Գրադարան
Դաս 94. Գործք Առաքելոց 17


Դաս 94

Գործք Առաքելոց 17

Նախաբան

Փիլիպպեից հեռանալուց հետո Պողոսը և Շիղան ուսուցանեցին ավետարանը Թեսաղոնիկեում և Բերիայում։ Այս քաղաքներում անհավատների կողմից հալածանքները ստիպեցին Պողոսին փախչել Աթենք, որտեղ էլ Արիսպագոսի մեջ նա ուսուցանեց մարդկանց Աստծո ճշմարիտ էության մասին։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 17․1–15

Թեսաղոնիկեի որոշ հրեաներ փորձում են խանգարել Պողոսին քարոզելու ավետարանը

Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ խորհուրդ կտան մարդկանց հետևյալ իրավիճակներում.

  1. Մի երիտասարդ տղամարդ, ով Եկեղեցու անդամ է, լսում է, թե ինչպես է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամը խոսում Երկնային Հոր ծրագրում ամուսնության և ընտանիքի կարևորության մասին։ Այդ երիտասարդի մի քանի ընկերներ իրենց անհամաձայնությունն են հայտնում Առաքյալի ուսմունքների վերաբերյալ։ Երիտասարդը ցանկանում է անձամբ իմանալ, թե արդյոք Առաքյալի ուսմունքները ճշմարիտ են, թե ոչ։

  2. Երիտասարդ կինը հարցականի տակ է դնում Հանգստության օրվա սուրբ պահելու կարևորությունը: Նրա ընկերներից շատերը կիրակի օրն անց են կացնում գնումներ կատարելով ու քնելով և նրանց չի անհանգստացնում եկեղեցի գնալը։ Նրա մայրը բացատրում է օրհնությունների մասին, որոնք տրվում են կիրակի օրը Տիրոջը փառաբանելու շնորհիվ, սակայն երիտասարդ կինը դժվարանում է հավատալ, որ Հանգստյան օրվա սուրբ պահելը կարևոր է։

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 17 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել սկզբունքները, որոնք կօգնեն նրանց անձամբ իմանալ այն ուղերձների ճշմարտացիության մասին, որոնք մենք ստանում ենք Տիրոջ ծառաներից։

Բացատրեք, որ Պողոսը և Շիղան ճամփորդեցին Թեսաղոնիկե, որտեղ ուսուցանեցին հրեաների ժողովարանում։ (Կարող եք հրավիրել ուսանողներին գտնել Թեսողոնիկեն Աստվածաշնչյան քարտեզներում, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»։) Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 17.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսն ինչ էր օգտագործում հրեաներին ուսուցանելու համար։

  • Պողոսն ի՞նչ էր օգտագործում հրեաներին ուսուցանելու համար։

Բացատրեք, որ առաջներին դնում (հատված 3) նշանակում է ցույց տալ կամ հայտարարել։ Պողոսն օգտագործում էր սուրբ գրությունների հատվածներ, որպեսզի հայտարարեր կամ ցույց տար, որ Հիսուսը Քրիստոսն է:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 17․4-5 հատվածները, և դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե Թեսաղոնիկեի ժողովուրդն ինչպես արձագանքեց Պողոսի ուսմունքներին: Դուք կարող եք բացատրել, որ միացան նշանակում է հավաքվել նրանց հետ միասին և անպիտան նշանակում է չար։

  • Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Պողոսի ուսմունքներին։

Ամփոփեք Գոր․ 17․6-9 հատվածները, բացատրելով, որ անհավատների մի խումբ փորձում էր գտնել Պողոսին ու Շիղային։ Երբ նրանք չէին կարողանում գտնել նրանց, գնացին Թեսաղոնիկեի կառավարիչների մոտ և հայտարարեցին, որ Պողոսի ուսմունքները սպառնալիք էին ներկայացնում Կեսարի իշխանությանը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 17.10-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե ուր փախան Պողոսն ու Շիղան։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութը։

  • Համաձայն 12-րդ հատվածի, ինչպե՞ս էին Բերիայի հրեաներն արձագանքում Պողոսի ուսմունքներին։

Հետևյալ անավարտ նախադասությունն արտագրեք գրատախտակին․

__________________________ + _____________________________ = Հավատ

  • Համաձայն 11-րդ հատվածի, ի՞նչ արեցին մարդիկ առաջին հերթին, որն էլ հավատ առաջացրեց Պողոսի ուսմունքների հանդեպ։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը, որպես հավասարման առաջին մաս․ Նրանք ընդունեցին Պողոսի խոսքերը բոլոր հոժարությամբ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում «[ընդունել] խոսքը բոլոր յօժարութեամբ», դասարան բերեք մի գնդակ և երկու ուսանողների հրավիրեք առաջ գալ։ Նրանցից մեկին խնդրեք պատրաստ լինել բռնելու գնդակը և հրահանգեք մյուս ուսանողին գնդակը նետել առաջին ուսանողին։ Հարցրեք ուսանողներին, թե ինչից ելնելով կարող են ասել, որ առաջին ուսանողը պատրաստ էր բռնելու գնդակը։

Հաջորդը, հրավիրեք առաջին ուսանողին ներկայացնել, որ ինքը պատրաստ չէ բռնել գնդակը և մնալ այդ դրության մեջ այնքան ժամանակ, մինչև մյուս ուսանողը նորից նետի գնդակը։ Մյուս ուսանողին խնդրեք նետել գնդակը (զգույշ լինել, որպեսզի վնաս չհասցվի)։ Հարցրեք ուսանողներին, թե ինչից ելնելով կարող են ասել, որ առաջին ուսանողը պատրաստ չէր բռնել գնդակը։ Հրավիրեք երկու ուսանողներին էլ վերադառնալ իրենց տեղերը։

Հրավիրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ պատրաստ են ընդունել Աստծո ծառաների խոսքերը։ Ապա խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ մարդը պատրաստ չէ ընդունել Աստծո ծառաների խոսքերը։ (Օրինակ, ուսանողները կարող են փակել իրենց սուրբ գրությունները, խոսել կողքինի հետ կամ զբաղվել ինչ-որ էլեկտրոնային սարքավորմամբ։)

  • Բացի արտաքին տվյալներից, ի՞նչ կարող է տեղի ունենալ մարդու սրտում և մտքում, երբ նա պատրաստ է ընդունել ավետարանի ուղերձը։

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված հավասարության երկրորդ մասի վրա.

  • Համաձայն 11-րդ հատվածի, ուրիշ ի՞նչ արեցին մարդիկ, որն էլ հավատ առաջացրեց Պողոսի ուսմունքների հանդեպ։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը, որպես հավասարման երկրորդ մաս․ Նրանք ամեն օր ուսումնասիրում էին սուրբ գրությունները, որպեսզի հասկանային Պողոսի խոսքերը։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Գոր․ 17․10-12 հատվածներից, որ կարող է ամրացնել մեր հավատն առ Աստծո ծառաների խոսքերը։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընդունում ենք Աստծո ծառաների խոսքերը բոլոր հոժարությամբ և ամեն օր ուսումնասիրում սուրբ գրությունները, ապա նրանց խոսքերի հանդեպ մեր հավատը կամրապնդվի։)

Վերանայեք դասի սկզբում նկարագրված սցենարները։

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել այս սցենարի մարդկանց։

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ազդել ճշմարտությանը հավատալու մեր ունակության վրա։

Հրավիրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին, երբ զգացել են, որ այս սկզբունքը ճշմարիտ է։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով:

Խրախուսեք ուսանողներին ընդունել մարգարեների, ղեկավարների, ուսուցիչների և ծնողների խոսքերը «բոլոր հոժարությամբ» և ամեն օր կարդալ սուրբ գրությունները։

Ամփոփեք Գոր․ 17․13–15 բացատրելով, որ երբ հրեաները Թեսաղոնիկեում լսեցին, որ Պողոսը քարոզում էր Բերիայում, նրանք եկան զայրացնելու Բերիայի ժողովրդին։ Պողոսը կրկին ստիպված էր փախչել, ուստի նա ճամփորդեց դեպի Աթենք։

Գործք Առաքելոց 17․16–34

Պողոսն ուսուցանում է Արիսպագոսում

Հրավիրեք ուսանողներին բացել Աստվածաշնչի լուսանկարները, համար 29, «Աթենք», Աստվածաշնչի հավելվածում։ Նշեք, որ այս լուսանկարում պատկերված է Աթենքի մի շարք տաճարներից մեկը, որ օգտագործվում էին կեղծ աստվածներին երկրպագելու համար։ Այս տաճարների մեջ գտնվում էին այդ աստվածներին պատկերող ձեռակերտ արձաններ։ Դրսում գտնվում էին զոհասեղաններ, որոնց վրա զոհեր էին մատուցվում այս կեղծ աստվածներին։

Ամփոփեք Գործք Առաքելոց 17․16-21 հատվածները, բացատրելով, որ Պողոսին լուրջ անհանգստացնում էր Աթենքի կռապաշտությունը, և նա ուսուցանում էր ժողովարանում և փողոցներում։ Այդ ժամանակ փիլիսոփաները հրավիրեցին Պողոսին բացատրելու իր «նոր վարդապետութիւնը» (Գոր․ 19) հրեական խորհրդում, որը հանդիպում էր Արիսպագոսում։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 17.22-23 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պողոսն ինչ նկատեց Աթենքի զոհասեղաններից մեկի վրա։

  • Պողոսն ի՞նչ նկատեց Աթենքի զոհասեղաններից մեկի վրա։

Բացատրեք, որ 22-րդ հատվածում գրված է, որ Պողոսը գովում է աթենացիներին, ասելով, որ նրանք «կրօնասէր» են, նկատի ունենալով, որ նրանք մեծ տեղ էին տալիս կրոնին կամ նրբանկատ էին աստվածային բաների հանդեպ (Գոր․ 17․22, ծանոթագրություն ա)։ «Անծանոթ աստծուն» (հատված 23) նվիրված զոհասեղան կառուցելով, աթենացիները փորձում էին մեղմել անծանոթ աստծո կամ այն աստծո զայրույթը, որի անունը նրանք չգիտեին։ Ակնհայտ էր, որ նրանք չէին կամենում վիրավորել կամ անտեսել որևէ աստծո։

Մատնանշեք Գոր․ 17․23-ի վերջին նախադասությունը և ապա հարցրեք․

  • Պողոսն ինչո՞ւ անդրադարձավ «անծանոթ աստծուն» նվիրված այս զոհասեղանին։ (Նա օգտագործեց այն՝ ճշմարիտ Աստծուն, Երկնային Հորը նրանց ներկայացնելու համար, այն Աստծուն, որին նրանք չէին ճանաչում։)

Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի։ Հրավիրեք խմբերից յուրաքանչյուրին Գոր․ 17․24–31 հատվածներում գտնել որքան հնարավոր է շատ ճշմարտություններ այն Աստծո մասին, որն անծանոթ էր Աթենքի մարդկանց։ Մինչ նրանք ուսումնասիրում են, գրատախտակին գրեք այդ հատվածներից յուրաքանչյուրի համարը (24–31)։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և համապատասխան հատվածի կողքին գրել իրենց բացահայտած ճշմարտությունները։ (Որպեսզի օգնեք ուսանողներին ճշմարտություն գտնել Գոր․ 17․27-ում, դուք կարող եք հուշել նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն Գոր․ 17․27, ծանոթագրություն բ։)

Նաև կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն ճշմարտություններից յուրաքանչյուրը։ Գրատախտակին գրված ճշմարտությունները կարող են ներառել հետևյալը․

  • Հատված 24. Աստված արարեց երկիրը։

  • Հատված 25. Աստված է ամեն արարածի կյանք տվողը։

  • Հատված 26. Աստված է տնօրինում բոլոր կյանքերը։

  • Հատված 27. Եթե մենք կամենանք փնտրել Աստծուն, մենք կտեսնենք, որ Նա հեռու չէ մեզանից։

  • Հատված 28. Մենք Աստծո ազգիցն ենք։

  • Հատված 29. Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով:

  • Հատված 30. Աստված պատվիրում է բոլորին ապաշխարել։

  • Հատված 31. Աստված կդատի մեզ, Աստված ողջ մարդկությանը հարություն կտա։

Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված ճշմարտություններից մեկը, որը մեծ նշանակություն ունի նրանց համար։ Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց ընտրած ճշմարտությամբ և ասել, թե ինչու է այն կարևոր իրենց համար:

Նշեք «Մենք Աստծո ազգիցն ենք» վարդապետությունը։

  • Ի՞նչ է նշանակում լինել Աստծո «ազգիցը»: (Մենք Երկնային Հոր հոգեղեն զավակներն ենք:)

  • Ինչո՞ւ է շատ կարևոր հասկանալ այս վարդապետությունը: (Դա կօգնի մեզ հասկանալ, թե որքան թանկ ենք Երկնային Հոր համար և նաև հասկանալ Նրա նման դառնալու մեր ներուժը։)

  • Ի՞նչ խնդիրներ կամ շփոթմունք կարող է առաջ գալ այս վարդապետությունը չհասկանալուց:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը։ Ուսանողներին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն մտքի վրա, թե ինչու նախ և առաջ մենք պետք է հիշենք մեզ և ամենակարևորը տեսնենք մեզ` որպես Աստծո զավակներ։

Երեց Դալլին Հ. Օուքս

«Զգույշ եղեք, երբ բնութագրում եք ինքներդ ձեզ։ Ձեզ բնութագրելիս մի նշեք որևէ աշխարհիկ առանձնահատկություն։ Մեզ բնութագրող միակ առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մենք Աստծո որդին կամ դուստրն ենք։ Այդ փաստը գերազանցում է մնացած բոլոր հատկանիշներին՝ ներառելով ազգությունը, մասնագիտությունը, ֆիզիկական հատկանիշները, լավ համբավը կամ նույնիսկ կրոնական պատկանելությունը» (“How to Define Yourself,” New Era, June 2013, 48)։

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ մենք առաջին հերթին և ամենակարևորը Աստծո զավակներն ենք։

Անդրադարձեք «Եթե մենք կամենանք փնտրել Աստծուն, մենք կտեսնենք, որ Նա հեռու չէ մեզանից» սկզբունքին։

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ձգտել ճանաչել և մոտենալ Աստծուն։

  • Աստծո հետ ունեցած մեր կապի ըմբռնումն ինչպե՞ս է ազդում Նրան փնտրելու մեր ցանկության վրա։

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Երկնային Հայրը մոտ է ձեզ։

Ամփոփեք Գոր․ 17․32–34 հատվածները, բացատրելով, որ աթենացիները տարբեր կերպ արձագանքեցին, երբ Պողոսն ակնարկեց «մեռելների հարության» մասին (հատված 32)։ Ոմանք ծաղրեցին Պողոսին, ոմանք էլ ցանկացան ավելին լսել, իսկ ոմանք էլ հավատացին։

Դուք կարող եք վկայել, որ ուսանողները կարող են ճանաչել և հասկանալ Աստծուն, չնայած Նա անծանոթ է շատ մարդկանց։ Հրավիրեք ուսանողներին թերթիկի կամ քարտի վրա գրել Անծանոթ Աստծուն և թվարկել ուղիներ, որոնց միջոցով նրանք կարող են փնտրել և հարաբերություններ զարգացնել Աստծո հետ։ Խրախուսեք նրանց փակցնել այս թերթիկն այնպիսի մի տեղ, որ հիշեցնի իրենց նպատակների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 17․18 Էպիկուրյաններն ու ստոյիկյանները

«Աթենքում Պողոսը հանդիպեց էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաների (տես Գոր․ 17․18)։ Էպիկուրյանները կոչվում էին Էպիկուրի անունով (341–270թթ․ մ.թ.ա․)։ Համաձայն նրա փիլիսոփայության, երկրի գոյությունը պատահականություն էր և չուներ նպատակ կամ ձև։ Էպիկուրյանները հավատում էին, որ աստվածները, եթե նրանք գոյություն ունեն, չէին խառնվում մարդկանց կյանքին և որ երջանկություն կարելի է գտնել հոգսի և ցավի բացակայության դեպքում և հաճույքները չափավոր ձևով վայելելու մեջ։

Ստոյիցիզմը սկսվել է մի մարդու ուսմունքներից, ում անունը եղել է Զենո (333–264թթ․ մ.թ.ա․)։ Ստոյիկները համարում էին, որ բոլոր բաները ստեղծվել, պատվիրվել և սահմանվել էինաստվածային պատճառներով։ Ստոյիկները կարծում էին, որ մարդն օժտված է պատճառի կայծով և պետք է ներդաշնակություն փնտրի աստվածայինի հետ, հաղթահարի կրքերը և ապրի բարոյական ու արդար կյանքով» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 315–16, տես նաև Աստվածաշնչի բառարանը, «Էպիկուրյաններ», «Ստոյիկյաններ»

Գործք Առաքելոց 17․11 «Նրանք ընդունեցին խոսքը բոլոր հոժարությամբ»

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը սովորեցրել է.

«Որքան շատ ենք մենք մեր սրտերն ու մտքերը դեպի Աստված դարձնում, այնքան ավելի շատ երկնային լույս է իջնում մեր հոգիների վրա: Եվ ամեն անգամ, երբ մենք հոժարությամբ ու անկեղծությամբ փնտրում ենք այդ լույսը, մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր պատրաստակամությունը ավելի շատ լույս ստանալու համար: Աստիճանաբար, բաները, որոնք նախկինում աղոտ, խավար և հեռավոր էին թվում, դառնում են պարզ, լուսավոր և ծանոթ մեզ համար» («Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 22)։