Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Ղուկաս 5.1–10.37 (Մաս 10)


Տնային ուսումնասիրության դաս

Ղուկասի 5.1–10.37 (Մաս 10)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Ղուկասի 5.1–10.37-ից (մաս 10) ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ղուկաս 5)

Պատմությունից, որտեղ նկարագրվում է, թե Փրկիչն ինչպես հրավիրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին հետևել Իրեն, ուսանողները սովորեցին, որ եթե մենք անենք, ինչ Տերը խնդրում է, նույնիսկ երբ մենք չենք հասկանում ինչու, Նա մեզ կարող է տալ ավելի մեծ օրհնություններ, քան կարող էինք ակնկալել: Իսկ բորոտին և անդամալույծ մարդուն բժշկելու պատմությունից ուսանողները սովորեցին, որ եթե մենք հավատ գործադրենք և գանք դեպի Փրկիչը, Նա կարող է բժշկել մեզ, և մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ դեպի Փրկիչը, որպեսզի նրանք ևս բժշկվեն: Ուսանողները սովորեցին նաև, որ որպեսզի ընդունենք Փրկիչին ու Նրա ավետարանը, մենք պիտի լինենք խոնարհ ու հոժարակամ փոխվելու:

Օր 2 (Ղուկաս 6.1-7.17)

Ուսանողները պարզեցին, որ եթե մենք բարիք գործենք ուրիշների համար, փոխարենը առանց որևէ բան ակնկալելու, մեր վարձքը մեծ կլինի, և մենք Բարձրյալի զավակները կլինենք, և որ Երկնային Հայրը շռայլորեն օրհնում է մեզ, երբ մենք առատորեն տալիս ենք ուրիշներին: Նրանք նաև սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելով, մենք կարող ենք օրհնություններ բերել ուրիշ մարդկանց կյանք: Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ և հոգալով նրանց չարտահայտված կարիքները:

Օր 3 (Ղուկաս 7.18-50)

Այս դասին ուսանողները սովորեցին, որ Հովհաննես Մկրտիչը մարգարե էր, որի համար նախասահմանված էր պատրաստել ճանապարհը Աստծո Որդու համար և մկրտել Նրան: Պատմությունից, որտեղ նկարագրվում է, թե ինչպես մի կին լվաց Փրկիչի ոտքերն իր արցունքներով, ուսանողները սովորեցին հետևյալը. Երբ մենք հավատ ենք գործադրում` ցուցադրելով մեր սերն ու նվիրումը Տիրոջ հանդեպ, մենք կարող ենք ստանալ Նրա ներումը: Երբ ստանում ենք Տիրոջ ներումը, մենք լցվում ենք Նրան ավելի շատ սիրելու և ծառայելու ցանկությամբ:

Օր 4 (Ղուկաս 8.1-10.37)

Այս դասի ընթացքում դուք քաջալերեցիք ուսանողներին հետևել Փրկիչի օրինակին` ընտրելով համբերությամբ ու երկայնամտությամբ պատասխանել վիրավորանքներին: Բացի այդ, նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտը լինելու համար մենք պիտի թույլ չտանք, որ որևէ բան առաջնահերթություն դառնա Նրան հետևելու հանդեպ, և որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք, մենք պիտի սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ:

Նախաբան

Մի օրինական հարցրեց Տիրոջը. «Ես ի՞նչ պիտի անեմ, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանք»: (Ղուկաս 10.25) Հետևյալ ուսուցման մտքերը կարող են օգնել ուսանողներին սովորել, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 10.25–37

Փրկիչն ուսուցանում է բարի սամարացու առակը

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մեզ շրջապատող մարդիկ կատարյալ չեն։ Մարդիկ անում են բաներ, որոնք զայրացնում են, հիասթափեցնում և բարկացնում: Այս մահկանացու կյանքում միշտ այդպես է լինելու» («Ողորմածները ողորմություն են գտնում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 77)։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյո՞ք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով անում է այնպիսի բաներ, որոնք զայրացնում են, հիասթափեցնում և բարկացնում իրենց:

  • Ինչո՞ւ է դժվար սիրել մեկին, ով անում է այս բաները:

Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել ճշմարտություններին, երբ ուսումնասիրում են Ղուկասի 10.25-37 հատվածները, որոնք կարող են առաջնորդել նրանց, երբ նրանք հաղորդակցվում են այնպիսի անհատների հետ, ում դժվար է սիրել:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ղուկասի 10-րդ գլխի իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք սովորեցին մի օրինականի մասին, ով հարցրեց Փրկիչին, թե ինքը ինչպես կարող էր ժառանգել հավերժական կյանք:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10․26-28 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Փրկիչի պատասխանը: Այնուհետև խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Հավերժական կյանք ձեռք բերելու համար մենք պիտի սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ամբողջ սրտով, զորությամբ, ուժով և մտքով։

Մատնանշեք «սիրել մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ» արտահայտությունը գրատախտակի վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում սիրել մեր մերձավորին` ինչպես ինքներս մեզ, հրավիրեք նրանց գրատախտակին թվարկել այն գործերը, որ նրանք անում են սովորական օրվա ընթացքում: (Ցուցակում կարող են ընդգրկվել օրվա նախապատրաստությունը, ուտելը, քնելը, տնային աշխատանքի կատարումը և այլն:)

Գրատախտակին ցուցակը գրելուց հետո հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե նրանց գործողություններից քանիսն են կենտրոնացած իրենց վրա: (Կարող եք խնդրել նրանց պարզել, թե որ գործերն են ցուցակում իրենց համար, որոնք` ուրիշների և որոնք` Աստծո:)

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս վարժությունից:

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով մենք կարող ենք ավելի հաճախ կենտրոնանալ ուրիշների բարօրության վրա և ձգտենք սիրել նրանց այնքան, որքան սիրում ենք ինքներս մեզ:

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով կարող ենք անել այդ` նույնիսկ այն գործողությունների ընթացքում, որոնք արվում են մեզ համար: (Օրինակները կարող են ներառել` ճաշելը նրանց հետ, ովքեր մենակ են կամ ընկերակցելը ուրիշներին մեր դպրոցական միջոցառումների ժամանակ:)

  • Ձեր կարծիքով, Աստծուն և մեր մերձավորին սիրելն այնչափ, որչափ սիրում ենք ինքներս մեզ, ինչպե՞ս կարող է օգնել մեզ` առաջադիմել դեպի հավերժական կյանք։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով երկրորդ հարցը, որը օրինականը տվեց Հիսուսին:

  • Ո՞րն էր օրինականի երկրորդ հարցը։

Պատրաստեք մի քանի ուսանողների բեմականացնել բարի սամարացու առակը Ղուկասի 10.30–35 հատվածներում: Հրավիրեք մի ուսանողի կատարել պատմողի դերը, իսկ մյուսներին կատարել վիրավոր հրեայի, երկու ավազակների, քահանայի, ղևտացու և սամարացու դերերը: (Եթե ձեր դասարանում ընդամենը մի քանի ուսանող կա, նրանք կարող են մի քանի դեր կատարել:) Կարող եք տրամադրել որոշ բեմական նյութեր, ինչպես օրինակ` անվանապիտակներ, լրացուցիչ հագուստ, որ պիտի խլվի հրեայից, երկու տարա, որոնք կներկայացնեն ձեթն ու գինին, ճոճաթոռ, որը կներկայացնի անասունին, իսկ երկու մետաղադրամները` երկու դահեկանը: (Նշում. Կարող եք ընտրել մասնակիցներին և նրանց հատուկ հրահանգներ տալ նախքան դասը, որպեսզի համոզվեք, որ դերախաղը կլինի արդյունավետ, պատշաճ և հուսալի:)

Հրավիրեք պատմողին կարդալ Ղուկասի 10.30-35 հատվածները, իսկ ընտրված մասնակիցներին խնդրեք ներկայացնել առակի բեմականացումը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ էր ուսուցանում այն մասին, թե ով է մեր մերձավորը: Դերախաղից հետո հրավիրեք ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:

  • Սամարացու քայլերից ո՞րն է ամենից շատ տպավորվում ձեր մեջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել քահանայից, ղևտացուց և սամարացուց, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ բացատրությունը․

Քահանաներն ու ղևտացիները կրում էին Ահարոնյան քահանայություն և նշանակված էին ծառայելու Աստծուն ու իրենց մերձավորներին թե տաճարում, թե որպես ուսուցիչներ, և թե որպես Աստծո օրենքի օրինակներ: Քահանայության այս կրողները լիարժեք տեղյակ էին «քո ընկերին սիրես քո անձի պես» պատվիրանին (Ղևտացոց 19.18): Փաստորեն, ղևտացիները հատկապես պատասխանատու էին ճամփորդների մասին տնտեսապես և այլ եղանակներով հոգ տանելու համար (տես Ղևտացոց 25․35–36): Ի տարբերություն սրա, «Սամարացիները մասամբ իսրայելացի էին, իսկ մասամբ` հեթանոս: Նրանց կրոնը հրեական և հեթանոսական հավատքների ու սովորությունների խառնուրդ էր: … Հրեաները ատելություն էին դրսևորում սամարացիների հանդեպ, որովհետև սամարացիները ուրացել էին Իսրայելական կրոնը» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Սամարացիներ»scriptures.lds.org): Թե հրեաները, թե սամարացիները, որպես կանոն, թեքում էին ճանապարհը, որպեսզի խուսափեին միմյանց հանդիպելուց:

  • Քահանայի, ղևտացու և սամարացու գործողություններն այս առակում ինչո՞ւ կարող են զարմանալի թվալ:

  • Սամարացին ի՞նչ պատճառներ կարող էր ունենալ` վիրավոր հրեային օգնություն չցուցաբերելու համար:

  • Ըստ 10.33 հատվածի, ի՞նչը մղեց սամարացուն գործելու, երբ նա տեսավ վիրավոր մարդուն։

Նշեք, որ կարեկցություն ունենալ` նշանակում է նկատել մեկ ուրիշի կարիքներն ու դժվարությունները և ցանկություն զգալ անելու մեզանից կախված ամեն բան` այդ մարդուն օգնելու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10․36-37 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե Փրկիչը հաջորդիվ ի՞նչ ուսուցանեց օրինականին:

  • Ինչպե՞ս է այս առակը պատասխանում հատված 29-ում տրված հարցին. «Եւ իմ ընկերն ո՞վ է»:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այս առակում Տերն օգտագործում է սամարացու կերպարը, որպեսզի ցույց տա, որ մեր ընկերը պարզապես ինչ-որ մեկը չէ, ով ապրում է մեր կողքին, այլ Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը` ներառյալ նրանք, ում սիրելը ամենից դժվարն է մեզ համար:

Խնդրեք ուսանողներից մեկին` բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը.

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Մենք պիտի հիշենք, որ չնայած մենք ենք ընկերներ ընտրում, Աստված մեզ համար ընկերներ է դրել ամենուրեք: Սերը սահմաններ չպիտի ունենա: … Christ said, ‘For if ye love them which love you, what reward have ye? do not even the publicans the same?’ (Մատթեոսի 5.46)» (“The Lord’s Touchstone,” Ensign, Nov. 1986, 35)։

  • Համաձայն Ղուկասի 10.37 հատվածի, Փրկիչն ի՞նչ ուսուցանեց օրինականին անել:

Խնդրեք ուսանողներին կրկին մտածել այն մարդկանց մասին, ում նախկինում երևի իրենց համար դժվար կլիներ սիրելը:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սիրենք ու կարեկցանք ունենանք նրանց հանդեպ, ում սիրելը դժվար է մեզ համար:

  • Խորհեք այն ժամանակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթը հետևել է Փրկիչի խորհրդին` «սիրիր … քո ընկերին քո անձի պէս» (Ղուկասի 10.27): Ինչպիսի՞ն եղավ արդյունքը:

Կիսվեք այսօրվա դասին ուսուցանված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը և հրավիրեք ուսանողներին ավարտել դրանք իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում. Ես կհետևեմ բարի սամարացու օրինակին…

Հաջորդ Մասը (Ղուկասի 10.38–17.37)

Բացատրեք, որ հաջորդ դասին ուսանողները կուսումնասիրեն, թե Հիսուսն ինչպես էր հաճախակի հանդիմանում փարիսեցիներին, ովքեր ջանում էին արտաքինից արդարակյաց երևալ, բայց ներքուստ եսասեր էին: Խնդրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են ավելի քիչ նմանվել փարիսեցիներին և ավելի շատ նման լինել Քրիստոսի խոնարհ հետևորդներին։ Նրանք նաև կսովորեն մի քանի այլ առակներ, որոնք ուսուցանեց Փրկիչը, ներառյալ` անառակ որդու առակը: Խնդրեք նրանց նկատել, թե ինչ պատահեց հարուստ մարդուն, ով իր կյանքը նվիրեց հարստություն ձեռք բերելուն և աղքատներին արհամարհելուն: