Գրադարան
Դաս 118․ Գաղատացիս 1–4


Դաս 118

Գաղատացիս 1–4

Նախաբան

Պողոս Առաքյալը հանդիմանեց Գաղատացի Սրբերին, քանի որ նրանք հետևում էին կեղծ ուսմունքներին և ուսուցանեց, որ նրանք կարող են դառնալ Աստծո ժառանգները, եթե հավատ ունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևեն Նրան։

Ուսուցման առաջարկներ

Գաղատացիս 1-2

Պողոսը հանդիմանում է Սրբերին կեղծ ուսուցիչներին հետևելու համար և հորդորում է նրանց վերադառնալ դեպի ավետարանը։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց հարազատ եղբայրներից, քույրերից կամ ընկերներից մեկն ասում է, որ այլևս համոզված չէ Եկեղեցու ուսմունքների ճշմարտացիության մեջ։ Այդ պատճառով այդ մարդն այլևս չի հաճախում եկեղեցի և չի ապրում ավետարանով։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել այն, ինչ նրանք կասեին իրենց եղբորը, քրոջը կամ ընկերոջը, որպեսզի օգնեին նրանց հասկանալ, որ Եկեղեցու ուսմունքները ճշմարիտ են։

Հրավիրեք ուսանողներին Գաղատացիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որը կօգնի նրանց հասկանալու ճշմարիտ ուսմունքները։

Բացատրեք, որ Գաղատիան Փոքր Ասիայի հյուսիս-կենտրոնական մասում գտնվող գավառ էր, որի քաղաքներից մեծ մասը Պողոսն այցելել էր իր միսիոներական երկրորդ և երրորդ ճամփորդությունների ժամանակ (տես Գործք Առաքելոց 16․6, 18․23)։ (Կարող եք հրավիրել ուսանողներին գտնել Գաղատիան Աստվածաշնչյան քարտեզներում, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»։) Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 1․6–7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել այն խնդիրը, որը գոյություն ուներ գաղատացի սրբերի մեջ։

  • Ինչո՞ւ էին գաղատացի սրբերից շատերը հեռանում ճշմարիտ ավետարանից։

Բացատրեք, որ այն մարդիկ, ովքեր մտահոգում էին գաղատացիներին և կամենում էին փոխել ավետարանի ուսմունքները, կասկածներ էին սերմանում (տես Գաղատացիս 1․7, տողատակի գրառում ա) Պողոսի այն ուսմունքի վրա, որ փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այդ կեղծ ուսուցիչները հրեա քրիստոնյաներն էին, ովքեր պնդում էին, որ գաղատացի սրբերը պետք է թլպատվեն (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Թլպատություն») և հետևեն Մովսեսի օրենքի ծեսերին, որպեսզի փրկվեն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 1․8–9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պողոսն այն մարդկանց մասին, ովքեր ուրիշ ավետարան էին քարոզում և ոչ այն, որը քարոզում էր ինքը՝ որպես Տիրոջ Առաքյալ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 1․10–12 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ով էր Պողոսի ուսմունքների սկզբնաղբյուրը։

  • Համաձայն 12-րդ հատվածի, ո՞վ էր Պողոսի ուսմունքների սկզբնաղբյուրը։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 10–12 հատվածների Պողոսի խոսքերից ճշմարիտ վարդապետության մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը ճշմարիտ վարդապետությունը հայտնում է Իր մարգարեներին։)

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ, երբ մենք հարցեր ենք ունենում մարգարեների ուսմունքների վերաբերյալ։

Բացատրեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսն Իր մարգարեներին է հայտնում ճշմարիտ վարդապետությունը, Նա կարող է նաև մեզ հայտնել մարգարեների ուսմունքների ճշմարտացիությունը։

  • Ի՞նչ կարող ենք անել Տիրոջից հայտնություն ստանալու համար, որպեսզի ինքներս իմանանք, որ մարգարեների ուսմունքները ճշմարիտ են։

Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում դիտարկված իրավիճակի մասին։ Հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել դասարանի անդամներին, թե ինչպես կկիրառեին հայտնություն ստանալու մասին հենց նոր բացահայտած ճշմարտությունը, որպեսզի պատասխանեն այն մարդուն, ով կասկածի տակ է դնում Եկեղեցու ուսմունքները։

Վկայեք, որ մենք կարող ենք ճանաչել ճշմարիտ վարդապետությունը, եթե ուսումնասիրենք մարգարեների ուսմունքները և հայտնություն փնտրենք Տիրոջից։

Ամփոփեք Գաղատացիս 1․13–2․21 հատվածները և բացատրեք, որ Պողոսը շարադրում է իր դարձը և սկզբնական միսիոներական ճամփորդությունները։ Նա բացատրում է նաև, որ փրկությունը Մովսեսի օրենքի մեջ չէ, այլ՝ մենք ներվում կամ արդարացվում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ։

Գաղատացիս 3–4

Պողոսը հրավիրում է Գաղատացիներին ձեռք բերել Աբրահամին խոստացված բոլոր օրհնությունները Հիսուս Քրիստոսի միջոցով։

Բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակները։ Յուրաքանչյուր պատմությունը կարդալուց հետո խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչո՞ւ է տվյալ պատմության հերոսը Տիրոջ բոլոր օրհնությունները ստանալու համար գտնվում անբարենպաստ պայմաններում՝ համեմատած, Եկեղեցու մյուս անդամների հետ, ովքեր վաղ հասակից են հավատարիմ եղել ավետարանին։

  1. Երիտասարդ տղան մեծացել է պակաս ակտիվ ընտանիքում և չի սովորել ավետարանն իր երիտասարդ տարիքում։ Նրա ընտանիքն այժմ ավելի հաճախակի է այցելում Եկեղեցի և սկսում է սովորել ու ապրել ավետարանով։

  2. Մի կին երկար տարիներ քննադատել է Եկեղեցին։ Վերջերս նա սրտում փոփոխություն է զգացել և մկրտվել է։

Հրավիրեք ուսանողներին Գաղատացիս 3–4 գլուխներն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որի օգնությամբ նրանք կհասկանան, թե ինչ օրհնություններ են ստանում բոլոր մարդիկ՝ անկախ իրենց հանգամանքներից և կայացրած որոշումներից։

Բացատրեք, որ գաղատացի սրբերից շատերը դեպի քրիստոնեությունը դարձի եկած հեթանոսներ էին և այդպիսով Աբրահամի ուղղակի սերունդները չէին, որոնց խոստացված էր Աստծո բոլոր օրհնությունները։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 3․7–9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ի՞նչ ուսուցանեց Պողոսն այն մարդկանց մասին, ովքեր «որ հաւատքիցն են» (7-րդ հատված), կամ նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։

  • Ի՞նչ ուսուցանեց Պողոսն այն մարդկանց մասին, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։

  • Ըստ 8-րդ հատվածի, ի՞նչ էր Տերը խոստացել Աբրահամին։

  • Ըստ 9-րդ հատվածի, ի՞նչ կպատահի այն մարդկանց, ովքեր հավատ ունեն առ Հիսուս Քրիստոսը։

Բացատրեք, որ «օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ» նշանակում է լինել Աբրահամի հետ Աստծո կապած այն ուխտի շահառուն, որ Աբրահամի միջոցով բոլոր մարդիկ կարող են վայելել ավետարանի օրհնությունները (տես Աբրահամ 2․11

Ամփոփեք Գաղատացիս 3․10–25 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց, որ Մովսեսի օրենքի նպատակն էր օգնել Իսրայելացիներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և արդարացվել Նրա հանդեպ հավատի միջոցով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 3․26–27 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պետք է անենք, որպեսզի ստանանք խոստացված օրհնությունները։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք Աբրահամին խոստացված օրհնությունները։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Բոլոր նրանք, ովքեր հավատք գործադրեն առ Հիսուս Քրիստոսը և մտնեն ավետարանի ուխտի մեջ, կդառնան …

Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գաղատացիս 3․28–29 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնց օգնությամբ նրանք կարող են ավարտել գրատախտակին կիսատ գրված նախադասությունը։

  • Ըստ հատված 28-ի, ի՞նչ է պատահում այն ուրիշ անհատներին, երբ նրանք մտնում են ավետարանի ուխտի մեջ։

  • Ըստ հատված 29-ի, ովքե՞ր են դառնում Հիսուս Քրիստոսի շնորհիվ Աբրահամի սերունդի մեջ ընդգրկված մարդիկ։

Բացատրեք, ժառանգն այն մարդն է, ով իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ստանալու մյուսի գույքը կամ իրը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 4.7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ում ժառանգները կարող ենք դառնալ։

  • Ո՞ւմ ժառանգները կարող ենք դառնալ։ (Ուսանողների խոսքերով ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ այն արտահայտի հետևյալ ճշմարտությունը․ Բոլոր նրանք, ովքեր հավատ գործադրեն առ Հիսուս Քրիստոսը և մտնեն ավետարանի ուխտի մեջ, կդառնան մեկ Քրիստոսում և կդառնան ժառանգներն Աստծո։)

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված այդ օրհնությունները խոստացել է բոլոր նրանց, ովքեր մտնում են ուխտի մեջ՝ անկախ իրենց հանգամանքներից։

Վկայեք, որ Երկնային Հոր խոստումները բոլոր նրանց համար են, ովքեր մտնում են ավետարանի ուխտի մեջ։ Խրախուսեք ուսանողներին հավատարիմ մնալ իրենց կապած ուխտերին։

Ամփոփեք Գաղատացիս 4․8–31 հատվածները և բացատրեք, որ Պողոսը հրավիրեց Գաղատացի սրբերին հետ գալ դեպի Քրիստոսը և խուսափել այն գերությունից, որը գալիս է Մովսեսի օրենքը պահելուց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գաղատացիս 1․8–10 «Երկնքիցը մի հրեշտակ»

Գաղատացիս 1․8–10 հատվածներում գրված Պողոսի ուսմունքները, երբեմն, սխալմամբ են կիրառվում և վիճարկվում ընդդեմ հրեշտակների տեսիլքների և վերականգնված ավետարանի քարոզման։ Սակայն, Պողոսը չէր ուսուցանում, որ հրեշտակների բոլոր հայտնությունները պետք է մերժել, քանի որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ իսկապես հրեշտակները վերջին օրերում կգան, որպեսզի ավետարանը նորովի քարոզեն (տես Հայտնություն 14․6)։ Փոխարենը՝ Պողոսն ուսուցանում էր, որ եթե հրեշտակը գա և շեղի մարդկանց ճշմարիտ ավետարանից, ապա այդ հրեշտակին պետք է մերժել (տես նաև Ալմա 30․53)։ Այսօր ճշմարիտ ավետարանը, ինչպես և Պողոսի օրոք, սպասավորվում է լիազորված մարգարեների և առաքյալների կողմից (տես Եփեսացիս 2․19–20, 4․11–14) և արմատավորված է «Քրիստոսի շնորհքի մէջ» (Գաղատացիս 1․6, տես նաև 2 Նեփի 2․8, 10․24

Գաղատացիս 2․11–16 Պողոսի առերեսումը Պետրոսի հետ

Երբ Պետրոսն այցելում էր Անտիոքի սրբերին, Պողոսի և Պետրոսի միջև տեղի ունեցած անհամաձայնության մասին լրացուցիչ տեղեկության համար տես New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 413։

Գաղատացիս 3․10–14 «Օրէնքի անէծքիցը»

Ինչպես գրված է Գաղատացիս 3․10-ում, Պողոսն ուսուցանեց, որ այն մարդիկ ովքեր փորձում են արդարացվել Մովսեսի օրենքով, պարտավորված են պահել ողջ օրենքը։ «Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ»,-ասաց Պողոսը։ Ովքեր փնտրում են արդարացում օրենքի ներքո, այդ անհնարին պահանջը բոլորին թողնում է նաև «օրենքի անեծքի» տակ (Գաղատացիս 3․13)։ Պողոսը շարունակում է բացատրել, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց «օրենքի անեծքի» համար, Իր Քավության շնորհիվ «մեզ համար անէծք լինելով» (Գաղատացիս 3․13)։ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բոլոր մարդիկ կարող են ստանալ Աբրահամի օրհնությունները՝ կիրառելով հավատ առ Հիսուս Քրիստոսը և մտնելով ավետարանի ուխտի մեջ։

Գաղատացիս 3․24 «Օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ»

Յոթանասունից Երեց Փոլ Վ․ Ջոնսոնը բացատրել է, որ Նոր Կտակարանի ժամանակների մարդկանցից շատերը սխալ էին հասկանում Մովսեսի օրենքի նպատակը․

«Հրեաներից շատերը և նույնիսկ հրեա քրիստոնյաները … տեսադաշտից բաց էին թողել այդ օրենքի իմաստը և պատշաճ դիրքը։ Դրա պատճառներից մեկը պահանջների անօրինական լրացումներն ու ավանդույթներն էին, որոնք ի հայտ էին եկել օրենքի շուրջ և ստվերում էին դրա իրական իմաստը։ Այդ լրացումներն ու ավանդույթներն այլևս չէին հանդիսանում «դաստիարակ դեպի Հիսուս Քրիստոսը» (Գաղատացիս 3․24), «ուղղելով մեր հոգիները դեպի նա» (Հակոբ 4․5), այլ դարձան այնքան ծանր և կլանող, որ հրեաներից շատերը նայեցին «նշանակետից այն կողմ» (Հակոբ 4․14) և աղավաղված օրենքը խառնեցին Օրենսդրի հետ» (“Responding Appropriately to Change” [address to Church Educational System religious educators, Feb. 8, 2013], 1, si.lds.org

Գաղատացիս 3․28 «Դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը»

Երբեմն մարդիկ վարանում են մկրտվել կամ լիարժեք ակտիվ լինել Եկեղեցում, քանի որ նրանք վախենում են, որ ստիպված կլինեն հրաժարվել իրենց մշակույթից կամ մտածում են, որ չեն համապատասխանում այդ դերին։ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստն ուսուցանել է, որ անդամությունը Եկեղեցում կարող է լինել և՛ տարբեր և՛ միանման․

«Դառնալով այս եկեղեցու անդամներ, մենք չենք կորցնում մեր ինքնությունը։ Մենք դառնում ենք Աստծո ժառանգները, միանալով Քրիստոսի մարմնին և հոգեպես մի կողմ դնելով մեր անձնական տարբերությունները, որպեսզի միավորվենք ավելի մեծ հոգևոր գործով։ Բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են Եկեղեցուն, մենք ասում ենք՝ ձեր մշակույթում և անձնական ինքնության մեջ պահեք այն ամենն, ինչն ազնիվ, բարի ու վեհացնող է։ Սակայն, քահանայության լիազորության և բանալիների իշխանության ներքո բոլոր տարբերությունները տեղի են տալիս, երբ մենք ձգտում ենք դառնալ Աստծո արքայության ժառանգները» (“Heirs to the Kingdom of God,” Ensign, May 1995, 62)։