Տնային ուսումնասիրության դաս
Մատթեոս 23․1-26․30 (Մաս 6)
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը Ձիթենյաց սարի վրա Իր աշակերտներին ուսուցանեց Իր Երկրորդ Գալուստի մասին, Նա պատմեց քանքարների առակը։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 25․14-30
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին քանքարների առակը
Դասից առաջ հինգ մետաղադրամ տեղադրեք սենյակի մի կողմում և երկու մետաղադրամ՝ մյուս կողմում։ Ութ այլ մետաղադրամ պահեք ձեր գրպանում։
Դասն սկսելու համար հրավիրեք երեք ուսանողի, որպեսզի կանգնեն դասարանի առաջ և օգնեն ձեզ վերարտադրելու այն առակը, որը Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ Իր Երկրորդ Գալուստի մասին ուսուցանելիս։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․14-18 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ստացավ յուրաքանչյուր ծառա և ինչ արեց դրա հետ։
-
Ի՞նչ տվեց տերն իր ծառաներին։ (Բացատրեք, որ քանքարներն այս առակի մեջ ներկայացնում են որոշակի գումարներ։ Հանեք ձեր գրպանի ութ մետաղադրամը և դրանցից հինգը տվեք ուսանողներից մեկին, երկուսը տվեք մյուս ուսանողին, իսկ մեկ քանքարը՝ երրորդ ուսանողին։)
-
Ծառաներից յուրաքանչյուրն ի՞նչ արեց իրեն տրված գումարի հետ։
Հրավիրեք հինգ մետաղադրամ ունեցող ուսանողին վերցնել մյուս հինգ մետաղադրամը սենյակի մի անկյունից։ Հրավիրեք երկու մետաղադրամ ունեցող ուսանողին վերցնել մյուս երկու մետաղադրամը սենյակի մյուս անկյունից։ Հրավիրեք մեկ մետաղադրամ ունեցող ուսանողին թաքցնել կամ ձևացնել թե փորում է գետնի տակ այդ մետաղադրամը։
Խնդրեք ուսանողներին մետաղադրամները վերադարձնել ձեզ և նստել։ Առակի հետևյալ բաղկացուցիչները գրեք գրատախտակին (առանց փակագծերի մեկնաբանության):
-
Ի՞նչ կարող են խորհրդանշել առակի բաղկացուցիչները։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին օգնեք բացահայտել, թե ում և ինչ են խորհրդանշում բաղկացուցիչները։ Բաղկացուցիչների կողքին գրատախտակին գրեք դրանց մեկնաբանությունները։ Բացատրեք, որ մահկանացու կյանքում մեր ունեցած շնորհներից և ունակություններից մի քանիսը մենք ստացել և զարգացրել ենք մեր նախաերկրային կյանքում։ Մենք կարող ենք շարունակել ու զարգացնել այդ և մյուս շնորհները մահկանացու կյանքում։)
-
Ըստ Մատթեոս 25․15 հատվածի, ինչո՞ւ տերն իր ծառաներին տարբեր չափսի գումարներ տվեց։ (Երբ ուսանողները պատասխանեն, նշեք, որ «իւրաքանչիւրին իր կարողութեան չափ» արտահայտությունը նշանակում է, որ Աստված յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ շնորհներն ու ունակությունները տալիս է մեր հանգամանքներին համաձայն։ Յուրաքանչյուրին տրվել է հոգևոր շնորհ Աստծո կողմից [տես ՎևՈւ 46․11]։ Բացատրեք, որ մեզ տրված քանքարի չափսը մեր անհատական արժանավորության չափանիշը չէ։)
Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել դրանց շուրջ․
-
Ձեր կարծիքով, ո՞ր ծառան է նման ձեզ՝ հինգ քանքար, երկու քանքար, թե մեկ քանքար ունեցողը։ Ինչո՞ւ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․19-21 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ հինգ քանքար։
-
Ի՞նչ ասաց տերն առաջին ծառային։
Բացատրեք, որ «քեզ շատ բաների վերայ կ’դնեմ.» և «մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթեոս 25․21) արտահայտությունները վերաբերում են մեր աստվածային ներուժի իրականացմանը և Երկնային Հոր հետ հավերժական կյանք ստանալուն։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել առաջին ծառայի փորձառությունից։ (Հետևյալ սկզբունքն այն մեկն է, որն ուսանողները կարող են բացահայտել․ Եթե մենք հավատարմորեն օգտագործում ենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ, մենք կարող ենք իրականացնել մեր աստվածային ներուժը և ստանալ հավերժական կյանք։)
-
Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես մենք կարող ենք հավատարմորեն օգտագործել Տիրոջ տված շնորհներն ու ունակությունները։
Նշեք, որ երկրորդ ծառան կարող էր դժգոհել, երբ տեսավ առաջին ծառային հինգ քանքար ստանալիս, իսկ ինքը ստացավ միայն երկուսը։ Փոխարենը՝ նա հավատարմորեն օգտագործեց այն քանքարները, որոնք տրվել էին իրեն:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․22-23 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ երկու քանքար։
-
Ի՞նչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ երկու քանքար։
-
Չնայած նրան, որ տերն առաջին երկու ծառաներին տվել էր տարբեր չափսի գումարներ, ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք երկուսն էլ նույն արձագանքը ստացան իրենց տիրոջից։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մարդու օրինակից, ում տրվեց երկու քանքար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը մեզ կօրհնի, եթե մենք հավատարմորեն օգտագործենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Նա տվել է մեզ՝ անկախ նրանից, թե քանիսն են դրանք և որոնք են դրանք։ Օգտագործելով ուսանողների բառերը, այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)
Խնդրեք դասարանին մտորել, թե նրանք երբևէ զգացել են, որ որևէ մեկն ավելի շատ կամ ավելի լավ շնորհներ և ունակություններ ունի, քան իրենք։ Ուշադրությունը հրավիրեք այն սկզբունքին, որը դուք հենց նոր գրեցիք գրատախտակին։
-
Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեզ, երբ մենք զգում ենք, որ որևէ մեկն ավելի շատ կամ ավելի լավ շնորհներ է ստացել, քան մենք։
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ․ Քուքի հետևյալ միտքը.
«Մեր տաղանդների զարգացումն անձնական զարգացման լավագույն չափորոշիչն է։ … Գրեթե համոզված եմ, որ օրհնությունների համեմատումը դուրս է վանում ուրախությունը։ Մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել և՛ երախտապարտ և՛ նախանձոտ։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք զգալ Տիրոջ Հոգին և ուրախություն ու երջանկություն ունենալ, մենք պետք է ցնծանք և երախտապարտ լինենք մեր օրհնությունների համար» (“Rejoice!” Ensign, Nov. 1996, 29, 30)։
-
Ինչպե՞ս կարող ենք բացահայտել այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ։
Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ և խնդրեք, որ իրենց անունը գրեն վերևում։ Հրավիրեք նրանց իրենց թղթերը փոխանցել կողքը նստած ուսանողին։ Խնդրեք ուսանողներին գրել մեկ շնորհ կամ ունակություն, որը նրանք տեսնում են այն մարդու մեջ, ում անունը գրված է թղթի վրա։ Հանձնարարեք, որ նրանք շարունակեն փոխանցել թղթերը և գրի առնեն այն շնորհներն ու ունակությունները, որոնք նկատել են։
Մի քանի րոպե անց խնդրեք ուսանողներին վերադարձնել թղթերն իրենց սկզբնական տերերին։ Ժամանակ հատկացրեք, որպեսզի ուսանողները կարդան այն շնորհներն ու ունակությունները, որոնք մյուսները տեսնում են իրենց մեջ։ Այնուհետև, խնդրեք նրանց իրենց տետրերում գրել հետևյալ հարցի պատասխանը.
-
Ի՞նչ կերպ կարող եք ձեր շնորհներն օգտագործելով խթանել Տիրոջ աշխատանքը։
Նշեք, որ քանքարների մասին առակի մեջ նախազգուշացում կա այն շնորհների ու ունակությունների մասին, որոնք տրվել են մեզ։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․24-30: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես տերը պատասխանեց այն ծառային, ով թաքցրեց քանքարը։ 27-րդ հատվածը կարդալուց հետո բացատրեք, որ տոկոսով բառը նշանակում է օգուտով (ներդրման կամ վարկավորման արդյունքում ստացված շահը)։
-
Վերջին ծառան ինչո՞ւ թաքցրեց քանքարը։ Ինչպե՞ս տերն արձագանքեց այդ ծառայի ընտրությանը։
-
Չնայած նրան, որ ծառան չէր կորցրել իր տիրոջ գումարը, ի՞նչն էր սխալ այդ ծառայի արարքում։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեր տերն այդ ծառային, եթե նա հետ բերեր երկու քանքար։
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց քննարկած սկզբունքների մասին վկայություններով։ Խրախուսեք նրանց օգտագործել իրենց շնորհներն ու ունակությունները՝ Տիրոջ աշխատանքը խթանելու համար։
Հաջորդ Մաս (Մատթեոս 26․31–Մարկոս 3)
Բացատրեք, որ հաջորդ շաբաթ ուսանողները մանրամասնորեն կուսումնասիրեն Հիսուս Քրիստոսի Քավությունը, որը սկսում է Գեթսեմանիի պարտեզում Նրա տառապանքներից և շարունակվում մինչև անօրինական դատը, ծաղրանքը, ծեծելը և խաչելության միջոցով Նրա մահը և ի վերջո վերջանում է Նրա փառահեղ Հարությամբ։