Պողոս Առաքյալի Թուղթը առ Եբրայեցիս. ներածություն
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Եբրայեցիս գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի գերազանցության մասին: Նա հրեշտակներից բարձր է և ունի ավելի մեծ անուն ու ավելի բարձր կոչում: Հրեշտակներն Աստծո ծառաներն են, բայց Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է: Այս գիրքը նաև ուսուցանում է, որ Հիսուսը Մովսեսից առավել է, և որ Նրա սպասավորումն առաջ բերեց նոր ուխտը, որը Մովսեսի օրենքի ներքո գտնվող հին ուխտից գերազանց է: Որպես Մելքիսեդեկյան Քահանայության Ավագ Քահանայապետ` Նրա քահանայությունն ավելի մեծ է, քան Մովսեսի օրենքի ներքո գտնվող քահանայապետերի քահանայությունը:
Մինչ սուրբ գրությունները լի են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության, Նրա Հարության ու երկինք Համբարձման մասին հղումներով` Եբրայեցիս գիրքն ընդգծում է Քավիչի շարունակվող գործը բոլոր նրանց կյանքում, ովքեր հնազանդությամբ ու հավատքով դառնում են դեպի Նա: Եբրայեցիս գրքի ուսումնասիրությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ Քավության վարդապետությունն ու ոգեշնչել նրանց ապրել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Վերջին օրերի Սրբերից շատերն ընդունում են, որ Եբրայեցիս գրքի հեղինակը Պողոսն է (տես Bible Dictionary, “Pauline Epistles”): Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կասկածում են, թե արդյոք Պողոսն է գրել այս թուղթը, քանի որ դրա ոճն ու խոսքը տարբերվում են Պողոսի մյուս նամակներից: Ըստ տարածված կարծիքի, նույնիսկ, եթե Պողոսն անձամբ չի գրել այն, մտքերը պատկանում են նրան, քանի որ Եբրայեցիս գրքի վարդապետությունը համահունչ է Պողոսի մյուս նամակների վարդապետություններին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը որոշ արտահայտություններ է վերագրել Պողոս Առաքյալին Եբրայեցիս գրքից (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 112): Համաձայն այս ձեռնարկի` մենք ընդունում ենք Պողոսին որպես հեղինակ:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մենք չգիտենք, թե երբ է գրվել Եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակը: Մենք նաև չգիտենք ստույգ, թե երբ է այն գրվել: Այնուամենայնիվ, շատերը ենթադրում են, որ այն գրվել է մոտ Մ.Թ. 60-62 թվականներին, նույն ժամանակ, ինչ Պողոսի նամակնկները` ուղղված Փիլիպպեցիներին, Կողոսացիներին, Եփեսացիներին և Փիլիմոնին (տես Guide to the Scriptures, “Pauline Epistles,” scriptures.lds.org):
Ու՞մ համար է գրված այն և ինչու՞:
Պողոսը գրեց Եբրայեցիներին ուղղված թուղթը, որպեսզի խրախուսեր Եկեղեցու հրեա անդամներին պահել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ու չվերադառնալ իրենց նախկին ապրելակերպին (տես Եբրայեցիս 10.32-38):
