Դաս 20
Մատթեոս 17
Նախաբան
Հիսուս Քրիստոսը, Մովսեսը և Եղիան քահանայության բանալիները շնորհեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Կերպարանափոխության սարի վրա։ Սարից իջնելուց հետո Հիսուսը դևին հանում է մի տղայի միջից։ Կափառնայում Հիսուսը երկդրամեա տուրքի գումարը հրաշքով վճարեց Իր և Պետրոսի համար։
Ուսուցնման առաջարկներ
Մատթեոս 17․1-13
Մովսեսը և Եղիան հայտնվում են Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին
Ցույց տվեք ձեր վարորդական իրավունքի վկայականը կամ խնդրեք, որ ուսանողներից մեկը ցույց տա այն դասարանի անդամներին։
-
Ի՞նչ իրավունք է տալիս վարորդական իրավունքի վկայականը դրա տիրոջը։
Ցուցադրեք ավտոմեքենայի բանալիներ։
-
Ինչո՞ւ է կարևոր, որ բացի վարորդական իրավունքի վկայականից նաև ունենանք ավտոմեքենայի բանալիները։
-
Մեքենան վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականը և բանալիները ինչպե՞ս կարելի է համեմատել Աստծո գործն ղեկավարելու համար անհրաժեշտ քահանայության իշխանության և բանալիների հետ։ (Ճիշտ նրանց նման, ովքեր մեքենան վարելու թույլտվության համար կրում են վարորդական իրավունքի վկայական, բազմաթիվ տղամարդիկ կրում են քահանայության իշխանությունը։ Սակայն այնպես, ինչպես մեքենայի բանալիները թույլ են տալիս վարել որոշակի մեքենա, քահանայության բանալիները մարդուն թույլ են տալիս վարել կամ առաջնորդել Աստծո աշխատանքը որոշակի ոլորտում։ Եկեղեցու Նախագահը կրում և օգտագործում է քահանայության բանալիները՝ երկրի վրա Տիրոջ բոլոր աշխատանքը նախագահելու և առաջնորդելու համար։)
Հիշեցրեք ուսանողներին, որ Մատթեոս 16․19 հատվածում մենք կարդում ենք, որ Տերը խոստացավ Պետրոսին տալ արքայության բանալիները, կամ երկրի վրա Աստծո աշխատանքն առաջնորդելու իշխանությունը։ Այդ ժամանակ Պետրոսին և մյուս առաքյալներից յուրաքանչյուրին արդեն շնորհվել էր քահանայության իշխանություն, սակայն նրանց դեռևս չէր տրվել արքայության բանալիները։
Այսօր՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս, ուսանողներին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես Պետրոսը ստացավ արքայության բանալիները և ինչպես հետագայում այդ նույն բանալիները շնորհվեցին Ջոզեֆ Սմիթի և մյուսների վրա մեր օրերում։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 6․1-2 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և բացահայտել, թե որտեղ Փրկիչը տարավ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, որպեսզի նախապատրաստեր նրանց քահանայության բանալիները ստանալուն։ Կարող եք նշել, որ հնարավոր է Փրկիչն ընտրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին գնալու Իր հետ, քանի որ նրանք պետք է ծառայեին որպես Եկեղեցու Առաջին Նախագահություն՝ դեպի երկինք Փրկչի հարություն առնելուց ու համբարձվելուց հետո (տես Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:152)։
-
Հիսուսը որտե՞ղ տարավ Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։
-
Սարի վրա ի՞նչ տեղի ունեցավ Փրկչի հետ։
-
Ի՞նչ է նշանակում կերպարանափոխվել։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ կերպարանափոխումը վերաբերում է «Այն մարդկանց վիճակին, որոնք ժամանակավորապես վերափոխվում են արտաքինով և ներքինով, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր աստիճանի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանն ու փառքին» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կերպարանափոխում», scriptures.lds.org)։ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը նույնպես կերպարանափոխվեցին այդ ժամանակ (տես ՎևՈւ 67․11–12)։
Գրատախտակին գրեք հետևյալ վերնագիրը. Այն մարդիկ, ովքեր ներկա էին Կերպարանափոխման սարի վրա։ Այս վերնագրի տակ գրեք Հիսուս Քրիստոս, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 17.3 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե սարի վրա ովքեր հայտնվեցին Հիսուսին ու առաքյալներին։
-
Ովքե՞ր հայտնվեցին սարի վրա։ (Բացատրեք, որ Եղիասը վերաբերում է Հին Կտակարանի մարգարե Եղիային [տես Մատթեոս 17․3, տողատակի գրառում բ]։)
Գրատախտակին գրված ցուցակին ավելացրեք Մովսես և Եղիա անունները։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու Մովսեսը և Եղիան հայտնվեցին սարի վրա, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը․
«Փրկիչը, Մովսեսը և Եդիան [քահանայության] բանալիներ տվեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսի՝ սարի վրա, որտեղ նրանք կերպարանափոխվեցին նրա առաջ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 112)։
-
Ըստ Ջոզեֆ Սմիթի, ինչո՞ւ Եղիան և Մովսեսը հայտնվեցին սարի վրա։ (Որպեսզի քահանայության բանալիները հանձնեն Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Կարող եք նաև բացատրել, որ Մովսեսը և Եղիան 1836թ․ ապրիլի 3-ին հայտնվեցին Կիրթլենդի Տաճարում, որպեսզի վերականգնեին քահանայության բանալիները․ Մովսեսը վերականգնեց Իսրայելի հավաքման բանալիները [տես ՎևՈւ 110․11], իսկ Եղիան վերականգնեց այն բանալիները, որոնք առնչվում էին կնքման զորության հետ [տես ՎևՈւ 110․13–16]։ Կիրթլենդում տեղի ունեցած այդ հայտնություններն օգնում են մեզ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Կերպարանափոխման սարի վրա:)
Բացատրեք, որ Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ Հովհաննես Մկրտիչը, ում Հերովդեսը սպանեց, նույնպես հայտնվեց սարի վրա (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, Մարկոս 9․3 [Մարկոս 9․4, տողատակի գրառում ա], տես նաև Աստվածաշնչի բառարանը, «Եղիա»)։ Գրատախտակին գրված ցուցակին ավելացրեք Հովհաննես Մկրտիչ անունը։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 17․4-9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ուրիշ ո՞վ էր ներկա Կերպարանափոխման սարի վրա։
-
Ուրիշ ո՞վ էր ներկա Կերպարանափոխման սարի վրա։ (Ավելացրեք Հայր Աստված գրատախտակին գրված ցուցակին։)
Հակիրճ ձևով հիշեցրեք ուսանողներին, որ ավետարանի տնտեսությունը մի ժամանակաշրջան է, որի ժամանակ Երկնային Հայրն Իր լիազորված ծառաների միջոցով Իր փրկության ծրագրի քահանայության իշխանությունը, արարողությունները և գիտելիքը բաշխում է երկրի մարդկանց։ Ուսանողներից մեկին հրավիրեք գրատախտակի մոտ և խնդրեք, որ նա մի մեկական աստղ նկարի այն մարդկանց կողքին, ովքեր մեր տնտեսության մեջ հայտնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ (Ուսանողը պետք է գրատախտակին գրված բոլոր անձանց կողքին մեկական աստղ նկարի։)
Դասարանի անդամներին հարցրեք, թե այդ այցելություններից յուրաքանչյուրը ե՞րբ է տեղի ունեցել և ո՞րն է եղել նպատակը։ (Երբ ուսանողները բացատրեն, կարող եք ցուցադրել հետևյալ նկարները․ Առաջին Տեսիլքը, Հովհաննես Մկրտիչը շնորհում է Ահարոնյան Քահանայությունը, Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը և Եղիան հայտնվում է Կիրթլենդի Տաճարում [Ավետարանի նկարների գիրք (2009), համարներ՝ 90, 93, 94, 95, տես նաև LDS.org]։)
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս իրադարձություններից յուրաքանչյուր տնտեսության ժամանակ քահանայության բանալիներ շնորհելու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն օգնեք նրանց բացահայտելու հետևյալ ճշմարտությունը․ Յուրաքանչյուր տնտեսությունում Աստված քահանայության բանալիները շնորհում է Իր ընտրյալ ծառաներին, որպեսզի նրանք կարողանան առաջնորդել Իր աշխատանքը երկրի վրա։)
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսի ժամանակ քահանայության բանալիները շնորհելու այդ նույն եղանակը մեր օրերում կրկնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ։
-
Արդյո՞ք ներկայիս մարգարեները և առաքյալները կրում են այն նույն բանալիները, որոնք Ջոզեֆ Սմիթը ստացավ։ (Այո։) Ինչպե՞ս նրանք ստացան այդ բանալիները։ (Բանալիները Ջոզեֆ Սմիթից փոխանցվեցին Բրիգամ Յանգին և հաջորդ մարգարեներին։)
Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել քահանայության իշխանության և մեր տնտեսությունում բանալիներն ունենալու օրհնության մասին իրենց զգացումներով, այնպես, ինչպես նրանք կային Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ։
Մատթեոս 17․14–22
Հիսուսը դևին հանում է տղայի միջից
Ամփոփեք Մատթեոս 17․14-22 հատվածները և բացատրեք, որ հայրը որդուն բերեց Փրկչի մոտ, որ Նա բժշկեր նրան։ Երբ Հիսուսը բժշկեց երեխային, Նա ուսուցանեց Իր աշակերտներին, որ որոշ օրհնություններ կարելի միայն ստանալ աղոթքի ու ծոմապահության միջոցով։ Նա նաև մարգարեացավ Իր մահվան ու Հարության վերաբերյալ։ (Նշում․ Այս իրադարձություններն առավել մանրամասնորեն կքննարկվեն Մարկոս 9․14–29-ի դասի ժամանակ։)
Մատթեոս 17․23–26
Հիսուսը երկդրամեա տուրքի գումարը հրաշքով վճարում է Իր և Պետրոսի համար։
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոս 17.23-26 հատվածները, հրավիրեք նրանց գտնել այն ճշմարտությունը, որը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես է մեր օրինակն ազդում մյուսների վրա։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածների ենթատեքստը, բացատրեք, որ ըստ Մովսեսի օրենքի 20 տարեկանից բարձր բոլոր իսրայելացի տղամարդիկ պետք է վճարեին տաճարի տարեկան հարկ, որը կոչվում էր երկդրամեա (տես Ելից 30․13–16)։ Այդ գումարներն օգտագործվում էին տաճարն աշխատացնելու ծախսերը հոգալու համար։ Քահանաներից և ուսուցիչներից ոմանք կառավարող խորհրդի կողմից ազատվել էին հարկ վճարելուց։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 17.23-25 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք հարկահավաքներն ու Հիսուսը տվեցին Պետրոսին։
-
Հարկահավաքներն ի՞նչ հարցրեցին Պետրոսին։ Ի՞նչ պատասխան տվեց Պետրոսը։
-
Հիսուսն ի՞նչ հարցրեց Պետրոսին։ Ի՞նչ պատասխան տվեց Պետրոսը։
Բացատրեք, որ այս հատվածներում օտարներ բառը վերաբերում է թագավորության մեջ գտնվող բոլոր մարդկանց, բացի թագավորի զավակներից։ «Օտարները» պետք է վճարեն հարկերը, իսկ թագավորի զավակներն ազատվում են։ Հիսուսն ուսուցանում էր Պետրոսին, որ քանի որ Նա Աստծո որդին էր և տաճարն Իր Հոր տունն էր (տես Մատթեոս 17․24–25, Հովհաննես 2․16), Նա կարիք չուներ վճարելու հարկը և կարող էր չվճարել այն։ Այնուամենայնիվ, հարկահավաքներն ակնկալում էին, որ Հիսուսը կվճարեր հարկը, քանի որ նրանք չէին հասկանում, թե ով էր Նա։
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 17․26 հատվածը և ուշադրություն դարձնել, թե այնուհետև ինչ հրահանգեց Հիսուսը Պետրոսին։
-
Փրկիչն ի՞նչ հրահանգեց Պետրոսին անել։
-
Ինչո՞ւ Հիսուսն ասաց, որ կվճարեր հարկը։
Գրատախտակին գրեք գայթակղեցնել բառը և բացատրեք, որ այս ենթատեքստում «որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք» արտահայտությունն ամենայն հավանականությամբ վերաբերվում է այն փաստին, որ Փրկիչը չէր ցանկանում անել մի բան, որը կստիպեր ուրիշներին հոգևոր առումով սայթաքել։ (Եթե նա չվճարեր հարկը, հրեաներից ոմանք անբարենպաստ կերպով կվերաբերվեին Նրան և Նրա հետևորդներին և պակաս ընկալունակ կլինեին ավետարանի ուղերձի հանդեպ։)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկչի օրինակից: (Չնայած ուսանողներն այլ կերպ կարող են արտահայտվել, նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք կարող ենք հետևել Փրկչի օրինակին և խուսափել այնպիսի արարքներից, որոնք կստիպեն ուրիշներին հոգևոր առումով սայթաքել։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Որո՞նք են այլ իրավիճակները, որոնց ժամանակ այս սկզբունքը կառաջնորդի մեզ և կօգնի ճիշտ ընտրություններ կատարել։
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ փորձել եք հետևել Փրկչի օրինակին և խուսափել այնպիսի արարքներից, որոնք կարող են ստիպել ուրիշներին հոգևոր առումով սայթաքել։
Ավարտեք այս դասը, հանձնարարելով ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել մի բան, որը նրանք կանեն, որպեսզի ավելի լավ ապրեն վերը նշված սկզբունքով։
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում
Երբ ուսանողներն ավելի հեշտությամբ գտնեն սուրբ գրությունների սերտման հատվածները՝ նրանք ավելի վստահ կուսումնասիրեն ավետարանը, կկիրառեն ավետարանի սկզբունքներն իրենց կյանքում և կուսուցանեն սուրբ գրություններից։
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայման վարժությունները տեղադրված են այս ձեռնարկում, որպեսզի ներկայացնեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կօգնեն ուսանողներին հաճախակի վերանայել սուրբ գրությունների սերտման հատվածները։ Վերանայման լրացուցիչ վարժություններ կարող եք գտնել այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում։
Հարցաշարերը կարող են օգնել ուսանողներին հիշել այն, ինչ իրենք սովորել են, և ստուգել իրենց սովորածը: Հանձնարարեք ուսանողներին կարդալ սուրբ գրությունների երեք սերտման հատվածներ, որոնք այս ձեռնարկում արդեն ներկայացվել են։ Կարող եք նաև ընդգրկել մի քանի նոր հատվածներ։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածներն իրենց սուրբ գրություններում։) Կարդալուց հետո հարցաշարերի տեսքով ստուգեք ուսանողներին՝ տալով նրանց մեկական հիմնաբառ հատվածներից կամ կարդալով մեկական արտահայտություն սեմինարիայի էջանշանից։ Այնուհետև խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում գտնել ճիշտ հատվածը: