Դաս 77
Հովհաննես 17
Նախաբան
Գեթսեմանիում տառապելուց առաջ Փրկիչն ասաց Իր մեծ Միջնորդական Աղոթքը: Նա աղոթեց, որ Իր աշակերտները և բոլոր նրանք, ովքեր հետևում են Իրեն, ճանաչեն Երկնային Հորը և ձեռք բերեն հավերժական կյանք, Նա նաև աղոթեց, որ նրանք կարողանան մեկ լինել Իր և Իր Հոր հետ:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 17․1-8
Հիսուս Քրիստոսը աղոթքով դիմում է Երկնային Հորը
Հրավիրեք ուսանողներին տալ հայտնի մարդկանց անուններ, ում մասին իրենք մի քիչ գիտեն: Այնուհետև խնդրեք նրանց տալ այնպիսի մարդկանց անուններ, ում նրանք շատ լավ գիտեն:
-
Ո՞րն է տարբերությունը ինչ-որ մեկի մասին իմանալու և փաստացի մարդուն ճանաչելու միջև:
-
Որքա՞ն է պահանջվում մարդուն իսկապես ճանաչելու համար:
-
Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց ճանաչելը կարևոր է ձեր համար: Ինչո՞ւ:
Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանել է Երկնային Հորը և Իրեն ճանաչելու կարևորության մասին: Խնդրեք ուսանողներին Հովհաննես 17 գլուխն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես 17 գլխի համատեքստը, նշեք, որ երկու իրադարձությունների միջև՝ երբ Փրկիչը և Նրա աշակերտները ավարտեցին Վերջին Ընթրիքը և երբ նրանք մտան Գեթսեմանի պարտեզը, այդ ընթացքում Հիսուսն աղոթք ասաց, որն ավանդաբար կոչվում է Միջնորդական Աղոթք: Միջնորդել բառի իմաստններից մեկն է՝ բարեխոսելը մեկի մոտ հօգուտ մեկ ուրիշի: Այս դեպքում, Հիսուս Քրիստոսը խոսեց Երկնային Հոր հետ՝ հօգուտ Իր աշակերտների, խնդրելով, որ նրանք կարողանան ստանալ հավերժական կյանք:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17.1–3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Տերն ինչպես է նկարագրել հավերժական կյանքը:
-
Ինչպե՞ս է Փրկիչը նկարագրել հավերժական կյանքը:
-
Հատված 3-ից ելնելով, ինչպե՞ս կձևակերպեք սկզբունքը, որն ուսուցանում է, թե մենք ինչ պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ պարզ է, որ հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում ճանաչել Աստծուն, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքը.
«Մի բան է իմանալ Աստծո մասին, այլ բան է՝ ճանաչել Նրան: Մենք գաղափար ենք կազմում Նրա մասին, երբ իմանում ենք, որ Նա անհատականություն է, ում պատկերով ստեղծվել է մարդը, երբ իմանում ենք, որ Որդին Իր Հոր անձի պատկերով է ներկայացած, երբ իմանում ենք, որ Հայրն ու Որդին ունեն որոշակի հատկանիշներ ու զորություն: Բայց մենք ճանաչում ենք նրանց՝ հավերժական կյանք ձեռք բերելու առումով, երբ վայելում ու զգում ենք նույն բաները, ինչ՝ նրանք: Աստծուն ճանաչելու համար պետք է մտածել Նրա պես, զգալ Նրա պես, ունենալ Նրա ունեցած զորությունը, հասկանալ ճշմարտություններն այնպես, ինչպես Նա է հասկանում և անել այն, ինչ Նա է անում: Նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, դառնում են Նրա պես, Նրա կյանքից են ունենում, որը հավերժական կյանքն է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:762):
-
Ինչո՞վ է տարբերվում Հորը և Որդուն ճանաչելը նրանց մասին պարզապես իմանալուց:
-
Ինչո՞ւ մարդը չի կարող ձեռք բերել հավերժական կյանք, առանց Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելու:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք գալ Հոր և Որդու ճանաչմանը:
Ամփոփեք Հովհաննես 17.4-5 հատվածները, բացատրելով, որ Փրկիչը հաղորդեց Հորը, որ կատարել է այն գործը, որ Հայրը տվել էր Իրեն, որ աներ: Նա խնդրում է Հորը փառավորել Իրեն այն նույն փառքով, որը Նա ուներ նախաերկրային կյանքում:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17․6-8 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին աշակերտները՝ Փրկչին ճանաչելու համար:
-
Ի՞նչ արեցին աշակերտները՝ Փրկչին ճանաչելու համար: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն 8 հատվածում հանդիպող «ընդունեցին», «ճշմարտությամբ իմացան» և «հավատացին» արտահայտությունները։)
Հովհաննես 17․9-19
Փրկիչն աղոթում է Իր աշակերտների համար
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17․9 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե հատկապես ում համար է աղոթում Փրկիչը:
-
Ո՞ւմ համար էր աղոթում Փրկիչը, երբ Նա պիտի սկսեր արդեն իրականացնել Քավությունը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞վ էր օգտակար Առաքյալների համար՝ լսելը, թե ինչպես է Փրկիչը աղաչում նրանց համար:
Գրատախտակին գրեք Հովհաննես 17.11–18: Ուսանողներին բաժանեք զույգերի: Հրավիրեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել այս հատվածները, տեսնելով, թե ինչ էր խնդրում Հիսուսն Իր աշակերտների համար: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանիսին՝ դասարանի հետ կիսվել իրենց գտածով:
Շեշտեք, որ Փրկիչը նշեց, որ Իր աշակերտները շարունակելու էին ապրել աշխարհում, որը չար էր, և որը ատել էր նրանց:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 14–16 հատվածներից աշխարհում ապրելու մասին, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է լինենք աշխարհում, բայց ոչ աշխարհից:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքը.
«Եկեղեցում մենք հաճախ ենք ասում այս երկտողը. «Եղեք աշխարհում, բայց ոչ աշխարհից»: …
Միգուցե մենք պետք է արտասանենք այս երկտողը… որպես երկու առանձին հորդորներ: Առաջինը, «Եղեք աշխարհում»: Եղեք ներգրավված, եղեք տեղեկացված։ Փորձեք ըմբռնող և հանդուրժող լինել ու գնահատել բազմազանությունը: Նշանակալի ներդրումներ կատարեք հասարակությունում՝ ծառայության և ներգրավվածության միջոցով: Երկրորդը, «Բայց ոչ աշխարհից»: Մի հետևեք սխալ ուղիների, հակված մի եղեք ընդունել այն, ինչը ճիշտ չէ: …
Եկեղեցու անդամների ազդեցությունն ավելի մեծ պետք է լինի, քանի նրանց վրա գործող ազդեցությունը: Մենք պետք է աշխատենք հակազդել մեղքի ու չարի ալիքին, ոչ թե պասիվորեն ենթարկվենք դրա զարկին: Մեզանից յուրաքանչյուրը պետք օգնի լուծել այդ խնդիրը, ոչ թե խուսափի կան արհամարի այն» (“The Effects of Television,” Ensign, May 1989, 80):
-
Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք մնանք աշխարհում, չլինելով այս աշխարհից:
Հրավիրեք ուսանողներին կրկին զույգերով աշխատելով մտածել մի օրինակի մասին, թե ինչպես կարող է մի մարդ լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից հետևյալ այս պարագաներից յուրաքանչյուրի դեպքում.
-
Դպրոցում
-
Ընկերների հետ
-
Համացանցում
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների ներկայացնել դասարանին իրենց մտածած օրինակները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել փորձառություններով, երբ իրենք կամ իրենց ծանոթը օրինակ է ծառայել՝ լինելու աշխարհում, բայց ոչ աշխարհից:
Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնեն մի հատուկ ուղի, որով նրանք կձգտեն ավելի լավ հետևել Փրկչին, լինելով աշխարհում, բայց ոչ աշխարհից:
Հովհաննես 17.20–26
Փրկիչն աղոթում է բոլոր մարդկանց համար, ովքեր ընդունում են Իր ավետարանը
Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և մի առաջադրանք կատարել, որի արդյունքում նրա ձեռքերը կկեղտոտվեն՝ (օրինակ, գրատախտակի ջնջոցը մաքրել կամ կեղտոտ մի կաթսայում որևէ առարկա որոնել): Հորդորեք ուսանողին առաջադրանքը կատարելիս փորձել ձեռքերը մաքուր պահել:
Երբ ուսանողն ավարտի առաջադրանքը, խնդրեք ուսանողին ցույց տալ իր ձեռքերը դասարանին:
-
Ինչո՞վ է այս առաջադրանքը նման մեր ջանքերին՝ լինելու այս աշխարհում, բայց ոչ այս աշխարհից: (Չնայած մեր լավագույն ջանքերին, մենք չենք մնում ամբողջությամբ մաքուր մեղքերից ու չարից, որոնք կան աշխարհում։)
-
Եթե մենք չկարողանայինք մաքրվել մեր մեղքերից, ինչպիսի՞ հետևանք դա կունենար մեզ համար: Ինչո՞ւ: (Մենք ընդմիշտ կառանձնացվեինք Աստծո ներկայությունից, քանի որ ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Նրա ներկայության մեջ [տես 1 Նեփի 15.33–34]։)
Շնորհակալություն հայտնեք ուսանողից և խնդրեք նրան նստել:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 17.20–23 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչի համար է աղոթում Հիսուս Քրիստոսը:
-
Ինչի՞ համար աղոթեց Հիսուս Քրիստոսը: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն մեկ բառը, որտեղ էլ որ այն հանդիպի 20–23 հատվածներում։)
-
Ի՞նչն է մեզ համար հնարավոր դարձնում, որ մեկ լինենք Հոր և Որդու հետ: (Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները, որոնք մենք ստանում ենք հնազանդվելով Նրա պատվիրաններին, և Սուրբ Հոգու պարգևը):
Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Գալով Հիսուս Քրիստոսի մոտ և ստանալով Նրա Քավության օրհնությունները, մենք կարող ենք մեկ դառնալ Հոր և Որդու հետ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքը.
«Անգլերեն Atonement, այսինքն, Քավություն բառի բուն իմաստը ակնհայտ է՝ այն առանձնացված կամ օտարացված առանձին բառերի միաձուլումն է (at-one-ment)» (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 34–35):
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքից ելնելով, ինչո՞ւ եք դուք ցանկանում մեկ լինել Նրանց հետ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ խոսքը: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ օրհնություն կստանան նրանք, ովքեր ձգտում են մեկ լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
«Մենք պետք է ջանանք ոչ միայն իմանալ Վարդապետի մասին, այլ ձգտենք, ինչպես Նա է հրավիրել՝ մեկ լինել Իր հետ (տես Հովհաննես 17.21): …
… Գալիք օրերը լեցուն կլինեն տառապանքով ու դժվարություններով: Սակայն, Աստծո հետ անձնական հարաբերություններից բխող համոզիչ մխիթարությամբ, մեզ հանգստացնող քաջություն կտրվի» (“That We Might Know Thee,” Ensign, Jan. 1999, 2, 5):
Վկայեք Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը ճանաչելու կարևորության մասին և ձգտելու՝ մեկ լինել Նրանց հետ:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ նրանք կարող են անել, որպեսզի ավելի լավ ճանաչեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ամրապնդեն իրենց հարաբերությունները Նրան հետ:
Հրավիրեք ուսանողներին գրել իրենց մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դասարանային տետրերում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ցանկացողների՝ դասարանի հետ կիսվել իրենց մտքերով և զգացումներով:
Սուրբ գրությունների սերտման հատված՝ Հովհաննես 17․3:
Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել Հովհաննես 17.3 հատվածը, խրախուսեք նրանց հետ շաբաթվա ընթացքում իրենց հետ պահեն այս հատվածը պարունակող սուրբ գրությունների սերտման քարտը: Քաջալերեք նրանց հարմար պահի դեպքում անդրադառնալ հատվածին և վարժվել՝ անգիր անելով: Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք փորձեն անգիր ասել այն իրենց ընտանիքի որևէ անդամին և բացատրեն դրա իմաստը: Հաջորդ մի քանի օրերին դասի սկզբում հրավիրեք ուսանողներին հաղորդել այս հատվածը մտապահելու իրենց հաջողությունների մասին: