Գրադարան
Դաս 61. Հովհաննես 2


Դաս 61

Հովհաննես 2

Նախաբան

Կանայում Փրկիչը Իր երկրային ծառայության ընթացքում մարդկանց մեջ կատարեց առաջին հրաշքը՝ ջուրը վերածելով գինու: Զատկի տոնին Հիսուս Քրիստոսը գնաց Երուսաղեմ: Նա մաքրեց տաճարը՝ դուրս վռնդելով դրամափոխներին, որ պղծում էին Իր Հոր տունը:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 2․1-11

Հիսուսը ջուրը վերածում է գինու

Խնդրեք ուսանողներին մտածել իրենց կյանքում կատարած հետևյալ «առաջին անգամների» մասին՝ դպրոց հաճախելու առաջին օրը, իրենց առաջին աշխատանքը, առաջին անգամը, որ զգացել են Սուրբ Հոգին:

  • Ինչո՞ւ ենք երբեմն կարևորություն տալիս մեր կյանքում տեղի ունեցած այդ և այլ «առաջին անգամներին»:

Ուսանողներին բացատրեք, որ Հովհաննես 2.1-11 հատվածն ուսումնասիրելիս նրանք կսովորեն առաջին արձանագրված հրաշքի մասին, որ Հիսուսը կատարեց Իր երկրային ծառայության ընթացքում: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչու այս առաջին արձանագրված հրաշքը կարող է կարևոր դեր ունենալ:

Բացատրեք, որ Հիսուսի մկրտվելուց շատ չանցած, Նա և Իր աշակերտները մի հարսանեկան խնջույքի մասնակցեցին Կանայում, որը Հիսուսի հայրենի քաղաք Նազարեթի մոտ գտնվող մի գյուղ էր: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.1–3 հատվածը, և խնդրել դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ խնդիր է առաջ եկավ հարսանիքի ժամանակ:

  • Հարսանեկան խնջույքի ժամանակ ի՞նչ խնդիր առաջ եկավ:

Բացատրեք, որ գինին ընդունված խմիչք էր հարսանեկան խնջույքների ժամանակ: Երբեմն հարսանեկան խնջույքը մի քանի օր էր տևում: Խնջույքի ընթացքում գինու վերջանալով տանտերերն անհարմար վիճակում կհայտնվեին: Մարիամն ամենայն հավանականությամբ որոշ չափով պատասխանատվություն էր զգում այդ խնջույքի համար, այնպես որ երբ գինին վերջացավ, նա մոտեցավ իր Որդուն և Նրա օգնությունը խնդրեց, որպեսզի տանտերերն անհարմար վիճակում չհայտնվեին: Հիսուսի պատասխանը հարգանք և կարեկցանք է արտահայտում հարսանիքի ժամանակ օգնություն ցուցաբերելու Իր մոր ցանկության հանդեպ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.4 հատվածը, ներառյալ՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տողատակի ծանոթագրություն ա-ում: Խնդրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչ պատասխանեց Իր մորը:

  • Ի պատասխան՝ ի՞նչ ասաց Հիսուսն Իր մորը:

  • Ինչպե՞ս է Հիսուսի պատասխանը ցույց տալիս մոր հանդեպ Իր հարգանքը: (Հիսուսը ոչ միայն հարցրեց Իր մորը, թե ինչ էր Իրենից ցանկանում, այլև դա անելու պատրաստակամություն հայտնեց: Կարող եք բացատրել, որ Հիսուսի օրերում, «կին» բառը մորը դիմելու հարգալից ձև էր:)

  • Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց՝ «Իմ ժամանակը դեռ չէ հասել»:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.5 հատվածը և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Մարիամը ծառաներին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Մարիամի հրահանգը ծառաներին ի՞նչ է մեզ ուսուցանում Հիսուսի հանդեպ նրա հավատքի մասին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.6–7 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչ պատվիրեց ծառաներին անել:

  • Հիսուսն ի՞նչ պատվիրեց ծառաներին անել:

Բացատրեք, որ Հիսուսի ժամանակներում ջրի կարասները պատրաստված էին քարից և համարվում էին ծիսական ձևով մաքրագործված ծիսակատարությունների ժամանակ օգտագործելու համար: Հրեաների մոտ սովորություն կար, որ նախքան ճաշելը ծիսական ձևով մաքրվում էին՝ ձեռքերը լվանալով այդ կարասներից վերցված ջրով:

limestone pots

Նոր Կտակարանի դարաշրջանի Իսրայելում օգտագործվող կրաքարից կարասներ

  • Ծառաները որքա՞ն ջուր լցրեցին այդ կարասների մեջ:

Որպեսզի ուսանողները հասկանան, թե որքան ջուր կարելի էր լցնել այդ կարասների մեջ, ցույց տվեք մեկ գալոն (կամ մեկ լիտր) տարողությամբ տարա: Ուսանողներին բացատրեք, որ «տակառի» տարողությունը ինը գալոն (կամ 34 լիտր) էր, այնպես որ վեց կարասների մեջ կարող էր տեղավորվել 100-160 գալոն (կամ մոտ 380-600 լիտր): Տարան լցրեք ջրով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.8 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե այնուհետև Հիսուսն ինչ պատվիրեց ծառաներին անել: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Երբ ուսանողները պատասխանեն, ջրով տարայից բաժակով ջուր հանեք:

  • Եթե այդ ծառաներից մեկը լինեիք, ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, երբ բաժակը խնջույքի սեղանապետին կամ ղեկավարին մոտեցնեիք:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.9-10 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք սեղանապետի խոսքերի վրա, երբ նա ճաշակեց իրեն առաջարկված խմիչքը:

  • Հիսուսն ի՞նչ էր արել ջրի հետ:

  • Ի՞նչ ասաց սեղանապետը նոր գինու համար: (Բացատրեք, որ սովորության համաձայն լավագույն գինին հաճախ հյուրասիրում էին խնջույքի սկզբում, իսկ ավելի վատորակ գինին տալիս էին խնջույքի վերջում:)

Բացատրեք, որ Հիսուսը երբեք հատուկ մեկնաբանություն չի կատարել Իր մահկանացու ծառայության ժամանակ արձանագրված այս առաջին հրաշքի նշանակության կամ խորհրդանշական իմաստի վերաբերյալ: Սակայն շատ կարևոր ճշմարտություններ կարող ենք սովորել Հիսուսի կողմից կատարված և առաջինը արձանագրված այս հրաշքի պատմությունից:

Ուսանողներին երկու կամ երեք հոգանոց փոքր խմբերի բաժանեք: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին թղթի վրա գրել հնարավորինս շատ ճշմարտություններ, որ կարելի է սովորել Հովհաննես 2.1-11 հատվածից: Նրանց բավարար ժամանակ հատկացնելուց հետո, յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկ հոգու, ով դասարանին կներկայացնի իր խմբի գրված ճշմարտությունները: Ուսանողներից մեկին հանձնարարեք գրագրի դեր կատարել: Գրագրին խնդրեք յուրահատուկ ճշմարտությունները գրել գրատախտակին: Ստորև տրված են այն հնարավոր ճշմարտությունները, որ ուսանողները կարող են բացահայտել. Հիսուս Քրիստոսը զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա: Փրկիչը գիտեր, որ աստվածային առաքելություն ուներ կատարելու: Մեսիան հրաշքների միջոցով դրսևորեց Իր աստվածային զորությունը: Աստծո Որդին սիրում և հարգում էր Իր մորը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 2.11 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ազդեցություն թողեց այդ հրաշքը Հիսուսի աշակերտների վրա:

  • Ի՞նչ ազդեցություն թողեց այդ հրաշքը Հիսուսի աշակերտների վրա:

Գրատախտակին ուսանողների կողմից նշված ճշմարտությունների ցուցակից շրջանակի մեջ առեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա: (Նշում. Եթե ուսանողները չեն նշել այդ ճշմարտությունը, ավելացրեք այն ցուցակին:)

  • Ինչպե՞ս է զորանում առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքը, երբ հասկանում եք, որ Հիսուսը զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա:

  • Նոր Կտակարանում ուսումնասիրած ուրիշ ի՞նչ պատմություններ են լուսաբանել նաև, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա: (Պատասխանները կարող են լինել հետևյալը՝ երկու հրաշքները՝ հացի և ձկների [հինգ հազար. Մարկոս 6.33-44, չորս հազար: Մարկոս 8.1-9], փոթորիկը խաղաղեցնելը [Մարկոս 4.35-41], կամ ջրի վրայով քայլելը [Մատթեոս 14.22-33]:)

Հովհաննես 2.12-25

Հիսուսը մաքրում է տաճարը

Խնդրեք ուսանողներին մի քանի խաղերի անուններ ասել, որ փոքր տարիքում խաղացել են բակում: Երբ նրանք թվարկեն խաղերի անունները, խնդրեք հետևյալը.

  • Թեև այս խաղերն անմեղ են և զվարճալի, դուք լավ կզգայի՞ք ձեզ, եթե խաղայիք տաճարի տարածքում:

Ուսանողներին բաժանեք երկու հոգանոց խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին կարդալ Հովհաննես 2․12-17 հատվածը: Կարդալիս խնդրեք խմբերին ուշադրություն դարձնել և քննարկել հետևյալ հարցերի պատասխանները (գրատախտակին գրեք այս հարցերը).

  1. Հիսուսն ո՞ւմ տեսավ տաճարում:

  2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ զայրացավ Հիսուսը:

  3. Ի՞նչ արեց Հիսուսը, որ շտկեր այդ խնդիրը:

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ցուցադրեք Հիսուսը մաքրեց տաճարը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], no. 51; տես նաև LDS.org), և խնդրեք խմբերին ներկայացնել իրենց պատասխանները: Կարող եք բացատրել, որ Զատկի տոնին Երուսաղեմ եկած հազարավոր այցելուներ կենդանիներ էին գնում՝ որպես իրենց երկրպագության մաս տաճարում զոհ մատուցելու համար: Դրամափոխները հռոմեական և այլ երկրների տարադրամները փոխում էին տաճարային դրամի, որպեսզի կարողանային զոհաբերության համար կենդանիներ գնել, իսկ առևտրականները կենդանիներ էին վաճառում: Չնայած որ այդ առևտրի կարիքը կար, տաճարում նման գործեր կատարելը անհարգալից վերաբերմունք էր:

  • Տաճարների մասին ի՞նչ ճշմարտություն ենք սովորում հատված 16-ում տաճարի մասին ասված Հիսուսի խոսքից: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. (Տաճարն Աստծո տունն է:)

  • Ինչպե՞ս են տաճարները Աստծո տուն հանդիսանում: (Ուսանողների պատասխանները գուցե տարբեր լինեն, սակայն կարող են պարունակել հետևյալ մտքերը. Տաճարն այն վայրն է, որտեղ Աստված կարող է գալ, որտեղ Նրա ներկայությունը կամ Հոգին կարող ենք զգալ, և որտեղ Նրա փրկության աշխատանքով պայմանավորված ծեսեր են կատարվում: Տաճարները երկրի վրա երկրպագելու ամենասուրբ վայրերն են:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին լսել, թե տաճարների սրբության Հիսուսի հասկացողությունն ինչպես օգնեց Նրան դրամափոխներին և առևտրականներին տաճարից դուրս քշելու որոշում կայացնելիս:

President Howard W. Hunter

«Զայրույթի պատճառը երեք բառերի մեջ էր կայանում. «Իմ Հոր տունը»: Դա սովորական տուն չէր, այլ Աստծո տունն էր: Այն կառուցվել էր Աստծուն երկրպագելու նպատակով: Դա տուն էր՝ ակնածանքով լի սրտերի համար: Դա պետք է լիներ մարդկանց համար իրենց ցավերից ու հոգսերից սփոփվելու վայր՝ երկնքի դուռ: … Բարձրյալի հանդեպ [Հիսուսի] նվիրվածությունը կրակ վառեց նրա հոգում և հզոր ուժ հաղորդեց նրա խոսքին, որն էլ դաշույնի պես խոցեց օրինազանցներին» (“Hallowed Be Thy Name,” Ensign, Nov. 1977, 53):

  • Հիսուսի գործերն ինչպե՞ս են արտահայտում Իր Հոր տան հանդեպ Նրա ակնածանքը:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մենք ակնածանք ենք ցուցաբերում տաճարի հանդեպ …

Ուսանողներին երկու-երեք հոգանոց խմբերի բաժանեք: Հանձնարարեք խմբերին թղթի վրա գրել այդ նախադասությունն ավարտող հնարավորինս շատ տարբերակներ: Մեկ կամ երկու րոպեից խնդրեք խմբերից մեկին դասարանի հետ կիսվել իրենց տարբերակներով: Մինչ առաջին խումբը ներկայացնում է իր տարբերակները, խնդրեք մյուս խմբերին նշում կատարել իրենց նմանատիպ տարբերակի դիմաց: Այնուհետև խնդրեք մեկ այլ խմբի ներկայացնել իրենց այն տարբերակները, որոնք չէին նշվել առաջին խմբի կողմից: Շարունակեք մինչև որ բոլոր խմբերը կկիսվեն իրենց տարբերակներով:

  • Ինչպե՞ս կարող ենք տաճարի հանդեպ մեր ակնածանքը ցույց տալ, նույնիսկ եթե մենք տաճարում չենք գտնվում:

Խնդրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե ինչու են կարևոր համարում, որ պետք է անեն հնարավորինս ամեն ինչ տաճարի հանդեպ ակնածանք դրսևորելու համար: Նաև խնդրեք ուսանողներին մի բան անելու նպատակ դնել, որով տաճարի հանդեպ ակնածանք կդրսևորեն: Խրախուսեք նրանց աշխատել այդ նպատակի ուղղությամբ:

Կիսվեք այսօրվա դասում բացահայտված սկզբունքների մասին ձեր վկայությամբ:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում

Այս վարժությունը կարելի է օգտագործել սուրբ գրությունների սերտման հատվածների խումբը ներկայացնելու կամ վերանայելու համար: Ընտրեք սուրբ գրությունների սերտման մի քանի քարտեր և պատրաստվեք բաժանել դրանք ձեր ուսանողներին: (Համոզվեք, որ յուրաքանչյուր քարտից ունեք բազմաթիվ օրինակներ, այնպես որ շատ ուսանողներ ստանան սուրբ գրության սերտման նույն հատվածը: Համոզվեք, որ ունեք բավականաչափ քարտեր, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ունենա երկու կամ երեք տարբեր հատվածներ:) Բաժանեք քարտերը ուսանողներին: Ուսանողներին ժամանակ տվեք, որ ուսումնասիրեն սուրբ գրությունների սերտման տվյալ հատվածը, հղումը, հիմնաբառերը, համատեքստի սահմանումը, վարդապետությունը կամ սկզբունքը և կիրառման գաղափարները յուրաքանչյուր քարտի վրա: Գտեք որոշ հուշումներ քարտերում (օրինակ` սուրբ գրության սերտման հատվածից բառեր կամ հիմնաբառեր, համատեքստից, վարդապետությունից, սկզբունքից կամ կիրառումից): Ուսանողները, ովքեր ունեն դրա հետ առնչվող քարտը, պիտի կանգնեն ու բարձրաձայն արտասանեն սուրբ գրության սերտման հատվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 2․1-11: «Լավ գինի»

Աստվածաշնչում շատ է նշվում հարբեցողության և ոգելից խմիչքներից եկող չարի մասին (օրինակ, տես Առակաց 23.20–21; Եսայիա 5.11–12; Եփեսացիս 5.18): Այս հատվածները հատկապես չեն արգելում ալկոհոլի օգտագործումը, սակայն դրանք դատապարտում են ալկոհոլի չարաշահումն ու հարբեցողությունը: Մեր օրերում Տերը հայտնել է Իմաստության խոսքը, որն արգելում է ոգելից խմիչքների օգտագործումը (տես ՎևՈւ 89.4-7): Մենք չպետք է ավելի վաղ դարաշրջանների մարդկանց դատենք ըստ մեր օրերում տրված Տիրոջ պատվիրանների» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 208):

Հովհաննես 2․4: «Քեզ ինչ բան կա ինձ հետ, կին»:

«Ջեյմս թագավորի աստվածաշնչյան տարբերակում Իր մորը տված Փրկչի պատասխանը կարող է կոպիտ թվալ, սակայն թե Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և թե հունարեն բնագրերը նշում են, որ Նա հարգանքով խոսեց: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) բացատրել է. «Որդու կողմից իր մորը «Կին» բառով դիմելաձևը մեր ականջների համար կարող է կոպիտ հնչել, եթե ոչ անհարգալից, սակայն դրա օգտագործումը իրականում հակառակ իմաստ էր կրում: … Երբ Քրիստոսը Իր մահկանացու կյանքի վերջին սոսկալի պահին խաչը բարձրացված հոգևարքի մեջ մահանում էր, նայեց վար՝ ողբացող Մարիամին, Իր մորը, և նրան Իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամքին հանձնեց, ասելով. «Ով կին, ահա քո որդին» [Հովհաննես 19.26]: Կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ այդ ծայրահեղ լարված պահին, երբ մեր Տերը մտահոգվեց Իր մոր համար, ումից շուտով մահը պիտի բաժաներ Իրեն, Իր մոր հանդեպ հարգանքից, քնքշությունից և սիրուց բացի այլ զգացմունքներ կարող էր տածել: (Jesus the Christ, 3rd ed. [1916], 144–45):

«Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ևս օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուսը ոչ միայն հարցրեց Իր մորը, թե ինչ էր ցանկանում, որ Ինքն աներ, այլև Նա դա անելու համար պատրաստակամություն հայտնեց. «Կին, ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար, որը ես կանեմ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 2.4 [Հովհաննես 2.4, տողատակի ծանոթագրություն ա]): «Քեզ ի՞նչ բան կա ինձ հետ» հարցը հիմնականում նշանակում է՝ «Ի՞նչ ես ցանկանում, որ ես անեմ» (Հովհաննես 2.4),» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 208):