Պողոս Առաքյալի առաջին թուղթը առ Տիմոթեոս. նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Ա Տիմոթեոսում մենք կարդում ենք Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին, որը Եփեսոսում Եկեղեցու ղեկավար էր, որ նա հավաստիանա, որ ողջամիտ վարդապետությունն է ուսուցանվում և թույլ չտա, որ տարածված կեղծիքները մարդկանց շեղեն ավետարանի ուսմունքներից։ Նա Տիմոթեոսին ուսուցանեց եպիսկոպոսների և սարկավագների կոչումների մասին և քննարկեց այն որակավորումները, որոնք անհրաժեշտ էին այդ կոչումներում ծառայող մարդկանց։ Պողոսը նաև շարադրեց իր խորին երախտագիտությունն այն ողորմածության համար, որը Հիսուս Քրիստոսը շնորհեց իրեն, երբ նա դարձի եկավ։ Ուսումնասիրելով Ա Տիմոթեոսը, ուսանողներն ավելի իրազեկ կդառնան Եկեղեցում ողջամիտ վարդապետությունն ուսուցանելու կարևորության մասին։ Ուսանողները նաև կամրապնդեն իրենց երախտագիտությունը Փրկիչի ողորմածության և Եպիսկոպոսների ու Եկեղեցու այլ ղեկավարների կարևոր դերի մասին։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոսն է գրել Ա Տիմոթեոսը (տես Ա Տիմոթեոս 1․1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Պողոսի առաջին թուղթը Տիմոթեոսին հավանաբար գրվել է Ք.ծ.հ. 64-65թթ․, հավանաբար, Մակեդոնիայում գտնվելու ժամանակ (տես Սուրբ Գրքերի ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org, Ա Տիմոթեոս 1․3)։ Այս թղթերը Պողոսը գրել է երկու տարվա բանտարկությունից հետո (տնային կալանք) Հռոմում և, հավանաբար, շատ էր ճամփորդում, այցելում էր այն տարածքները, որտեղ նախկինում Եկեղեցու ճյուղեր էր հաստատել (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
Պողոսն իր թուղթը գրեց Տիմոթեոսին, ով Պողոսի հետ էր ծառայել իր երկրորդ միսիոներական ծառայության ժամանակ (տես Գործք 16․3)։ Իրենց ծառայությունից հետո Տիմոթեոսը շարունակեց մնալ հավատարիմ միսիոներ և Եկեղեցու ղեկավար (տես Գործք 19․22, Փիլիպպեցիս 2․19) և Պողոսի ամենավստահված ընկերներից մեկը (տես Ա Կորնթացիս 4․17)։ Պողոսը Տիմոթեոսին կոչեց, որպես իր «որդի հավատքում» (Ա Տիմոթեոս 1․2)։ Տիմոթեոսի հայրը հույն հեթանոս էր, բայց նա ուներ արդար հրեա մայր և տատիկ, ովքեր ուսուցանել և օգնել էին նրան սովորել սուրբ գրությունները (տես Գործք 16․1, Բ Տիմոթեոս 1․5, 3․15)։
Երբ այս թուղթը գրվեց, Տիմոթեոսն այդ ժամանակ Եփեսոսում Եկեղեցու ղեկավար էր (տես Ա Տիմոթեոս 1․3)։ Պողոսն ակնարկեց, որ անդամներից ոմանք կասկածում էին Տիմոթեոսի ղեկավարման ունակությունների վրա, քանի որ նա երիտասարդ էր (տես Ա Տիմոթեոս 4․12)։ Պողոսն անձամբ ցանկացավ հանդիպել Տիմոթեոսին, սակայն համոզված չէր, որ կկարողանար հանդիպել նրան (տես Ա Տիմոթեոս 3․14, 4․13)։ Պողոսն իր թուղթը գրեց Տիմոթեոսին, որպեսզի օգնի Եկեղեցու երիտասարդ ղեկավարին ավելի լավ հասկանալ իր պարտականությունները։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Պողոսի այս նամակները, որոնք հայտնի են Ա Տիմոթեոս, Բ Տիմոթեոս և Տիտոս անուններով, հաճախ կոչվում են Հովվական թղթեր (pastoral Epistles), քանի որ իրենց մեջ պարունակում են Պողոսի խորհուրդը՝ ուղղված Եկեղեցու ղեկավարներին և հովիվներին (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթեր»)։ Pastor բառը բխում է լատիներեն «հովիվ» բառից։
Պողոսը ցուցումներ է տալիս Տիմոթեոսին, որպեսզի օգնի նրան գտնելու արժանի թեկնածուներ՝ եպիսկոպոսներ և սարկավագներ ծառայելու համար (տես Ա Տիմոթեոս 3)։ Պողոսի ցուցումները բնորոշում են Եկեղեցու ղեկավարների այն պարտականությունը, ըստ որի պետք է հոգ տանեն անդամների աշխարհիկ և հոգևոր կարիքների մասին (տես Ա Տիմոթեոս 5)։ Պողոսը նաև շոշափեց լայն տարածում գտած ճգնավորության սխալ գաղափարը. մի համոզմունք, որ հոգևոր մեծ աստիճանի կարելի է հասնել խստապահանջ անձնազոհության միջոցով։ Օրինակ, Պողոսը նախազգուշացրեց, որ Եկեղեցու որոշ անդամներ կուրանան և առաջ կքաշեն մի համոզմունք, ըստ որի ամուսնությունը կարգելվի (տես Ա Տիմոթեոս 4․1–3)։ Որպեսզի հակազդի այս և այլ հերետիկոսական ազդեցություններին, Պողոսը Տիմոթեոսին հրահանգեց ուսուցանել ողջամիտ վարդապետությունը (տես Ա Տիմոթեոս 1․3–4, 10, 4․1–6, 13, 16)։
Համառոտ շարադրանք
Ա Տիմոթեոս 1 Պողոսը նախազգուշացնում է կեղծ ուսմունքների մասին։ Նա փառք է տալիս Տեր Հիսուս Քրիստոսին, ով մեծ ողորմածությամբ փրկել է իրեն։ Պողոսն իրեն կոչում է «առաջինը» (Ա Տիմոթեոս 1․15), կամ մեղավորներից վատագույնը, դրանով ակնարկելով իր դարձից առաջ քրիստոնյաներին ընդդիմանալը։ Պողոսը հավաստիացնում է մյուսներին, որ Քրիստոսի ողորմածությունը նույնպես կօգնի նրանց։
Ա Տիմոթեոս 2–3 Պողոսն ուսուցանում է աղոթքի և պատշաճ երկրպագության անհրաժեշտության մասին։ Նա ուսուցանում է, որ Հիսուսը Քրիստոսը փրկագնեց մեզ բոլորիս և Միջնորդ է հանդիսանում Հոր մոտ։ Նա սովորեցնում է, թե ինչպես պետք է տղամարդիկ և կանայք իրենց պահեն երկրպագության ժամանակ։ Նա շարադրում է եպիսկոպոսների ու սարկավագների որակավորումները։ Նա բացատրում է, որ աստվածապաշտության խորհուրդը Հիսուս Քրիստոսի, երկրի վրա Նրա կատարյալ կյանքի և փառքի մեջ Նրա համբարձման բարեհաճությունն է։
Ա Տիմոթեոս 4 Պողոսը զգուշացնում է Տիմոթեոսին, որ որոշ մարդիկ կխաբվեն ամուսնության և սննդի վերաբերյալ կեղծ ուսմունքներով։ Նա խոսում է ամուսնության և Աստծո ստեղծագործությունները շնորհակալությամբ ընդունելու կարևորության մասին։ Պողոսն ուսուցանում է Տիմոթեոսին, թե ինչպես վարվել իր օրերի և սպասվող օրերի կեղծ ուսմունքների հետ։
Ա Տիմոթեոս 5–6 Պողոսը ցուցումներ է տալիս Տիմոթեոսին, թե ինչպես ծառայել տարեց մարդկանց, երիտասարդներին, այրիներին, երեցներին և ստրուկներին։ Պողոսը Տիմոթեոսին նկարագրում է կեղծ ուսմունքները։ Նա զգուշացնում է, որ «արծաթասիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթեոս 6․10) և հրահանգում է Տիմոթեոսին, թե ինչպես Սրբերը կարող են հավերժական կյանք ձեռք բերել։