Գրադարան
Դաս 47. Ղուկասի 6.1–7.18


Դաս 47

Ղուկասի 6.1–7.18

Նախաբան

Հիսուսն ուսուցանեց ուրիշներին բարիք գործելու կարևորության մասին` ներառյալ Հանգստության օրը: Մի գիշեր աղոթքով անցկացնելուց հետո, Նա կանչեց Տասներկու Առաքյալների, իսկ հետո ուսուցանեց նրանց ու մարդկանց բազմությանը: Նա նաև բժշկեց հարյուրապետի ծառային ու վերակենդանացրեց այրի կնոջ որդուն:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 6

Հիսուսը բժշկում է Հանգստության օրը, ընտրում Տասներկու Առաքյալների և ուսուցանում բազմությանը

(Նշում. Ղուկաս 6-րդ գլխի բովանդակության մեծ մասը լուսաբանվել է Մատթեոսի 5–7-րդ գլուխներին, 10.1–4, Մարկոսի 3.1–6 հատվածներին վերաբերող դասերում: Դասի այս մասը կկենտրոնանա Ղուկասի 6.31-38 հատվածների վրա:)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ կիրակնօրյա ժողովներին նրանք լսել են մի հայտարարություն, որը վերաբերում է մոտիկ ապրող մի ընտանիքին ծառայելու ծրագրին: Հայտարարությունից հետո նրանք լսեցին չորս տարբեր արձագանքներ: Հանձնարարեք չորս ուսանողների բարձրաձայն կարդալ այս հետևյալ ենթադրական պատասխանները․

  1. «Այդ ընտանիքը վերջերս մեծ դժվարությունների միջով է անցնում: Ուրախ կլինեմ օգնել նրանց, ինչով կարող եմ»:

  2. «Լավ կլիներ վերջում հյուրասիրություն լիներ, եթե ոչ, ես գնում եմ»:

  3. «Ես իրականում չեմ ուզում գնալ, բայց հաջորդ շաբաթ կարող եմ օգնել մի ծրագրի միջոցով, որը ես եմ կազմակերպում, ուստի ես հավանաբար կօգնեմ հիմա»:

  4. «Եթե ընկերս գնա, ես էլ կգնամ»:

  • Այս օրինակներն ի՞նչ են ասում այն պատճառների մասին, թե մարդիկ ինչո՞ւ են երբեմն ծառայում ուրիշներին:

Խնդրեք ուսանողներին քննարկել այն հնարավորությունները, որոնք նրանք ունեցել են ուրիշներին ծառայելու համար և ինչպե՞ս են նրանք վերաբերվում ծառայությանը: Հրավիրեք Ղուկասի 6-7-րդ գլուխներն ուսումնասիրելիս առանձնացնել սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց ծառայել ավելի օգտակար եղանակներով:

Ամփոփեք Ղուկասի 6-րդ գլուխը, բացատրելով, որ մինչ Հիսուսը Գալիլեայում էր Իր ծառայության սկզբում, Հանգստության օրը Նա բժշկեց մի մարդու չորացած ձեռքը, մի գիշեր անցկացրեց աղոթքով և կանչեց Տասներկու Առաքյալների: Ապա Հիսուսը սկսեց ուսուցանել նրանց և «ժողովրդի մեծ բազմությանը» (հատված 17), թե ինչպես ստանալ երկնքի պարգևները:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 6.19 հատվածը և գտնել, թե Հիսուսն ի՞նչ արեց մարդկանց համար, նախքան Նա կսկսեր ուսուցանել նրանց: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 6.31-35 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` գտնելով, թե Տերն ինչ խորհուրդ տվեց Իր աշակերտներին:

  • Հիսուսն ի՞նչ խորհուրդ տվեց Իր աշակերտներին:

  • Ըստ հատված 35-ի, մենք ի՞նչ պիտի ակնկալենք ուրիշներին բարիք գործելու դիմաց։ (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին ընդգծել «ոչինչ չակնկալելով» արտահայտությունը:)

  • Մարդիկ ի՞նչ ժամանակավոր պարգևների հույս կարող են ունենալ, երբ նրանք ծառայություն են մատուցում:

  • Եթե մենք բարիք գործենք ուրիշների համար` փոխարենը առանց որևէ բան ակնկալելու, Տերն ի՞նչ է խոստանում, որ կպատահի: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք բարիք գործենք ուրիշների համար, փոխարենը առանց որևէ բան ակնկալելու, մեր վարձքը մեծ կլինի, և մենք Բարձրյալի զավակներ կլինենք:)

Բացատրեք, որ չնայած մենք բոլորս Աստծո զավակներն ենք, նրանք, ովքեր բարիք են գործում ուրիշներին, իրագործում են իրենց աստվածային ներուժը` նմանվելով Երկնային Հորը:

  • Այս խոստումն ինչո՞ւ է ամենալավ պարգևը ուրիշներին սիրելու և նրանց համար բարիք գործելու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 6.36-38 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով օրինակներ, որոնք Հիսուսը բերեց այն եղանակների մասին, որոնցով մենք կարող են բարիք գործել ուրիշների համար:

  • Համաձայն 36-37 հատվածների, ի՞նչ օրինակներ բերեց Հիսուսն այն ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք բարիք գործել մյուսների համար: (Կարող եք բացատրել, որ նրանք, ովքեր բարիք են գործում այս եղանակներով, կստանան Աստծո ողորմությունն ու ներումը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հատված 38-ը, դասարան բերեք մի դույլ, զամբյուղ կամ արկղ և մի քանի այլ առարկաներ, ինչպես օրինակ հագուստ, մթերք և ջրով լի շշեր: Բերեք այնքան իրեր, որոնք կտեղավորվեն ձեր բերած տարայի մեջ: Հրավիրեք մի ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան տարայի մեջ տեղավորել որքան հնարավոր է շատ առարկաներ: Երբ ուսանողն ավարտի, հարցրեք նրան.

  • Ինչպե՞ս է «լավ չափով, թափ տրուած շարժուած լիփ-լիքը» արտահայտությունը նկարագրում այս տարան լցնելու ձեր ջանքերը (հատված 38): (Շնորհակալություն հայտնեք ուսանողին և հրավիրեք նրան նստել:)

  • Այս արտահայտություններն ինչպե՞ս են նկարագրում այն ձևը, որով Երկնային Հայրը հատուցում է մեզ, երբ մենք տալիս ենք ուրիշներին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց պիտի առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք մեծահոգաբար տալիս ենք ուրիշներին, Երկնային Հայրն ավելի առատորեն է օրհնում մեզ:)

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք մեծահոգի լինել ուրիշներին տալուց:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք մեծահոգաբար տվել են ուրիշներին: Ցուցադրեք հետևյալ հարցերը (կամ ուսանողներին ապահովեք մեկական օրինակով) և հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում պատասխանել դրանց։

  • Ե՞րբ եք դուք կամ մեկը, ում ճանաչում եք, օրհնվել Տիրոջ կողմից` մեծահոգաբար տալու համար:

  • Ի՞նչ կանեք դուք մյուսների հանդեպ ավելի մեծահոգի լինելու համար:

Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով: Խրախուսեք ուսանողներին աղոթքով փնտրել Տիրոջ օգնությունը, երբ նրանք ջանում են ավելի մեծահոգի լինել մյուսների հանդեպ:

Ղուկաս 7.1-10

Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառային

Բացատրեք, որ բազմությանը ուսուցանելուց հետո Հիսուսը մտավ Կափառնա քաղաքը:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 7․2-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ով էր փնտրում Հիսուսի օգնությունը, երբ լսեց, որ Նա քաղաք է մտել։

  • Ո՞վ էր փնտրում Հիսուսի օգնությունը:

Բացատրեք, որ հարյուրապետը հռոմեական բանակի սպա էր, ում ենթակայության տակ կային 50-100 մարդ:

  • Ի՞նչն էր անհանգստացնում հարյուրապետին:

Նշեք, որ հրեաները հիմնականում չէին սիրում հարյուրապետերին, քանի որ վերջիններս ներկայացնում էին հռոմեացիների քաղաքական և ռազմական իշխանությունը հրեաների ու նրանց երկրի վրա (տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 153):

  • Ինչպիսի՞ մարդ էր հարյուրապետը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.6-8 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե հարյուրապետն ինչպե՞ս դրսևորեց իր մեծ հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Հարյուրապետն ինչպե՞ս ցույց տվեց իր մեծ հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 7․9-10 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպես հատուցվեց այս հարյուրապետի մեծ հավատը։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են նշել մի շարք սկզբունքներ, ներառյալ հետևյալը. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելով, մենք կարող ենք օրհնություններ բերել ուրիշ մարդկանց կյանք:)

Ղուկաս 7.11-18

Հիսուսը վերակենդանացնում է այրի կնոջ որդուն

Բացատրեք, որ հարյուրապետի ծառային բժշկելու հաջորդ օրը Նա գործեց մեկ այլ հրաշք:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.11-12 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչի՞ հանդիպեցին Հիսուսն ու Իր աշակերտները, երբ մոտեցան Նային կոչված քաղաքին:

video icon Ղուկասի 7.11–12-ը բարձրաձայն կարդալու փոխարեն կարող եք ուսանողներին ցուցադրել մի հատված տեսանյութից«Այրի կինը Նայինից» (0:00–0:45) «Հիսուս Քրիստոսի կյանքը» Աստվածաշնչյան տեսաշարից, որը մատչելի է LDS.org կայքում:

  • Ի՞նչ տեսան Հիսուսը և Նրա աշակերտները, երբ մոտեցան քաղաքի մուտքին:

  • Համաձայն հատված 12-ի, այս երիտասարդի մահն ինչու էր հատկապես ողբերգական այս կնոջ համար:

Նշեք, որ այս կինը ոչ միայն կորցրել էր իր միակ որդուն, այլև նախկինում կորցրել էր իր ամուսնուն: Ի լրումն մեծ վշտի, նա հավանաբար զգում էր, որ ինքն այլևս ոչ մեկը չուներ իրեն ֆինանսապես աջակցելու համար:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 17․13-15 հատվածները կամ ցուցադրեք տեսանյութի մնացած մասը (0:45–2:23)։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց, երբ տեսավ սգացող կնոջը։ (Կարող եք բացատրել, որ դագաղը այն տեղն է, որի մեջ դնում են մահացածի մարմինը:)

  • Փրկիչն ի՞նչ արեց այս կնոջ համար:

  • Համաձայն հատված 13-ի, Հիսուսն ինչո՞ւ բժշկեց այդ կնոջ որդուն: Կարող եք նշել, որ այդ այրին չխնդրեց Նրան բուժել իր որդուն, բայց Հիսուսը նկատեց նրա կարիքը, իսկ հետո օգնեց իրագործել այն:)

  • Ի՞նչ զգացումներ կունենայիք դուք, եթե լինեիք այրի կնոջ իրավիճակում և տեսնեիք, թե Փրկիչն ինչպես է վերակենդանացնում ձեր որդուն մահից:

  • Այս առակից ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` հասկանալով ուրիշների կարիքները և հետո օգնել նրանց` հոգալով այդ կարիքները:)

  • Մենք ինչպե՞ս կարող ենք նկատել ուրիշների կարիքները, երբ նրանք չեն կիսվել դրանցով մեզ հետ:

Բացատրեք, որ երբ ուսանողները փնտրեն Սուրբ Հոգու ընկերակցությունը, նրանք կարող են հուշումներ ստանալ այն մասին, թե ինչպես պատասխանեն ուրիշների թաքնված կարիքներին: Բացի այդ, ուսանողները կարող են խորհել Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խորհրդի վերաբերյալ․ «Երբ հանդիպում եք ինչ-որ մեկին, վերաբերվեք նրան, կարծես նա լուրջ անախորժությունների մեջ է, և դուք շատ հաճախ ճիշտ կլինեք» («Տիրոջ զորությամբ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 16):

Որպեսզի օգնեք ուսանողներին գիտակցել իրենց գտած սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Տիրոջ ծառայությանը վերաբերող պատմություններից քչերն են ինձ այնքան շատ հուզել, որքան կարեկցության այն օրինակը, որը Նա ցուցաբերեց սգացող կնոջ հանդեպ Նայինում: …

Ինչպիսի զորություն, ինչպիսի քնքշանք, ինչպիսի կարեկցանք այսպիսով դրսևորեց մեր Տերը: Մենք նույնպես կարող ենք օրհնել, եթե միայն հետևենք Նրա վեհանձն օրինակին: Հնարավորություններն ամենուրեք են: Աչքեր են պետք, որ տեսնեն խղճալի վիճակը, և ականջներ, որպեսզի լսեն կոտրված սրտի աղերսանքները: Այո, ու մի հոգի` լի կարեկցանքով, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել ոչ միայն աչքը աչքին, կամ ձայնը ականջին, այլև Փրկիչի վեհապանծ ոճով` նույնիսկ սիրտը սրտին» (“Meeting Life’s Challenges,” Ensign, Nov. 1993, 71):

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ընտանիքը կարեկցանք կամ ծառայություն ստացել ուրիշներից, նույնիսկ, երբ դուք չեք խնդրել այն:

  • Քրիստոսի օրինակին հետևելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ զարգացնել ուրիշների չարտահայտված կարիքները նկատելու ունակությունը:

Եթե տեսանյութը չեք ցուցադրել, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 7.16-17 հատվածը։ Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ժողովուրդն ինչպես արձագանքեց այրի կնոջ որդու վերակենդանացման հրաշքին:

  • Ժողովուրդն ինչպե՞ս արձագանքեց, երբ Հիսուսը վերակենդանացրեց այրի կնոջ որդուն:

Բացատրեք, որ մարդիկ հայտարարեցին, որ «Մի մեծ մարգարէ է վեր կացել մեր մէջ» (հատված 16) այն նմանությունների պատճառով, որ գոյություն ունի Նային քաղաքից այրի կնոջ որդու բուժման և այն դեպքերի միջև, երբ Հին Կտակարանի մարգարեներ Եղիան և Եղիսեն վերակենդանացրին որդիներին մահից (տես Գ Թագավորաց 17.17–24, Դ Թագավորաց 4.17–22, 32–37, Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ 154):

Եզրափակեք, հրավիրելով ուսանողներին հնարավորություններ փնտրել բացահայտել ուրիշների չարտահայտված կարիքները։ Խրախուսեք նրանց մեծահոգաբար ծառայել, փոխարենը առանց ինչ-որ բան ակնկալելու:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 6.31-38: Ինչո՞ւ ենք մենք ծառայում ուրիշներին

Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից թվարկել է մի քանի հնարավոր պատճառներ, թե մենք ինչո՞ւ ենք ծառայում և նշել պատճառը, թե մենք ինչո՞ւ պիտի ծառայենք.

«Մարդիկ ծառայում են միմյանց տարբեր պատճառներով, և որոշ պատճառներ ավելի լավն են, քան մյուսները: Հավանաբար մեզանից ոչ-ոք չի ծառայում ողջ կարողությամբ միայն մեկ պատճառով: Քանի որ մենք անկատար էակներ ենք, մեզանից շատերը հավանաբար ծառայում են մի շարք պատճառներով, և դրանք ժամանակ առ ժամանակ կարող են տարբեր լինել, մինչ մենք հոգևոր աճ ենք ապրում: Բայց մենք բոլորս պիտի ձգտենք ծառայել այն պատճառների համար, որոնք ամենավեհն ու ամենալավն են:

Որո՞նք են ծառայության մի քանի պատճառները: Ես կառաջարկեի վեց պատճառ` նվազագույնից մինչև մեծագույնը:

Ոմանք ծառայում են աշխարհիկ հատուցման ակնկալիքով: …

Ծառայության մեկ այլ պատճառ, որը հավանաբար ավելի արժանի է, քան առաջինը, բայց ծառայության նույն դասից` այն է աշխարհիկ պարգևի ակնկալիքով, բայց պայմանավորված լավ ընկերակցություն ձեռք բերելու անձնական ցանկությամբ: …

Ոմանք կարող են ծառայել պատժվելու վախից: …

Ուրիշները կարող են ծառայել պարտականության զգացումից դրդված կամ ընկերներին ու ընտանիքին հավատարիմ լինելով կամ էլ ավանդույթներին հավատարիմ մնալով: …

Մի այդպիսի վեհ պատճառ ծառայության համար հավերժական կյանքի պարգևն է: …

Վերջին շարժառիթը, որը ես կքննարկեմ, իմ կարծիքով պատճառներից ամենավեհն է: Ծառայության հետ ունեցած իր կապով դա այն է, ինչ սուրբ գրությունները կոչում են «ավելի գերազանց ճանապարհ» (1 Կորնթացիս 12.31):

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47): …

Այս սկզբունքը, որ մեր ծառայությունը պիտի լինի Աստծո սիրո համար և մարդկանց միջև սիրո համար, քան անձնական առավելության կամ ցանկացած այլ նվազագույն պատճառի, անկասկած բարձր չափանիշ է: Փրկիչը հավանաբար տեսել է այն այդպես, քանի որ անձնուրաց և կատարյալ սիրո մասին իր պատվիրանը անմիջապես միացրել է կատարելության իդեալի հետ» (“Why Do We Serve?” New Era, March 1988, 6, 7; see also Dallin H. Oaks, “Why Do We Serve?” Ensign, Nov. 1984, 12-15).