Գրադարան
Դաս 10. Մատթեոս 5.17-48


Դաս 10

Մատթեոս 5.17-48

Նախաբան

Երբ Փրկիչը շարունակեց Իր քարոզը Գալիլեայի լեռան վրա, Նա բացատրեց, որ չի եկել քանդելու Մովսեսի օրենքը, այլ՝ կատարելու այն։ Փրկիչն Իր աշակերտներին նաև պատվիրաններ տվեց, որոնց նրանք պետք է հետևեին, որպեսզի դառնային Երկնային Հոր նման կատարյալ։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 5.17-48

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին դառնալ Երկնային Հոր նման կատարյալ։

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ձեր կարծիքով, ո՞ր պատվիրանն է մարդկանց համար դժվար պահել։ Դասը սկսելուց հետո, ուսանողներին խնդրեք պատասխանել այդ հարցին։ Նրանց պատասխանները թվարկեք գրատախտակին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 5.48 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն պատվիրանը, որը դժվար է պահել։ Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նրանք նշեն Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Մատթեոսի 5․48, հատվածի տողատակի ծանոթագրություն ա։

  • Ինչպիսի՞ զգացում է ձեզ մոտ առաջացնում կատարյալ լինելու պատվիրանը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել կատարյալ։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 5․48, տողատակի գրառում բ, հատվածը՝ փնտրելով կատարյալ բառի նշանակությունը և խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Բացատրեք, որ ամբողջովին կամ լիովին զարգացած դառնալու համար պետք է նմանվել Երկնային Հորը։

Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Փրկչի Լեռան Քարոզը Մատթեոսի 5 գլխում, հրավիրեք նրանց փնտրել այն սկզբունքը, որին նրանք պետք է հետևեն, որպեսզի զարգանան և դառնան կատարյալ, ինչպես մեր Հայրն է Երկնքում կատարյալ։

Ամփոփեք Մատթեոսի 5․17–20 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց, որ Նա եկավ իրականացնելու Մովսեսի օրենքը, ոչ թե քանդելու կամ կործանելու Մովսեսի օրենքի հավերժական ճշմարտություններից որևէ մեկը։ Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանի լրիվությունը, որը կորել էր ամբարշտության և ուրացության պատճառով, ուղղեց սխալ ուսմունքները և իրականացրեց Հին Կտակարանի մարգարեների մարգարեությունները։ Ի վերջո, որպես ավետարանի լրիվության Վերականգնման մի մաս, Մովսեսի օրենքի որոշ կետեր այլևս չշարունակվեցին, ինչպես օրինակ՝ թլպատումը և կենդանիների զոհաբերությունը։

Բացատրեք, որ Մատթեոսի 5․21–48 հատվածներն իրենց մեջ ընդգրկում են հրեաների տարբեր օրենքների և ավանդությունների մասին Փրկչի այն ուսմունքները, որոնք ստեղծվել կամ ավելացվել են Մովսեսի օրենքի տակ։ Երբ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց օրենքների ճշմարիտ իմաստը, Նա ուսուցանեց արդարության ավելի բարձր ուղին։ Իր արքայության անդամները պետք է ապրեն այդ բարձրագույն օրենքով։ Այդ բարձրագույն օրենքները նախատեսված էին, որպեսզի օգնեին Հիսուս Քրիստոսի աշակերտներին չխախտել Աստծո պատվիրանները։

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին սովորել զայրույթի մասին Փրկչի ուսմունքները, հրավիրեք նրանց մտածել այն պահի մասին, երբ նրանք բարկացած են եղել ինչ-որ մեկի վրա։

  • Որո՞նք են մեր զայրույթը չվերահսկելու վտանգները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.21-22 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր ուսուցանում Մովսեսի օրենքը բռնության և զայրույթի մասին, և ինչ լրացուցիչ ճշմարտություններ Տերն ուսուցանեց բարկության մասին՝ որպես բարձրագույն օրենք։

  • Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը բռնության և զայրույթի մասին։ (Բացատրեք, որ Մորոս բառը 22-րդ հատվածում նշանակում է ապուշ, հիմար կամ տգետ անձնավորություն։)

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ կպատահի, եթե մենք չսովորենք վերահսկել մեր բարկությունը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության փոփոխությունը Մատթեոսի 5․22, տողատակի գրառում բ։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ «զուր տեղը» արտահայտությունը բաց է թողնվել այս հատվածում։

  • Ինչպե՞ս կարող ենք մեր բարկությունը վերահսկելով զարգանալ ու դառնալ կատարյալ։

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հետևաբար, եթե դու գաս ինձ մոտ, կամ փափագես գալ ինձ մոտ …

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ավելացնում է «եթե դու գաս ինձ մոտ, կամ փափագես գալ ինձ մոտ» արտահայտությունը հատված 23 սկզբում և այն կարդացվում է այսպես․ «Հետևաբար, եթե դու գաս ինձ մոտ, կամ փափագես գալ ինձ մոտ, կամ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 5․25)։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.23-24 հատվածները՝ այդ թվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից ավելացված արտահայտությունը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկչի ուսմունքի, ինչ պետք է անենք ուրիշների հանդեպ մեր բարկության հետ, եթե մենք փափագենք գալ դեպի Նա։

  • Ի՞նչ է նշանակում «Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ» արտահայտությունը: (Նախքան Տիրոջը զոհաբերություններ մատուցելը, մարդիկ առաջին հերթին պետք է վերականգնեն ուրիշների հետ իրենց հարաբերությունները։)

  • Համաձայն հատված 24-ի, ի՞նչ կարող ենք մենք անել, եթե մենք փափագում ենք գալ դեպի Քրիստոսը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք փափագում ենք գալ դեպի Հիսուս Քրիստոսը, մենք առաջին հերթին պետք է մեր բաժինն անենք ու հաշտվենք ուրիշների հետ։)

  • Ի՞նչ է նշանակում հաշտվել մեկի հետ։ (Հարաբերություններում հարթել վեճերը և վերականգնել ներդաշնակությունը։ Դա իր մեջ ներառում է այն մարդկանց, ովքեր անբարյացակամ վերաբերմունք են տածում մեր հանդեպ և այն մարդկանց, ում հանդեպ մենք ունենք անբարյացակամ վերաբերմունք։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է մեր վեճերը հարթենք ուրիշների հետ, որպեսզի գանք դեպի Քրիստոսը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.25-26 հատվածները։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Փրկիչը, որ մենք պետք է անենք, որպեսզի հաշտվենք ուրիշների հետ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր» արտահայտությունը: (Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, հրավիրեք նրանց կարդալ Մատթեոսի 5․25, տողատակի գրառում ա։)

  • Ինչպե՞ս կարող է մեկի հանդեպ բարի մտքեր ունենալն օգնել մեզ հարթելու վեճը կամ վերականգնելու խաթարված հարաբերությունները նրա հետ։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք հարթել են վեճը մեկ այլ մարդու հետ և որի արդյունքում նրանք ավելի են մոտեցել Տիրոջը։ Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց փորձառություններով, եթե դրանք չափազանց անձնական չեն։ Հորդորեք ուսանողներին հարթելու իրենց վեճերն այլ մարդկանց հետ, որպեսզի նրանք աճեն և դառնան մեր Երկնային Հոր նման կատարյալ։

dandelions

Ցույց տվեք ուսանողներին մի մոլախոտ (կամ մոլախոտի նկար)։

  • Ի՞նչ կպատահի, եթե մոլախոտերը չհանվեն պարտեզից։

  • Ինչպե՞ս կարող են մոլախոտերը նման լինել մեղքերին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.27-28 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն մեղքին, որի համար Փրկիչը մեզ զգուշացրեց և այն բարձրագույն օրենքին, որը նա ակնկալում էր, որ Իր աշակերտները պետք է ապրեն։

  • Ի՞նչ սովորեցրեց Փրկիչն այն մարդկանց մասին, ովքեր հեշտասեր մտքեր կամ ցանկություններ ունեն։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզորոշ արտահայտվում է այն միտքը, որ եթե մենք հեշտասեր մտքեր կամ ցանկություններ ենք ունենում, դա նման է մեր սրտերում շնություն անելուն։)

Բացատրեք, որ չնայած նրան, որ մենք չենք կարող կանխել անմաքուր մտքերի մուտքը մեր բանականություն, բայց մենք կարող ենք կանխել, որ դրանք չմնան այնտեղ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.29-30 հատվածները։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե Փրկիչն ի՞նչ սովորեցրեց անմաքուր մտքերը հեռացնելու մասին:

  • Ըստ Փրկչի, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հեռացնենք անմաքուր մտքերը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հանել մեկի աչքը կամ կտրել մեկի ձեռքը այս հատվածներում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5․30, տողատակի գրառում բ, հատվածը։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք նրա վրա, թե ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում հանել մեկի աչքը կամ կտրել մեկի ձեռքը այս հատվածներում։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։

  • Ելնելով Մատթեոսի 5․29-30 հատվածներում Տիրոջ ասածներից, ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չհեռացնենք մեղքը մեր կյանքից։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք չհեռացնենք մեղքը մեր կյանքից, այն հոգևոր առումով կկործանի մեզ։)

  • Ի՞նչ կարող ենք անել մեղքերը մեր կյանքից հեռացնելու համար։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հեռացնենք մեղքերը մեր կյանքից և հավաստիանանք, որ այլևս այդ մեղքերը չենք կատարի։

Հորդորեք ուսանողներին մտածել մի մեղքի մասին, որը նրանք կցանկանային հեռացնել իրենց կյանքից, իսկ հետո նպատակ դնել՝ դրան հասնելու համար ապաշխարել և փոխարինել այն արդար արարքներով։

Ամփոփեք Մատթեոսի 5․31-37 հատվածները և բացատրեք, որ Տերն ուսուցանեց ամուսնալուծության, ամուսնության և երդում տալու մասին։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցում համադասարանցիներից մեկը դաժան ու անբարյացակամ բաներ է ասում իրենց մասին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կարձագանքեին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.38 հատվածը։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե ինչպես էր Մովսեսի օրենքը պատժում մարդկանց իրենց մեղքերի կամ վիրավորանքների համար։ Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով։ Բացատրեք, որ «Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ» արտահայտությունը ըստ Մովսեսի օրենքի նշանակում է, որ պատիժը պետք է համապատասխանի վիրավորանքի լրջության աստիճանին։

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հանձնարարեք զուգընկերներից մեկին կարդալ Մատթեոսի 5․39-42 հատվածները, իսկ մյուսին՝ Մատթեոսի 5.43-47 հատվածները: Նրանց ուշադրությունը հրավիրեք բարձրագույն օրենքին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերն իրենց զուգընկերների հետ (կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին կամ թերթիկների տեսքով տրամադրել դրանք):

Համաձայն Փրկչի խոսքերի, ո՞րն է բարձրագույն օրենքը։

Ի՞նչ է բարձրագույն օրենքն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես մենք պետք է պատասխանենք մեզ վիրավորողներին։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Հանձնարարեք ուսանողներից մեկին կրկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.45 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի, եթե մենք սիրենք մեր թշնամիներին և բարիք անենք նրանց, ովքեր ատում են մեզ։

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք սիրենք մեր թշնամիներին և բարիք անենք նրանց, ովքեր ատում են մեզ։

  • Իմանալով, որ մենք բոլորս էլ Աստծո հոգևոր զավակներն ենք, ձեր կարծիքով, ի՞նչ նշանակում այս հատվածում լինել որդիքը մեր Հոր, որը Երկնքումն է։ (Նշանակում է դառնալ Նրա նման և դառնալ Նրա թագավորության ժառանգները։)

  • Ինչպե՞ս Փրկիչն Իր կյանքի ընթացքում Իր թշնամիներին սիրելու և ուրիշներին բարիք գործելու օրինակ հանդիսացավ։

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ Մատթեոսի 5 գլխում իրենց սովորած այն ճշմարտություններին, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք Երկնային Հոր նման կատարյալ։

  • Որո՞նք են այն բաները, որ մենք պետք է անենք մեր Երկնային Հոր նման կատարյալ դառնալու համար։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Փրկչի ուսմունքներին և պատվիրաններին հետևելով, մենք կարող ենք դառնալ կատարյալ, ինչպես մեր Հայրը, որը Երկնքումն է։)

Հիշեցրեք ուսանողներին, որ միայն Հիսուս Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք կատարյալ դառնալ (տես Մորոնի 10․32

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ կատարելագործվելու գործընթացը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ հայտարարությունը․

Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ անմատչելի [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն լրիվ չափով կիրագործվի միայն Հարությունից և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասվում է բոլոր նրանց, ովքեր սիրում և պահում են Նրա պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88)։

  • Համաձայն Երեց Նելսոնի, ե՞րբ մենք կհասնենք կատարելության։

  • Ինչպե՞ս կարող է այս հայտարարությունն օգնել մեկին, ով կատարելությանն ուղղված իր ջանքերում ծանրաբեռնված կամ հուսալքված է զգում։

Հորդորեք ուսանողներին շարունակ հնազանդվել Աստծո պատվիրաններին, որպեսզի նրանք ի վերջո դառնան մեր Երկնային Հոր նման։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոսի 5․22 Ի՞նչ է նշանակում Մորոս եզրույթը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին տվել է Մորոս եզրույթի բացատրությունը․

«Անվայել ու գռեհիկ արտահայտությունները փոփոխվում են ազգից-ազգ և դարաշրջանից-դարաշրջան, սակայն այդ հատվածի նպատակն է՝ դատապարտել այն խոսքը, որն անհարիր զգացմունքներ է փոխանցում մեկ այլ մարդու հասցեին» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:222)։

Մատթեոս 5.27–28 «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը քննարկել է հեշտասիրության մեղքի լրջությունը․

«Ինչո՞ւ է հեշտասիրությունը «մահացու» մեղք: Դե՜, բացի նրանից, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որ Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ բերելու ընտանիք, որը նախատեսված է հավերժության համար: … Սերը մեզ բնազդորեն ձգում է դեպի Աստված և այլ մարդիկ: Իսկ հեշտասիրությունը տանում է ամեն բանի, բացի աստվածայինից, և գոհանում է ինքնաթողտվությամբ: Սերն առաջ է գալիս բաց ձեռքերից և բաց սրտերից․ հեշտասիրությունն առաջ է գալիս միայն բաց ախորժակից» (“Place No More for the Enemy of My Soul,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 44–45)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը խոսել է պոռնոգրաֆիայի հետևանքների մասին նրանց մոտ, ովքեր կիրառում են այն․

«Պոռնոգրաֆիան վնասում է հակառակ սեռի անձնավորության հետ նորմալ զգացմունքային, ռոմանտիկ և հոգևոր հարաբերությունը վայելելու ունակությանը: Դա քայքայում է այն բարոյական արգելքները, որոնք կանգնած են անհամապատասխան, անբնական կամ անօրինական վարքագծի դեմ։ Պոռնոգրաֆիայով տարված մարդկանց մոտ զգացմունքները բթանում են և նրանք փորձում են իրական կյանքում ընդօրինակել իրենց տեսածին՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն այն կարող է թողնել իրենց և մյուսների կյանքի վրա» (“Pornography,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 89)։

Մատթեոս 5.31-37 «Ով որ իր կնիկն արձակէ»

Հիսուսի օրերում հրեական մտածողության դպրոցներից մեկը Մովսեսական չափանիշը մեկնաբանում էր (տես Երկրորդ Օրինաց 24․1–2) այնպես, որ թույլ էր տալիս ամուսնալուծվել չնչին պատճառներով։ Օրինակ, եթե տղամարդը ցանկանում էր ավելի երիտասարդ կամ գրավիչ կին, կամ եթե տղամարդու կինը փչացրել էր ընթրիքը, հայտնվել էր հանրության մեջ առանց գլխաշորի կամ անդուրեկան էր․ դա թույլ էր տալիս տղամարդուն դիմել ամուսնալուծությանը։ Ինչպես գրված է Մատթեոսի 5․31–37 հատվածներում, ինչպես նաև Լեռան Քարոզի մյուս հատվածներում, Հիսուսը ձգտում էր Իր հետևորդներին կոչ անել հետևել արդարության ավելի բարձր չափանիշին և փորձել նրանց հասկացնել, որ ամուսնությունը մի հաստատություն է, որին պետք է հարգել և պահպանել համաձայն Ադամի ու Եվայի հավերժական ամուսնության նման Աստծո կողմից հաստատված օրինաչափության։ (Sես Bruce R. McConkie, The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 3:291–97, տես նաև Մատթեոս 19․3–9։)

Մատթեոս 5.43 «Լսել էք որ ասուեցաւ»

«Սիրիր քո ընկերին» պատվիրանը գտնվում է Ղևտացոց 19․18, սակայն Հին Կտակարանի ոչ մի հատվածում չի ասվում ատիր քո թշնամուն։ Կարծես թե Փրկիչը նկատի ուներ այն ասացվածն, որն ընդունված էր Իր օրերում։