Դաս 8
Մատթեոս 4
Նախաբան
Իր մկրտությունից հետո Հիսուսը 40 օր անցկացրեց անապատում՝ ծոմ պահելով և Երկնային Հոր հետ հաղորդակցվելով։ Դրանից հետո նա գայթակղվեց դևի կողմից։ Սուրբ գրությունների օգնությամբ Հիսուսը դիմադրեց յուրաքանչյուր գայթակղության։ Փրկիչը գնաց Գալիլեա, որտեղ Նա կանչեց Պետրոսին և ուրիշներին հետևելու Իրեն և առաջ գնաց՝ ուսուցանելով, քարոզելով և բժշկելով։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 4․1-11
Հիսուսը դիմադրում է դևի գայթակղություններին
Ուսանողներից մեկին խնդրեք կամավոր առաջ գալ։ Կոչ արեք ուսանողին 30 վայրկյան առանց մի կողմ նայելու կենտրոնանալ սենյակի որևէ առարկայի վրա։ Երբ ուսանողը սկսի նայել, փորձեք նրա ուշադրությունը շեղել։ Օրինակ, դուք կարող եք ցույց տալ վառ գունեղ իրեր, ուժեղ ձայն հանել կամ կերակուր առաջարկել ուսանողին։ 30 վայրկյան անց հարցրեք ուսանողին․
-
Ինչպե՞ս էր։ Ինչո՞ւ կարողացար կամ չկարողացար պահպանել քո ուշադրությունը։
-
Այդ 30 վայրկյանների ընթացքում ինչի՞ մասին էիր մտածում։
Հարցրեք դասարանին.
-
Ինչպե՞ս է այս փորձը նման Երկնային Հոր պատվիրանների վրա կենտրոնացած մնալու և հնազանդվելու մեր ջանքերին։ Այս ուսանողին շեղող հանգամանքներն ինչի՞ն կարելի է նմանեցնել։ (Մեզ մեղքի մեջ քաշելու ջանքերին։)
-
Ինչո՞ւ է սատանան գայթակղում մեզ մեղք գործել։ (Տես 2 Նեփի 2․17–18, 27։)
Հարցրեք ուսանողներին, թե ինչ եղանակներով է սատանան գայթակղում մեզ մեղք գործել։ Հրավիրեք նրանց Մատթեոսի 4 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որի օգնությամբ նրանք կարող են դիմակայել գայթակղությանը, եթե կիրառեն այն։
Բացատրեք, որ Իր մկրտությունից հետո Փրկիչը մի փորձառություն ունեցավ, որը նրան նախապատրաստեց Իր երկրային ծառայությանը։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մատթեոսի 4.1-8 հատվածները՝ այդ երկու հատվածների համար օգտվելով Ջոզեֆ Սմիթի Թարգմանության տողատակի ծանոթագրությունների ճշգրտումներից։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց Հիսուսի հետ անապատում։ (Կարող եք բացատրել, որ այս ենթատեքստում տարվեցավ բառը նշանակում է «մեկի հետ լինել» կամ հոգևոր սերտ շփում ունենալ։)
-
Ինչպե՞ս կարող էր ծոմ պահելն ու Երկնային Հոր հետ շփումը օգնել Հիսուսին Իր երկրային ծառայությանը նախապատրաստվելիս։
-
Այն ժամանակից հետո, երբ Հիսուսը ծոմ պահեց և շփվեց Իր Հոր հետ, ի՞նչ փորձեց անել սատանան։
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին տվեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ, կամ հանձնարարեք նրանց արտագրել այն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար - Դաս 8
Սատանան ինչո՞վ գայթակղեց Հիսուսին։ |
Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց գայթակղությանը։ | |
---|---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Հանձնարարեք ուսանողներին կարդալ նախատեսված հատվածները զույգերով և լրացնել աղյուսակը։ Նախքան այս վարժությունը սկսելը, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ուղղում է Մատթեոսի 4․5, 8 հատվածների այն հայտարարությունները, որ Հոգին, այլ ոչ թե սատանան է Փրկչին տանում տարբեր վայրեր, ինչպես նկարագրված է այս հատվածներում (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 4․5 [Ղուկասի 4․5 հատվածի տողատակի գրառում ա], Ղուկաս 4․9 [Ղուկասի 4․9 հատվածի տողատակի գրառում ա])։
Այն բանից հետո, երբ ուսանողներն ավարտեն աղյուսակը, որոշ զույգերի հրավիրեք կիսվել իրենց լրացրած աղյուսակով։ Կարող եք հետևյալ հարցերը հղել․
-
Ի՞նչ էր ցանկանում վիճարկել սատանան, երբ նա ծոմ պահող Հիսուսին գայթակղեց քարը հացի վերածել։ (Նա փորձեց վիճարկել ֆիզիկական հակումները բավարարելու ցանկությունը։)
-
Ինչո՞ւ էր կեղծ սատանայի առաջարկն այն մասին, որ նա աշխարհի թագավորությունները կտար Հիսուսին։ (Սատանան այնպիսի պարգևատրում էր խոստանում, որն իրենը չէր և որը չէր կարող տալ։)
-
Ի՞նչ այլ բան կա այս պատմության մեջ, որը ցույց է տալիս մեզ մեղքի մեջ քաշելու սատանայի ռազմավարությունը։ (Սատանան թիրախ է դարձնում մեր ամենաթույլ տեղերը և պարբերաբար գայթակղում մեզ։)
Նշեք, որ, ի վերջո, Հիսուսը կբավարարեր Իր քաղցը և նույնիսկ երկրային նյութը կվերածեր սննդի (տես Հովհաննես 2․1–11)։ Նա նաև աստվածային հաստատում և օգնություն կստանա Իր ծառայության ժամանակ (տես Մատթեոս 17․1–5, Ղուկաս 22․41–44), և մի օր կղեկավարի աշխարհը (Զաքարիա 14․9, Հայտնություն 11․15)։ Սակայն, եթե Հիսուսն այդ ցանկալի բաները ստանար սատանայից գայթակղվելու արդյունքում, փոխարենը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ եղանակով այն ստանալու, ապա դա կլիներ Փրկչի իշխանության եսասիրական չարաշահում։ Հիսուսը՝ որպես Աստծո Որդի, Իր աստվածային ինքնությունը կհաստատի այնպես, որը համահունչ է Երկնային Հոր կամքին, այլ ոչ թե սատանայի կոչերին։ (Sես Jeffrey R. Holland, “The Inconvenient Messiah,” Ensign, Feb. 1984, 68–73։)
-
Ի՞նչ նմանություն կար յուրաքանչյուր գայթակղության դեմ Փրկչի պատասխանների մեջ։ (Հիսուսը սատանայի յուրաքանչյուր գայթակղության դեմ պատասխանեց սուրբ գրությունների մեջբերումներով։)
Հրավիրեք ուսանողներին զույգերով աշխատել և գրել մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել դևի գայթակղություններին դիմակայելու Փրկչի օրինակից։ Մի քանի ուսանողների խնդրեք այդ սկզբունքները գրել գրատախտակին։ Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած սկզբունքներով, մատնանշեք հետևյալ սկզբունքը․ Երբ մենք հիշում ու կիրառում ենք սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունները, մենք կարող ենք դիմակայել դևի գայթակղություններին։ Եթե այդ ճշմարտությունը հստակորեն չի ներկայացվել ուսանողների սկզբունքներում, ապա ավելացրեք այն գրատախտակին գրված նախադասություններին։
Նշեք, որ Փրկիչը ոչ միայն հիշեց այն սուրբ գրությունները, որոնք պարզաբանում էին յուրաքանչյուր գայթակղության դեմ առկա գործողության ճիշտ ընթացքը, այլ նաև կիրառեց այդ սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունները։
-
Հաշվի առնելով սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունները հիշելու և կիրառելու սկզբունքի զորությունը, ինչո՞ւ է կարևոր պարբերաբար ուսումնասիրել սուրբ գրությունները։
Ուսանողների յուրաքանչյուր զույգի տվեք մեկական թուղթ և հանձնարարեք նրանց երեք սյունակ գծել դրա վրա։ Հանձնարարեք նրանց առաջին սյունակում գրել երեք մեղքեր, որոնք իրենց տարիքի երիտասարդները կարող են գայթակղվելով կատարել։ Խնդրեք նրանց երկրորդ սյունակում գրել այն եղանակները, որոնցով սատանան փորձում է գայթակղել մեկին, որ նա կատարի առաջին սյունակում գրված յուրաքանչյուր մեղքը։ Ցուցում տվեք, որ ուսանողները մյուս զույգերի հետ փոխանակեն իրենց թղթերը։ Ապա հանձնարարեք նրանց գտնել սուրբ գրության մեկ բնորոշ հատված, որն ուսուցանում է այն ճշմարտությունները, որոնք ինչ-որ մեկը կարող է հիշել և կիրառել, երբ գայթակղվում է կատարել իրենց ստացած թղթի վրա գրված մեղքերից որևէ մեկը։ (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին բացել սուրբ գրությունների կարևոր հատվածները, ինչպես օրինակ՝ Ծննդոց 39․9, Հովհաննես 14․15, կամ Վարդապետություն և Ուխտեր 10․5։) Հանձնարարեք ուսանողներին սուրբ գրությունների հղումները գրել երրորդ սյունակում։
Մի քանի րոպե անց յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեք կիսվել սուրբ գրության մեկ հղումով, որը համապատասխանում է իրենց թղթի վրա գրված գայթակղություններից որևէ մեկին։ Հարցրեք նրանց, թե ինչպես կարող է այդ սուրբ գրության հատվածն օգնել մեզ, երբ մենք ենթարկվում ենք այդ գայթակղությանը։
-
Ե՞րբ եք ամրապնդվել և ունակ եղել դիմակայելու գայթակղությանը՝ սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունները հիշելու և կիրառելու շնորհիվ։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)
Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել որևէ սուրբ գրության հղում, որը նրանք կհիշեն և կկիրառեն հաջորդ անգամ, երբ գայթակղվեն մեղք գործել։ Խրախուսեք նրանց անգիր սովորել իրենց ընտրած սուրբ գրության հատվածը։
Մատթեոս 4.12-17
Հիսուսը բնակվում է Գալիլեայում
Ամփոփեք Մատթեոսի 4․12–15 հատվածները և բացատրեք, որ անապատում իր ունեցած փորձառությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա և բնակվեց Կափառնայում։ Մատթեոսը նկատեց, որ Գալիլեայում Փրկչի ծառայությունը Եսայիայի կողմից արված մարգարեության իրագործումն էր (տես Եսայիա 9․1–2)։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 4.21 հատվածը։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն, թե ըստ Եսայիայի մարգարեության ինչ կպատահի։ Նշեք, որ այս մարգարեությունից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը լույս է սփռում այն մարդկանց կյանքում, ովքեր խավարի մեջ են։ Խրախուսեք ուսանողներին փնտրել, թե ինչպես Փրկիչն իրականացրեց դա Իր ծառայության շնորհիվ։
Ամփոփեք Մատթեոսի 4․17 հատվածը և բացատրեք, որ Փրկիչը սկսեց ապաշխարություն քարոզել` որպես մարդկանց մեջ երկնքի արքայության հաստատման նախապատրաստություն։
Մատթեոս 4.18-22
Հիսուսը Պետրոսին և մյուսներին կանչում է հետևել Իրեն։
Ցույց տվեք այն նկարը, որը կոչվում է՝ Ձկնորսներին կանչելը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 37, տես նաև LDS.org)։ Նշեք, որ նավակի սկզբնամասում գտնվող մարդիկ Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասն էին։
-
Ի՞նչ են նրանք անում ուռկանի հետ։
Բացատրեք, որ չնայած նրան, որ մյուսները Պետրոսին և Անդրեասին հավանաբար ընդունում էին որպես սովորական ձկնորսների, Հիսուս Քրիստոսը տեսավ նրանց մեծ ներուժը և գիտեր, թե ովքեր կարող էին դառնալ։
-
Ի՞նչ առումով ենք մենք նման Պետրոսին և Անդրեասին։
Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Մատթեոսի Դ գլուխը, հրավիրեք նրանց փնտրել, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք այն մարդիկ, որոնց Տերը ցանկանում է տեսնել։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 4.18-22 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով որոշ ձկնորսների հետ ունեցած Փրկչի շփումներին։
-
Ի՞նչ ասաց Փրկիչը Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Ո՞վ է «մարդկանց [ձկնորսը]» (հատված 19):
-
Ի՞նչ պետք է այդ մարդիկ զոհաբերեին, որպեսզի հետևեին Փրկչին և աջակցեին Նրա գործին։ Ինչո՞ւ կարող էր դա դժվար լինել նրանց համար։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարձագանքեին, եթե այդ մարդկանց տեղը լինեին։
-
Ի՞նչ նկատեցիք այդ մարդկանց պատասխանի մեջ։ Փրկչի հրավերին հետևելու նրանց անհապաղ պատասխանն ի՞նչ էր ասում նրանց բնավորության մասին։
-
Արդյո՞ք այդ մարդիկ ավելի շատ բարիք կանեին իրենց կյանքում որպես ձկնորսներ, թե՞ որպես «մարդկանց ձկնորսներ»։ Ինչո՞ւ:
-
Ինչպես նկարագրված է այս պատմության մեջ, ի՞նչ կպատահի, եթե մենք անհապաղ պատասխանենք Իրեն հետևելու Փրկչի հրավերին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անհապաղ պատասխանենք Իրեն հետևելու Փրկչի հրավերին, Նա կարող է մեր կյանքն ավելի լիարժեք դարձնել, քան ինքներս կարող ենք դա անել։)
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը. Դասարանին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող է Տերն ավելի լիարժեք դարձնել մեր կյանքը՝ Նրան հետևելու դեպքում։
«Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրում են Աստծուն, կբացահայտեն, որ Նա շատ ավելի լիարժեք կարող է դարձնել իրենց կյանքը, քան նրանք կարող են դա անել։ Նա կմեծացնի նրանց ուրախությունը, կընդլայնի նրանց մտահորիզոնը, կաշխուժացնի միտքը, կամրապնդի մկանները, կվեհացնի հոգիները, կբազմապատկի նրանց օրհնությունները, կավելացնի նրանց հնարավորությունները, կսփոփի նրանց հոգիները, կբարձրացնի ընկերներին և կսփռի խաղաղություն։ Ով որ իր կյանքը կորցնի Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4)։
-
Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ որևէ մեկն ունեցել նմանատիպ օրհնություններ, երբ թողել եք աշխարհիկ մտահոգությունները հետևում, որպեսզի հետևեք Փրկչին։
-
Մտածելով Փրկչին հետևելու արդյունքում ստացված օրհնությունների շուրջ, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր անհապաղ պատասխանել Իրեն հետևելու Փրկչի հրավերին։
Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել հետևյալ հարցի պատասխանը․
-
Ինչպե՞ս կարող եք ավելի լավ արձագանքել Իրեն հետևելու Փրկչի հրավերին։
Խրախուսեք նրանց կիրառել իրենց գրածը։
Մատթեոս 4. 23-25
Հիսուսը շրջում էր Գալիլեայում՝ ուսուցանելով, քարոզելով և բժշկելով։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Մատթեոսի 4․23-25 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Փրկչի գործողություններին։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Բացատրեք, որ Փրկչի ուսուցանելու, քարոզելու և բժշկելու որոշակի դրվագներ կուսումնասիրվեն Ավետարանների ուսումնասիրման ընթացքում։
Ավարտեք՝ բերելով ձեր վկայությունը դասի ընթացքում ուսանողների բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։