Գրադարան
Դաս 97. Գործք Առաքելոց 23–26


Դաս 97

Գործք Առաքելոց 23-26

Նախաբան

Հրեա ղեկավարները հարցաքննում են Պողոսին և մի խումբ հրեաներ դավ են նյութում նրան սպանելու համար։ Պողոսին տանում են Կեսարիա, որտեղ նա մի քանի հռոմեացի ղեկավարների առջև ինքն իրեն պաշտպանում է կեղծ մեղադրանքներից։ Նա պատմում է իր դարձի գալու պատմությունը և վկայում Հիսուս Քրիստոսի մասին։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 23–25

Պողոսին հալածում են, դատում են և բանտ նետում

Դասից առաջ թերթիկի վրա գրեք հետևյալը. Աստծո պատվիրանները և օրհնությունները։ Օգտագործեք ժապավեն կամ լար, որպեսզի առանձնացնեք դասարանի որևէ հատվածը և թերթիկը դրեք հատակի այդ հատվածում։ Երբ դասը սկսվի, ուսանողներից մեկին հրավիրեք կանգնել այն տարածքում, որը ներկայացնում է Աստծո պատվիրանները և օրհնությունները։

  • Երբ մենք մոտենում ենք Աստծուն, Նրա պատվիրաններին և ուսմունքներին հետևելով, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ։

Ուսանողին հրավիրեք դուրս գալ այն տարածքից, որը ներկայացնում է Աստծո պատվիրանները և օրհնությունները։

  • Որո՞նք են այն աշխարհիկ ազդեցությունները, որ կարող են գայթակղել մարդուն` երես դարձնել Աստծո պատվիրաններից և ուսմունքներից և այլևս չապրել դրանց համաձայն։

  • Ի՞նչ կարող է պատահել, երբ մարդիկ հեռանում են Աստծուց։

Շնորհակալություն հայտնեք ուսանողին և հրավիրեք զբաղեցնել իր տեղը։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ո՞ր ուղղությամբ են ներկայումս նայում և որքանո՞վ են մոտիկ կամ հեռու զգում Երկնային Հորից։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 23-26 գլուխները, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց, երբ զգան, որ հեռացել են Աստծուց և Նրա օրհնություններից։

Հիշեցրեք ուսանողներին, որ Երուսաղեմի տաճարի մոտ Պողոսը ձերբակալվեց և բերվեց հրեա ղեկավարների մոտ (տես Գոր․ 21․30–33, 22․23–30)։ Ամփոփեք Գոր․ 23․1-10 հատվածները, բացատրելով, որ Պողոսը հարցաքննվեց հրեա ղեկավարների կողմից և ձերբակալվեց։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 23․11 հատվածը։ Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ, մինչ Պողոսը բանտում էր։ Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:

  • Բանտում Տերն ի՞նչ ասաց Պողոսին:

Հիշեցրեք ուսանողներին Գոր․ 18․9–10 հատվածներում տրված խոստումի մասին, որ Տերը կլիներ Պողոսի հետ և կպաշտպաներ նրան, եթե նա կատարեր Տիրոջ գործը։ Հրավիրեք ուսանողներին նշել «Տերը կանգնեց նորա մօտ» արտահայտությունը և գրել Գոր․ 18․9–10-ը որպես հղում հատված 11-ի կողքի լուսանցքում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ ամփոփումը.

Գոր․ 23․12–25․27 հատվածներում մենք սովորում ենք, որ հռոմեացի մի հազարապետ, ով ձերբակալել էր Պողոսին, ուղարկեց նրան Կեսարիա, որպեսզի թույլ չտար հրեաների խմբին սպանել նրան։ Պողոսը հայտարարում է իր անմեղությունը հռոմեացի կուսակալ Ֆելիքսի առջև։ Չնայած Ֆելիքսը համոզված էր, որ Պողոսն անմեղ է, սակայն երկու տարի շարունակ նրան պահում էր տնային կալանքի տակ։ Փեստոսը փոխարինեց Ֆելիքսին որպես Հրեաստանի հռոմեացի կուսակալ։ Հերովդես Ագրիպպաս թագավորը, ով թագավորում էր Գալիլեայի ծովի հյուսիս-արևելյան տարածքում, այցելեց Փեստոսին և ցանկացավ լսել Պողոսի գործը։ Պողոսը բերվեց Ագրիպպաս թագավորի առջև։

