Հակոբոս Առաքյալի Թղթի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Հակոբոս Առաքյալի Թուղթը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին հայտնի է Հակոբոսի 1.5-ում գտնվող կարևոր հատվածի շնորհիվ, որն առաջնորդեց երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ճշմարտություն փնտրել Աստծուց: Իր ամբողջ թղթում Հակոբոսը շեշտել է, որ մենք պետք է լինենք «խոսքը անողներ, և ոչ թե միայն լսողներ» (Հակոբոս 1.22): Այս գրքի ուսումնասիրությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ իրենց հավատքը «անելով» կամ գործով (տես Հակոբոս 2.14–26) ցույց տալու կարևորությունը և ոգեշնչել նրանց փնտրել «կեանքի պսակը …, այն որ Տէրը խոստացավ իրան սիրողներին»(Հակոբոս 1.12):
Ո՞վ է գրել այս գիրքը:
Թուղթը հաստատում է, որ այն գրվել է «Յակոբոս Աստուծոյ և Տէր Յիսուս Քրիստոսի ծառայի» կողմից (Հակոբոս 1.1):
Համաձայն Քրիստոնեական ավանդույթի պնդման` այս Հակոբոսը, Հուդայի նման, Հովսեփի ու Մարիամի որդիներից մեկն է` Հիսուս Քրիստոսի խորթ եղբայրը (տես Մատթէոս 13.55, Մարկոս 6.3, Գաղատացիս 1.19): Այն փաստը, որ Մատթէոսի 13.55-ում Հակոբոսի անունն առաջինն է նշվում Հիսուսի եղբայրների թվում, կարող է նշանակել, որ նա խորթ եղբայրներից ավագն էր: Տիրոջ մյուս խորթ եղբայրների նման, Հակոբոսը նույնպես սկզբում չդարձավ Հիսուսի աշակերտներից մեկը (տես Հովհաննես 7.3-5): Այնուամենայնիվ, Հիսուսի հարությունից հետո Հակոբոսը այն անձանցից մեկն էր, ում Քրիստոսը հայտնվեց որպես հարություն առած էակ (տես Ա Կորնթացիս 15.7):
Ավելի ուշ Հակոբոսը դարձավ Առաքյալ, և համաձայն վաղ քրիստոնյա գրողների, Երուսաղեմի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը (տես Գործք Առաքելոց 12.17, 21.18, Գաղատացիս 1.18–19, 2.9): Որպես ղեկավար Եկեղեցում, նա էական դեր խաղաց Երուսաղեմում տեղի ունեցած խորհրդի ժամանակ (Գործք Առաքելոց 15.13): Հիսուս Քրիստոսի հետ ազգակցական լինելն անկասկած մեծացրեց նրա ազդեցությունը Եկեղեցում, սակայն Հակոբոսը խոնարհություն ցուցաբերեց` իրեն ներկայացնելով ոչ թե որպես Հիսուսի եղբայր, այլ որպես Տիրոջ ծառա (տես Հակոբոս 1.1):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հայտնի չէ, թե երբ է Հակոբոսը գրել այս նամակը: Քանի որ Հակբոսն ապրում էր Երուսաղեմում և հոգ էր տանում այդտեղի Եկեղեցու գործերի մասին, նա հավանաբար գրել է այս թուղթն այդ տարածքում:
Այն փաստը, որ Հակոբոսը չի նշել Մ.Թ. 50 թվի (տես Գործք Առաքելոց 15) Երուսաղեմի համաժողովի մասին, կարող է նշանակել, որ այս նամակը գրվել է դրանից առաջ: Եթե այս նամակն իսկապես գրվել է Երուսաղեմի համաժողովից առաջ, ապա այն Նոր Կտակարանում գրված առաջին թղթերից մեկն է:
Ու՞մ համար է գրված այն և ինչու՞:
Հակոբոսն ուղղել է իր նամակը «տասներկու [ցեղերին, որ ցրուած են]» (Հակոբոս 1.1), որը նշանակում է, որ այն ուղղված է Իսրայելի ողջ տանը. նա հրավիրում էր նրանց «ընդունել ավետարանը … [և] գալ դեպի Քրիստոսի հոտը» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:243): Հակոբոսն ուսուցանում էր Եկեղեցու անդամներին ապրել իրենց կյանքը որպես Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի արտահայտում:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Հակոբոս Առաքյալի Թուղթը Հին Կտակարանի Առակաց գրքի նման երբեմն համարվում է որպես իմաստության գրականություն: Նամակի բովանդակությունը կազմված է Քրիստոսանման կյանքի չափանիշների համառոտ մեկնաբանություններից: Բացի դրանից, Մատթէոսի 5-7-ում հիշատակված Փրկիչի Լեռան քարոզի ու Հակոբոսի խոսքերի միջև կան շատ նմանություններ: Նմանատիպ թեմաներից են` հալածանքը (տես Հակոբոս 1.2–3, 12, Մատթէոս 5.10–12), «կատարեալ» դառնալը կամ հոգեպես հասունանալը (տես Հակոբոս 1.4, 2.22, Մատթէոս 5.48), Աստծուն հարցնելը (տես Հակոբոս 1.5; Մատթէոս 7.7–8), Աստծո կամքը կատարելը (տես Հակոբոս 1.22, Մատթէոս 7.21–25), ուրիշներին սիրելը (տես Հակոբոս 2.8, Մատթէոս 5.43–44, 7.12), լավն ու վատը իրենց բերած պտուղներից ճանաչելը (տես Հակոբոս 3.11–12, Մատթէոս 7.15–20), խաղաղարարներ լինելը (տես Հակոբոս 3.18, Մատթէոս 5.9) և երդումներ չանելը (տես Հակոբոս 5.12, Մատթէոս 5.34–37):
Համառոտ շարադրանք
Հակոբոս 1-2 Հակոբոսը ողջունում է իր կարդացողներին ու ներկայացնում է իր թղթի կարևոր թեմաներից մի քանիսը` ներառյալ փորձություններին դիմակայելը, իմաստություն փնտրելն ու ընդունած հավատքի նկատմամբ հետևողական լինելը: Աստծո խոսքը լսողները պետք է նաև խոսքը կատարողներ լինեն: Հակոբոսը սահմանում է «անարատ կրոնասիրությունը» որպես` հոգ տանել որբերի ու այրիների մասին ու պահել իր անձը մեղքից անարատ (տես Հակոբոս 1.27): Սրբերը պետք է սիրեն իրենց մերձավորներին ու իրենց հավատքն իրենց գործերի միջոցով ցուցադրեն:
Հակոբոս 3-4 Հակոբոսը ցույց է տալիս անվերահսկելի լեզվի կործանարար բնույթը և հակադրում է այն խաղաղարարների արդարակեցության պտուղների հետ: Նա զգուշացնում է իր կարդացողներին չդառնալ ընկերներ աշխարհի հետ, այլ դիմակայել չարին ու մոտենալ Աստծուն:
Հակոբոս 5-ում Հակոբոսը զգուշացման խոսք է ասում հարուստներին ու չարամիտներին: Նա ամփոփում է իր թուղթը Եկեղեցու այլ անդամների հանդեպ Սրբերի պարտականությունների մասին համառոտ խորհուրդներով: Նա Սրբերին խորհուրդ է տալիս համբերել մինչև Տիրոջ գալը և լինել ճշմարտացի իրենց ողջ խոսքի մեջ: Հակոբոսը խրախուսում է հիվանդներին դիմել երեցներին, որպեսզի իրենց յուղով օծեն: