Գործք Առաքելոցի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Գործք Առաքելոցը կապող օղակ է հանդիսանում չորս Ավետարաններում Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության վերաբերյալ արձանագրությունների և Նրա Առաքյալների գրվածքների և գործերի վերաբերյալ արձանագրությունների միջև։ Գործք Առաքելոց գիրքը լուսաբանում է, թե ինչպես Փրկիչը շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին՝ Սուրբ Հոգով ոգեշնչելով նրանց, ովքեր կրում էին քահանայության բանալիները։ Սուրբ Հոգին հայտնում էր ճշմարտությունը Առաքյալներին, ովքեր այդ ժամանակ առաջնորդում և ուսուցանում էին Եկեղեցում։ Առաքյալները նաև հրաշքներ էին գործում Հիսուս Քրիստոսի անունով։ Այս գիրքն ուսումնասիրելով, ուսանողները կիմանան, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին սկսել տարածվել Երուսաղեմից «մինչեւ երկրի ծայրերը» (Գոր․ 1․8)։ Այս գիրքն ուսումնասիրելը կարող է նաև օգնել ուսանողներին հասկանալ ժամանակակից մարգարեներին և առաքյալներին հետևելու կարևորությունը և կարող է ոգեշնչել նրանց խիզախ կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկաներ։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Ղուկասը Գործք Առաքելոցը գրել է որպես «երկու մասից բաղկացած աշխատության երկրորդ գիրք։ … Առաջին մասը հայտնի է որպես Ավետարան ըստ Ղուկասի» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գործք Առաքելոց»,scriptures.lds.org, տես նաև Ղուկաս 1․1–4, Գոր․ 1․1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Գործք Առաքելոցը գրվել է Ղուկասի Ավետարանից հետո (տես Գոր․ 1․1), որը հավանաբար գրվել է մ.թ․ առաջին դարի երկրորդ կեսին։ Մենք չգիտենք, թե որտեղ է այն գրվել:
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
Ղուկասը Գործք Առաքելոց գիրքը հղել է Թեոփիլե անունով մի մարդու (տես Գոր․ 1․1)։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Գործք Առաքելոց գիրքը պատմում է քրիստոնեության վերելքի և տարածման մասին՝ սկսած գավառական հրեական մայրաքաղաք Երուսաղեմից մինչև կայսրության մեծ մայրաքաղաք Հռոմ։ Գործք Առաքելոցում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունեցել մոտ 30 տարիների ընթացքում (մոտավորապես մ.թ․ 30–62թթ․) և հիմնականում կենտրոնանում են Պետրոսի (տես Գոր․ 1–12) և Պողոսի (տես Գոր․ 13–28) ծառայությունների վրա։ Առանց Գործք Առաքելոց գրքի Եկեղեցու վաղ շրջանի պատմության մասին մեր գիտելիքը կսահմանափակվեր Նոր Կտակարանի թղթերի տրամադրած հակիրճ պատմությամբ։ Բացի դրանից, Գործք Առաքելոցը տրամադրում է արժեքավոր պատմական փաստեր Պողոսի թղթերի վերաբերյալ։
Վաղ Եկեղեցու աճի համար վճռորոշ նշանակություն ունեցան Պողոսի դարձի գալը (Գոր․ 9) և նրա կատարած հետագա առաքելությունները, Պետրոսի տեսիլքը, որի համաձայն Եկեղեցում ընդունվեցին հեթանոսները, ովքեր նախկինում դարձի չէին եկել դեպի հուդաիզմը (Գոր․ 10․9–16, 34–35) և Երուսաղեմում տեղի ունեցած ժողովի ժամանակ ուսուցանված վարդապետությունները (Գոր․ 15)։
Ինչպես գրված է Ղուկաս 24․49-ում, Փրկիչը հրահանգեց Առաքյալներին, որ նրանք պետք է սկսեին իրենց ծառայությունները միայն այն բանից հետո, երբ «վերեւիցը զօրութիւն հագնին»։ Գործք Առաքելոցում տրվում է Սուրբ Հոգու միջոցով այդ զորությամբ օժտվելու պատմությունը և նկարագրվում են դրա ցայտուն արդյունքները՝ սկսած հազարավորների դարձից, որ տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը (տես Գոր․ 2): Ողջ Գործք Առաքելոց գրքում Ղուկասը շեշտում է Սուրբ Հոգու ներգործությունը անհատների և խմբերի վրա։ «Վերեւիցը զօրութիւն հագնիք» արտահայտությունը հավանաբար նաև նշանակում էր, որ Առաքյալները «որոշակի գիտելիքներ, զորություն և յուրահատուկ օրհնություններ ստացան, որոնք սովորաբար տրվում էին միայն Տիրոջ Տաճարում» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:859)։
Համառոտ շարադրանք
Գործք Առաքելոց 1-2 Իր Հարությունից հետո 40 օր Հիսուս Քրիստոսը ծառայում է Իր աշակերտներին և ապա համբարձվում երկինք։ Առաքյալները ոգեշնչմամբ կանչում են Մատաթիային՝ Տասներկու Առաքյալների Քվորումում թափուր տեղը զբաղեցնելու համար։ Պենտեկոստեի օրը տրվում է Սուրբ Հոգին։ Պետրոսը համարձակ վկայում է հարություն առած Փրկիչի մասին, և մոտավորապես երեք հազար մարդ դարձի է գալիս։
Գործք Առաքելոց 3-8 Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են մի մարդու, ով ի ծնե կաղ էր։ Պետրոսը և Հովհաննեսը ձերբակալվում են քարոզելու և Հիսուս Քրիստոսի անունով բժշկելու համար և ազատվում բանտից։ Առաքյալները կանչում են յոթ տղամարդու՝ աջակցելու իրենց ծառայության մեջ․ այս մարդկանցից մեկը՝ Ստեփանոսը, վկայություն է բերում հրեաների խորհրդի առջև և խորհրդի անդամները մահվան են դատապարտում նրան։ Փիլիպպոսը քարոզում է Սամարիայում։
Գործք Առաքելոց 9-12 Սողոսը դարձի է գալիս և սկսում իր ծառայությունը։ Տեսիլքի միջոցով Պետրոսը սովորում է, որ ավետարանը պետք է քարոզվի Հեթանոսներին։ Հերովդես Ագրիպպա Ա-ն մահվան դատապարտեց Հակոբոսին (Հովհաննեսի եղբորը) և բանտարկեց Պետրոսին։
Գործք Առաքելոց 13-15 Սողոսը և Բառնաբասը կանչվում են որպես միսիոներներ։ Նրանք հանդիպում են ընդդիմության հրեաների կողմից և ընդունվում որոշ հեթանոսների կողմից։ Եկեղեցու ղեկավարները հանդիպում են Երուսաղեմում և որոշում, որ դարձի եկած հեթանոսները չպետք է թլփատվեն (կամ շարունակեն պահել Մովսեսի օրենքը), երբ միանում են Եկեղեցուն։ Պողոսը (ինչպես այժմ կոչվում է Սողոսը) մեկնում է իր երկրորդ միսիոներական ճամփորդությանը Շիղայի հետ միասին։
Գործք Առաքելոց 16-20 Պողոսը և Շիղան ամրապնդում են մի քանի եկեղեցիներ, որոնք հաստատվել էին ավելի վաղ շրջանում։ Աթենքում Արիսպագոսի մեջ Պողոսը քարոզում է, որ մենք «Աստուծոյ ազգիցն ենք» (Գոր․ 17․29)։ Պողոսն ավարտում է իր երկրորդ միսիան և մեկնում է իր երրորդ միսիան՝ դեպի Փոքր Ասիա։ Պողոսը որոշում է վերադառնալ Երուսաղեմ։
Գործք Առաքելոց 21-28 Երուսաղեմում Պողոսը ձերբակալվում է և շարունակում վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Տերը կրկին հայտնվում է Պողոսին։ Հրեաներից շատերը որոգայթ են լարում Պողոսին սպանելու համար։ Կեսարիայում նա վկայում է Ֆելիքսի, Փեստոսի և Ագրիպպասի առջև։ Երբ Պողոսը ճամփորդում է դեպի Հռոմ, նավաբեկություն է տեղի ունենում։ Հռոմում տնային կալանքի տակ գտնվելով՝ Պողոսը ուսուցանում է ավետարանը: