Դաս 60
Հովհանես 1
Նախաբան
Հովհաննես Սիրելին արձանագրել է կարևոր վարդապետություններ նախամահկանացու աշխարհում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին: Հովհաննես Մկրտիչը ևս վկայեց Հիսուս Քրիստոսի մասին և մկրտեց Նրան: Հիսուս Քրիստոսը հրավիրեց մյուսներին սովորել Իր մասին:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 1.1-18, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.1-19
Հովհաննեսը վկայեց Հիսուս Քրիստոսի՝ որպես Աստծո Որդու մասին
Ուսանողներին զույգերի բաժանեք: Գրատախտակին ցուցադրեք Հիսուս Քրիստոսի մի նկար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ զրուցում են ինչ-որ մեկի հետ, ով շատ քիչ գիտի Հիսուս Քրիստոսի մասին: Յուրաքանչյուր զույգից մի ուսանողի խնդրեք մեկ րոպեում ուսուցանել մյուսին Հիսուսի մասին, կարծես թե մյուս ուսանողը շատ քիչ գիտի Նրա մասին: Այդ վարժությունից հետո խնդրեք այն ուսանողներին, ում ուսուցանվել էր Քրիստոսի մասին, դասարանի հետ կիսվել նրանով, ինչ ուսուցանվեցին իրենց զուգընկերոջ կողմից:
Հակիրճ ներկայացրեք Հովհաննեսի գիրքը բացատրելով, որ Հովհաննես Առաքյալն արձանագրեց այն, ինչ նա ցանկանում էր, որ Սրբերն իմանային Հիսուս Քրիստոսի մասին: Հովհաննեսն իր կողմից գրված բազում պատմությունների ականատեսն էր եղել: Հովհաննեսի ավետարանի գրվածքների մեծ մասը չենք կարող գտնել Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններում, որոնք գրվել էին օգնելու Հրեաներին և հեթանոսներին հավատալու, որ Հիսուսը Մեսիան էր և մարդկության Փրկիչը: Ի տարբերություն, Հովհաննեսը գրեց նրանց, ովքեր արդեն հավատում էին, որ Հիսուսը Քրիստոսն էր:
Երբ ուսանողներն ուսումնասիրում են Հովհաննես 1 գլուխը հանձնարարեք նրանց փնտրել Փրկչի մասին ճշմարտություններ, որոնք կարող են ամրացնել առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքը և վկայությունները:
Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.1-2 (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին հետևել նրան: Խնդրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք Հովհաննեսն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի մասին:
-
Այս հատվածներից ի՞նչ ճշմարտություններ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին: (Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները պետք է բացահայտեն, այն է, որ Հիսուս Քրիստոսն ի սկզբանե Աստծո հետ էր: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)
-
Ի՞նչ է նշանակում՝ ի սկզբանե Հիսուս Քրիստոսն Աստծո հետ էր: (Բացատրեք, որ «ի սկզբանե» արտահայտությունը վերաբերում է նախամահկանացու գոյությանը: Հիսուս Քրիստոսը Հոր Անդրանիկն էր՝ հոգու մեջ [տես ՎևՈւ 93.21], Նա Աստծո նման էր այն հոգիների մեջ, որ հավաքվել էին «նախքան աշխարհի լինելը» [Աբրահամ 3.22–24], և ի սկզբանե Նա ընտրվել էր Հոր կողմից [տես Մովսես 4.2]:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.3 (Աստվածաշնչի հավելված), և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ հավելյալ ճշմարտություն է Հովհաննեսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:
-
Էլ ի՞նչ է Հովհաննեսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Ամեն ինչ արարվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսն արարել է երկինքն ու երկիրը Հոր ղեկավարությամբ, և Հիսուս Քրիստոսն արարել է անհամար աշխարհներ (տես Մովսես 1.33): Սակայն Երկնային Հայրն Իրեն է վերապահել «երկու արարում»՝ բոլոր հոգիների արարումը (ներառյալ՝ Հիսուս Քրիստոսի հոգին) և Ադամի ու Եվայի ֆիզիկական մարմինների ստեղծումը (Bruce R. McConkie, A New Witness for the Articles of Faith [1985], 63; տես Մովսես 2.27):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.4-5 (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Հովհաննեսը նկարագրում Հիսուսին և Նրա ավետարանը:
-
Ինչպե՞ս է Հովհաննեսը նկարագրում Հիսուսին և Նրա ավետարանը:
-
Ի՞նչ է նշանակում՝ «նրանում էր ավետարանը»: (Հիսուս Քրիստոսը բարի լուրն էր, ավետարանի մարմնավորումը:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «լույսը շողում է աշխարհում, և աշխարհը չի ըմբռնում այն»: (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.5):
Բացատրեք, որ այնուհետև Հովհաննես Առաքյալն ուսուցանում է Հովհաննես Մկրտչի մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.6-10 հատվածը (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ է հայտարարում Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի ամսին: Խնդրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչ պարզեցին այդ հատվածից:
-
9-10 հատվածում Հիսուսի մասին ի՞նչ վարդապետություն է ուսուցանում Հովհաննես Առաքյալը: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսն աշխարհի Լույսն է: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)
-
Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հանդիսանում աշխարհի Լույսը: (Տես ՎևՈւ 88․5-13։)
Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.11-18 (Աստվածաշնչի հավելված) բացատրելով, որ Հովհաննես Մկրտիչը վկայեց, որ ովքեր հավատան Հիսուս Քրիստոսին, կստանան անմահություն և հավերժական կյանք:
Մատնանշեք, որ 14 և 16 հատվածներում Հովհաննեսը Հիսուս Քրիստոսին անվանում է՝ «Բանը»: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի այս տիտղոսը հանդիպում է սուրբ գրությունների տարբեր մասերում (տես Հովհաննես 1.1, 14, Ա Հովհաննես 1.1, Հայտնություն 19.13, ՎևՈւ 93.8-10, Մովսես 1.32):
Մատնաշեք, որ խոսքի օգնությամբ մենք հաղորդակցվում և մեր մտքերը, զգացմունքներն ու գաղափարներն ենք հայտնում մյուսներին:
-
Ինչպե՞ս է «Բանը» ճշգրիտ տիտղոս հանդիսանում Հիսուս Քրիստոսի համար:
Բացատրեք նաև, որ առանց Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, Հովհաննես 1.18 հատվածը կարող էր չհասկացվել, քանի որ ասվում է, որ ոչ ոք երբեք չի տեսել Հայր Աստծուն: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.19 (Աստվածաշնչի հավելվածում):
-
Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.19 հատվածը պարզաբանում Հովհաննես 1.18 հատվածը:
Ուսանողներին բաժանեք նույն զույգերի, ինչպես դասի սկզբում տրված վարժության ժամանակ: Խնդրեք զույգից մեկին մեկ րոպեում իր զուգընկերոջն ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին օգտագործելով վարդապետությունները, որ դասարանը բացահայտեց Ջոզեֆ Սմիթ Թարգամանություն, Հովհաննես 1.1-19 հատվածում (Աստվածաշնչի հավելված): Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, հարցրեք.
-
Ինչո՞ւ է կարևոր ինչ-որ մեկի համար իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս վարդապետությունները:
Հովհաննես 1.19-34, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.20-34
Հովհաննես Մկրտիչը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և մկրտում է Նրան
Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.20-28 հատվածը (Աստվածաշնչի հավելված) բացատրելով, որ Հրեաներն ուղարկեցին քահանաներին Հովհաննես Մկրտչի մոտ հարցնելու՝ արդյոք նա էր Մեսիան: Հովհաննեսը բացատրեց, որ իր դերն էր վկայել Մեսիայի մասին, ով մկրտելու էր կրակով և Սուրբ Հոգով: Հաջորդ օրը Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, ում մկրտել էր նախորդ օրը:
Հանձնարարեք որևէ ուսանողի կանգնել և կատարելով Հովհաննես Մկրտչի դերը բարձրաձայն կարդալ Հովհաննես Մկրտչի խոսքերը՝ տրված Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.29-33 հատվածում (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Հովհաննես Մկրտիչը ցանկանում, որ մարդիկ իմանային Հիսուս Քրիստոսի մասին:
Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և գրատախտակին գրված ճշմարտությունները և հարցրեք.
-
Հիսուս Քրիստոսի մասին ուրիշ ի՞նչ ճշմարտություններ կամ բնութագրեր կարող էինք մենք ավելացնել Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.29-33 հատվածից: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ էր Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսին անվանում «Աստծո Գառ»:
Հովհաննես 1.35-51
Հիսուս Քրիստոսը պատվիրում է Իր հետևորդներին ավելին սովորել Իր մասին
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ մի դեռահաս ծոմի ու վկայության ժողովի ժամանակ լսում է ինչպես են իր հասակակից ընկերները վկայություն բերում նշելով, որ գիտեն, որ Հիսուս Քրիստոսն իրենց Փրկիչն է: Այդ պատանին մտածում է, թե ինչպե՞ս «գիտեն» իր ընկերներն այդ ամենը:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:
Երբ դասարանն ուսումնասիրում է Հովհաննես 1.35-51 հատվածը, խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ստանանք (կամ ամրացնենք) մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին որպես Փրկիչ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.35-37 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտելու հաջորդ օրը:
-
Ի՞նչ արեց Հովհաննեսը, երբ տեսավ Հիսուսին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.38-39 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսը երկու աշակերտներին:
-
Ի՞նչ հարցրեց Հիսուսն այդ երկու աշակերտներին:
-
Ի՞նչ պատասխանեցին նրանք:
-
Հիսուսն ի՞նչ պատվիրեց անել այդ երկու աշակերտներին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.40-42 հատվածը, իսկ դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ իմացավ Անդրեասը, երբ ընդունեց Փրկչի՝ «եկեք և տեսեք» հրավերը:
-
Ի՞նչ իմացավ Անդրեասը՝ ընդունելով Փրկչի «եկեք և տեսեք» հրավերը: (Որ Հիսուսը Մեսիան է կամ Քրիստոսը: Կարող եք նաև մատնանշել, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության Հովհաննես 1.42 հատվածից մենք սովորում ենք, որ Պետրոսն անվանվեց «Կեփաս, որը թարգմանաբար տեսանող է, կամ վեմ» [տողատակի ծանոթագրություն ա], նշելով, որ Պետրոսը Եկեղեցում կարող էր դառնալ տեսանող:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.43-46 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ Փրկիչը պատվիրեց անել Փիլիպպոսին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:
-
45 հատվածի ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ Փիլիպպոսը ստացավ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն, երբ նա ընդունեց Փրկչի Իրեն հետևելու հրավերը:
-
Այնուհետև ի՞նչ հրավեր հղեց Փիլիպպոսը Նաթանայելին:
Հանձնարարեք երեք ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1․47-51 հատվածը: Հանձնարարեք ուսանողներից մեկին լինել պատմողը, մյուսին՝ կարդալ Հիսուսի խոսքերը, մեկ ուրիշին էլ՝ կարդալ Նաթանայելի խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Նաթանայելն ընդունեց Հիսուսի մասին սովորելու հրավերը:
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Նաթանայելը ընդունեց Հիսուսի մասին սովորելու հրավերը:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ պատմություններից: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք. Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու հրավերն ընդունելով մենք կստանանք Նրա մասին մեր անձնական վկայությունը:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը:
«Մեր մահկանացու ճամփորդության հիմնական նպատակը և կյանքում ամենակարևոր հարցերի պատասխանները հանգում են՝ Փրկչի երկրային ծառայության սկզբնական դրվագներում ներկայացված այդ հակիրճ երկու տարրերին: Տարրերից մեկն այն հարցն է, որ դրվում է այս երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու առաջ. «Ի՞նչ եք փնտրում: Ի՞նչ եք ուզում»: Երկրորդը՝ Նրա արձագանքն է մեր պատասխանին՝ անկախ այդ պատասխանից: Ով էլ որ մենք լինենք և ինչ էլ որ մենք պատասխանենք, Նրա պատասխանը միշտ նույնն է. «Եկ,- սիրալիր ասում է Նա,- Իմ ետևից եկ»: Ուր էլ որ գնում եք, նախ եկեք և տեսեք ինչ եմ ես անում, տեսեք որտեղ և ինչպես եմ ես անցկացնում իմ ժամանակը: Սովորեք ինձանից, քայլեք ինձ հետ, խոսեք ինձ հետ, հավատացեք: Լսեք ինչպես եմ աղոթում: Եվ դուք կգտնեք ձեր աղոթքների պատասխանները: Աստված խաղաղություն կբերի ձեր հոգիներին» (“He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 65):
Հրավիրեք ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու իրենց անձնական ջանքերի շուրջ:
-
Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու արդյունքում ինչպե՞ս է աճել Նրա մասին ձեր վկայությունը:
Հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մի քանի նախադասություն գրել այն մասին, թե ինչ կանեն, որպեսզի ավելի լիարժեք ընդունեն Փրկչի «եկեք և տեսեք», Նրա մասին սովորելու և Նրան հետևելու հրավերը:
Ավարտեք դասը՝ կիսվելով այսօր բացահայտված սկզբունքների մասին ձեր վկայությամբ: