Դաս 65
Հովհաննես 6
Նախաբան
Հաջորդ օրը, այն բանից հետո, երբ Հիսուսը հրաշքով կերակրեց 5000-ից ավել մարդկանց բազմությունը, նա ուսուցանեց, որ Ինքն է կյանքի հացը: Նրա հետևորդներից ոմանք հրաժարվեցին Նրա ուսմունքներից և շրջվեցին Նրանից: Ի տարբերություն՝ Պետրոսը վկայեց, որ Հիսուսն ուսուցանում է հավիտենական կյանքի խոսքը և Աստծո Որդին է:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 6․1-21
Հիսուսը հրաշքով կերակրում է 5000-ից ավել մարդկանց և քայլում ծովի վրայով:
Բացատրեք, որ երբ Փրկիչը վկայեց Իր աստվածայնության մասին Երուսաղեմում (տես Հովհաննես 5), Նա վերադարձավ Գալիլեա, որտեղ Իր առաքյալների հետ ուսուցանեց ավետարանը և բժշկեց շատ մարդկանց (տես Մատթեոս 5–13): Դրանից հետո Հիսուսն Իր աշակերտների հետ հատեց Գալիլեայի ծովը և հրաշքով կերակրեց 5000-ից ավել մարդկանց բազմությունը (տես Հովհաննես 6.1–13):
Ցուցադրեք մի բոքոն հաց: Հրավիրեք մի ուսանողի ամփոփել այդ պատմությունը, երբ Փրկիչը կերակրում է ավելի քան 5000 մարդկանց՝ հինգ բոքոն հացով և երկու փոքր ձկով:
-
Ի՞նչ կմտածեիք դուք, եթե ներկա լինեիք այս հրաշքին և տեսնեիք, որ Հիսուսը կարողանում է հրաշքով ուտելիք հայթայթել:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.14–15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչ էին ցանկանում անել մարդիկ, նրանից հետո, երբ Հիսուսը հրաշքով կերակրեց նրանց:
-
Մարդիկ ի՞նչ էին ցանկանում անել:
Բացատրեք, որ Հիսուսի օրոք հրեաների ավանդույթի համաձայն՝ երբ Մեսիան կամ Իսրայելի թագավորը գար, նա պետք է կերակրեր ժողովրդին հացով երկնքից:
-
Համաձայն 15 հատվածի, ի՞նչ արեց Հիսուսը, որպեսզի թույլ չտար, որ մարդիկ Իրեն դարձնեին իրենց թագավորը:
-
Ինչո՞ւ Հիսուսը չէր ցանկանում ընդունվել որպես հրեաների թագավոր:
Ամփոփեք Հովհաննես 6.16–21 հատվածները, հիշեցնելով ուսանողներին, որ Փրկիչն ուղարկեց Իր աշակերտներին Գալիլեայի ծովը և հետո՝ գիշերով, երբ աշակերտները թիավարում էին ալիքների և քամու դեմ պայքարելով, Հիսուսը քայլեց ծովի վրայով, որպեսզի միանար նրանց: Նշեք, որ այս իրադարձության մասին Հովհաննեսի պատմության մեջ շեշտվում է, որ երբ աշակերտները «կամեցան» ընդունել Հիսուսին նավի մեջ, նրանք շուտով (հատված 21) ապահով հասան այն երկիրը, ուր գնում էին: Բացատրեք, որ եթե մենք կամենանք ընդունել Փրկչին և Նրա ուսմունքները, Նա կօգնի մեզ՝ ապահով առաջնորդելով այս մահկանացիության դժվարությունների միջով:
Հովհաննես 6.22–59
Հիսուսն ուսուցանում է, որ Ինքը կյանքի հացն է
Բացատրեք, որ Հովհաննես 6.22–25 հատվածներում գրված է, որ շատ մարդիկ, ում Հիսուսը հրաշքով կերակրել էր, ճանապարհորդեցին Կափառնայում՝ փնտրելու Նրան:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.26–27 հատվածները, ներառյալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (տես հատված 26, ծանոթագրութուն ա): Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ ասաց Հիսուսը մարդկանց: Բացատրեք, որ կերակուր բառը 27-րդ հատվածում ուտելիք է նշանակում:
-
Փրկիչի ասելով՝ ինչո՞ւ էին այդ մարդիկ փնտրում Իրեն: (Փրկչի խոսքերով, նրանք հետևեցին Իրեն, որպեսզի էլի ուտելիք ստանան Նրանից):
-
Ի՞նչ ասաց Փրկիչը նրանց, որ պետք է փնտրեն:
Բացատրեք, որ «այն կերակուրի, որը մնացող է հավիտենական կյանքի մեջ» (հատված 27) արտահայտությունը կարող է վերաբերել Փրկչի ավետարանի հավիտենական ճշմարտություններին:
-
Այս հատվածներից ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե ինչու Հիսուսը թույլ չտվեց, որ մարդիկ Իրեն դարձնեին իրենց թագավորը:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.28–31 հատվածները, և ապա հարցրեք դասարանին, թե ի՞նչ էին ցանկանում մարդիկ, որ Հիսուսն աներ, կրկին հաստատելու համար, որ Ինքը Մեսիան էր:
-
Մարդիկ ի՞նչ էին ցանկանում, որ Հիսուսն աներ իրենց համար: (Բացատրեք, որ մանանան «երկնքից հացն էր» [հատված 31], որն Աստված տվեց Իսրայելի զավակներին, երբ նրանք թափառում էին անապատում:)
-
Հաշվի առնելով այն, ինչ Հիսուսն արել էր նախորդ օրը, այս պահանջն ինչպե՞ս է բնորոշում մարդկանց:
-
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ այսօր ի՞նչ եղանակներով մենք կարող ենք գայթակղվել՝ վարվելու ինչպես այդ բազմությունը:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.32–35 հատվածները, և խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ ուսուցանեց Փրկիչը մարդկանց՝ ի պատասխան նշան տեսնելու նրանց պահանջին:
-
Ի՞նչ ուսուցանեք Փրկիչն Իր մասին, ակնարկելով մանանան, կամ երկնքից հացը:
Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «Ես եմ կյանքի հացը» արտահայտությունը հատված 35-ում:
-
Ինչո՞վ են նման Փրկիչն ու Նրա ուսմունքները հացի:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ նա, ով կգա Հիսուս Քրիստոսի մոտ, երբեք «չի սովի» (հատված 35):
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 35-րդ հատվածի Փրկիչի ուսմունքներից։ (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, Նա կսնուցի մեզ հոգեպես: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս սկզբունքն իրենց սուրբ գրություններում՝ Հովհաննես 6.35-ի կողքի լուսանցքում:)
Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը.
Մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը … |
Նա կսնուցի մեզ… |
Ուսանողներին զույգերի բաժանեք: Խնդրեք նրանց միասին աշխատելով իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կազմել անելիքների ցուցակ, թե մենք ինչ կարող են անել, որպեսզի գանք Հիսուս Քրիստոսի մոտ և թե ինչպես Նա կսնուցի մեզ հոգեպես: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով դասարանի հետ:
Որպեսզի օգնեք դասարանին զգալ հատված 35-ում հայտնաբերած սկզբունքի կարևորությունը, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների, որ կիսվեն, թե ինչ են զգացել, երբ հոգևոր սնուցում են ստացել՝ գալով դեպի Փրկիչը:
Ամփոփեք Հովհաննես 6.36–47 հատվածները, բացատրելով, որ որոշ մարդիկ նեղվեցին, երբ Փրկիչն ուսուցանեց, որ Ինքն է հացը, որ եկել է երկնքից:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին բացահայտել մի լրացուցիչ սկզբունք, որն ուսուցանել է Փրկիչը, հրավիրեք մի քանի ուսանողների կանգնել դասարանի առաջ և տվեք նրանց մի կտոր հաց: Խնդրեք նրանց հոտ քաշել հացից և պատկերացնել, թե այն ինչ համ ունի:
-
Որքանո՞վ այն կսնուցի ձեզ, եթե միայն հոտ քաշեց նրանից, պատկերացնեք, թե ինչ համ ունի և ամբողջ օրը ձեզ մոտ պահեք:
-
Ի՞նչ պետք է անեք, որ հացից օգուտ ունենաք:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 6:49–54 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, տեսնելով, թե հացի հետ կապված իրենց դասընկերների փորձառությունն ինչպես է ներկայացնում այս հատվածներում Փրկչի ուսուցանածը:
-
Ինչո՞վ է կյանքի հացը տարբերվում սովորական հացից: (Հացը կարող է հագեցնել մեզ միայն կարճ ժամանակով, հակառակ դրան՝ Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ օրհնություններ, որոնք կտևեն հավերժ:)
52 հատվածից շեշտեք հետևյալ արտահայտությունը. «Եվ այն հացն՝ որ ես կտամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կյանքի համար կտամ»:
-
Ինչպե՞ս Փրկիչը տվեց Իր մարմինն ու արյունը աշխարհի կյանքի համար:
-
Համաձայն 53-54 հատվածների, Փրկիչն ի՞նչ ուսուցանեց մարդկանց անել:
Բացատրեք, որ Փրկիչն օգտագործել է ուտել և խմել բառերը փոխաբերական իմաստով: Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ Փրկչի ուսմունքները, հրավիրեք ցանկացողներին ուտել հացը: Ապա խնդրեք նրանց վերադառնալ իրենց տեղերը:
-
Ի՞նչ տեղի ունեցավ հացի ու նրա սննդարար նյութերի հետ, երբ այն կերան: (Վիտամինները և սննդարար նյութերը միանում են մարմնին, տալով նրան ուժ և լավ առողջություն:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուտել Հիսուս Քրիստոսի մարմինը և խմել Նրա արյունը: (Դա նշանակում է յուրացնել Նրա ուսմունքներն ու Քավությունը: Դա նաև խորհրդանշում է հաղորդությունն ընդունելը, ինչին Փրկիչն ավելի ուշ ծանոթացրեց:)
-
Համաձայն հատված 54-ի ի՞նչ օրհնություն մենք կստանանք, եթե յուրացնենք և կիրառենք Հիսուս Քրիստոսի քավությունը և ուսմունքները: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե յուրացնենք և կիրառենք Հիսուս Քրիստոսի քավությունը և ուսմունքները, մենք կստանանք հավերժական կյանք:)
Խնդրեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ և ապա հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց մտքերով.
-
Ինչպե՞ս ենք մենք յուրացնում Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները: (Հնարավոր պատասխանները կարող են լինել՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդին, ամեն կիրակի հաղորդությունից ճաշակելով, պատվիրանները պահելով, և արդարությամբ մինչև վերջ համբերելով [տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. (1965–73), 1:358]:)
Բացատրեք, որ հավերժական կյանքը մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ հավերժ ապրելն է և դառնալը նրանց նման: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.56–57 հատվածները, իսկ դասարանին խնդրեք հետևել, թե ինչպես մենք կարող ենք դառնալ նրանց նման, յուրացնելով Հիսուս Քրիստոսի Քավությունը և ուսմունքները: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:
Բացատրեք, որ Փրկիչը ֆիզիկապես չի բնակվի մեզանում, սակայն Նրա աստվածային ազդեցությունը կմնա մեզ հետ, օգնելով մեզ ավելի նմանվել Իրեն և Երկնային Հորը:
Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները բացահայտեցին։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մի նպատակ, թե ինչպես ավելի լավ կյուրացնեն Փրկչի Քավությունը կամ Նրա ուսմունքներից որևէ մեկը:
Հովհաննես 6․60-71
Պետրոսը վկայում է, որ Հիսուսը ունի հավիտենական կյանքի խոսքը
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Շարունակե՞լ, թե՞ դադարել:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե երբ է պատահել, որ ընտրության առաջ են կանգնել՝ շարունակե՞լ դժվար գործը, թե դադարել: Կարող եք խնդրել մեկ-երկու ուսանողի կիսվել իրենց փորձառությամբ:
Բացատրեք, որ երբ Հիսուսը քարոզեց այն, ինչ գրված է Հովհաննես 6 գլխում, Նրա աշակերտները նմանատիպ ընտրության առաջ կանգնեցին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 6․60, 66 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչպես արձագանքեցին Հիսուսի աշակերտներից շատերը Նրա ուսմունքներին:
-
Ինչո՞ւ Հիսուսի աշակերտներից շատերը դադարեցին հետևել Նրան: (Բացատրեք, որ «խիստ է այդ բանը» արտահայտությունը [հատված 61] նշանակում է, որ նրանք գտնում էին, որ Հիսուսի ուսմունքներին դժվար է հետևել:)
-
Ինչո՞ւ են որոշ մարդիկ համարում, որ Տիրոջ պատվիրանները դժվար է պահել:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.68 հատվածը, և խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ հարց տվեց Հիսուս Քրիստոսը Իր Առաքյալներին:
-
Ի՞նչ հարց տվեց Փրկիչն Իր Առաքյալներին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.69-70 հատվածները, և խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ պատասխանեց Սիմոն Պետրոսը Փրկչին: Խնդրեք ուսանողներին ասել, թե ինչ գտան:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պետրոսի պատասխանից, որը կօգնի մեզ հավատարիմ մնալ այն ժամանակ, երբ դժվար կլինի հետևել Փրկչին կամ ապրել Նրա ուսմունքներով: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի մասին ամուր վկայությունը կօգնի մեզ հավատարիմ մնալ այն ժամանակ, երբ դժվար կլինի հետևել Փրկչին կամ ապրել Նրա ուսմունքներով:)
-
Ինչպե՞ս է Փրկչի մասին ամուր վկայությունը օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին հավատարիմ մնալ, նույնիսկ երբ ավետարանի ուսմունքներին հետևելը դժվար է թվացել:
Խրախուսեք ուսանողներին ապավինել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններին, երբ ավետարանի ուսմունքներով ապրելը դժվար կլինի նրանց համար: Հրավիրեք ուսանողներին, ովքեր զգում են, որ ամուր վկայություն չունեն Հիսուս Քրիստոսի մասին, ամրապնդել իրենց վկայությունը՝ ձգտելով յուրացնել Նրա ուսմունքները և Քավությունը: