Գրադարան
Դաս 71․ Հովհաննես 11


Դաս 71

Հովհաննես 11

Նախաբան

Մարիամը և Մարթան Ղազարոսի հիվանդության մասին լուր ուղարկեցին Հիսուսին։ Հիսուսը հետաձգեց իր ճամփորդությունը և ժամանեց Ղազարոսի մեռնելուց չորս օր անց։ Լցված սիրով և գթությամբ, Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին։ Աստվածային իշխանության այս տխուր պատկերն ընդգծում է, որ Հիսուսն ընտրված Մեսիան էր և զորություն ուներ մահվան վրա։ Այս հրաշքը տեսնելուց հետո քահանայապետերը և փարիսեցիները ծրագրում են սպանել Հիսուսին և Ղազարոսին։

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 11․1-46

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

Յուրաքանչյուր ուսանողի տվեք թղթի մի փոքր կտոր։ Հրավիրեք ուսանողներին այդ թղթի վրա գրել մի փորձություն, որը նրանք կամ իրենց ծանոթներից մեկն ունեցել է։ Տեղեկացրեք ուսանողներին, որ իրենց գրածն անանուն կկարդան դասարանի առաջ, այնպես որ նրանք չգրեն իրենց անուններն այդ թղթերի վրա։ Հավաքեք թղթերը և բարձրաձայն կարդացեք փորձություններից մի քանիսը։ (Որպեսզի ուսանողներին չճանաչեն որոշ փորձությունների պատճառով, եթե ուսանողների թիվը փոքր է, կարող եք խնդրել նրանց թվարկել մի քանի փորձություն, որոնք նրանք տեսել են ուրիշների կյանքում։)

  • Փորձությունների դեպքում ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ մարդկանց հավատքը տատանվել։

Հրավիրեք ուսանողներին Հովհաննես 11 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ փորձություններ ունենալիս մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն փորձությանը, որին ենթարկվում էին Հիսուսի ընկերներից մի քանիսը։

  • Ըստ հատված 1-ի, ի՞նչ փորձության էր ենթարկվում Ղազարոսը։ Ինչպե՞ս կարող էր դա նաև փորձություն հանդիսանալ Մարիամի և Մարթայի համար։

  • Ի՞նչ արեցին Մարիամը և Մարթան Ղազարոսի հիվանդության պատճառով։ Այդ արարքն ի՞նչ էր ասում նրանց մասին։

Նշեք, որ Հիսուսը Պիրեայի Բեթաբարայում էր (տես Հովհաննես 1․28, 10․40), որը մոտավորապես մեկ օրվա ճանապարհ էր Բեթանիայից։ Հետևաբար, կպահանջվեր մեկ օր լուրը Հիսուսին հասցնելու համար և մեկ օր, որպեսզի Հիսուսը գնար Բեթանիա։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․4-7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի պատասխանին, երբ լսեց Ղազարոսի հիվանդության մասին:

  • Իմանալով, որ Հիսուսը սիրում էր Մարթային, Մարիամին և Ղազարոսին, ինչի՞ էին սպասում աշակերտները, որ Հիսուսը կաներ Ղազարոսի հիվանդության մասին լուրը լսելով։ (Անմիջապես գնալ Բեթանիա և բուժել Ղազարոսին կամ միգուցե խոսել և բուժել նրան հեռավորության վրա, ինչպես որ Հիսուսն արել էր ազնվականի որդու համար [տես Հովհաննես 4․46–53]։)

  • Դրա փոխարեն ի՞նչ արեց Հիսուսը։

  • Ըստ 4-րդ հատվածի, ի՞նչ պետք է իրագործվեր Ղազարոսի հիվանդության շնորհիվ։

Հիշեցրեք ուսանողներին, որ Բեթանիան երկու մղոնից պակաս հեռավորության վրա էր գտնվում Երուսաղեմից, որը Հրեաստանի երկրում էր (տես Հովհաննես 11․18)։ Ամփոփեք Հովհաննես 11․8–10 հատվածները և բացատրեք, որ աշակերտներից ոմանք Հիսուսին խորհուրդ տվեցին չվերադառնալ Հրեաստան, քանի որ այդ տարածքի հրեա ղեկավարները ցանկանում էին սպանել Նրան (տես Հովհաննես 10․31–39 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը՝ Հովհաննես 11․16 [Հովհաննես 11․16 հատվածի տողատակի գրառում ա])։ Հիսուսը պատասխանեց՝ նշելով, որ Նա Իր կյանքի մնացած ժամանակը կօգտագործի առանց տատանվելու Նրա գործն անելու համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․11–15 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսը Ղազարոսի վիճակի մասին։

  • Սխալմամբ ի՞նչ մտածեցին աշակերտները, երբ Հիսուսն ասաց Ղազարոսի վիճակի մասին։

  • Ըստ հատված 15-ի, ինչո՞ւ էր Հիսուսն ուրախ, որ Նա այնտեղ չէր Ղազարոսին բժշկելու համար։ (Կարող եք հրավիրել ուսանողներին նշել «որ դուք հաւատաք ինձ» արտահայտությունն իրենց սուրբ գրություններում։)

Նշեք, որ Փրկիչը նկատի ուներ, որ այն ինչ Նա կաներ Բեթանիայում, կմեծացներ Իր աշակերտների հավատքն Իր հանդեպ։

Ամփոփեք Հովհաննես 11․16 հատվածը և բացատրեք, որ Թովմաս Առաքյալը հորդորեց իր ընկերակից աշակերտներին միանալ իրենց և Հիսուսի հետ գնալ Հրեաստան, նույնիսկ, եթե դա մահ էր նշանակում Նրա հետ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 11․17 հատվածը և ուշադրություն դարձնել, թե քանի օր էր արդեն անցել Ղազարոսի մահից, երբ Հիսուսը եկավ Բեթանիա։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը. Դասարանի ուշադրությունը հրավիրեք Ղազարոսի չորս օր մահացած լինելու հանգամանքի կարևորության վրա։

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Կազմալուծումն ընթացքի մեջ էր․ մահը երկար ժամանակ էր, ինչ վրա էր հասել և դա անտարակուսելի փաստ էր։ … Հրեաների համար չորս օր եզրույթը հատուկ նշանակություն ուներ․ նրանց մեջ տարածված կարծիք կար, որ չորրորդ օրն արդեն հոգին վերջնականապես և անդառնալիորեն հեռացել է մահացածից » (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:533)։

  • Հրեաների համար ի՞նչն էր նշանակալից մարդու չորս օր մահացած լինելու փաստի մեջ։

  • Եթե դուք լինեիք Մարթայի կամ Մարիամի փոխարեն, ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե Հիսուսը գար Ղազարոսի մահից չորս օր անց։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․18–27 հատվածները։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչ ասաց Մարթան Հիսուսին այդ փորձության վերաբերյալ։

video iconՈւսանողներին կարդալու հանձնարարություն տալու փոխարեն, կարող եք դիտել Մարթայի և Հիսուսի այդ խոսակցության պատկերումը՝ «Lazarus Is Raised from the Dead» տեսանյութը՝ Հիսուս Քրիստոսի կյանքը Աստվածաշնչյան տեսանյութեր բաժնում [2:02–3:35]։ Այս տեսանյութը հասանելի է mormonchannel.org կայքում:

  • Ո՞ր արտահայտություններն են 21–27-րդ հատվածներում ցույց տալիս, որ Մարթան հավատք գործադրեց Հիսուս Քրիստոսի հանդեպ այդ փորձության ժամանակ։ (Տեսանյութը ցուցադրելուց հետո կարող եք ուսանողներին մեկ րոպե տրամադրել այդ հատվածները վերանայելու համար։)

  • Մարթայի արտահայտություններից ո՞րն է ձեր վրա ավելի շատ տպավորություն գործել։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մարթայի օրինակից, թե ինչ կարող ենք անել մեր փորձությունների ժամանակ։ (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքի նման մի բան․ Մենք կարող ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում։)

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Հովհաննես 11․25–26 հատվածների վրա: Բացատրեք, որ «յաւիտեան չի մեռնիլ» (Հովհաննես 11․26) արտահայտությունը վերաբերում է երկրորդ կամ հոգևոր մահին կամ Աստծո ներկայությունից ու թագավորությունից հեռացումին։

  • Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում Մարթային վերաբերող Փրկիչի խոսքերից։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ․ Հիսուս Քրիստոսը Հարությունն ու կյանքն է։ Եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ունենալ հավերժական կյանք։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․28–36 հատվածները։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչ ասաց Մարթան Հիսուսին և ինչպես Նա պատասխանեց։ Կարող եք բացատրել, որ այս հատվածներում «խռովեց» բառը նշանակում է վշտանալ կամ հուսահատվել։

video iconՈւսանողներին կարդալու հանձնարարություն տալու փոխարեն կարող եք ցուցադրել այդ հատվածների պատկերումը՝ «Lazarus Is Raised from the Dead» տեսանյութի հետևյալ հատվածները՝ [3:36–4:50]։

  • Ինչպե՞ս են 32-րդ հատվածի Մարիամի խոսքերը ցույց տալիս Փրկիչի հանդեպ նրա հավատքը։

  • Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ Տեսավ Մարիամին ու նրա մոտ գտնվող մարդկանց արտասվելիս։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուսն արտասվեց։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 11․37 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչ էին մտածում որոշ մարդիկ այն մասին, թե ինչ կարող էր Հիսուսն անել Ղազարոսի համար։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․38–46 հատվածները։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե այնուհետև ինչ արեց Փրկիչը։

video iconՈւսանողներին կարդալու հանձնարարություն տալու փոխարենկարող եք ցուցադրել այդ հատվածների պատկերումը՝ «Lazarus Is Raised from the Dead» տեսանյութի հետևյալ հատվածները՝ [4:51-7:51]։

  • 40-րդ հատվածում ի՞նչ հիշեցրեց Հիսուսը Մարթային, երբ նա առարկեց Ղազարոսի գերեզմանաքարը հեռացնելու դեմ։

  • Ինչպե՞ս իրականացավ այդ խոստումը։ (Կարող եք բացատրել ուսանողներին, որ Ղազարոսը հարություն չէր առել մեռելներից և անմահ չէր, նրա հոգևոր մարմինը հետ վերադարձավ նրա ֆիզիկական մարմին, բայց նրա ֆիզիկական մարմինը դեռևս մահկանացու էր։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Բրյուս Ռ Մակքոնկիի հետևյալ խոսքերը։ Դասարանի ուշադրությունը հրավիրեք այն կարևոր նպատակի վրա, որ Փրկիչն իրականացրեց` Ղազարոսին մեռելներից բարձրացնելով։

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Նա դնում էր իր մեծագույն ուսմունքներից մեկի հիմքը, որը բոլոր ժամանակներում կասկածի տակ էին առնում․ Ըստ որի՝ Նա էր հարությունը և կյանքը, որ անմահությունն ու հավերժական կյանքը հնարավոր էր Նրանով և բոլոր նրանք, ովքեր հավատան և հնազանդվեն Նրա խոսքերին, երբեք չեն մեռնի հոգևորապես» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:531)։

  • Այդ հրաշքն ինչպե՞ս նախանշան հանդիսացավ Փրկիչի հարության համար։

  • Ինչպե՞ս էր այդ հրաշքն ապացուցում անմահություն և հավերժական կյանք տալու Նրա զորությունը:

  • Ինչպե՞ս կարող ենք օրհնվել, եթե հասկանանք անմահություն ու հավերժական կյանք տալու Փրկիչի զորությունը։

Հիշեցրեք դասարանի անդամներին, որ ի վերջո Մարթան և Մարիամը հավատք ցուցադրեցին առ Հիսուս Քրիստոսը, երբ Նրա մոտ մարդ ուղարկեցին Ղազարոսի հիվանդ լինելու ժամանակ և շարունակեցին հավատալ ու վստահել Նրան նույնիսկ այն ժամանակ, երբ Ղազարոսը մահացավ։ Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում …

  • Ինչպե՞ս կավարտեիք այդ սկզբունքը` ելնելով Հովհաննես 11-ի ձեր սովորածից։ (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ կարդացվի այսպես՝ Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում, ապա մեր Հավատքը Նրա հանդեպ կհաստատվի և կխորանա։)

Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ մարդիկ մտածում էին, թե ինչու Հիսուսը չփրկեց Ղազարոսին մահից (տես հատված 37), բայց Հիսուսը սպասեց և Բեթանիա ժամանեց Ղազարոսի մեռնելուց չորս օր անց (տես հատված 17

  • Ղազարոսին մահից չորս օր անց կենդանացնելը ինչպե՞ս կարող էր հաստատել և խորացնել Հիսուսի աշակերտների, Մարթայի և Մարիամի հավատքը Փրկիչի հանդեպ։ (Ղազարոսին մահից չորս օր անց կենդանություն տալով, Հիսուսը ցույց տվեց, որ Նա զորություն ունի մահվան վրա, և որը հրեաները չէին կարող հերքել կամ սխալ մեկնաբանել։)

  • Ե՞րբ եք փորձությունների ժամանակ հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը և դրա արդյունքում հաստատել կամ խորացրել ձեր հավատքը Նրա հանդեպ։

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ կանեն, որպեսզի իրենց ունեցած կամ գալիք փորձությունների ժամանակ հավատք գործադրեն առ Հիսուս Քրիստոսը։

Հովհաննես 11․47–57

Քահանայապետերը և փարիսեցինեը ծրագրում են սպանել Հիսուսին

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 11․47–48 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես քահանայապետերն ու փարիսեցիներն արձագանքեցին այն լուրին, որ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին մեռելներից: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Ամփոփեք Հովհաննես 11․49–57 հատվածները և բացատրեք, որ Կայիափան, ով քահանայապետն էր, ասաց, որ Հիսուսը պետք է մեռնի, որպեսզի ողջ ազգը չկործանվի հռոմեացիների կողմից։ Նա ակամայից նաև մարգարեացավ, թե ինչ հետևանքներ կունենար Հիսուսի մահն Աստծո զավակների վրա։ Հրեա ղեկավարները որոշեցին մահվան դատապարտել Հիսուսին և հրամայեցին, որ բոլոր նրանք, ովքեր կիմանային Նրա գտնվելու վայրը, պետք է տեղեկացնեին իրենց, որպեսզի Նա ձերբակալվեր։

Ամփոփեք՝ վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 11.11 «Ղազարոսը քնեց»

Փրկիչը Ղազարոսի մահը անվանեց քուն։ Քունը պատշաճ փոխաբերություն է մահվան համար, քանի որ բոլոր մահկանացուները պետք է քնեն․ քունը ժամանակավոր վիճակ է, որից մենք արթնանում ենք, և որից հետո մեր մարմինը վերականգնվում է։ Նմանապես, բոլոր մահկանացուները պետք է մեռնեն, մահը ժամանակավոր վիճակ է, որն ավարտվում է հարությունով և հարության ժամանակ մեր մարմինները նորացվում են։

Հավանական է, որ Ղազարոսն արդեն մահացել էր, երբ Հիսուսին տեղեկացրին, որ Ղազարոսը հիվանդ է։ Բեթանիայից մոտավորապես մեկ օրվա ճանապարհ է դեպի այն վայրը, որտեղ Հիսուսը գտնվում էր Պիրեայում (տես Հովհաննես 10․40)։ Երկու օր սպասելով և մեկ օր ճանապարհ անցնելով, Հիսուսը Բեթանիա հասավ այն ժամանակ, երբ Ղազարոսն արդեն չորս օր մահացել էր։

Հովհաննես 11․43–44: Կենդանություն տալով Ղազարոսին կարևոր նպատակներն իրականացվեցին

«Ղազարոսին կենդանությունը պարգևելը պատմության ամենահիշարժան հրաշքներից է։ Նախքան այդ հրաշքը, Փրկիչը երկու մարդկանց կենդանություն էր պարգևել՝ Յայրոսի աղջկան (տես Ղուկաս 8․41–42, 49–56) և Նային քաղաքի այրու որդուն (տես Ղուկաս 7․11–17)։ Սակայն, Ղազարոսին կենդանացնելը տարբերվում էր այս հրաշքներից և կարևոր նպատակներ էր հետապնդում՝ ինչպես բացատրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին (1915–85)։

«Մեր բարեկամ» Ղազարոսի հետ տարբեր էր։ … Մասնավորապես առանձնանում են երկու պատճառ։ (1) Երբ մեր Տերը մոտեցավ իր մահկանացու ծառայության վերջնակետին, նա կրկին անգամ Իր Օծյալ լինելու, աստվածային Որդի լինելու և իսկապես Աստծո Որդին լինելու մասին վկայություն բերեց մի այնպիսի եղանակով, որը հնարավոր չէր հերքել, և (2) Նա դնում էր իր մեծագույն ուսմունքներից մեկի հիմքը, որը բոլոր ժամանակներում կասկածի տակ էին առնում․ Ըստ որի՝ Նա էր հարությունը և կյանքը, որ անմահությունն ու հավերժական կյանքը հնարավոր էր Նրանով և բոլոր նրանք, ովքեր հավատան և հնազանդվեն Նրա խոսքերին, երբեք չեն մեռնի հոգևորապես» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:530–31)” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 236

Ղազարոսին կենդանացնելն ապացուցում էր, որ Հիսուսը բառացիորեն հանդիսանում էր Աստծո Որդին՝ մի կոչում, որը հրեաները կապում էին Մեսիայի հետ (տես Սաղմոս 2․7, Հովհաննես 11․41–42

Հովհաննես 11․25 «Ես եմ յարութիւնը եւ կեանքը»

Երբ Փրկիչն ասաց «Ես եմ յարութիւնը եւ կեանքը», Նա հռչակեց Իր աստվածային ինքնության և զորության մասին։ Այդ հայտարարությամբ Հիսուսն ուսուցանեց, որ հարությունն ու հավերժական կյանքը ներկայացված են Իր անձի մեջ։ Նա է հարության և հավերժական կյանքի աղբյուրը և Նրա շնորհիվ են այդ բաները հասանելի Երկնային Հոր զավակներին։ Ինչպես բացատրել է Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը «Հարության բանալիներն ապահով հանգչում են մեր Տիրոջ և Վարդապետի հետ» (“Life after Life,” Ensign, May 1987, 10)։

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը բացատրել է, թե ինչու է հարության զորությունը գտնվում Փրկիչի մեջ․

«Նա է հարությունը և կյանքը։ (Տես Հովհաննես 11․25։)

«Իր կյանքը վերակենդանացնելու իշխանությունը հասանելի էր, քանի որ Հիսուս Քրիստոսն Աստված էր՝ նույնիսկ Աստծո Որդին։ Քանի որ Նա զորություն ուներ հաղթահարելու մահը, բոլոր մարդիկ հարություն կառնեն։ «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք» (Հովհաննես 14․19)»։ (“Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, Nov. 1983, 7)։

Հիսուս Քրիստոսը կյանք է տալիս հոգևոր վերածննդի միջոցով (տես Հովհաննես 3․3–5) և արտոնելով ուրիշներին ապրելու կյանքի Իր ուղով, որը հավերժական կյանք տանող միակ ուղին է (տես Հովհաննես 14․6)։ Այն մարդիկ, ովքեր հոգևոր առումով կրկին ծնվում են և հավատարմորեն հետևում են Փրկիչին, ստանում են ներում իրենց մեղքերից և նրանց սրտերն աստիճանաբար սրբագործվում են մեղքից։ Եթե նրանք մնան հավատարիմ մինչև իրենց կյանքի վերջ, նրանք առաջ կգան «կյանքի հարության» (Հովհաննես 5․29) ժամանակ, որը նշանակում է, որ նրանք կունենան հավերժական կյանք։ Այդ բոլորը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: