Գրադարան
Դաս 46. Ղուկաս 5


Դաս 46

Ղուկաս 5

Նախաբան

Փրկիչի օգնությամբ հրաշքով բազմաթիվ ձկներ որսալուց հետո Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Տիրոջ կողմից կանչվեցին լինելու մարդկանց որսորդներ: Հիսուսը բուժեց մի բորոտի ու մի անդամալույծի: Նա Մատթեոսին կանչեց աշակերտ և ուսուցանեց, որ Ինքը եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու: Հիսուսը նաև ուսուցանեց նոր գինին հին տիկերի մեջ լցնելու առակը:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 5.1–11

Հիսուսը կանչում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, որ հետևեն Իրեն և դառնան մարդկանց որսորդներ

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը. Երբևէ ձեզ խնդրե՞լ են ինչ-որ բան անել, առանց իմանալու դրա բոլոր պատճառները: Ուսանողներին խնդրեք խորհել այդ հարցի վերաբերյալ և մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց պատասխաններով:

  • Ինչո՞ւ է դժվար հետևել հրահանգներին, առանց հասկանալու դրանց պատճառները:

  • Եկեղեցու ղեկավարների ո՞ր պատվիրաններին կամ խորհրդին կարող են որոշ երիտասարդներ դժվարությամբ հնազանդվել, եթե նրանք լիովին չեն հասկանում դրանց պատճառները: (Կարող եք գրատախտակին թվարկել ուսանողների պատասխանները:)

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 5.1-11 հատվածներում գտնել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց, երբ նրանք լիովին չեն հասկանում, թե իրենց ինչու են խնդրում հետևել Տիրոջ պատվիրաններին ու խորհրդին:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 5․1-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ խնդրեց Սիմոնին (Պետրոսին) անել, երբ Ինքն արդեն ավարտել էր քարոզը։ Խնդրեք ուսանողներին հաղորդել` ինչ գտան: (Եթե անհրաժեշտ է` նշեք, որ հատված 4, ծանոթագրություն ա հստակեցնում է, որ որս բառը վերաբերում է ձուկ բռնելուն կամ ձկան որսին:)

  • Սիմոնն ի՞նչ ասաց Փրկիչին ձուկ որսալու իրենց նախորդ ջանքերի մասին:

  • Ձուկ որսալու Սիմոնի սեփական փորձը նրան ի՞նչ կարող էր ստիպել մտածել, երբ Փրկիչը հանձնարարեց նրան ուռկանները նորից ծովը նետել:

  • Ի՞նչ ասաց Սիմոնը, որը ցույց տվեց, որ նա վստահում էր Տիրոջը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 5.6-9 հատվածները և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Սիմոնն արեց այն, ինչ Տերը խնդրեց:

  • Ի՞նչ պատահեց, երբ Սիմոնն արեց այն, ինչ Տերը խնդրել էր:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Սիմոնի պատրաստակամությունից` անել այն, ինչ Տերը խնդրեց, նույնիսկ, եթե նա չհասկացավ` ինչու:։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք անենք, ինչ Տերը խնդրում է, նույնիսկ երբ մենք չենք հասկանում ինչու, Նա մեզ կարող է տալ ավելի մեծ օրհնություններ, քան կարող էինք ակնկալել: Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը։)

  • Ապրելով այս սկզբունքով, մենք ի՞նչ ուղիներով պիտի վստահենք Հիսուս Քրիստոսին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ հայտարարությունը. Կարող եք ուսանողներին տալ այդ խոսքերի մեկական օրինակ.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Այս կյանքը խորը վստահության փորձառություն է՝ վստահություն առ Հիսուս Քրիստոս, վստահություն Նրա ուսմունքներին, վստահություն մեր կարողությանը, երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, որպեսզի հնազանդվենք այդ ուսմունքներին երջանկության համար այժմ և նպատակասլաց, անչափ երջանիկ հավերժական գոյության համար: Վստահել` նշանակում է հնազանդվել հոժարակամ, առանց իմանալու վերջը` սկզբից ի վեր (տես Առակաց 3.5-7): Արդյունք տալու համար Տիրոջ հանդեպ ձեր վստահությունը պիտի լինի ավելի զորեղ ու տոկուն, քան ձեր անձնական զգացմունքների և փորձի հանդեպ վստահությունը» (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 17):

  • Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ հանդեպ նման վստահություն զարգացնել:

  • Դուք կամ ձեր ընտանիքը արդյո՞ք ստացել եք ավելի մեծ օրհնություններ, քան ակնկալում էիք, հետևելով Տիրոջ ցուցումներին, նույնիսկ երբ լիովին չէիք հասկանում պատճառները: (Պատասխանները կարող են ներառել փորձառություններ, որոնք օգնել են ուսանողներին ի վերջո հասկանալ, թե Տերն ինչու էր տվել այդպիսի ցուցումներ:)

Հրավիրեք ուսանողներին թղթի վրա գրի առնել Տիրոջ այն պատվիրաններն ու խորհուրդը, որոնց կարող էին ավելի հավատարմորեն հետևել, չնայած որ լիովին չեն հասկանում այդպես վարվելու պատճառները: Եթե ժամանակը թույլ տա, կարող եք հրավիրել նրանց աչքի անցկացնել «Երիտասարդներին զորացնելու համար» [գրքույկը, 2011] օգնող մտքերի համար:)

Ամփոփեք Ղուկասի 5.10-11 հատվածը` բացատրելով, որ Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը թողեցին իրենց ձկնորսական նավակները, որպեսզի հետևեն Հիսուսին։

Ղուկաս 5.12–26

Հիսուսը բուժում է մի բորոտի և մի անդամալույծ մարդու

Ուսանողներին ցույց տվեք հետևյալ առարկաները (կամ նկարեք դրանց պատկերները գրատախտակին). ներարկիչ, վիրակապ, օճառ և փոքր տոպրակ` սառույցի կտորներով:

  • Այս առարկաներն ինչպե՞ս կարող են օգնել բուժել մարդկանց հիվանդությունները կամ վերքերը:

  • Բացի հիվանդությունից և ֆիզիկական վնասվածքից, մենք ուրիշ ինչի՞ց բժշկվելու կարիք ունենք: (Թվարկեք ուսանողների պատասխանները գրատախտակին. Պատասխանները կարող են ընդգրկել` մեղք, կախվածություն, հուսահատություն և վիրավորվածություն:)

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 5.12-25 հատվածներն ուսումնասիրելիս առանձնացնել սկզբունքներ, որոնք ուսուցանում են մեզ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ինքներս մեզ և ուրիշներին` ստանալու անհրաժեշտ բուժումը:

Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը և խնդրեք ուսանողներին` արտագրել այն դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում.

Նմանություններ

Տարբերություններ

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները. Ղուկասի 5.12–15 և Ղուկասի 5.17–25: Բացատրեք, որ այս հատվածները վերաբերում են այն բանին, որ Փրկիչը բժշկեց երկու մարդու: Մարդկանցից մեկը բորոտ էր, իսկ մյուսը կաթվածահար էր, այսինքն անդամալույծ: Ուսանողներին զույգերի բաժանեք: Խնդրեք նրանց իրենց զուգընկերոջ հետ կարդալ հետևյալ պատմություններից յուրաքանչյուրը և քննարկել հետևյալ հարցերը.

  • Ինչո՞վ են նման այս երկու բուժումները: Ինչո՞վ են դրանք տարբեր:

  • Ի՞նչ դեր խաղաց հավատը այս պատմություններից յուրաքանչյուրում:

Հրավիրեք ուսանողներին իրենց աղյուսակներում գրանցել` ինչ գտան: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Հրավիրեք ուսանողներին նշել «նա նորանց հավատքը տեսնելով» արտահայտությունը հատված 20-ում: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ նրանց հավատը, ովքեր կաթվածահար մարդուն բերեցին Փրկիչի մոտ, նպաստեց այս մարդու բուժմանը:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք բուժվել և ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին բուժվել։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատք ենք գործադրում և գալիս դեպի Փրկիչը, Նա կարող է բժշկել մեզ: Մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ դեպի Փրկիչը, որպեսզի նրանք բժշկվեն: Գրեք այս սկզբունքները գրատախտակին:)

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք բժշկում ստանալ Փրկիչից: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկիչը կարող է հեռացնել մեր թուլությունները մեզանից կամ Նա կարող է մեզ տալ քաջություն, հավատ, սփոփանք ու խաղաղություն, որոնց կարիքը մենք ունենք, որպեսզի տոկանք ու հաղթահարենք մեր թուլությունները:)

Խնդրեք ուսանողներին քննարկել գրատախտակին թվարկված թուլությունները, որոնցից մարդիկ բժշկվելու կարիք կունենան:

  • Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք մարդկանց բերել Փրկիչի մոտ` ստանալու Նրա բուժիչ զորությունը:

  • Դուք կամ ձեր ծանոթը ե՞րբ եք բուժվել Փրկիչի հանդեպ հավատ գործադրելով։ (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպիտի կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը բերել է մեկ ուրիշին Տիրոջ մոտ` ստանալու Փրկիչի բուժիչ զորությունը:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ կարող են անել, որպեսզի ավելի մեծ հավատ գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի բժշկվեն, ներվեն կամ մխիթարվեն կամ ինչ կարող են անել, որպեսզի բերեն ընկերոջը կամ մեկ ուրիշին Փրկիչի մոտ: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:

Ղուկաս 5.27–35

Դպիրներն ու Փարիսեցիները հարցնում են, թե Հիսուսն ինչու է ճաշում մաքսավորների և մեղավորների հետ

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 5.27-28 և խնդրեք նրանց գտնել Փրկիչի հրավերը Ղևիին: Խնդրեք ուսանողներին հաղորդել` ինչ գտան:

  • Ի՞նչը ձեզ տպավորեց այն եղանակի մեջ, որով Ղևին պատասխանեց Փրկիչի հրավերին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ղևիին նաև կոչում էին Մատթեոս (տես Մատթեոս 9.9): Նա մաքսավոր էր, ինչը նշանակում է, որ նա իր ընկեր հրեաներից հարկ էր հավաքում Հռոմեական կառավարության համար: Հրեաները սովորաբար ատում էին մաքսավորներին և նրանց վերաբերվում էին որպես վտարանդիների, մեղավորների և նույնիսկ Իսրայելի ժողովրդի դավաճանների: Ամփոփեք Ղուկասի 5.29-35 հատվածները` բացատրելով, որ մինչ Հիսուսը ճաշում էր Ղևիի և մյուսների հետ, դպիրներն ու փարիսեցիները դատապարտեցին Նրան մեղավորների հետ ճաշելու համար։ Հիսուսն ուսուցանեց, որ Ինքը եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու:

Ղուկաս 5.36–39

Հիսուսն ուսուցանում է նոր գինին հին տիկերի մեջ լցնելու առակը

Բացատրեք, որ Տերն օգտագործել է այս առակը, որպեսզի ուսուցանի դպիրներին ու փարիսեցիներին։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 5.36-39 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` առանձնացնելով այն առարկաները, որոնք Փրկիչն օգտագործեց Իր առակում։

  • Փրկիչն ի՞նչ առարկաներ օգտագործեց Իր առակն ուսուցանելու համար։

Ուսանողներին ցուցադրեք նոր գործվածքի մի կտոր և հին գործվածքի մի կտոր, որի վրա անցք կա: Բացատրեք, որ «նոր հանդերձ»-ը հատված 36-ում վերաբերում է այն գործվածքին, որը դեռ չի նեղացել: Չի կարելի հին հանդերձը նոր գործվածքով կարկատել, որովհետև, երբ նոր գործվածքը նեղանա, հին հանդերձի անցքը ավելի կմեծանա, քան նախկինում էր: Նմանապես, Հիսուս Քրիստոսի ավետարանը ոչ թե պարզապես կարկատան էր հին հավատալիքների ու սովորույթների համար, այլ ճշմարտության ամբողջական վերականգնում:

Հրավիրեք ուսանողներին կարդալ հատված 37, ծանոթագրություն ա Թագավոր Ջեյմսի Աստվածաշնչի ՎՕՍ հրատարակությունում, որպեսզի բացահայտեն, որ տիկերը վերաբերում են «կաշվե պարկերին» և եթե հնարավոր է, ուսանողներին ցույց տվեք հին ու նոր կաշվի կտորներ:

  • Ո՞րն է հին ու նոր կաշիների միջև եղած տարբերությունը: (Նոր կաշին փափուկ է և ճկուն, հին կաշին կոշտ է ու դյուրաբեկ:)

Բացատրեք, որ երբ նոր գինին խմորվում է կաշվե պարկերում, ներսում գազեր են անջատվում ու ձգում կաշին: Եթե տիկն արդեն այս ձևով ձգվել է, նոր գինին դրա մեջ նորից խմորելու փորձը այն պատռվելու վտանգի կենթարկի:

Այս առակում նոր գինին ներկայացնում է Փրկիչի ուսմունքները և հավիտենական ավետարանի լրիվությունը, իսկ հին գինին ներկայացնում է փարիսեցիների սովորույթները, ավանդույթներն ու համոզմունքները Մովսեսի օրենքի ներքո:

  • Ի՞նչ կերպ կարող էին «հին տիկերը» ներկայացնել դպիրներին ու փարիսեցիներին: (Ինչպես հին տիկերը չափազանց կոշտ են գինին պահելու համար, դպիրներն ու փարիսեցիները կարծրասիրտ ու դժկամ էին, որպեսզի փոխվեին ու ընդունեին Փրկիչին ու Նրա ուսմունքները:)

  • Ո՞ւմ էին կարող էին ներկայացնել «նոր տիկերը»։ (Այն մարդիկ, ովքեր խոնարհ ու պատրաստակամ էին` փոխվելու և ընդունելու Փրկիչին և Նրա ուսմունքները:)

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս առակից այն մասին, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի ընդունենք Տիրոջը և Նրա ավետարանը։ (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Որպեսզի ընդունենք Փրկիչին ու Նրա ավետարանը, մենք պիտի լինենք խոնարհ ու հոժարակամ`փոխվելու համար: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում` հատված 39-ի կողքի լուսանցքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանց վերընթերցել Ղուկասի 5-րդ գլուխը և փնտրել օրինակներ այն մասին, թե մարդիկ ինչպիսի կարծր ու անզիջում վերաբերմունք ունեին Փրկիչի ու Նրա ավետարանի հանդեպ, ինչպես նաև օրինակներ, թե անհատները որքան խոնարհ և պատրաստակամ էին փոխվելու և աճելու` հետևելով Փրկիչին: Խնդրեք մի քանի ուսանողների հաղորդել իրենց գտածը:

Եզրափակեք դասը` կիսվելով Ղուկասի 5-րդ գլխից ուսուցանած սկզբունքների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 5.23: «Ո՞րն է աւելի հեշտ. ասել` Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել` Վեր կաց և ման եկ»:

Նախագահ Հարոլդ Բ. Լին հետևյալն է ուսուցանել այսօրվա մեծագույն հրաշքների վերաբերյալ.

«Մեծագույն հրաշքները, որոնք ես տեսնում եմ այսօր, անհրաժեշտաբար հիվանդ մարմինների բժշկումը չէ, այլ մեծագույն հրաշքները, որոնք ես տեսնում եմ այսօր, հիվանդ հոգիների բժշկումն է, նրանց, ովքեր հիվանդ են հոգով ու ոգով, վհատ ու տխուր` նյարդային ցնցումի եզրին: Մենք օգնության ենք հասնում բոլոր այսպիսի մարդկանց, քանի որ նրանք թանկ են Տիրոջ աչքում և մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը զգա, որ ինքը մոռացված է» (“Stand Ye in Holy Places” Ensign, July 1973, 123):

Ղուկասի 5.21–24: «Ո՞վ կարող է մեղք թողել` բացի միայն Աստուած»:

Մեկնաբանելով դպիրների ու փարիսեցիների կողմից Փրկիչի` մեղքերը ներելու իշխանությունը, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է հետևյալը․

«Այս իրադարձությունը մեր Տիրոջ կյանքում ակնհայտ և անհերքելի ապացույց էր, որ Նա Մեսիան էր, և դա որպես այդպիսին ընդունվեց նրանց կողմից, ում Նա ծառայում էր: Նա հաճախակի բանավոր վկայություն էր բերում, որ Աստված իր Հայրն է և պաշտպանում էր այդ անձնական վկայությունը քարոզելու և բժշկելու անօրինակ ծառայությամբ: Հիմա նրա նպատակն էր հայտարարել, որ ինքն արել էր այն, ինչը ոչ-ոք, բացի Աստծուց, չէր կարող անել և հաստատել, որ ինքն արել էր այդ Իր Հոր իշխանության լրացուցիչ դրսևորմամբ:

«Թե՜ Հիսուսը, թե՜ «օրենքի վարդապետները», ովքեր այնտեղ ներկա էին, գիտեին, որ ոչ-ոք, բացի Աստծուց, չի կարող ներել մեղքերը: Ուստի, որպես բացառիկ ու ազդեցիկ վկա, որ Աստծո զորությունն ապրում էր իրենում …, Հիսուսն արեց այն, ինչ ոչ մի ինքնակոչ չէր կարող անել. Նա հաստատեց իր աստվածային զորությունը`բժշկելով ներված մարդուն» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:177-78):

Ղուկասի 5.20: «Եվ նա նորանց հաւատքը տեսնելով»

Վկայակոչելով անդամալույծ մարդու պատմությունը և «երբ [Հիսուսը] տեսավ նրանց հաւատը» արտահայտությունը, (Ղուկասի 5.20, շեղագիրն ավելացված է), Յոթանասունի Քվորումից Երեց Չի Հոնգ (Սամ) Վոնգն ուսուցանել է.

«Մեր միասնական հավատը նույնպես ազդում է մյուսների բարեկեցության վրա:

Ովքե՞ր էին այն մարդիկ, ում մասին խոսում էր Հիսուսը: Նրանց թվում, իհարկե, կարող են լինել այն չորսը, ովքեր տեղափոխեցին անդամալույծ մարդուն, այդ մարդը, այն մարդիկ, ովքեր աղոթեցին նրա համար, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ լսում էին Հիսուսի քարոզները և իրենց սրտում լուռ ուրախանում սպասվելիք հրաշքով: Նրանց թվում կարող էին լինել ամուսին, ծնող, որդի կամ դուստր, միսիոներ, քվորումի նախագահ, Սփոփող Միության նախագահ, եպիսկոպոս և հեռավոր ընկեր: Մենք բոլորս կարող ենք օգնել միմյանց: Մենք միշտ պետք է պատրաստակամությամբ ներգրավվենք կարիքի մեջ գտնվողներին փրկելու աշխատանքում» («Փրկենք միասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 16):