Հրեա քրիստոնյաներից շատերը, զանազան տանջանքների ճնշման ներքո, ըստ երևույթին հեռանում էին Եկեղեցուց և վերադառնում էին հրեական հավաքատան երկրպագության հարաբերական ապահովության մեջ (տես Եբրայեցիս 10.25, 38-39): Պողոսը ցանկանում էր ցույց տալ այս հրեա քրիստոնյաներին, որ Մովսեսի օրենքն ինքնին ուղղված էր դեպի Հիսուս Քրիստոսն ու Իր Քավութունը` որպես փրկության ճշմարիտ աղբյուր:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Բացի նամակ լինելուց, Եբրայեցիս գիրքը նաև մի ընդարձակ քարոզ է, որը բազմիցս վերաբերում է Իսրայելի սուրբ գրություններին ու բարքերին: Դա սուրբ գրքի ամենաերկար քարոզն է այն մասին, թե ինչու և ինչպես է Հիսուս Քրիստոսը գերազանցում բոլորին և ամեն ինչին :
Եբրայեցիս գիրքն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսն ավելի մեծ է, քան օրենքը, որովհետև Նա Ինքն է տվել օրենքը: Եբրայեցիս գիրքը նաև ուսուցանում է, որ մարգարեները զորություն են ստացել Նրա հանդեպ հավատքի շնորհիվ, որ Նա մեծ Քահանայապետն էր, ում միջոցով իրականացել են Հին Կտակարանի ժամանակների զոհաբերությունները, որ Նա հրեշտակներից գերազանց է, և որ Նրա քավիչ զոհաբերության միջոցով է, որ մենք կարող ենք թողություն ստանալ մեր մեղքերին:
Եբրայեցիս գիրքն Աստվածաշնչի այն եզակի հատվածներից է, որտեղ կարող ենք կարդալ Մելքիսեդեկ քահանայի մասին (տես Եբրայեցիս 7.1–4) և նրա անունով կոչված քահանայության մասին (տես Եբրայեցիս 5.5–6, 10, 6.20, 7.11–17): Եբրայեցիս գիրքն ուսուցանում է, որ Մելքիսեդեկյան Քահանայությունն ավելի բարձր է, քան Ահարոնյան Քահանայությունը, և այն ցույց է տալիս, որ փրկությունը չի գտնվում Մովսեսի օրենքում կամ Ղևտական քահանաների կատարած արարողություններում, այլ Հիսուս Քրիստոսում և Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններում (տես Եբրայեցիս 7.5–28): Եբրայեցիս 11.1-12.4 հատվածներում կարևոր խոսքեր են ասվում հավատքի մասին և ուսուցանում են, թե մարդիկ ինչպես կարող են վստահել Հիսուս Քրիստոսին: (Տես Bible Dictionary, “Pauline Epistles: Epistle to the Hebrews”):
Համառոտ շարադրանք
Եբրայեցիս 1–6 Հիսուս Քրիստոսը Հոր էության նկարագիրն է: Նա, հրեշտակներից ու Իրեն նախորդող բոլոր մարգարեներից` ներառյալ Մովսեսից, գերազանց է: Հին Իսրայելի ժողովրդի համար, ում Եգիպտոսից էին դուրս բերել, ձախողվեց մուտքը դեպի Տիրոջ հանգիստը, որովհետև նրանք կարծրացրին իրենց սրտերը Հիսուս Քրիստոսի ու Նրա ծառա Մովսեսի հանդեպ: Որպես Ավագ Քահանայապետ` Հիսուս Քրիստոսը գերազանցում է մովսիսական բոլոր քահանայապետերին: Քրիստոսը կատարելագործվեց Իր տանջանքի միջոցով: Մենք կարող ենք մտնել Տիրոջ հանգստի մեջ ու «դէպի կատարեալը գնանք» ավետարանի վարդապետությունների ու արարողությունների միջոցով (Եբրայեցիս 6.1):
Եբրայեցիս 7-13 Մելքիսեդեկյան Քահանայությունը սպասավորում է ավետարանն ու ավելի բարձր է, քան Ահարոնյան Քահանայությունը: Խորանն ու մովսիսական արարողությունները խորհրդանշում էին Քրիստոսի սպասավորումը: Հիսուս Քրիստոսն իրականացրեց Մովսեսի օրենքը` հեղելով Իր արյունը, որի միջոցով մենք կարող ենք ձեռք բերել փրկություն ու մեղքերի թողություն: Հավատքի շնորհիվ մարգարեներն ու այլ տղամարդիկ և կանայք արդար գործեր ու հրաշքներ էին իրականացնում: