Դաս 90
Գործք Առաքելոց 12
Նախաբան
Հերովդեսը մահվան դատապարտեց Հակոբոս Առաքյալին, ապա բանտարկեց Պետրոսին։ Մահապատժի նախորդ գիշերը հրեշտակն օգնում է Պետրոսին փախչել բանտից։ Հերովդեսը զարկվում է Աստծո հրեշտակի կողմից։ Ավետարանը շարունակում է տարածվել։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 12․1–17
Հերովդեսը սպանում է Հակոբոսին և ձերբակալում է Պետրոսին, ով հրաշքով փախչում է բանտից
Ցուցադրեք մի կողմնացույց կամ նկարեք այն գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներից մեկին բացատրել, թե ինչպես է կողմնացույցն աշխատում, և ինչի համար է այն օգտագործվում։
-
Քանի որ կողմնացույցը միշտ ցույց է տալիս հյուսիսը, ինչպե՞ս կարող է կողմնացույց օգտագործելն օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել այն մասին, թե որ կողմ պետք է գնանք։
Կողմնացույցի կողքին գրատախտակի վրա գծեք մի X (սակայն կողմնացույցի հյուսիսային մասից հեռու) և խնդրեք դասարանին պատկերացնել, որ X-ը ներկայացնում է ձեռքում պահվող մի մագնիս։
-
Այս մագնիսն ինչպե՞ս կազդի կողմնացույցի սլաքի վրա։ (Մագնիսական դաշտի ազդեցությամբ սլաքը կշեղվի դեպի մագնիսը։)
-
Այս մագնիսն ինչպե՞ս կազդի ճիշտ ընտրություն կատարելու ձեր ունակության վրա, թե որ ուղղությամբ պետք է գնաք։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 12 գլուխը, խրախուսեք նրանց փնտրել այն ազդեցությունը, որը կարող է շեղել մեզ ճիշտ ընտրություններից։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Գոր․ 12-ի համատեքստը, բացատրեք, որ Ստեփանոսի նահատակությունից սկսած քրիստոնյաները Երուսաղեմում և շրջակա տարածքներում անընդհատ հալածվել են։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 12.1-4 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչպես էր Հերովդես Ագրիպպաս I թագավորը նպաստում այս հալածանքներին։ (Բացատրեք, որ չորսական նշանակում է չորս զինվորներից բաղկացած խումբ)։
-
Ո՞ւմ էր Հերովդեսը սպանել սրով։
-
Համաձայն 3-րդ հատվածի, ո՞ւմ գոհացրեցՀակոբոսի մահը։
Բացատրեք, որ «Հրէաներին» արտահայտությունը 3-րդ հատվածում վերաբերում է Երուսաղեմի հեղինակավոր հրեա առաջնորդներին, ովքեր խրախուսեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հալածանքները։ Հերովդեսը ջանում էր գոհացնել այս հրեա առաջնորդներին (տես Աստվածաշնչի բառարանը, «Հերովդես»)։ Գրատախտակի վրա X-ի կողքին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը․ Եթե մենք ընտրություն ենք կատարում ուրիշներին, այլ ոչ թե Աստծուն գոհացնելու միջև, ապա …
-
Ի՞նչ արեց Հերովդեսը, երբ տեսավ, որ Հակոբոսի սպանությունը հաճելի էր հրեա առաջնորդներին։ (Նա որոշեց հրապարակավ մահվան դատապարտել Պետրոսին։)
Ցույց տվեք գրատախտակի վրա նկարված ուղեցույցը և հարցրեք․
-
Ուրիշներին, այլ ոչ թե Աստծուն հաճելի լինելու Հերովդեսի ցանկությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա կյանքի ընթացքի վրա։
-
Հիմնվելով Հերովդեսի օրինակից սովորածի վրա՝ ինչպե՞ս կավարտեք գրատախտակի նախադասությունը։ (Ուսանողների պատասխանները լսելուց հետո լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ այն արտահայտի հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք ընտրություն ենք կատարում ուրիշներին, այլ ոչ թե Աստծուն գոհացնելու միջև, ապա կարող ենք ավելի ու ավելի ընկղմվել մեղքերի մեջ։)
-
Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք բերել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ուրիշներին, այլ ոչ թե Աստծուն գոհացնելու ձգտումը մարդուն առաջնորդում դեպի մեղքը։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող է ուրիշներին գոհացնելու նրանց ցանկությունը հեռացնել նրանց իրենց Երկնային Հորից։
Բացատրեք, որ ուսանողներին հրավիրելու եք բեմականացնել իրադարձությունները, որոնք զետեղված են Գոր․ 12․5–17-ում։ Հրավիրեք մի քանի ուսանողների խաղալ Պետրոսի, երկու պահապանների, հրեշտակի, Հռովդեի և Մարիամի՝ Մարկոսի մոր տանը մեկ կամ երկու աշակերտների դերերը։ Դուք կամ մեկ ուրիշ ուսանող կարող եք լինել հեղինակը։
-
Հեղինակին խնդրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 12․5-6 հատվածները, և հրավիրեք ուսանողներին կատարել իրենց համապատասխան դերերն ըստ ընթերցված նյութի։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ համատեքստը, հատվածների յուրաքանչյուր խումբը կարդալուց և բեմադրելուց հետո դադար տվեք, այնուհետև տվեք համապատասխան հարցեր։
-
Եկեղեցու անդամներն ի՞նչ էին անում այդ պահին։
Հեղինակին խնդրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 12․7-10 հատվածները՝ մինչ համապատասխան ուսանողները կբեմադրեն ընթերցվող նյութը։
-
Ի՞նչ դժվարություններ կամ խոչընդոտներ հաղթահարեց Պետրոսն այս փախուստի ժամանակ։
Հեղինակին խնդրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 12․11-15 հատվածները՝ մինչ համապատասխան ուսանողները կբեմադրեն ընթերցվող նյութը։
-
Ե՞րբ Պետրոսը հասկացավ տեղի ունեցածը։
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պետրոսը թակեց Մարիամի տան դարպասը։
Հեղինակին խնդրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 12․16-17 հատվածները և հրավիրեք համապատասխան ուսանողներին բեմադրել ընթերցվող նյութը։ Այս հատվածների ընթերցումից և բեմադրումից հետո ուսանողներին խնդրեք զբաղեցնել իրենց տեղերը։
-
Համաձայն 17-րդ հատվածի, Պետրոսն ո՞ւմ էր երախտապարտ բանտից իր փախուստի համար։ (Շեշտեք, որ 17-րդ հատվածում նշված Հակոբոսը [տես Մատթեոս 13․55] Հիսուսի եղբայրներից մեկն էր։)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 12․5 հատվածը, փնտրելով, թե ինչպես է այն առնչվում Պետրոսին պատահածի հետ։
-
Ձեր կարծիքով, «անդադար աղօթք էր լինում» (հատված 5) արտահայտությունն ի՞նչ է ուսուցանում Եկեղեցու անդամների անկեղծ ու ջերմեռանդ աղոթքների մասին։
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից մեր և ուրիշների վրա մեր աղոթքների ազդեցության մասին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք. Մեր անկեղծ ու ջերմեռանդ աղոթքների արդյունքում մեր կյանքը և ուրիշների կյանքը լցվում է հրաշքներով և օրհնություններով։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
-
Ի՞նչ է նշանակում անկեղծ և ջերմեռանդ աղոթել։
Բացատրեք, որ այս սկզբունքը չի նշանակում, որ եթե մեր աղոթքներն անկեղծ են և ջերմեռանդ, ապա մենք անմիջապես կստանանք այն, ինչի համար աղոթում ենք։ Աստծո հրաշքները և օրհնությունները ստանալու այլ նպաստող գործոններից են Աստծո կամքը և Նրա սահմանած ժամանակը, ինչպես նաև անհատի կամքի ազատությունը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես են մեր անկեղծ ու ջերմեռանդ աղոթքներն ազդում Աստծո կամքի վրա։
«Աղոթքը մի գործողություն է, երբ Հոր և զավակի ցանկությունները համընկնում են: Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ ապահովելը մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք: Օրհնությունները որոշ ջանքեր են պահանջում մեր կողմից, մինչ մենք դրանք կկարողանանք ստանալ։ Աղոթքը աշխատանքի ձև է և նշանակված միջոց է, որով կարող ենք ձեռք բերել ամենաբարձր օրհնությունները» (Աստվածաշնչի բառարան, «Աղոթք»):
-
Համաձայն այս հայտարարության, ո՞րն է աղոթքի կարևոր նպատակը։
-
Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ աղոթքի նպատակը Աստծո կամքը փոխելը չէ։
Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․
-
Ե՞րբ է աղոթքի արդյունքում ձեր կյանքը կամ ուրիշների կյանքը, ում համար դուք աղոթել եք, լցվել Աստծո հրաշքներով և օրհնություններով։
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով: Նրանց մեկնաբանություններից հետո հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են ավելի անկեղծ և ջերմեռանդ աղոթել, որպեսզի հրավիրեն օրհնություններն ու հրաշքները, որոնք Աստված կամենում է տալ նրանց և նրանց, ովքեր աղոթում են դրանց համար։
Գործք Առաքելոց 12․18–25
Հերովդեսը զարկվում է Աստծո կողմից, և ավետարանը շարունակում է տարածվել
Ամփոփեք Գոր․ 12․18–22 հատվածները, բացատրելով, որ հաջորդ օրը Հերովդեսն իմացավ Պետրոսի փախուստի մասին և հրամայեց սպանել պահապաններին, կարծելով, թե նրանք են թույլ տվել նրան փախչել։ Ավելի ուշ Հերովդեսը ելույթ ունեցավ մարդկանց առջև, ովքեր փառաբանեցին նրան իր ելույթի համար։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 12.23-24 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատահեց Հերովդեսի հետ։
-
Ի՞նչ պատահեց Հերովդեսի հետ: Ինչո՞ւ:
-
Ինչպե՞ս էր ընթանում Եկեղեցու միսիոներական աշխատանքը՝ անկախ հալածանքներից, որոնց հանդիպում էին Եկեղեցու անդամները։
Եզրափակեք, հրավիրելով ուսանողներին վերանայել ճշմարտությունները, որոնք նրանք սովորեցին և խորհել, թե ինչպես են կիրառելու այդ ճշմարտություններն իրենց կյանքում: