Գրադարան
Դաս 91․ Գործք Առաքելոց 13–14


Դաս 91

Գործք Առաքելոց 13-14

Նախաբան

Պողոսը (նախկինում կոչվում էր Սողոս) ձեռնարկեց իր առաջին միսիոներական ճամփորդությունը Բառնաբասի հետ միասին։ Նրանք քարոզեցին ավետարանը և ստեղծեցին Եկեղեցու ճյուղեր՝ անկախ հալածանքներից։ Երբ հրեաները մերժեցին ընդունել Աստծո խոսքը, Պողոսը և Բառնաբասը կենտրոնացան հեթանոսների մեջ քարոզելու վրա։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 13․1–13

Պողոսը և Բառնաբասը ձեռնարկում են միսիոներական ճամփորդություն և հանդիմանում կեղծ մարգարեին

Նախքան դասը սկսելը, պատրաստեք երկու ցուցանակ, որոնցից մեկի վրա գրված է «Հակառակության բացակայություն» «Մշտական հակառակություն»։ Փակցրեք դրանք դասարանի հանդիպակաց պատերին։

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ցուցանակների միջև գտնվող հեռավորությունը ներկայացնում է հակառակության մեծությունը, որին հանդիպում է մարդը, երբ փորձում է ապրել ավետարանով։ Հրավիրեք ուսանողներին կանգնել ցուցանակների միջև այն վայրում, որն իրենց կարծիքով ներկայացնում է հակառակության մեծությունը, որին հանդիպել է Մովսեսը։ Մի քանի ուսանողների խնդրեք բացատրել, թե ինչու են ընտրել տվյալ վայրը։ Կրկնեք այս վարժությունը, խնդրելով ուսանողներին որոշել, թե որտեղ կկանգնեն, եթե ներկայացնեն Ջոզեֆ Սմիթին, իսկ այնուհետև` Նեփիին։ Մի քանի ուսանողների խնդրեք բացատրել իրենց ընտրություններից յուրաքանյուրը։ Հրավիրեք ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:

Հաստատեք այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ հակառակությունների կհանդիպի իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե որտեղ են իրենք իրենց տեսնում հակառակության մեծությունը ներկայացնող տարածքում, մինչ փորձել են ապրել ավետարանով։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 13-14 գլուխները, խրախուսեք նրանց փնտրել սկզբունքներ, որոնք կօգնեն առաջնորդել նրանց, երբ արդար ապրելու ջանքեր գործադրելիս կհանդիպեն հակառակության։

Ամփոփեք Գոր․ 13․1-6 հատվածները, բացատրելով, որ երբ որոշ մարգարեներ և ուսուցիչներ հավաքվեցին Անտիոքում՝ Սիրիա, Սուրբ Հոգուց հուշում ստացան, որ Սողոսը (հետագայում ճանաչվեց որպես Պողոս) և Բառնաբասը պետք է կանչվեն միասին քարոզելու ավետարանը։ Ձեռնադրվելուց հետո Սողոսը և Բառնաբասը Անտիոքից ճամփորդեցին դեպի Կիպրոս կղզին և քարոզեցին Սաղամինա քաղաքի ժողովարանում։ Այդտեղից նրանք ճամփորդեցին դեպի կղզու մյուս կողմը՝ Պափոս քաղաքը։ (Կարող եք հրավիրել ուսանողներին գտնել Անտիոքն ու Կիպրոսը Աստվածաշնչյան քարտեզներում, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»։)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 13.6-8 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Սողոսը և Բառնաբասը հասան Պափոս։

  • Համաձայն 7-րդ հատվածի, ո՞վ էր ցանկանում լսել ավետարանը Սողոսից ու Բառնաբասից: (Սերգիոս Պողոսին, ով հռոմեացի փոխանորդ բդեշխ էր։)

  • Ի՞նչ հակառակության հանդիպեցին միսիոներները՝ ավետարանը Սերգիոս Պողոսին ուսուցանելիս։

Բացատրեք, որ սկսած Գոր․ 13․9-ից, Սողոսին դիմում են Պողոս անունով։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 13.9-12 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպես Պողոսն արձագանքեց կեղծ մարգարե Եղիմասի հակառակությանը։

  • Պողոսն ի՞նչ ասաց Եղիմասի վերաբերյալ հատված 10-ում: (Բացատրեք, որ Պողոսը խիստ բառեր օգտագործեց, քանի որ Եղիմասը փորձում էր հեռու պահել մարդուն փրկություն ստանալուց։)

  • Համաձայն 11-րդ հատվածի, ի՞նչ արեց Պողոսը կեղծ մարգարեին Աստծո զորության միջոցով։

  • Համաձայն 12-րդ հատվածի, Աստծո զորությանն ականատես լինելն ինչպե՞ս ազդեց բդեշխի վրա։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից Աստծո զորության և դևի զորության մասին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Աստծո զորությունը շատ ավելի մեծ է, քան դևի զորությունը։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում, Գոր․ 13․9-12 հատվածների կողքին:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե կյանքում հակառակության հանդիպելիս ինչպես կարող է մեզ օգնել այն գիտելիքը, որ Աստծո զորությունը շատ ավելի մեծ է, քան դևինը։ Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Գործք Առաքելոց 13․14–43

Պողոսը պատմում է իսրայելացիների պատմությունը և վկայում, որ Հիսուս Քրիստոսը եկավ որպես Աստծո խոստումների իրականացում

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց գործած մի սխալի մասին, որը կցանկանային հետ դառնալ ու ջնջել։ Բացատրեք, որ երբեմն մենք հակառակության ենք հանդիպում մեր իսկ մեղսալի ընտրությունների արդյունքում։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 13․14-43 հատվածները, խրախուսեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց հաղթահարել այս հակառակությունը։

Ամփոփեք Գոր․ 13․14-37 հատվածները, բացատրելով, որ Պողոսն ու Բառնաբասը հեռացան Կիպրոսից և նավարկեցին դեպի Պամփյուլիա (ներկայիս Թուրքիա), որից հետո նրանց զուգընկերներից մեկը՝ Հովհաննես Մարկոսը, որոշեց թողնել նրանց և տուն վերադառնալ։ Պողոսն ու Բառնաբասը շարունակեցին մինչև Պիսիդիայի Անտիոքը (չշփոթել Սիրիայի Անտիոքի հետ, որտեղից նրանք սկսեցին իրենց միսիան)։ Շաբաթ օրը Պողոսը կանգնեց ժողովարանում մարդկանց առջև և պատմեց իսրայելացիների պատմության իրադարձություններից։ Ապա Պողոսը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Իսրայելի խոստացված Փրկիչի։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 13․26-34 հատվածները` փնտրելով, թե Պետրոսն ինչ ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։

  • Ի՞նչ էր Պողոսը ցանկանում, որ ժողովարանում գտնվողները հասկանային Հիսուս Քրիստոսի մասին:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 13.38-39 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ըստ Պողոսի ուսմունքների, ինչ օրհնություն մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։

  • Ի՞նչ օրհնություններ մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին․ Մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող ենք արդարացվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։)

Բացատրեք, որ արդարանալ բառը, ինչպես օգտագործված է 39-րդ հատվածում, նշանակում է «ազատվել [կամ ներվել] մեղքի համար տրվող պատժից և ճանաչվել անմեղ» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Արդարացում, արդարացնել», scriptures.lds.org)։ Երբ մարդն արդարացվում է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, նրա հարաբերություններն Աստծո հետ վերականգնվում են։

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ օգնում արդարացվել մեր մեղքերից։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ վարդապետությունը, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը․

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Հիսուսը տառապեց և զոհեց Իր կյանքը մեղքը քավելու համար։ Նրա Քավության զորությունը կարող է ջնջել մեր մեղքի ազդեցությունը մեր մեջ: Երբ մենք ապաշխարում ենք, Նրա քավիչ ողորմածությունը արդարացնում և մաքրագործում է մեզ (տես 3 Նեփի 27.16–20): Դա նման է նրան, որ մենք դիմադրություն ցույց տանք, անձնատուր չլինենք փորձությանը» (“That They May Be One in Us,” Ensign or Liahona, Nov. 2002, 71)։

  • Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր մեղքերը ներվեն և արդարացվենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։

  • Սուրբ գրություններից ի՞նչ օրինակներ կարող եք բերել, երբ մարդկանց մեղքերը ներվել են և արդարացվել են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ (Հնարավոր օրինակներ․ Պողոս, Ալմա Կրտսեր և Ենովս։)

Հրավիրեք ուսանողներին երգել «Ես մնում եմ զարմացած» օրհներգի առաջին երկու տողերը (Հիմներ, հ.193): Խրախուսեք նրանց երգելիս ուշադրություն դարձնել, թե ինչպես է օրհներգի հեղինակն արտահայտում իր երախտագիտությունը Փրկիչի Քավության և ներման համար։

Հրավիրեք ուսանողներին հետևյալ հարցերի պատասխանները գրել իրենց դասարանային նոթատետրերում, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ թերթիկի վրա։

  • Ի՞նչ զգացմունքներ եք ունենում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ մտածում եք այն մասին, թե ինչպես է Նրա Քավությունը հնարավոր դարձնում, որ ձեր մեղքերը ներվեն։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով: Խրախուսեք ուսանողներին հետևել ցանկացած ոգեշնչման, որը նրանք կարող են ստանալ Սուրբ Հոգուց՝ օգնելու նրանց ներում և արդարացում ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։

Ամփոփեք Գոր․ 13․40-43 հատվածները, բացատրելով, որ Պողոսի քարոզից հետո հեթանոսներից շատերը խնդրեցին Նրան կրկին ուսուցանել հաջորդ շաբաթ օրը։

Գոր․ 13․44–52

Պողոսը և Բառնաբասը խիզախաբար քարոզում են՝ անկախ ուժգնացող հալածանքներից

Բացատրեք, որ հաջորդ շաբաթ օրը գրեթե ողջ քաղաքը եկել էր լսելու Պողոսին և Բառնաբասին՝ Աստծո խոսքն ուսուցանելիս (տես Գոր․ 13․44

Ուսանողներին բաժանեք զույգերի և հանձնարարեք նրանց միասին կարդալ Գոր․ 13․44–52 հատվածները։ Յուրաքանչյուր զույգի ուսանողներից մեկին հանձնարարեք ուշադրություն դարձնել հրեաների վերաբերմունքի և գործողությունների վրա, իսկ մյուս ուսանողին՝ հեթանոսների վերաբերմունքի և գործողությունների վրա, մինչ մարդիկ հավաքվել էին լսելու Պողոսին և Բառնաբասին։ Խրախուսեք ուսանողներին նաև կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության 48-րդ հատվածի ծանոթագրություն ա․։ Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, յուրաքանչյուր զույգին խնդրեք համեմատել և հակադրել հրեաների և հեթանոսների վերաբերմունքն ու գործողությունները։

  • Ի՞նչ օրհնություններ տրվեցին նրանց, ովքեր կամեցան լսել Պողոսին և նրա զուգընկերներին։

Գործք Առաքելոց 14

Պողոսը և Բառնաբասը հրաշքներ են գործում՝ մինչ քարոզում են ավետարանը շարունակվող հալածանքի ընթացքում

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ինչո՞ւ է Տերը թույլ տալիս, որ լավ մարդիկ դժվարին փորձություններ կրեն:

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․14 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց գտնել այս հարցին պատասխանելու ուղիներից մեկը։

Բացատրեք, որ Գոր․ 14․1-21 հատվածները նկարագրում են որոշ փորձություններ, որոնք Պողոսն ու Բառնաբասը տարան, մինչ նրանք շարունակում էին քարոզել։ Ուսանողներից մի քանիսին հրավիրեք բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածները և խնդրեք դասարանին գտնել փորձությունները, որոնց հանդիպեցին միսիոներները։

  1. Գործք Առաքելոց 14․1–2 (Անհավատ հրեաները հեթանոսներին տրամադրում են Պողոսի և Բառնաբասի դեմ։)

  2. Գործք Առաքելոց 14․7–17 (Երբ Պողոսը բժշկում է հաշմանդամ մարդուն, Լյուստրայի մարդիկ կարծում են, թե Պողոսն ու Բառնաբասը հունական աստվածներ են և փորձում են զոհ մատուցել նրանց։)

  3. Գործք Առաքելոց 14․18–19 (Պողոսը քարկոծվում է, սակայն ողջ է մնում։)

  • Ի՞նչ փորձությունների միջով անցան Պողոսը և Բառնաբասը։

  • Եթե այս փորձությունների ընթացքում դուք լինեիք Պողոսի և Բառնաբասի հետ, ի՞նչ մտքեր կունենայիք։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 14․21 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Պողոսն ուսուցանում նեղությունների մասին:

  • Ի՞նչ սկզբունք է այս հատվածում ուսուցանում Պողոսը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք․ Մինչ մենք հավատարմորեն կանցնենք փորձությունների միջով, մենք կնախապատրաստվենք սելեստիալ արքայություն մտնելու համար:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է փորձություններին հավատարմորեն դիմանալը նախապատրաստել մեզ սելեստիալ թագավորության համար:

Խնդրեք ուսանողներին խորհել օրհնությունների մասին, որոնք տրվել են նրանց կամ իրենց ծանոթներին, մինչ նրանք հավատարմորեն անցել են փորձությունների միջով։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի: Կիսվեք ձեր անձնական փորձառություններով, որոնք կշարունակեն լուսաբանել այդ սկզբունքը և վկայեք դրա ճշմարտացիության վերաբերյալ:

Խրախուսեք ուսանողներին խորհել ճշմարտությունների մասին, որոնք գտել են Գոր․ 13 և 14 գլուխներում և ընտրել մեկը, որն ամենաշատը կօգնի նրանց փորձությունների ժամանակ։ Յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք մի բացիկ կամ թերթիկ և հրավիրեք ուսանողներին բացիկի վրա գրել իրենց ընտրած սկզբունքը։ Խրախուսեք ուսանողներին փակցնել այն մի այնպիսի տեղ, որ հաճախակի տեսնեն այն (հայելուն, իրենց դպրոցական դարակին և այլն), որպեսզի ուժ հաղորդի և քաջալերի փորձության հանդիպելիս։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 13․9 Սողոսը ճանաչվում է որպես Պողոս

«[Պողոս Առաքյալը] երիտասարդ տարիներին հայտնի էր որպես Սողոս․ նրա լատիներեն անունը՝ Պողոսը, առաջին անգամ նշվում է հեթանոսների մեջ ծառայելու ժամանակ (Գոր․ 13․9)» (Աստվածաշնչի բառարան, «Պողոս»

Գործք Առաքելոց 13․51 «Նորանք իրանց ոտների փոշին թօթափեցին նորանց վերայ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը ոտների փոշին թոթափելը հետևյալ կերպ է բացատրել․

«Ոտքերի փոշին թոթափելու արարողակարգային ձևը, որը վկայություն էր հանդիսանում որևէ մեկի դեմ, հրեաների կողմից ընդունվում է որպես խորհրդանիշ անդամության դադարեցման և հետևանքների բոլոր պատասխանատվություններից ազատվելու համար: Այն դարձավ մեղադրանքի և վկայության ծես՝ Իր առաքյալներին Տիրոջ տված հրահանգներին համաձայն, ինչպես նշված է [Մատթեոս 10․14]։ Այս տնտեսությունում Տերը նույն ձևով առաջնորդել է Իր լիազորված ծառաներին վկայել նրանց դեմ, ովքեր նպատակաուղղված և թշնամաբար ընդդիմանում են ճշմարտությանը, որը ներկայացվում է լիազորված ճանապարհով» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 345, տես նաև ՎևՈւ 24․15, 75․18–22, 84․92–96)։ Այնուամենայնիվ, ելնելով դրա էության լրջությունից, ոտքերի փոշին թոթափելու սովորույթը երբեք չպետք է կիրառվի առանց Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության։

Գործք Առաքելոց 14․21 «Շատ նեղութիւններով»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը հետևյալն է ուսուցանել նեղությունների մասին․

«Աշխարհում մեր ունեցած դժվարություններն ունեն իմաստ ու նպատակ։ … Մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի փորձառությունների միջով անցնի, որպեսզի դառնա մեր Փրկիչի նման։ Մահկանացու կյանքի դպրոցում ուսուցչի դերում հաճախ հանդես են գալիս ցավն ու նեղությունը, սակայն այդ դասերի նպատակն է կատարելագործել, օրհնել և ամրացնել մեզ, այլ ոչ թե կործանել» (“Faith through Tribulation Brings Peace and Joy,” Ensign or Liahona, May 2003, 17)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ․ Քուքը բացատրել է չարչարանքների նպատակը մահկանացու կյանքում.

«Կան տարբեր տեսակի դժվարություններ։ Մի քանիսը մեզ կարևոր փորձառություն են տալիս։ Այս մահկանացու կյանքում ոչ լավ ավարտը հավատի պակասի կամ մեր Երկնային Հոր ընդհանուր ծրագրի անկատարության արդյունք չեն։ Մաքրագործողի կրակն իրական է, և բնավորության գծերն ու արդարակեցությունը, որ կոփվում են չարչարանքի վառարանում, կատարելագործում և մաքրագործում են մեզ և պատրաստում Աստծուն հանդիպելուն» («Երգեր, որ նրանք չկարողացան երգել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 106)։