Գրադարան
Դաս 35. Մարկոս 2-3


Դաս 35

Մարկոս 2-3

Նախաբան

Հիսուսը ներեց ու բժշկեց անդամալույծ մարդուն, իսկ հետո կանչեց Մատթեոսին հետևել Իրեն: Տերն ուսուցանեց դպիրներին ու փարիսեցիներին Հանգստության օրվա մասին: Փրկիչը շարունակեց բժշկել շատ մարդկանց, Իր Առաքյալներին ուղարկեց քարոզելու և նախազգուշացրեց Սուրբ Հոգու դեմ սրբապիղծ բաներ ասելուց:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 2.1-12

Հիսուսը ներում ու բժշկում է կույրին

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ ինչ-որ մեկը, ում նրանք սիրում են, «տառապում է կյանքին սպառնացող ֆիզիկական խնդիրներից, որը պահանջում է մասնագիտացված բուժում:

  • Ու՞մ կդիմեիք ձեր սիրելիին օգնելու համար։ Ինչո՞ւ:

  • Դուք ինչի՞ պատրաստ կլինեիք, եթե իմանայիք, որ կա միայն մի բժիշկ, որ կարող է օգնել, բայց դժվար է հանդիպում նշանակել նրա մոտ:

Ամփոփեք Մարկոս 2.1-4 հատվածները` բացատրելով, որ Գալիլեայի Կափառնա գյուղում կար մի մարդ, ով «անդամալույծ» էր (հատված 3), որը նշանակում է, որ նա կաթվածահար էր: Չորս մարդ ձեռքերի վրա տանում էին այս մարդուն այն տունը, որտեղ Հիսուսն էր: Երբ նրանք գտան այդ տունը, այնքան շատ մարդ կար այնտեղ, որ չկարողացան ներս մտնել. նրանք քանդեցին տան ծածկը և անդամալույծին իջեցրին Հիսուսի մոտ:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 2.5 հատվածը, ապա խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչ ասաց անդամալույծին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 2․6-12 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչ պատահեց հետո։

  • Համաձայն 6-7-րդ հատվածների, որոշ դպիրներ ինչպե՞ս արձագանքեցին Փրկիչի խոսքերին։ (Նրանք բարկացած էին Նրա կողմից մեղքերին ներում շնորհելու իրավունքի պատճառով:)

  • Հիսուսն ի՞նչ հարցրեց դպիրներին:

  • Փրկիչն ի՞նչ ցուցադրեց և ուսուցանեց` բժշկելով այս մարդուն։ (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը զորություն ունի բժշկելու մեզ հոգեպես և ֆիզիկապես։)

Նշեք՝ երբ դպիրները տեսան, թե ինչպես անդամալույծը բարձրացավ իր անկողնուց ու քայլեց, նրանք անհերքելի ապացույց ստացան, որ Հիսուս Քրիստոսը զորություն ուներ բուժելու հիվանդներին, և նրանք լսեցին Նրա վկայությունը, որ Նա կարող է ներել մեղքերը: Սակայն որևէ նշում չկա, որ այս մարդիկ այնուհետև մոտեցան Հիսուսին և ներում խնդրեցին իրենց սեփական մեղքերի համար:

(Նշում. Իրադարձությունները, որոնք գրանցված են Մարկոսի 2.1–12 հատվածներում, ավելի խորը կքննարկվեն Ղուկաս 5 գլխին նվիրված դասում:)

Մարկոս 2.13-22

Հիսուսը կանչում է Մատթեոսին հետևել Իրեն և ճաշում է մաքսավորների ու մեղավորների հետ

Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին տվեք մի կտոր թուղթ: Խնդրեք ուսանողներին հետևյալ հարցը քննարկել իրենց զուգընկերոջ հետ և գրել պատասխանները թղթերի վրա:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնց հետևանքով մարդիկ չեն փնտրում Տիրոջ ներումը իրենց մեղքերի համար:

Խնդրեք մի քանի ուսանողի կարդալ իրենց պատասխանները, որոնք կարող են ընդգրկել հետևյալը. որոշ մարդիկ չեն ցանկանում դադարել մեղք գործել, ոմանք չեն ցանկանում ընդունել կամ խոստովանել իրենց մեղքերը հպարտության կամ ամոթի զգացումի պատճառով, մյուսները հուսով են, որ Տերը կների իրենց, նույնիսկ եթե իրենք չապաշխարեն, իսկ ոմանք հավատում են, որ Տերը ներման զորություն ունի, բայց նրանք հավատքի պակաս են զգում, որ Նա կների իրենց որոշակի մեղքերը:

Խրախուսեք ուսանողներին փնտրել ճշմարտություններ Մարկոսի 2.13-22-ում, որոնք կարող են խրախուսել մեզ` փնտրել Տիրոջ ներումը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 2.13-15 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ արեց անդամալույծին բուժելուց հետո:

  • Փրկիչն ի՞նչ արեց այս մարդուն բուժելուց հետո:

  • Ինչպե՞ս արձագանքեց Ղևին Փրկիչի հրավերին:

Բացատրեք, որ Ղևին նաև կոչվում էր Մատթեոս անունով և նույն Մատթեոսն էր, ով գրեց Մատթեոսի Ավետարանը: «Նստած մաքսաւորութեան» (հատված 14) արտահայտությունը նշանակում է, որ Մատթեոսը մաքսավոր էր և «հարկահավաք էր Կափառնայում, հավանաբար ծառայության մեջ էր Հերովդես Անտիպասի մոտ» (Աստվածաշնչի բառարան, «Մատթեոս»): Շատ հրեաներ ատում էին մաքսավորներին, քանի որ վերաբերվում էին նրանց որպես դավաճանների, ովքեր փող էին հավաքում իրենց սեփական ժողովրդից՝ հռոմեացիների համար:

  • Համաձայն 15-րդ հատվածի, Մատթեոսն ի՞նչ արեց Փրկիչի և Նրա աշակերտների համար:

  • Ուրիշ էլ ո՞վ էր մասնակցում այս խնջույքին:

Բացատրեք, որ Փրկիչի մահկանացու կյանքի ծառայության ընթացքում ուտելիք կիսելը նշանակում էր շատ ավելին, քան պարզապես միասին հաց ուտելը կամ խմելը: Դա նշանակում էր, որ գոյութուն ուներ բարեկամության ու խաղաղության կապ բոլոր այն մարդկանց միջև, ովքեր ներկա էին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 2.16 հատվածը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե դպիրներն ու փարիսեցիներն ինչպես արձագանքեցին, երբ նրանք տեսան Փրկիչին մաքսավորների հետ հաց ուտելիս:

  • Դպիրներն ու փարիսեցիներն ի՞նչ ասացին:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք քննադատեցին Հիսուսին մաքսավորների և մեղավորների հետ ճաշելու համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոսի 2.17 և խնդրեք ուսանողներին` ուշադրություն դարձնել այն պատասխանին, որ Փրկիչը տվեց դպիրների ու փարիսեցիների քննադատությանը:

  • Ի՞նչ բառ օգտագործեց Փրկիչն Իրեն նկարագրելու համար։ (Նշեք, որ օգտագործելով բժիշկ բառը Փրկիչը վերահաստատեց թե հոգեպես, թե ֆիզիկապես բուժելու Իր զորությունը:)

  • Փրկիչի պատասխանը ինչպե՞ս կարող էր օգնել դպիրներին ու փարիսեցիներին հասկանալ, թե ինչո՞ւ էր Նա հաղորդակցվում մաքսավորների ու մեղավորների հետ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել հատված 17-ից այն մասին, թե Տերն ինչպե՞ս է պատասխանում մեր մեղքերին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Փրկիչը ցանկանում է օգնել մեզ ապաշխարել մեր մեղքերը և բժշկվել:)

  • Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ Հիսուսը ցանկանում է օգնել մեզ ապաշխարել և բժշկվել:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունի Քվորումից Երեց Քրեյգ Ա. Քարդոնի հետևյալ խոսքերը.

Երեց Քրեյգ Ա. Քարդոն

«Տերը սիրում է մեզ և ուզում է, որ մենք հասկանանք Նրա ներելու պատրաստակամությունը: …

…Մենք բոլորս՝ ներառյալ նրանք, ովքեր մաքառում են հաղթահարելու կախվածությունն այնպիսի բաներից, ինչպես օրինակ` թմրանյութերի չարաշահումը կամ պոռնոգրաֆիկ նյութերի դիտումն ու նմանատիպ բաները, կարող ենք իմանալ, որ Տերը կգնահատի մեր արդար ջանքերը և սիրով կների, երբ ապաշխարությունը կատարյալ է» («Փրկիչը ցանկանում է ներել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 16):

  • Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Տերը ցանկանում է օգնել մեզ ապաշխարել և ստանալ Նրա ներումը:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք նման են մաքսավորներին ու մեղավորներին (ովքեր ընդունեցին, որ Փրկիչի կարիքն ունեն և եկան դեպի Նա), թե նման են դպիրներին ու փարիսեցիներին (ովքեր չեկան դեպի Փրկիչը` փնտրելու Նրա ներումն ու բժշկող զորությունը):

Վկայեք Փրկիչի զորության ու մեզ բժշկելու ցանկության մասին և խրախուսեք ուսանողներին` փնտրել Նրա ներումն ապաշխարության միջոցով, երբ անհրաժեշտ է:

Ամփոփեք Մարկոսի 2.18-22 հատվածները` բացատրելով, որ Հիսուսն ուսուցանեց, թե Իր աշակերտներն ինչո՞ւ ծոմ չպահեցին, մինչ Ինքը նրանց հետ էր: Նա նաև ուսուցանեց, թե ինչու որոշ մարդկանց համար դժվար էր ընդունել Իր ավետարանը: (Նշում. Այս պատմությունները ավելի մանրամասն կուսուցանվեն Ղուկասի 5-րդ գլխին նվիրված դասում:)

Մարկոս 2.23-3.6

Հիսուսը սովորեցնում է Հանգստության օրվա մասին

Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք նրանք երբևէ ընտրել են չմասնակցել որևէ միջոցառման, որպեսզի Հանգստության օրը սուրբ պահեն: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել դրա մասին, երբ նրանք շարունակեն ուսումնասիրել Մարկոսի 2–3 գլուխները. Ինչպե՞ս եք իմանում, թե արդյո՞ք միջոցառումը համապատասխանում է Հանգստության օրվա չափանիշներին:

Դասարանը բաժանեք երկու մասի: Ուսանողների մի մասին հանձնարարեք մտքում կարդալ Մարկոսի 2.23-28 հատվածները: (Խրախուսեք այս ուսանողներին կարդալ նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 2.26-27 [Աստվածաշնչի հավելվածում]): Մյուս մասին հրավիրեք մտքում կարդալ Մարկոս 3․1-6 հատվածները։ Հրահանգեք ուսանողներին փնտրել, թե Փրկիչն ու Նրա աշակերտները ի՞նչ արեցին, որն, ըստ Սադուկեցիների, Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանի խախտում էր:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ Փարիսեցիների, ի՞նչն էր անօրինական Հանգստության օրը Հիսուսի և Իր աշակերտների կատարած գործերում: (Եգիպտացորենի հավաքումը և ինչ-որ մեկի բժշկումը:)

  • Փարիսեցիներն ինչո՞ւ Աստծո օրենքի խախտում համարեցին Հանգստության օրը եգիպտացորեն հավաքելը և ինչ-որ մեկին բժշկելը:

Եթե անհրաժեշտ է, հիշեցրեք ուսանողներին, որ հրեա ուսուցիչները Մովսեսի օրենքին ավելացրել էին իրենց սեփական կանոններն ու մեկնաբանությունները, որոնք կոչվում էին բանավոր օրենք կամ ավանդույթ: Այս ավելացված օրենքները նախատեսված էին կանխարգելելու Աստծո օրենքի խախտումը, բայց նրանք նաև խոչընդոտում էին, որ որոշ մարդիկ հասկանային որոշակի պատվիրանների ճշգրիտ իմաստը` ներառյալ Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել …

  • Հիմնվելով Մարկոս 2-3 գլուխներում տրված Փրկիչի ուսմունքների վրա, ինչպե՞ս կավարտեիք այս նախադասությունը: (Ուսանողների պատասխանից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն հաղորդի հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել` փառաբանելով Աստծուն և բարի գործեր կատարելով:)

  • Մենք ի՞նչ ուղիներով կարող ենք փառաբանել Աստծուն Իր Սուրբ օրը:

  • Որո՞նք են Հանգստության օրը բարի գործեր կատարելու մի քանի օրինակները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչպես կարող են որոշել, թե որոնք են Հանգստության օրվան համապատասխանող միջոցառումները, խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Որտե՞ղ է սահմանը, ըստ որի ի՞նչն է ընդունելի Հանգստության օրը, իսկ ինչը` ոչ: Ուղեցույցների սահմանները որոշելիս մեզանից յուրաքանչյուրը պիտի իր համար պատասխանի այս հարցին: Մինչ այս ուղեցույցները գտնվում են սուրբ գրություններում և ժամանակակից մարգարեների խոսքերում, դրանք նաև պիտի գրված լինեն մեր սրտերում և կառավարվեն մեր խղճով: … Քիչ հավանական է, որ լինեն Հանգստության օրվա լուրջ խախտումներ, եթե մենք խոնարհությամբ գանք Տիրոջ առաջ և առաջարկենք Նրան մեր սիրտը, մեր հոգին և մեր միտքը: (Տես Մատթեոս 22.37:)

Թե ի՞նչ արժե կամ չարժե անել Հանգստության օրը, պիտի որոշի մեզանից յուրաքանչյուրը` ազնիվ լինելով Տիրոջ հետ: Հանգստության օրը մենք պիտի անենք այն, ինչը պետք է անենք` տոգորված երկրպագության ոգով և հետո սահմանափակենք մեր մյուս միջոցառումները» (“The Lord’s Day,” Ensign, Nov. 1991, 35)։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ փորձել եք երկրպագել Աստծուն և բարի գործեր կատարել Հանգստության օրը:

Խրախուսեք ուսանողներին մտածել մի եղանակ, որի միջոցով նրանք կկարողանան լիարժեք սուրբ պահել Հանգստության օրը և իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն մի նպատակ այդպես վարվելու համար:

Մարկոս 3.7-35

Հիսուսը բժշկում է շատ մարդկանց, ուղարկում է Իր Առաքյալներին քարոզելու և զգուշացնում մյուսներին սրբապղծության դեմ

Ամփոփեք Մարկոսի 3.7-35 հատվածները` բացատրելով, որ Հիսուսը գնաց Գալիլեայի ծովի մոտ և բժշկեց շատ մարդկանց, ովքեր հետևեցին Նրան այնտեղ, ներառյալ որոշ մարդկանց, ովքեր պիղծ ոգիներ էին: Տասներկու Առաքյալներին ընտրելուց հետո կարգեց նրանց և ուղարկեց քարոզելու, բուժելու և դևերին դուրս քշելու: Նա նախազգուշացրեց դպիրներին Սուրբ Հոգու դեմ սրբապիղծ բաներ խոսելու մասին և ուսուցանեց, որ Իր ընտանիքն այն մարդիկ են, ովքեր կատարում են Երկնային Հոր կամքը:

(Նշում. Մարկոսի 3․7-35 հատվածներում նշված որոշ իրադարձություններ մանրամասնորեն ուսուցանվեցին Մատթեոսի 12.22–35 հատվածներին վերաբերող դասի ժամանակ:)

Ամփոփեք` վկայելով այս դասի ընթաքում քննարկված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 2.7 Հիսուսը բժշկեց անդամալույծին թե հոգեպես, թե ֆիզիկապես:

Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է, որ Հիսուսը անհերքելի վկայություն բերեց, որ Ինքը Մեսիան է, երբ Նա բուժեց անդամալույծին.

«Այս իրադարձությունը մեր Տիրոջ կյանքում ակնհայտ և անհերքելի ապացույց էր, որ Նա Մեսիան էր, և դա որպես այդպիսին ընդունվեց նրանց կողմից, ում Նա ծառայում էր: Իր խոսքում Նա հաճախակի վկայություն էր բերում, որ Աստված իր Հայրն է և պաշտպանում էր այդ անձնական վկայությունը քարոզելու և բժշկելու անօրինակ ծառայությամբ: Հիմա նրա նպատակն էր հայտարարել, որ ինքն արել էր այն, ինչը ոչ-ոք, բացի Աստծուց, չէր կարող անել և հաստատել, որ ինքն արել էր այդ Իր Հոր իշխանության լրացուցիչ դրսևորմամբ:

Թե Հիսուսը, թե «օրենքի վարդապետները», ովքեր այնտեղ ներկա էին, գիտեին, որ ոչ-ոք, բացի Աստծուց, չի կարող ներել մեղքերը: Ուստի, որպես բացառիկ ու կենդանի վկայություն, որ Աստծո զորությունն ապրում էր իր մեջ, Հիսուսն օգտագործեց (հավանաբար փնտրում էր) այս համապատասխան հնարավորությունը՝ մեղքերը ներելու համար: Ապա, կասկածի տակ դրվելով սուրբ գրությունների մեկնաբանների կողմից, ովքեր գիտեին (և այդքան ճշտորեն), որ մեղքերը ներելու զորության կեղծ ենթադրությունը սրբապղծություն էր, Հիսուսն արեց այն, ինչը ոչ մի ինքնակոչ չէր կարող անել. Նա ապացուցեց իր աստվածային ուժը` բժշկելով ներված մարդուն: Նրա հարցմանը. «Մի՞թե ավելի մեծ զորություն է պահանջվում մեղքերը ներելու համար, քան ստիպել հիվանդ մարդուն վեր կենալ և քայլել», կարող է լինել միայն մեկ պատասխան: Դրանք նույնն են. նա, ով կարող է անել մեկը, կարող է անել և մյուսը» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:177–78):

Մարկոս 2․27–28 Աստծուն փառաբանելու օր

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարկ Ե. Պիտերսոնը բացատրել է, թե Հանգստության օրվա պահելը ի՞նչ է հաղորդում Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին.

«Մեր կողմից Հանգստության օրը պահելը կամ չպահելը վստահելի չափման միջոց է` Տիրոջ հանդեպ մեր անձնական վերաբերմունքի և Գեթսեմանիում նրա տառապանքների, խաչի վրա նրա մահվան և մահացածներից նրա հարության համար» (“The Sabbath Day,” Ensign, May 1975, 49):

Մարկոս 3.4 «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել` թէ չար գործել»:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը օգնել է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «բարի գործել» Հանգստության օրը.

«Հանգստության օրը սուրբ օր է` արժանի ու սուրբ գործեր անելու համար: Չափավորությունն աշխատանքում ու զվարճանքի մեջ կարևոր է, բայց ոչ բավարար: Հանգստության օրվա պահանջը կառուցողական մտքերն ու գործողություններն են և եթե պարզապես անգործ ման գանք Հանգստության օրը, ապա կխախտենք այն» (“The Sabbath—a Delight,” Ensign, Jan. 1978, 4):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը հետևյալ խորհուրդն է տվել Հանգստության օրը պահելու վերաբերյալ.

«Ավելի երիտասարդ տարիքում ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր ցուցակ են կազմել այն բաների համար, որոնք պետք է անել և այն բաների համար, որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև [տես Ելից 31.13, Եզեկիել 20.12, 20]: Դա իմանալով, ես այլևս չունեի այդ ցուցակի կարիքը։ Երբ պիտի որոշում կայացնեի, թե արդյո՞ք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում։ …

Ի՞նչ նշան դուք կփոխանցեք Տիրոջը, որպեսզի ցույց տաք ձեր սերը Նրա հանդեպ» («Կիրակին բերկրանք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 130)։