալու վտանգի տակ հնարավոր է վախենանք պաշտպանել մեր համոզմունքները և պահպանել այդ համոզմունքները նույնիսկ այն ժամանակ, երբ այն սպառնում է ընկերների կամ սոցիալական կարգավիճակի կորստով։ Նա, ով հաստատակամորեն կանգնած է հանուն ճիշտ բանի, պետք է երբեմն համարձակություն դրսևորի մնալու առանց համակրանքի կամ հավանության» («Զորացիր և քաջ եղիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 67)։