Գործք Առաքելոց 26

Ագրիպպաս թագավորի առջև Պողոսը պատմում է իր դարձի գալու պատմությունը և վկայում Հիսուս Քրիստոսի մասին

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 26․4-11: Դասարանին հրավիրեք հետևել, փնտրելով, թե Պողոսն ինչպես նկարագրեց իր անցյալը Ագրիպպաս թագավորին։

  • Պողոսն ինչպե՞ս նկարագրեց իր անցյալը Ագրիպպաս թագավորին։

Բացատրեք, որ Պողոսն այնուհետև պատմում է իր տեսիլքը, երբ տեսնում է Փրկիչին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 26.16-18 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ առաքելություն տվեց Պողոսին Դամասկոս տանող ճանապարհին։

  • Տերը Պողոսին ի՞նչ առաքելություն տվեց։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն արտահայտությունները, որոնք նկարագրում են առաքելությունը, որը Տերը տվեց Պողոսին։)

Բացատրեք, որ այս համատեքստում ժառանգություն (հատված 18) բառը վերաբերում է Աստծո սելեստիալ թագավորություն մտնելուն։

  • Ի՞նչը կարող է օգնել մարդուն ետ դառնալ խավարից և սատանայի ազդեցությունից և շրջվել դեպի լույսը և Աստծո պատվիրաններն ու օրհնությունները։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 26.19-23 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ էր ուսուցանել հրեաներին և հեթանոսներին անել 18-րդ հատվածում նշված օրհնությունները ստանալու համար։ Դուք կարող եք բացատրել, որ «ապաշխարութեան արժանի գործեր գործելով» արտահայտությունը 20-րդ հատվածում միգուցե նշանակում է արդար ապրելը, որպեսզի ցույց տաք, որ դուք իսկապես ապաշխարել եք։

  • Համաձայն 20-րդ հատվածի, Պողոսն ի՞նչ էր ուսուցանել հրեաներին և հեթանոսներին անել։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Երբ մենք ապաշխարում ենք և դառնում դեպի Աստված …

  • Հիմնվելով 18-րդ հատվածում մեր սովորածի վրա, ինչպե՞ս կավարտեք գրատախտակին գրված նախադասությունը: (Ամփոփեք ուսանողների պատասխանները՝ ավարտելով գրատախտակին գրված նախադասությունը հետևյալ կերպ․ Երբ մենք ապաշխարում ենք և դառնում դեպի Աստված, մենք կարող ենք հաղթահարել սատանայի զորությունը մեր կյանքում, ներում ստանալ մեր մեղքերին և արժանի գտնվել սելեստիալ արքայությանը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը (խորհեք ուսանողներին հայտարարության մեկական օրինակ բաժանելու մասին)․

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Երբ մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ մենք ապաշխարում ենք, մենք կրկին շրջվում ենք դեպի Աստված։

Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված վերադառնալու սիրալիր կոչ [տես Հելաման 7․17]։ Այն նշան է սիրող Հորից և Նրա Միածին Որդուց՝ լինելու ավելին, քան կանք, հասնելու կյանքի ավելի մեծ բարձունքների, փոխվելու և զգալու պատվիրանները պահելու երջանկությունը» («Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 40)։

  • Ըստ Երեց Անդերսենի, մենք ինչի՞ կարող ենք հասնել, եթե ապաշխարենք և ետ դառնանք դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։

Մինչ ուսանողները կշարունակեն ուսումնասիրել Գոր․ 26 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել, թե ինչն էր Փեստոսին ու Ագրիպպաս թագավորին հետ պահում, որպեսզի ապաշխարեին, դառնային դեպի Աստված և դարձի գային դեպի Հիսուս Քրիստոսը։ Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար …

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք ուսանողներին իրենց զույգի հետ կարդալ Գոր․ 26.24-28 հատվածները: Խնդրեք նրանց ներկայացնել և համեմատել այն եղանակները, որոնցով Փեստոսը և Ագրիպպաս թագավորն արձագանքեցին Պողոսի ուսմունքներին և Փրկիչի վերաբերյալ վկայությանը։ Մինչ ուսանողները կարդում և քննարկում են իրենց զուգընկերների հետ, հետևյալ աղյուսակը գրեք գրատախտակին (մի ներառեք յուրաքանչյուր վերնագրի տակ գրված նախադասությունները)։

Արձագանքներ Պողոսի ուսմունքներին

Փեստոս

Ագրիպպաս թագավոր

Մեծ ձայնով ասաց

Ասաց, որ Պողոսը գժվում էր

Մեղադրեց Պողոսին մոլորությունների մեջ

Գրեթե համոզվեց քրիստոնյա դառնալ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և գրել իրենց գտած նյութը (պատասխանները պետք է լինեն վերևում տրված աղյուսակի արտահայտությունների նման)։

  • Փեստոսի արձագանքից ելնելով, ի՞նչ կարող ենք ասել Պողոսի ուսմունքների վերաբերյալ նրա կարծիքի մասին։ (Անհավատ բառն ավելացրեք ուսանողների պատասխաններին «Փեստոս» վերնագրի տակ։)

  • Համաձայն 27-րդ հատվածի, Պողոսն ի՞նչ գիտեր Ագրիպպաս թագավորի մասին։ (Հավատաց մարգարեներին արտահայտությունն ավելացրեք «Ագրիպպաս թագավոր» վերնագրի տակ։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսին տրված Ագրիպպասի պատասխանից քրիստոնյա լինելու Ագրիպպասի պարտավորվածության մասին (տես հատված 28)։ (Հոժար չէ ամբողջությամբ նվիրվել արտահայտությունն ավելացրեք «Ագրիպպաս թագավոր» վերնագրի տակ։)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 26.29 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչպես արձագանքեց Ագրիպպաս թագավորի խոսքերին, որոնց համաձայն նա գրեթե համոզվել էր դառնալ քրիստոնյա։

  • Պողոսն ի՞նչ էր ցանկանում թագավորի և բոլոր նրանց համար, ովքեր լսեցին իր ուսմունքները։

  • Ձեր կարծիքով, ի՞նչը խոչընդոտեց, որպեսզի Փեստոսը դարձի գար դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչը խոչընդոտեց Ագրիպպաս թագավորի դարձի գալուն։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փեստոսից և Ագրիպպաս թագավորից այն մասին, թե ինչ պետք է անենք դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Որպեսզի դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք պետք է ընտրենք ավետարանին հավատալը և ամբողջությամբ պարտավորվենք ապրել ավետարանով։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքները, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ բացատրությունը.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Երկու մանկահասակ եղբայրներ կանգնած էին մի փոքր զառիթափի վերևում, որը նայում էր կապուտակ լճի մաքուր ջրերին: Սա ջրասուզակության հայտնի վայր էր, և եղբայրները հաճախ էին խոսում ցատկ կատարելու վերաբերյալ. մի բան, որ նրանք տեսել էին ուրիշներին անելիս:

Չնայած նրանք երկուսն էլ ցանկանում էին ցատկել, նրանցից ոչ մեկը չէր ուզում լինել առաջինը: Զառիթափի բարձրությունը այդքան էլ մեծ չէր, բայց երկու մանկահասակ տղաներին թվում էր, թե տարածությունը մեծանում էր, հենց որ նրանք սկսում էին առաջանալ, և նրանց համարձակությունն արագ անհետանում էր:

Ի վերջո, եղբայրներից մեկը մի ոտքը դրեց զառիթափի ծայրին և վճռական առաջ շարժվեց: Այդ պահին նրա եղբայրը շշնջաց. «Միգուցե մենք պետք է սպասենք մինչև մյուս ամառ»:

Սակայն առաջին եղբոր շարժման արագությունը նրան արդեն առաջ էր մղում: «Եղբայր,- պատասխանեց նա,- Ես պարտավոր եմ»:

Նա չլմփաց ջրի մեջ և արագորեն ջրի երես դուրս եկավ հաղթական աղաղակով։ Երկրորդ եղբայրն անհապաղ հետևեց նրան: Դրանից հետո նրանք երկուսն էլ ծիծաղում էին առաջինը ցատկ կատարած եղբոր վերջինբառերի վրա, որոնք նա ասաց ջրի մեջ նետվելուց առաջ` «Եղբայր, ես պարտավոր եմ»:

Պարտավորությունը մի փոքր նման է ջրի մեջ սուզվելուն: Կամ դուք պարտավորվում եք, կամ էլ` ոչ: Կամ դուք առաջ եք գնում, կամ դուք մնում եք նույն տեղում: Չկա կես ճանապարհ: …

Նրանք, ովքեր մասամբ են նվիրված, կարող են ակնկալել միայն մասամբ ստանալ վկայության, երջանկության և խաղաղության օրհնությունները: Երկնքի պատուհանները կարող են միայն մասամբ բացվել նրանց համար: …

Ինչ-որ կերպ մեզանից յուրաքանչյուրը կանգնած է որոշման առջև` նայելով ջրին: Ես աղոթում եմ, որ մենք հավատ ունենանք, առաջ շարժվենք, քաջաբար նայենք մեր վախերին ու կասկածներին և ասենք ինքներս մեզ. «Ես պարտավոր եմ»: («Եղբայր, ես պարտավոր եմ», Ensign, հուլիս 2011, 4, 5)։

  • Ինչո՞վ է պարտավորությունը նման ջրի մեջ սուզվելուն:

  • Համաձայն Նախագահ Ուխդորֆի, ինչո՞ւ է կարևոր ավետարանով ապրելիս ամբողջությամբ, այլ ոչ թե մասամբ նվիրված լինել։

  • Ավետարանի պատվիրանի կամ սկզբունքի համաձայն ապրելու պարտավորությունն ինչպե՞ս է օգնել ավելի հաստատուն դարձնել ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը։ (Խորհեք անձնական փորձառությամբ կիսվելու մասին։)

Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել մի քանի պատվիրաններ կամ ավետարանի սկզբունքներ, որոնց նրանք իրենց կյանքում ամբողջությամբ նվիրված են։ Խնդրեք նրանց խորհել ավետարանի այն սկզբունքների մասին, որ զգում են, «թէ քիչ», այլ ոչ «թէ շատ» (Գոր․ 26․29) են նվիրված իրենց կայքում։ Հրավիրեք ուսանողներին գրել մի նպատակ, որի միջոցով կարող են մեծացնել իրենց հասկացողությունը կամ նվիրվածությունն այդ սկզբունքներից մեկի հանդեպ։ Քաջալերեք ուսանողներին աղոթել օգնության համար, մինչ կփորձեն դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը, ավետարանին ավելի լիարժեք նվիրված լինելով։

Ամփոփեք Գոր․ 26․30–32 հատվածները, բացատրելով, որ Փեստոսը և Ագրիպպաս թագավորը Պողոսին անմեղ ճանաչեցին և պատրաստ էին ազատել նրան, բայց քանի որ Պողոսը բողոք էր ներկայացրել Կեսարին, նրանք ստիպված էին ուղարկել նրան Հռոմ։

Դասն ավարտեք՝ ձեր վկայությունը բերելով Գոր․ 23-26 գլուխներում ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 25․13 Ո՞վ էր Հերովդես Ագրիպպասը։

Նոր Կտակարանում նշված հերովդեսյան ընտանիքի մի շարք անդամների մասին օգտակար տեղեկություններ իմանալու համար օգտվեք Աստվածաշնչի բառարանի «Հերովդես» թեմային կից աղյուսակից։

«Հերովդես Ագրիպպաս Բ-ն (նաև կոչվել է Մարկոս Հուլիոս Ագրիպպաս) եղել է հրեաների հերովդեսյան դինաստիայի յոթերորդ և վերջին թագավորը։ Նա թագավորել է Գալիլեայի ծովի հյուսիս-արևելյան տարածքներում մոտ մ․թ․ 55-93 թվականներին։ Նա Հերովդես Ագրիպպաս Ա-ի որդին էր, ում հրամանով Հակոբոսին սպանեցին, իսկ Պետրոսին բանտարկեցին (տես Գոր․ 12․1–4), Հերովդես Անտիպասի թոռը, ով գլխատեց Հովհաննես Մկրտիչին (տես Մատթեոս 14․1–12) և Հերովդես Մեծի ծոռը, ում հրամանով կոտորեցին Բեթլեհեմի մանուկներին (տես Մատթեոս 2․16

Ագրիպպասի թագավորությունը գտնվում էր Փեստոսի տարածքի հյուսիսում։ Ագրիպպասը և նրա քույր Բերինիկեն … Կեսարիայում այցելեցին Փեստոսին, մինչ Պողոսն այնտեղ բանտարկված էր։ Քանի որ Ագրիպպասը հրեա էր և այդ պատճառով ավելի տեղյակ հրեական հարցերին, քան Փեստոսը, ով հռոմեացի էր, Փեստոսը հուսով էր, որ Ագրիպպասը կարող էր օգնել իրեն հասկանալ Պողոսի դեմ մեղադրանքները և նաև կօգներ նամակ գրել Կեսարին (տես Գոր․ 25․24–27, 26․3)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 326

Գործք Առաքելոց 26․24 «Գժվում ես, Պողոս, շատ կարդացողութիւններդ մոլորեցնում են քեզ»

Ջոզեֆ Սմիթ մարգարեն Առաջին Տեսիլքից հետո ունեցած իր հալածանքները համեմատել է Պողոս Առաքյալի փորձառությունների հետ (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․24–25)։ Թե Պողոսը, թե Ջոզեֆ Սմիթը տեսան Փրկիչին և լսեցին Նրա ձայնը։ Երկուսն էլ վկայեցին, որ տեսիլք էին տեսել։ Արդյունքում երկուսն էլ հալածվեցին և նախատվեցին, սակայն հավատարիմ մնացին Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց վկայությանը։ Բացի այդ, Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի բազմաթիվ հաշվետվություններ կան, ճիշտ ինչպես առկա են Պողոս Առաքյալի հաշվետվությունները Փրկիչի վերաբերյալ նրա տեսիլքի մասին (տես Գոր․ 9․3–9, Գոր․ 22․6–11, Գոր․ 26․13-18)։ Անկախ մանրամասների չնչին տարբերություններից, նրանց բազմաթիվ հաշվետվություններում առկա է նույն առանցքային ճշմարտությունը, որ նրանցից յուրաքանչյուրը տեսել և խոսել է Հիսուս Քրիստոսի հետ։

Գործք Առաքելոց 26․28 «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ»

Յոթանասունի անդամ ծառայելու ընթացքում Երեց Բրյուս Ք․ Հաֆենն ուսուցանել է․

«Եթե մենք պիտի տանք մեր ողջ ունեցածը, ապա գրեթե ամեն բան տալը բավական չէ։ Եթե մենք պահում ենք գրեթե բոլոր պատվիրանները, ապա ստանում ենք գրեթե բոլոր օրհնությունները» (“The Atonement: All for All,” Ensign or Liahona, May 2004, 98)։

Նախագահ Հարոլդ Բ․ Լին Ագրիպպաս թագավորի խոսքերով դիմել է Եկեղեցու անդամներին, ովքեր փորձում են խուսափել պատվիրանները պահելուց․

«Մի լավ եպիսկոպոս հետաքրքիր մեկնաբանեց իր այսպես կոչված ամենատխուր բառերը, որոնք նա գիտի, որ արտասանել է պաշտոնյա անձը։ Նա կարդաց Պողոս Առաքյալի օրերում հնչած խոսքերը, երբ Պողոսը Ագրիպպաս թագավորի մոտ բերել էր իր զորեղ վկայությունը իր դարձի մասին։ Ագրիպպաս թագավորի պատասխանն էր՝ «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ»։ (Գոր․ 26․28։) Ապա եպիսկոպոսն ասաց․ «Թագավորը գիտեր ճշմարտությունը, սակայն նա չուներ բավականաչափ խիզախություն` անելու այն, ինչ կպահանջվեր …»։

Ապա [եպիսկոպոսը] կարճ, սակայն զորեղ իր քարոզում բնութագրեց որոշ բաներ, որոնք նա նկատել էր իր ծխում։ «Ի պատասխան Վարդապետի «Եկ,… հետևիր ինձ» (Մարկոս 10․21) հրավերին որոշ անդամներ գրեթե,- ասաց նա,- բայց ոչ ակնհայտ ձևով ասում են․ «Քիչ է մնում ինձ համոզես, որ անկեղծ լինեմ, սակայն ինձ լրացուցիչ օգնություն է պետք փորձությունը հաղթահարելու համար»։ …

[Եպիսկոպոսը շարունակում է․] «Քիչ է մնում ինձ համոզես, որ կիրակին սուրբ պահեմ, սակայն շատ զվարճալի է գնդակ խաղալ կիրակի օրերին։

Քիչ է մնում ինձ համոզես, որ սիրեմ իմ հարևանին, բայց նա սրիկա է, հանդուրժողական լինեմ ուրիշների տեսակետների հանդեպ, սակայն նրանք միանգամայն սխալ են, … գնամ տնային ուսուցման, սակայն այս երեկո դրսում շատ ցուրտ ու խոնավ է, վճարեմ տասանորդ ու նվիրատվություններ, սակայն մեզ անհրաժեշտ է նոր գունավոր հեռուստացույց։ … Քիչ է մնում։ Քիչ։ Շատ քիչ» (Conference Report, Apr. 1964, 23–24)։