Դաս 54
Ղուկաս 16
Նախաբան
Փրկիչն ուսուցանեց անիրավ տնտեսի մասին առակը: Փարիսեցիները լսեցին Հիսուսի ուսմունքները և ծաղրում էին Նրան: Ապա Հիսուսը հանդիմանեց փարիսեցիներին և նրանց ուսուցանեց հարուստ մարդու և Ղազարոսի առակը:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 16.1-12
Փրկիչն ուսուցանում է անիրավ տնտեսի առակը
Դասարան բերեք առարկաներ, որոնք ներկայացնում են երկրային հարստություններ և իշխանություն, ինչպես օրինակ` փող, էլեկտրոնային սարք, դիպլոմ, խաղալիք ավտոմեքենա, մի տան նկար:
Դասը սկսեք` ուսանողներին հարցնելով․
-
Որո՞նք են այն մի քանի առարկաները, որոնք մարդիկ հաճախ անպայման փորձում են ձեռք բերել: (Եթե դուք համապատասխան իրերը դասարան եք բերել, ցուցադրեք դրանք ուսանողների նշած հերթականությամբ: Կամ հանձնարարեք որևէ ուսանողի նրանց պատասխանները գրել գրատախտակին։)
-
Որո՞նք են այն հարստությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք փնտրենք: (Հրավիրեք որևէ ուսանողի գրատախտակին թվարկել ուսանողների պատասխանները, որոնք կարող են ներառել հավերժական ընտանիքները, խաղաղությունը, ուրախությունը և սելեստիալ թագավորությունը: Ուսանողին խնդրեք գրատախտակին ցանկի վերևում գրել Հավերժական հարստություններ վերնագիրը:)
Շեշտեք, որ մենք կարող ենք վայելել այս հավերժական օրհնություններից մի քանիսն այս կյանքում: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ո՞ր հավերժական հարստություններն են հատկապես կարևոր նրանց համար: Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 16 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտությունները, որոնք կարող են օգնել նրանց ձեռք բերել հավերժական հարստություններ:
Բացատրեք, որ մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու մասին առակներն ուսուցանելուց հետո Փրկիչն ուսուցանեց անիրավ տնտեսի առակը: Կարող եք բացատրել, որ տնտեսը մի մարդ է, ով կառավարում է մեկ այլ մարդու բիզնեսը, փողը կամ սեփականությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՂուկաս 16.1–2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով, թե ի՞նչ իմացավ հարուստ մարդն իր տնտեսի մասին։
-
Տնտեսն ի՞նչ էր անում հարուստ մարդու ունեցվածքի հետ:
-
Ո՞րն էր տնտեսի շռայլության հետևանքը։ (Նա կկորցներ իր աշխատանքը:)
Ամփոփեք Ղուկասի 16.3-7 հատվածը` բացատրելով, որ տնտեսն անհանգստանում էր, որ կկորցնի իր աշխատանքը, որովհետև նա գիտակցում էր, որ չի կարողանալու կատարել ֆիզիկական աշխատանք և շատ էր ամաչում մուրալ: Նա մի ծրագիր մշակեց, որն, ըստ նրա, կարող էր իրեն աշխատանքով ապահովել այլ տներում: Նա այցելեց հարուստ մարդու երկու պարտապաններին և նշանակալիորեն զեղջեց նրանց պարտքերը, որով, ըստ նրա, կվաստակեր նրանց բարեհաճությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 16.8 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել`ուշադրություն դարձնելով, թե ինչպիսին էր հարուստ մարդու արձագանքը, երբ նա իմացավ իր տնտեսի գործերի մասին։ Բացատրեք, որ «աշխարհքի որդիները» ունեն աշխարհիկ հայացքներ, իսկ «լույսի որդիները» Աստծո հետևորդներն են կամ հոգևոր մարդիկ:
-
Ինչպե՞ս արձագանքեց հարուստ մարդը, երբ իմացավ իր տնտեսի գործերի մասին։ Ի՞նչը գովեց հարուստ մարդը: (Հարուստ մարդը գովեց տնտեսի ճարպկությունը` հարուստ մարդու պարտատերերի բարեհաճությունը շահելու համար: Նա չէր գովաբանում տնտեսի անազնվությունը:)
Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջեյմս Ի. Թալմիջի հետևյալ խոսքերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ խոսքերը: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ էր ուսուցանում անիրավ տնտեսի առակի միջոցով:
«Մեր Տիրոջ նպատակն էր ցույց տալ հակադրությունը երկու տիպի մարդկանց միջև. առաջինը այն աչալուրջ, խորամիտ և նվիրված մարդիկ էին, ովքեր զբաղված են շահույթ ստանալու աշխարհիկ գործերով, իսկ երկրորդը այն մարդիկ էին, ովքեր իրենց անվճռական գործելակերպով բացահայտ ձգտում էին հոգևոր հարստությունների: …
Դաս քաղեք նույնիսկ անազնիվներից ու չարերից. եթե նրանք այդքան շրջահայաց են, որպեսզի ապահովեն միակ ապագան, որը իրենք են մտածել, ապա որքան ավելի շատ կարող եք դուք, որ հավատում եք հավերժական ապագային. հետևաբար ապահովեք: Մրցեք անիրավ տնտեսի և մամոնայի երկրպագուների հետ ոչ թե նրանց անազնվությամբ, ընչաքաղցությամբ [եսասեր ագահությամբ] և ժլատորեն հարստություն դիզելով, որը լավագույն դեպքում ոչ այլ ինչ է, քան անցողիկ [ժամանակավոր], այլ ապագայի նկատմամբ նրանց ունեցած մեծ եռանդով, հեռատեսությամբ և նախապատրաստությամբ» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 463, 464):
-
Փրկիչն ի՞նչ էր ցանկանում, որ Իր աշակերտները սովորեն աշխարհիկ հայացքների տեր մարդկանցից:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք իմաստությամբ պատրաստվենք մեր հավերժական կյանքին…
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 16․10-12 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե ըստ Տիրոջ մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով։ Բացատրեք, որ մամոնա բառը վերաբերում է երկրային հարստություններին` ներառյալ փողը, ունեցվածքը և դրա հետ զուգորդվող մնացած բաները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քիչ բանի մեջ հավատարիմ» (հատված 10): Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. և արդարությամբ օգտագործել երկրային հարստությունները…)
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված հավերժական հարստությունների վրա:
-
Ինչո՞ւ են սրանք «ճշմարիտ հարստություններ» (հատված 11)։
Ուսանողներին խնդրեք ավարտել գրատախտակի նախադասությունը, որպեսզի այն արտահայտի սկզբունքն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ձեռք բերել հավերժական հարստություններ: (Ուսանողները պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք իմաստուն կերպով պատրաստվենք մեր հավերժական ապագային և արդարությամբ օգտագործենք երկրային հարստությունները, մենք կարող ենք օրհնվել հավերժական հարստություններով:)
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար լինում իմաստությամբ ու ջանասիրաբար պատրաստվել մեր հավերժական կյանքին:
-
Մենք ինչպե՞ս կարող ենք երկրային հարստություններն արդարությամբ օգտագործել:
-
Մեր կողմից երկրային հարստությունների արդար օգտագործումն ինչպե՞ս է արտացոլում երկնային հարստություններին վստահված լինելու մեր արժանավորությունը:
Ղուկաս16.13-31
Հիսուսը հանդիմանում է 3արիսեցիներին և ուսուցանում է հարուստ մարդու և Ղազարոսի առակը
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին տրված ցուցակին (կամ, եթե դուք բերել եք, այն առարկաների վրա, որոնք ներկայացնում են աշխարիկ հարստություններ) և խնդրեք նրանց խորհել, թե երկրային հարստությունների հանդեպ տենչանքը ինչպես կարող է խոչընդոտել, որպեսզի մենք ստանանք հավերժական հարստությունները: Ուսանողներին հրավիրեք գտնել մի պատասխան այս հարցին Ղուկաս 16.13-26 հատվածների ուսումնասիրության ժամանակ։
Ամփոփեք Ղուկասի 16.13-14` բացատրելով, որ Տերն ուսուցանեց, որ մենք չենք «կարող [և] Աստծուն ծառայել և մամոնային» (հատված 13)։ Փարիսեցիները լսում էին Տիրոջ ուսմունքները և «ծիծաղում էին» (հատված 14) կամ ծաղրում էին Նրան: Ուսանողներին խնդրեք Ղուկաս 16.14 հատվածում փնտրել բառեր, որոնք նկարագրում են փարիսեցիներին և առաջարկում ևս մի բացատրություն այն բանի, թե նրանք ինչո՞ւ էին ծաղրում Փրկիչին Իր ուսմունքների համար:
-
Ըստ փարիսեցիների մասին ձեր սովորածի, ի՞նչ էին նրանք ցանկանում: (Աշխարհիկ հարստություն և իշխանություն [տես Մատթեոս 23.2–6, 14]:)
-
Ձեր կարծիքով, փարիսեցիների ընչաքաղցությունն ինչո՞ւ հանգեցրեց այն բանին, որ նրանք ծաղրեն Փրկիչին:
Բացատրեք, որ Ղուկաս 16.16-23-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը (Աստվածաշնչի հավելվածում) լրացուցիչ գաղափար է տալիս փարիսեցիների և Փրկիչի միջև փոխանակման մասին: Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ այս թարգմանության հետևյալ ամփոփումը․
Փարիսեցիները պնդում էին, որ Մովսեսի օրենքը և այլ մարգարեական սուրբ գրությունները (Հին Կտակարանը) ծառայում էին իրենց որպես օրենք և հետևաբար, նրանք մերժում էին Հիսուսին որպես իրենց դատավոր: Հիսուսը բացատրեց, որ Մովսեսի օրենքը և մարգարեները վկայել էին Իր մասին: Նա կասկածի տակ դրեց փարիսեցիներին, քանի որ վերջիններս ժխտում էին այն, ինչ գրված էր եղել և հանդիմանեց նրանց «ճիշտ ճանապարհը խեղաթյուրելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 16․21): Որպեսզի օգներ փարիսեցիներին, ում սրտերը կենտրոնացել էին աշխարհիկ հարստությունների ու իշխանության վրա, որպեսզի հասկանար նրանց վարքագիծն ու դրա հետևանքները, Փրկիչը նմանեցրեց նրանց Ղուկասի 16.19-31 հատվածներում բերված առակի հարուստ մարդու հետ:
Հրավիրեք երեք կամավորների` մասնակցել ընթերցողի թատրոնին: Առաջին կամավորին հանձնարարեք կարդալ Փրկիչի բառերը (Ղուկաս 16.19–23), երկրորդին` հարուստ մարդու բառերը (Ղուկաս 16.24, 27, 28, 30), իսկ երրորդ կամավորին` կարդալ Աբրահամի բառերը (Ղուկաս 16.25, 26, 29, 31): Հրահանգեք այս ուսանողներին բարձրաձայն կարդալ Ղուկասի 16.19-26 հատվածների իրենց մասը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ փորձառություն ունեցան Ղազարոս անունով աղքատ մարդը և հարուստ մարդը մահկանացու կյանքում:
-
Ինչո՞վ էր տարբերվում հարուստ մարդու և Ղազարոսի մահկանացու կյանքը:
-
Ինչո՞վ էր տարբերվում նրանց ետմահկանացու կյանքը: (Կարող եք բացատրել, որ «Աբրահամի գոգը» [հատված 22] ներկայացնում է դրախտը հոգևոր աշխարհում, իսկ «դժոխք» բառը [հատված 23] վերաբերում է հոգևոր բանտին [տես Աստվածաշնչի բառարան, «Աբրահամի գոգը»,«Դժոխք»]:)
-
Առակում հարուստ մարդն ինչո՞ւ թերացավ արդարաբար օգտագործել իր երկրային հարստությունները։
Հիշեցրեք ուսանողներին, որ հարուստ մարդն այս առակում ներկայացնում է Փարիսեցիներին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս առակից այն մասին, թե ի՞նչ կպատահի, եթե մենք ագահ ենք և արդարությամբ չենք օգտագործում մեր երկրային հարստությունները։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք ագահ ենք ու արդարությամբ չենք օգտագործում մեր երկրային հարստությունները, մենք, ի վերջո կկրենք տանջանքներ ու կզգանք ափսոսանք [տես նաև ՎևՈւ 104:18]:)
Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք գտնել ևս մի լրացուցիչ ճշմարտություն այս առակից, հրավիրեք նրանց մտածել մեկի մասին, ով ընտրում է չհնազանդվել Փրկիչի ուսմունքներին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է համոզել այդ մարդուն ապաշխարել և փոխել իր ապրելակերպը:
Հրավիրեք հանձնարարված ուսանողներին բարձրաձայն կարդալ Ղուկասի 16․27-31 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով հարուստ մարդու խնդրանքը:
-
Ի՞նչ էր մարդն ուզում, որ արվեր իր հինգ եղբայրների համար: Ինչո՞ւ:
-
Հարուստ մարդու կարծիքով ի՞նչ կպատահեր, եթե Ղազարոսը հայտնվեր հարուստ մարդու եղբայրներին:
Բացատրեք, որ հարուստը հավատում էր, որ իր եղբայրները կապաշխարեն և դարձի կգան դեպի ճշմարտությունը, եթե Ղազարոսը հայտնվեր նրանց: Դարձի գալ նշանակում է «փոխել հավատքը, սիրտը և կյանքը` ընդունելու և համաձայնելու Աստծո կամքին» (Սուրբ գրությունների ուղեցույց, “Դարձ, Նորադարձ,” scriptures.lds.org)։
-
Ըստ այս առակի, ինչո՞ւ Աբրահամը Ղազարոսին չուղարկեց հարուստ մարդու եղբայրների մոտ:
Նշեք, որ հիշատակելով «Մովսեսին և մարգարեներին» (Ղուկաս 16.29, 31), Փրկիչը նորից վկայակոչում էր, որ սուրբ գրությունները փարիսեցիները իրականում մերժում էին, սակայն պնդում էին, որ հավատում էին և դրանցով ապրում: Բացատրեք, որ Ղազարոս անունով իրական մարդը ավելի ուշ դարձավ «մեկը, [ով] մեռելներից հարություն առավ» (հատված 31), երբ Փրկիչը նրան կենդանացրեց (տես Հովհաննես 11): Ավելի ուշ Հիսուսը դարձավ այն Մեկը, ով բարձրացավ մեռելներից, երբ Նա հարություն առավ: Սակայն երկու օրինակներում էլ փարիսեցիներն ու մյուսները մերժեցին Փրկիչի աստվածայնության վկայությունը և չհամոզվեցին, որ ապաշխարեն:
-
Դարձի գալու մասին մենք ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն բանից, ինչ Աբրահամը ուսուցանեց հարուստ մարդուն այս առակում: (Ուսանողները կարող են զանազան ճշմարտություններ գտնել, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ ճշմարտությունը. Դարձը սկսվում է մարգարեների խոսքերին հավատալու և դրանց ականջ դնելու միջոցով, այլ ոչ թե հրաշքներին ականատես լինելով կամ հրեշտակներ տեսնելով:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ դարձը տեղի է ունենում մարգարեների խոսքերին հավատալու և դրանց ականջ դնելու միջոցով, այլ ոչ թե հրաշքներին ականատես լինելով կամ հրեշտակներ տեսնելով:
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց` հավատալ և ականջալուր լինել մարգարեների խոսքերին:
-
Մարգարեների ո՞ր հատուկ ուսմունքներն են ներգործել ձեր դարձի գալուն:
Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այն եղանակները, որոնց միջոցով նրանք կարող են ավելի շատ հավատալ կամ ականջ դնել մարգարեների խորհրդին կամ հատուկ ուսմունքներին` դրա շնորհիվ ուժեղացնելով իրենց դարձը։ Խրախուսեք ուսանողներին` կիրառել այն, ինչ գրեցին: