Գրադարան
Դաս 51. Ղուկաս 10.38–Ղուկաս 12.59


Դաս 51

Ղուկաս 10.38–Ղուկաս 12.59

Նախաբան

Փրկիչն ուսուցանեց Մարիամին և Մարթային Մարթայի տանը: Ավելի ուշ Նա շատ ճշմարտություններ ուսուցանեց Իր աշակերտներին աղոթքի մասին և հորդորեց զգուշանալ կեղծավորությունից և ագահությունից:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 10.38–42

Հիսուսն ուսուցանում է Մարիամին ու Մարթային

Խնդրեք ուսանողներին մտածել նախորդ օրվա իրենց կատարած ընտրությունների մասին: Հրավիրեք նրանց մեկ րոպեի ընթացքում թվարկել այդ ընտրությունները` որքան հնարավոր է շատ, իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Խնդրեք մի քանի ուսանողների դասարանին պատմել իրենց կատարած լավ ընտրությունների մասին:

  • Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու լավ ընտրությունների միջև:

Երբ ուսանողները ուսումնասիրեն Ղուկասի 10.38-42 հատվածները, հրավիրեք նրանց գտնել Փրկիչի ուսուցանած մի սկզբունք, որը կարող է առաջնորդել մեզ մեր որոշումներում` հատկապես երբ մեկից ավելի լավ ընտրություններ են հասանելի մեզ:

Բացատրեք, որ բարի Սամարացու առակն ուսուցանելուց հետո Փրկիչն ուղևորվեց Բեթանիա և այցելեց Մարթային:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 10․38-40 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Մարթան և նրա քույր Մարիամը, ինչ ընտրեցին անել, մինչ Փրկիչը տանն էր։

  • Ի՞նչ էր անում Մարիամը, մինչ Փրկիչը նրանց տանն էր:

  • Ի՞նչ էր անում Մարթան: (Նշեք, որ «շատ զբաղմունքի մեջ էր» արտահայտությունը 40-րդ հատվածում վերաբերում է ծանրաբեռնված լինելուն։)

Մարիամը և Մարթան

Ցուցադրեք «Մարիամն ու Մարթան» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 45, տես նաև LDS.org): Բացատրեք, որ հյուրընկալությունը շատ կարևոր էր Հիսուսի ժամանակ: Մարթան փորձում էր անել այն, ինչ սովորաբար ակնկալվում է տանտիրուհուց: Նա կենտրոնացած էր աշխարհիկ մտահոգությունների վրա, ինչպես օրինակ` ճաշի պատրաստումն ու մատուցումը:

  • Ըստ հատված 40-ի, Մարթան ի՞նչ խնդրեց Փրկիչից, որը ցույց է տալիս, որ նա անհանգստացած էր աշխարհիկ խնդիրներով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 10․41-42 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով Տիրոջ պատասխանը Մարթային:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց. «Բայց մէկ բան է պետք. Մարիամը բարի բաժինն ընտրեց»:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Երեց Դալլին Հ. Օուքս

Գովասանքի էր արժանի, որ Մարթան «հոգս էր քաշում և շատ բաներով զբաղված էր» (հ. 41), բայց ավետարանը Մեծ Ուսուցչից սովորելն ավելի անհրաժեշտ էր» («Լավ, ավելի լավ, ամենալավ» Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2007, 104):

  • Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց, որ «բարի բաժինը», որ Մարիամն ընտրել էր «վէր չի առնուիլ նորանից» (Ղուկասի 10․42): (Մարիամը, ընտրելով Փրկիչին լսելը, ոչ թե աշխարհիկ մտահոգությունների վրա կենտրոնանալը, կստանար հոգևոր օրհնություններ, որոնք հավերժական են:)

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Մարթային ուղղված Տիրոջ խոսքերից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընտրում ենք նվիրվել հոգևոր հարցերին` գերադասելով դրանք աշխարհիկ մտահոգություններից, ապա կստանանք տևական օրհնություններ:)

  • Մենք ինչպե՞ս կարող ենք նվիրվել հոգևոր հարցերին և այնուամենայնիվ, զբաղվել այլ խնդիրներով, որոնք անհրաժեշտ են (Ղուկասի 10.42), բայց պակաս կարևոր:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Օուքսի հետևյալ խոսքերը.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ մենք ծանրութեթև ենք անում տարբեր ընտրություններ, պիտի հիշենք, որ բավարար չէ այն հանգամանքը, որ ինչ-որ բան լավն է: Այլ ընտրություններն ավելի լավն են, և դեռ կան ընտրություններ, որ ամենալավն են: …

Ապա մտածեք, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, երբ հեռուստացույց նայելու, տեսախաղեր խաղալու, ինտերնետի մի կայքից մյուսը անցնելու կամ գրքեր ու ամսագրեր կարդալու ընտրություններ ենք կատարում: Իհարկե լավ է, երբ դիտում ենք օգտակար ժամանցային ծրագրեր կամ ձեռք բերում հետաքրքիր տեղեկություններ: Բայց այդ տեսակի ոչ բոլոր բաներն արժեն մեր կյանքի այն մասը, որ մենք տալիս ենք` դրանք ձեռք բերելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, իսկ մյուսներն ամենալավը» («Լավ, ավելի լավ, ամենալավ» 104–5):

Խնդրեք ուսանողներին վերանայել այն ընտրությունների ցանկը, որոնք նրանք կատարել են նախորդ օրը և պիտակավորեք յուրաքանչյուր դրական ընտրություն որպես` «լավ», «ավելի լավ» կամ «ամենալավ»: Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի վկայել այն մասին, թե նրանք ինչպես են օրհնվել` առաջնահերթություն տալով հոգևոր հարցերին` աշխարհիկ մտահոգությունների համեմատ:

Ղուկաս 11

Հիսուսն Իր աշակերտներին ուսուցանում է աղոթքի մասին

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք լիաժամկետ միսիոներներ են, ովքեր ուսուցանում են լսողին, ով փորձել է աղոթել մի քանի անգամ և զգում է, որ Աստված չի պատասխանում: Լսողը մտածում է հրաժարվել աղոթելուց:

  • Հիմնվելով ձեր սեփական փորձի վրա, ինչպե՞ս կարձագանքեիք այս մտահոգությանը:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ղուկասի 11 գլուխը, հրավիրեք նրանց ուշադրությունը այն ճշմարտությունների վրա, որոնք կկարողանան օգնել ինչ-որ մեկին, ով զգացել է, որ Աստված չի պատասխանել իր աղոթքներին:

Ամփոփեք Ղուկասի 11․1-4 հատվածները, բացատրելով, որ երբ աշակերտները լսեցին, թե Փրկիչն ինչպես է աղոթում, նրանցից մեկը հարցրեց, թե արդյոք Տերը կսովորեցնի իրենց ինչպես աղոթել և Փրկիչը սովորեցրեց նրանց։

Բացատրեք, որ երբ Տերն Իր աշակերտներին ուսուցանեց ինչպես աղոթել, Նա օգտագործեց նմանություններ` ուսուցանելու հավելյալ ճշմարտություններ աղոթքի մասին, ներառյալ` աղոթքներին պատասխանելու Աստծո պատրաստակամությունը:

Հրավիրեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել Ղուկասի 11․5-13 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Տերն աղոթքի մասին: Շեշտեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանության լրացումները հատված 5-ում և 13-ում։ Այս լրացումները գտնվում են Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկասի 11. 5-6 (Ղուկաս 11․5, ծանոթագրություն ա) և Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 11.14 (Ղուկաս 11.13, ծանոթագրություն ա): Բավականաչափ ժամանակից հետո հարցրեք դասարանին.

  • Ձեր կարդացած առակից հատվածներ 5-8-ում ի՞նչ խնդրեց մի ընկերը մյուսին: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ երկրորդ ընկերը կատարեց առաջինի խնդրանքը: (Կարող եք նաև բացատրել, որ թախանձանք բառը հատված 8-ում վերաբերում է մարդու համառությանը` նորից խնդրելու հարցում, նույնիսկ, երբ ընկերն ի սկզբանե մերժել էր նրա խնդրանքը:)

  • Եթե կարիքի մեջ գտնվող մարդը ներկայացնում է մեզ, իսկ նրա ընկերը հացի հետ միասին ներկայացնում է Երկնային Հորը, Փրկիչն ի՞նչ է առաջարկում, որ մենք անենք, երբ կարիքի մեջ ենք:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք հաստատակամորեն աղոթենք և փնտրենք Երկնային Հոր օրհնությունները, երբ կարիքի մեջ ենք …

  • Ըստ 13-րդ հատվածի, ի՞նչ երաշխիք է Տերը տալիս նրանց, ովքեր համառորեն աղոթում ու փնտրում են Նրա օրհնությունները։

  • Հիմնվելով Ղուկասի 11.5-13 հատվածներում տրված Տիրոջ ուսմունքների վրա, ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված արտահայտությունը: (Ուսանողների պատասխանից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ հաղորդի հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հաստատակամորեն աղոթենք և փնտրենք Երկնային Հոր օրհնությունները, երբ կարիքի մեջ ենք, ապա Նա կպատասխանի մեր աղոթքներին այնպիսի ուղիներով, որոնք ամենաշատ օրհնությունները կբերեն մեզ:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց օրինակներով այն մասին, երբ նրանք ստացել են իրենց աղոթքների պատասխանը, մինչ հաստատակամորեն փնտրել են Երկնային Հոր օրհնությունները:

Ամփոփեք Ղուկասի 11.14-54 հատվածները` բացատրելով, որ Հիսուսը դևին դուրս քշեց մի մարդու միջից, խորհուրդ տվեց մարդկանց լսել Աստծո խոսքը և հանդիմանեց փարիսեցիներին ու դպիրներին իրենց հոգևոր տգիտության ու ամբարշտության համար:

Ղուկաս 12

Փրկիչը նախազգուշացնում է խուսափել կեղծավորությունից և ագահությունից

Կարդացեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին մտքում խորհել իրենց պատասխանների մասին.

  • Երբևէ ցանկացե՞լ եք որևէ բան այնքան շատ, որ մտածել եք դրա մասին ամբողջ ժամանակ։

  • Այսպիսի մտածողությունն ինչպիսի՞ բացասական ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա:

Ամփոփեք Ղուկասի 12․1-13 հատվածները` բացատրելով, որ երբ Փրկիչը կանգնեց մեծ բազմության առաջ, Նա Իր աշակերտներին ուսուցանեց զգուշանալ կեղծավորությունից։ Նա նաև հիշեցրեց նրանց, որ բոլոր թաքնված բաները մի օր կբացահայտվեն, և որ Աստված գիտի և հսկում է Իր զավակներին: Հետո մի մարդ հարցրեց Փրկիչին, արդյո՞ք Նա կխոսեր այդ մարդու եղբոր հետ և կհամոզեր եղբորը, որ ժառանգությունն իր հետ բաժանի:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 12.14-15 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով մարդու հարցմանը տված Փրկիչի պատասխանին։

  • Ի՞նչ նախազգուշացում տվեց Փրկիչը այն մարդկանց, ովքեր Իր հետ էին։

Բացատրեք, որ ագահություն նշանակում է չափից դուրս ցանկանալ ինչ-որ բան: Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Տերը պատվիրում է մեզ չտենչալ աշխարհիկ ունեցվածքներ:

  • Մարդն ինչո՞ւ պիտի խուսափի ագահությունից: Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ դժվար ժամանակներում։

Բացատրեք, որ երբ Փրկիչն Իր աշակերտներին զգուշացրեց խուսափել ագահությունից, Նա մի առակ պատմեց, որպեսզի ցույց տա այդ պատվիրանի կարևորությունը: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 12․16–19 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե առակում քանի անգամ է մարդն օգտագործում հետևյալ բառերը` ես և իմ: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

  • Մարդու կողմից ես և իմ բառերի հաճախակի օգտագործումը ի՞նչ է սովորեցնում մեզ նրա մտահոգությունների մասին։

  • Ի՞նչը կարող է մեզ գայթակղել այս մարդուն նմանվելու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 12․20-21 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Աստված ի՞նչ ասաց մարդու ժլատության և ագահության մասին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Գրատախտակին գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը: (Այս հայտարարությունը վերցված է հետևյալ ելույթից․ «Այն ինչը կարևոր է, ամենաերկարն է տևում», Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2005, 44):

«Այն ինչը կարևոր է, ամենաերկարն է տևում» (Երեց Մ. Ռասսել Բալլարդ):

  • Առակում հարուստ մարդն ինչո՞ւ չկարողացավ կենտրոնանալ այն բանի վրա, որն ամենամեծ նշանակությունն ուներ։

  • Այս մարդու արարքն ինչո՞ւ կարելի է համարել որպես հիմարություն:

Ամփոփեք Ղուկասի 12․22-30` բացատրելով, որ Տերը կարևորեց, որ Իր աշակերտները կարիք չունեին չափազանց շատ մտահոգվելու իրենց աշխարհիկ կարիքների մասին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 12․31-34 հատվածները։ Հրավիրեք նրանց նաև կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 12.34-ը (Ղուկաս 12.31, ծանոթագրություն ա): Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն Իր աշակերտներին ինչ խորհուրդ տվեց փնտրել, փոխանակ կենտրոնանալու իրենց սեփական եսասիրական ցանկությունների վրա:

  • Հիսուսն Իր աշակերտներին ի՞նչ խորհուրդ տվեց փնտրել:

  • Ի՞նչ էր նրանց խոստացվել, եթե նրանք փնտրեին Աստծո արքայությունը:

  • Ինչպե՞ս կամփոփեիք Ղուկասի 12․31-34 հատվածներում տրված Փրկիչի ուսմունքը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք փնտրենք Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը, Նա կօգնի մեզ հոգալ մեր կարիքները և մեզ համար տեղ կպատրաստի Իր արքայությունում:)

  • Դուք ի՞նչ ուղիներով կարող եք մասնակցել Աստծո գործի առաջընթացին: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք հղում կատարել ավելի վաղ նրանց կողմից առանձնացրած սկզբունքին այն բանի վերաբերյալ, որ մենք պիտի նվիրվենք հոգևոր բաներին` գերադասելով դրանք աշխարհիկ հոգսերից:)

Վկայեք այն մասին, թե ինչպես եք դուք օրհնվել, երբ ձգտել եք առաջնահերթություն տալ հոգևոր հարցերին` գերադասելով դրանք աշխարհիկ հոգսերից և ստեղծել Աստծո արքայությունը: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ավելի շատ կենտրոնացած են հոգևոր հարցերի, թե աշխարհիկ հոգսերի վրա։ Հանձնարարեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե նրանք ինչ կանեն, որպեսզի առաջնահերթություն տան հոգևոր հարցերին և ձեռք բերեն Աաստծո արքայությունը։

Ամփոփեք Ղուկասի 12․35-59` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր հետևորդներին նախապատրաստվել Իր Երկրորդ Գալստյանը։ Նա օգնեց նրանց հասկանալ, որ «շատ տրվեց … շատ կուզվի» (հատված 48), և Նա բացատրեց, որ Իր ավետարանը մեծ բաժանումների պատճառ կդառնա մարդկանց միջև:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 10.38-42 «Մարիամը բարի բաժինն ընտրեց»

«Հրեական հասարակության մեջ հյուրընկալությունը շատ կարևոր էր, և կնոջ պատիվն ու բարի անունը մասամբ կախված էր նրանից, թե որքան լավ էր նա իրականացնում տանտիրուհու դերին վերաբերող մշակութային ակնկալիքները: Այս սոցիալական սովորույթների պատճառով Մարթայի բողոքը, թե իր քույրը` Մարիամը, թողել էր իրեն մենակ ծառայելու (տես Ղուկաս 10.40), կարդարացվեր ժամանակի շատ մարդկանց կողմից: Բայց Փրկիչը պատասխանեց Մարթային` գովելով նրա քրոջ ընտրությունը. «Մարիամը բարի բաժինն ընտրեց» (Ղուկասի 10.42): Մի բան, որ Փրկիչը պարզաբանեց իր պատասխանում, այն էր, որ գոյություն ունեն ավելի բարձր առաջնահերթություններ, քան սոցիալական սովորույթները, նույնիսկ եթե դրանք լավ սովորույթներ են» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 160).

Երբ Մարթան բողոքեց, «Տեր. հոգդ չէ՞ որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու» (Ղուկասի 10.40), նա իրեն թույլ տվեց սխալաբար Տիրոջը դիտարկել որպես անտարբեր մեկին: Եթե մենք թույլ տանք, որ մեր առաջնահերթությունները խեղաթյուրվեն, մենք կարող ենք հոգեպես անառողջ խոհեր կամ զգացմունքներ ունենալ Տիրոջ հանդեպ: Հիսուսի նուրբ նկատողությունը նախատեսված էր օգնելու Մարթային` վերանայել իր առաջնահերթությունները և փնտրել այն օրհնությունները, որոնք Հիսուսը սիրով ցանկանում էր, որ նա ստանա:

Ղուկաս 10.42 Ընտրել ավելի բարի բաժինը

Քույր Բոննի Դ. Փարկինը` Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, դիմել է Մարթայի ու Մարիամի պատմությանը, որպեսզի ուսուցանի ավելի բարի բաժինն ընտրելու կարևորությունը.

«Փրկիչի պատասխանը հրաշալի կերպով պարզաբանեց, թե ինչն է ամենակարևորը: Այդ երեկո Մարթայի տանը բարի բաժինը խոհանոցում չէր. այն Տիրոջ ոտքերի մոտ էր: Ճաշը կարող էր սպասել: …

Մենք բոլորս փորձում ենք ընտրել բարի բաժինը, որ չի կարող վեր առնվել մեզանից, որպեսզի հավասարակշռենք հոգևորն ու աշխարհիկը մեր կյանքում: Մի՞թե հեշտ չէր լինի, եթե մենք ընտրեինք այցելող ուսուցման կամ բանկ թալանելու միջև: Փոխարենը մեր ընտրությունները հաճախ նուրբ են: Մենք պիտի ընտրություն կատարենք շատ տարբերակների միջև, որոնք բոլորն էլ արժանավոր են: …

…Մի բան անհրաժեշտ է` հետևել Նրան ամեն օր: Ընտրեք ծառայել Տիրոջը: Ընտրեք ուրախանալ Նրա խոսքով: Ընտրեք վստահել Նրան: Ընտրեք սպասել Նրա սիրուն: Ընտրեք Նրան տալ ձեր ողջ սիրտը: Ընտրեք այդ բարի բաժինը» («Ընտրելով գթությունը. (այդ բարի բաժինը», Ensign կամԼիահոնա, մայիս 2003, 104, 106)։

Ղուկաս 11.5–10 Կեսգիշերվա բարեկամի առակը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը նշել է բարեկամի և մեր Երկնային Հոր միջև տարբերությունները.

«Տերն ուսուցանում է, որ եթե մարդն ինչ-որ բան տալու իր ողջ եսասիրությամբ և դժկամությամբ, այնուամենայնիվ տա այն, ինչ իր բարեկամը հատուկ նպատակով խնդրում է և շարունակում խնդրել` չնայած առարկությանն ու ժամանակավոր մերժմանը, Աստված համոզված վստահությամբ կպարգևի այն, ինչը համառորեն խնդրվում է հավատքով և արդար մտադրությամբ: Ոչ մի նմանություն չկա մարդու եսասեր մերժման և Աստծո իմաստուն ու օգտակար սպասման միջև: Աղոթքն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է աղոթքի իրական կարիքի գիտակցություն և վստահություն Աստծո հանդեպ, իսկ Հայրը երբեմն ողորմածությամբ ուշացնում է աջակցությունը, որպեսզի խնդրանքն ավելի ջերմեռանդ լինի» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 435):