Տնային ուսումնասիրության դաս
Փրկության ծրագիրը. Նոր Կտակարանի նախաբանը և համատեքստը (Մաս 1)
Նախաբան
Այս դասի նպատակն է պատրաստել և խրախուսել ուսանողներին ուսումնասիրել Նոր Կտակարանը՝ ներկայացնելով նրանց Հիսուս Քրիստոսի և Նրա հին Առաքյալների ուսմունքների գլխավոր թեման։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Նոր Կտակարանը, նրանք կսովորեն, թե ինչպես արձագանքել Փրկիչի կրկնվող հրավերին՝ գալ Նրա մոտ և ստանալ Նրա օգնությունն ու ուղղությունն իրենց կյանքում։
Ուսուցման առաջարկներ
Նոր Կտակարանի նախաբանը
Նոր Կտակարանն օգնում է մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը
Մինչև դասի սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Որո՞նք են այն մի քանի ծանր բեռները, որ երիտասարդները կրում են մեր օրերում։
Դասարան բերեք դատարկ արկղ կամ ուսապարկ և այնպիսի ծանր առարկաներ, ինչպիսիք են` մեծ քարեր կամ գրքեր՝ արկղի կամ ուսապարկի մեջ տեղադրելու համար։ Հրավիրեք մի ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան պահել դատարկ արկղը կամ կրել ուսապարկը։ Դասարանին խնդրեք պատասխանել գրատախտակին գրված հարցին և խնդրեք մեկ այլ ուսանողի գրատախտակին գրանցել ուսանողների պատասխանները։ Յուրաքանչյուր պատասխանից հետո տեղադրեք ծանր առարկա արկղի կամ ուսապարկի մեջ` մինչև այն լցվի։
-
Ինչպե՞ս դուք կզգայիք, եթե ստիպված լինեիք ամբողջ օրը կրել այս բեռը։
Խնդրեք ուսանողներին բացատրել, թե գրատախտակին գրված բեռներից մի քանիսը ինչպիսի խնդիրներ ու դժվարություններ կարող են պատճառել ինչ-որ մեկին։
Բացատրեք, որ Նոր Կտակարանն ուսուցանում է մեզ Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի և Նրա հարությանը հաջորդող ծառայությունների մասին, այդ թվում` Նրա ուսմունքները, հրաշքները, քավող զոհաբերությունը և եկեղեցու վաղ շրջանի աշակերտներին այցելությունները։ Նրա բոլոր ուսմունքները և ուրիշների հետ փոխազդեցությունները վերահաստատում են ճշմարտությունը, որը կարող է օգնել մեզ տանել մեր բեռները։
Բացատրեք, որ Մատթեոս 11 գլուխը ներառում է այս գլխավոր թեմայի օրինակը, որն ուսանողները հաճախ կտեսնեն Նոր Կտակարանի այս տարվա իրենց ուսումնասիրության ժամանակ։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 11.28 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Փրկիչի խոստումը նրանց, ովքեր կրում են ծանր բեռներ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում տքնել և բեռնավորված լինել:
-
Փրկիչն ի՞նչ ասաց մեզ, որ անենք, որպեսզի մտնենք Նրա հանգիստը: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը մեր բեռներով, Նա կտա մեզ հանգիստ:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գալ Հիսուս Քրիստոսի մոտ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 11.29–30 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Փրկչի հրահանգները նրանց, ովքեր ցանկանում են գալ Նրա մոտ։
-
Համաձայն այս տողերի, ի՞նչ պիտի անենք, որպեսզի գանք Քրիստոսի մոտ։
Նկարեք եզների լուծը գրատախտակին, կամ ցուցադրեք լծի պատկերը։
Բացատրեք, որ լուծը փայտե հաստ ձող է, որն օգտագործվում է մի զույգ եզ կամ այլ կենդանիներ լծելու համար, որը թույլ է տալիս նրանց միասին քաշել բեռը:
-
Ո՞րն է լծի նպատակը և օգուտը: (Թեև լուծը քաշ կամ բեռ է, այն թույլ է տալիս երկու կենդանիներին համակցել ուժերը` մեծացնելով իրենց արդյունավետությունը)։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վերցնել Փրկիչի լուծը մեզ վրա։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանին լսել, թե մենք ինչպես կարող ենք վերցնել Փրկիչի լուծը մեզ վրա և ինչ օրհնություններ կարող ենք ստանալ` վարվելով նման կերպ:
«Լուծը օգնում է կենդանիներին կանգնեցնել կողք կողքի, որպեսզի նրանք կարողանան միասին շարժվել աշխատանքը կատարելու համար։
«Խորհեք Տիրոջ բացառիկ անհատական հրավերի մասին. «վերցրեք իմ լուծը ձեր վրա»։ Սուրբ ուխտեր կապելը և պահելը լծում է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ըստ էության, Փրկիչը մեզ կոչ է անում ապավինել իրեն և համագործակցել իր հետ, չնայած մեր լավագույն ջանքերը հավասար չեն և չեն կարող համեմատվել Նրա ջանքերի հետ։ Եթե մեր հույսը դնում ենք Նրա վրա և քաշում ենք մեր բեռը Նրա հետ, Նրա լուծը իրոք հեշտ է և բեռը` թեթև։
«Մենք մենակ չենք և երբեք չպիտի լինենք։ Մեր առօրյա կյանքում մենք կարող ենք առաջ շարժվել երկնային օգնությամբ։ Փրկիչի Քավության միջոցով մենք կարող ենք ստանալ ունակություն և «ուժ, որոնք վեր են մեր սեփականից»։ («Տեր, ես կհետևեմ Քեզ,» Օրհներգեր, համար 220)» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին,» Ensign կամ Լիահոնա, մարտ 2014թ., 88):
-
Ի՞նչն է լծում մեզ Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
-
Ըստ Երեց Բեդնարի, որո՞նք են Փրկիչին լծված լինելու օրհնությունները։
Ընդգծեք, որ Փրկիչի խոստումը «հանգստի» մասին Մատթեոս 11.28–29 հատվածում պարտադրաբար չի նշանակում, որ Նա կհեռացնի մեր խնդիրները կամ դժվարությունները։ Հաճախ Փրկիչը կշնորհի մեզ անհրաժեշտ խաղաղություն և ուժ, որպեսզի հաղթահարենք կամ դիմանանք մեր փորձություններին` այսպիսով թեթևացնելով մեր բեռները։ Եթե մենք հավատարիմ մնանք մահկանացու կյանքի դժվարությունների մեջ, վերջնական հանգիստը, որ մենք կստանանք, կլինի վեհացում Աստծո հետ (տես ՎևՈւ 84.23–24)։
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Փրկիչը նրանց հանգիստ տվել, երբ եկել են Նրա մոտ։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:
Հրավիրեք ուսանողներին սահմանել հատուկ նպատակներ Հիսուս Քրիստոսի մոտ գալու հնարավոր ուղիների վերաբերյալ՝ Նոր Կտակարանի ուսումնասիրության ամբողջ տարվա ընթացքում։ Խրախուսեք նրանց իրենց նպատակների մեջ ներառել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը և Նոր Կտակարանի ամբողջական ընթերցանությունն այս տարի։
Նոր Կտակարանի համառոտ ակնարկ
Նոր Կտակարանի գրքերը վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և մեր Փրկիչը:
Գրատախտակին գրեք չորս Ավետարանների գրողների անունները. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի այս աշակերտներից յուրաքանչյուրը իրադարձություններ և ուսմունքներ է գրանցել Փրկիչի կյանքից։ Նրանց գրանցումները կոչվում են Ավետարաններ։ Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը փոխում ամեն մի ավետարանի վերնագիրը վկայություն բառով, օրինակ՝ «Սուրբ Մատթեոսի վկայությունը»։
-
Ինչո՞ւ օգտակար է ունենալ Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեկից ավելի ավետարան կամ վկայություն։
Բացատրեք, որ թեև չորս Ավետարանները տարբերվում են որոշ մանրամասնություններով ու տեսանկյունով, դրանք բոլորը պատմում են Փրկիչի կյանքի իրադարձությունների և հրեաների մեջ երկրային ծառայության մասին։ Բոլոր չորս Ավետարանները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը: Խնդրեք ուսանողներին անդրադառնալ «Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը մի հայացքով» աղյուսակին Մաս 1-ի վերջում։ Օր 4-ի դասը. Հրավիրեք նրանց օգտվել աղյուսակից, որպեսզի բացահայտեն մի քանի կարևոր իրադարձություններ Փրկիչի մահկանացու ծառայության մեջ։
-
Ըստ աղյուսակի, որքա՞ն ժամանակ տևեց Փրկիչի մահկանացու ծառայությունը։
-
Որտե՞ղ էր Փրկիչն Իր ծառայության մեծ մասի ընթացքում։
Հրավիրեք ուսանողներին օգտվել այս աղյուսակից, որպեսզի ավելի լավ հասկանան չորս Ավետարանների համատեքստը Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողներին հանձնարարեք բացել Աստվածաշնչի գրքերի ցանկը։ Բացատրեք, որ մինչ Ավետարանները պատմում են Փրկիչի ծառայության մասին, Գործք Առաքելոցից մինչև Հայտնության գրքերում գրանցված է Քրիստոսի հին Առաքյալների ծառայությունը` Նրա Խաչելությունից, Հարությունից և Համբարձումից հետո։ Այս Առաքյալները ճանապարհորդեցին ողջ Իսրայելով և Հռոմեական կայսրությունով մեկ՝ քարոզելով ավետարանը և հիմնելով Եկեղեցու ճյուղերը։ Ուսումնասիրելով այս Առաքյալների գործերը և գրվածքները, մենք կարող ենք ամրացնել մեր հավատն առ Փրկիչ և սովորել, թե ինչպես ստանալ Նրա Քավության օրհնությունները։ Մենք կարող ենք տեսնել նաև, թե որքան սերտ զուգահեռներ է անցկացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հին եկեղեցու հետ։
Խորհեք Նոր Կտակարանի ձեր վկայությամբ կիսվելու մասին և հրավիրեք ուսանողներին փնտրել ճշմարտություններ, որոնք կօրհնեն նրանց՝ ուսումնասիրելով Նոր Կտակարանում գրանցված Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների կյանքն ու ուսմունքները։
Հաջորդ Մասը (Մատթեոս 1–5)
Բացատրեք, որ հաջորդ մասում ուսանողները կուսումնասիրեն Աստծո Որդու ծնունդին վերաբերող մի քանի մանրամասնություններ։ Նրանք կուսումնասիրեն նաև Հիսուս Քրիստոսի ուսմունքներն այն մասին, թե ինչպես այս կյանքում լինել իսկապես երջանիկ և դառնալ կատարյալ` Երկնային Հոր նման: