Դաս 7
Մատթեոս 3
Նախաբան
Հովհաննես Մկրտիչը քարոզում և մկրտում է Հրեաստանում։ Հիսուս Քրիստոսը Գալիլեայից ճանապարհորդում է դեպի Հորդանան գետը, որտեղ Նա մկրտվում է Հովհաննեսի կողմից։ Հայր Աստվածը վկայեց, որ Հիսուսն Իր սիրելի Որդին է։
Ուսուցման առաջարկներ
Մատթեոս 3․1-12
Հովհաննես Մկրտիչը քարոզում է Հրեաստանում
Հարցրեք դասարանին, թե ինչպես նրանք կզգային, եթե դասարանի ուսանողներից մեկը կանգներ ու սկսեր վերցնել այլ ուսանողներին պատկանող անձնական իրեր։ Ապա, թող պատկերացնեն, որ ամեն անգամ յուրաքանչյուր իր վերցնելիս, խանգարող ուսանողը ներողություն է խնդրում, բայց շարունակում է իրեր վերցնել մյուս ուսանողներից։ Հարցրեք.
-
Ի՞նչ կմտածեիք այդ ուսանողի ներողություն հայցելու մասին։
-
Ինչպե՞ս է այդ ուսանողի արարքը նման կեղծ ապաշխարողի արարքին։
Հրավիրեք ուսանողներին Մատթեոսի 3 գլուխը կարդալիս փնտրել այն ճշմարտությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք ճշմարիտ ապաշխարելու համար։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 3․1-4 հատվածները։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ, որը մարդկանց կնախապատրաստեր Փրկչի ծառայությանը։
-
Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը։ (Նա Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր, ով Մարիամի բարեկամուհին էր։ Նա կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները [տես ՎևՈւ 13, 84:27–28]։)
-
Ի՞նչ էր անում Հովհաննեսը։
-
Ի՞նչ հորդոր էր Հովհաննեսը տալիս իրեն լսողներին։
Բացատրեք, որ Հովհաննեսի առաքելությունը մարգարեացել էր Եսայիան (Եսայիա) և այլ մարգարեներ (տես Եսայիա 40․3, Մաղաքիա 3․1, 1 Նեփի 10․7–10)։ Հովհաննեսը ուղի էր պատրաստում Մեսիայի (Հիսուս Քրիստոսի) գալուց առաջ՝ քարոզելով ապաշխարություն և ջրով մկրտություն։
-
Ի՞նչ եք կարծում, ապաշխարություն և ջրով մկրտություն քարոզելով, ինչպե՞ս էր նա ուղի պատրաստում Տիրոջ համար։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 3․5-6 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես մարդիկ արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին։
-
Ինչպե՞ս մարդիկ արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին: (Նրանք խոստովանեցին իրենց մեղքերը և մկրտվեցին։ Բացատրեք, որ Երկնային Հորը և, անհրաժեշտության դեպքում, նշանակված քահանայության ղեկավարներին մեղքը խոստովանելը կարևոր է ապաշխարության համար [տես Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում (2004), 26]։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 3.7 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ում հետ խոսեց Հովհաննեսը։
-
Ըստ այդ հատվածի, ո՞ւմ հետ խոսեց Հովհաննեսը։
Բացատրեք, որ Փարիսեցիները հրեաների մի կրոնական խումբ էր, որոնց անունը ենթադրում էր լինել առանձին կամ անջատ։ Փարիսեցիները հպարտանում էին, որ խստորեն հետևում են Մովսեսի օրենքին, և հավատում էին, որ մարդկանց կողմից կատարված ավելացումները, որոնք հայտնի էին որպես չգրված օրենք, նույնքան կարևոր էին, որքան Մովսեսի օրենքը (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Փարիսեցիներ»)։ Սադուկեցիները՝ փոքր, սակայն քաղաքականապես ուժեղ խումբ էին հրեաների մեջ, ովքեր հավատում էին Մովսեսի օրենքի գրին հնազանդվելուն։ Նրանք չէին հավատում հարության ու հավերժական կյանքի վարդապետություններին (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սադուկեցիներ»)։
-
Ինչպե՞ս անվանեց Հովհաննեսը փարիսեցիներին և սադուկեցիներին։
Հնարավորության դեպքում ցույց տվեք Պաղեստինյան իժի նկարը և բացատրեք, որ Իսրայելում դա ամենատարածված թունավոր օձն է։ Իժը կենսունակ է գիշերը և սովորաբար որսի է դուրս գալիս թաքնվելով, իսկ հետո գաղտագողի մոտենալով իր զոհին։ Երբ վտանգ են զգում, իժերն իրենց մարմնով կծիկ են դառնում, սուլոց են հանում ու հարվածում իրենց հակառակորդին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հովհաննեսը փարիսեցիներին ու սադուկեցիներին իժ անվանեց։ (Կարող եք նշել, որ փարիսեցիներն ու սադուկեցիները վախենում էին Հովհաննեսից, քանի որ նա շատերին էր հեռու տանում իրենց չար ազդեցությունից և կեղծ ուսմունքներից։)
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացուցիչ բառեր է պարունակում այն խոսակցությունից, որը Հովհաննեսն ունեցավ փարիսեցիների ու սադուկեցիների հետ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բացել Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոսի 3․34–36 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)։ (Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածները Մատթեոսի 3․8–9 հատվածների թարգմանությունն է։) Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները:
-
Ըստ Հովհաննեսի, եթե փարիսեցիներն ու սադուկեցիները մերժեն իր քարոզները, ո՞ւմ ևս նրանք կմերժեն։
-
Ինչպե՞ս կամփոփեիք նրանց ուղղված Հովհաննեսի ուղերձը:
Գրատախտակին գրեք Ապաշխարության արժանի պտուղ արեք արտահայտությունը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտությունը, նշեք, որ սուրբ գրություններում մարդիկ երբեմն խորհրդանշորեն համեմատվում են ծառերի հետ, որոնք կամ լավ կամ վատ պտուղ են տալիս։ Ցույց տվեք կամ նկարեք մի միրգ և բացատրեք, որ այն խորհրդանշում է մեր ցանկություններն ու գործողությունները։ Կարող եք բացատրել, որ «արժանի» բառը նշանակում է «արժանի լինել» (տես Մատթեոսի 3․8, տողատակի ծանոթագրություն՝ բ անգլերեն տարբերակում)։
Դասարանին հիշեցրեք այն իրավիճակը, որը նրանք պետք է պատկերացնեին դասի սկզբում (մի ուսանող անձնական իրեր է վերցնում մյուս ուսանողներից, իսկ հետո ներողություն խնդրելուց հետո շարունակում դա անել)։
-
Արդյո՞ք ուսանողը ճիշտ կերպով է ներկայացնում ապաշխարության սկզբունքն իր ցանկությունների և գործողությունների միջոցով։ Ինչո՞ւ ոչ: (Ուսանողը շարունակում է իրեր վերցնել մյուս ուսանողներից նույնիսկ ներողություն խնդրելուց հետո։)
-
Ինչպե՞ս կամփոփեիք «ապաշխարության արժանի պտուղ արեք» արտահայտությունը (Մատթեոսի 3․8)։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք Տիրոջը ճշմարիտ ապաշխարություն ենք ցույց տալիս, երբ փոխում ենք Նրա ուսմունքներին հետևելու մեր ցանկություններն ու գործողությունները։)
-
Ի՞նչ ցանկություններ ու գործողություններ են ցույց տալիս, որ մենք իսկապես ապաշխարել ենք մեր մեղքերը։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, գրատախտակին թվեք հետևյալ օրինակները․ դպրոցում արտագրել, զարմիկների հետ կոպիտ վարվել, չարություն անել կամ ահաբեկել մյուս ուսանողներին, գռեհիկ բառեր օգտագործել և պոռնոգրաֆիա նայել։ Թող ուսանողները բացատրեն, թե այս մեղքերից ապաշխարած որևէ մեկն ինչպե՞ս կարող է մտածել կամ գործել։
Բարձրաձայն կարդացեք Մատթեոսի 3․10 հատվածը։ Ուսանողներին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով ոչ անկեղծ ապաշխարելու հետևանքները։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Բացատրեք, որ «կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի» արտահայտությունն իրենից ենթադրում է, որ չապաշխարող մարդիկ կորցնում են Աստծո Հոգու ներգործությունը և, ի վերջո, կորցնում են սելեստիալ արքայության օրհնությունները։
Հրավիրեք ուսանողներին խորհել այն ցանկությունների կամ գործողությունների շուրջ, որոնք նրանք պետք է փոխեն, որպեսզի ճշմարիտ կերպով ապաշխարեն։ Հորդորեք նրանց ճշմարիտ ապաշխարություն դրսևորել՝ փոխելով այն ցանկություններն ու գործողությունները, որոնք համահունչ չեն Աստծո ուսմունքներին։
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 3․11 հատվածը՝ փնտրելով, թե ըստ Հովհաննեսի խոսքերի, ի՞նչ պետք է Փրկիչն աներ։
-
Համաձայն 11 հատվածի ի՞նչ կարող էր Հիսուսն աներ, որը Հովհաննեսը չէր կարող։ (Հիսուսը պետք է մկրտեր «Սուրբ Հոգով և կրակով»։ Բացատրեք, որ Հովհաննեսը նկատի ուներ Սուրբ Հոգու պարգևի ստացումը՝ մկրտության արարողության և ուխտի երկրորդ մասը։ Սուրբ Հոգին մաքրագործում և սրբագործում է մեր հոգիները կրակով [տես 2 Նեփի 31․13–14, 17]։)
Ամփոփեք 12-րդ հատվածը և բացատրեք, որ այն խորհրդանշական կերպով բացատրում է, թե ինչ տեղի կունենա այն արդարների հետ, ովքեր կընդունեն Հիսուս Քրիստոսին (ցորենը) և ամբարիշտների հետ, ովքեր կմերժեն Նրան (հարդը)։
Մատթեոս 3.13–17
Հիսուս Քրիստոսը մկրտվում է և Հայրը Նրան ազդարարում է Իր Սիրելի Որդին։
Խնդրեք մկրտված ուսանողներին վերհիշել իրենց մկրտությունը։ Նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց հիշողություններով։
Բացատրեք, որ Մատթեոսի 3․13–17 հատվածները վերապատմում են Փրկչի մկրտությունը; Հանձնարարեք ուսանողներին այդ հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել իրենց և Փրկչի մկրտությունների նմանությանը։
Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին․
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 3.13–17 հատվածները՝ փնտրելով այդ երեք հարցերի պատասխանները։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.
-
Ո՞վ մկրտեց Հիսուսին։ (Գրատախտակին գրեք Հովհաննես Մկրտիչը՝ Ո՞ւմ կողմից հարցի կողքին։)
-
Ինչո՞ւ Հիսուսը Գալիլեայից ճամփորդեց դեպի Հորդանան գետը, որպեսզի մկրտվեր Հովհաննես Մկրտչի կողմից։ (Հիշեցրեք ուսանողներին, որ Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները և այդ ժամանակ միակ մարդն էր, ով իշխանություն ուներ կատարելու մկրտության արարողությունը։ Գրատախտակին գրեք Ճիշտ իշխանություն արտահայտությունը՝ Հովհաննես Մկրտչի կողքին։)
-
Ո՞ր արտահայտությունն է 16-րդ հատվածում ցույց տալիս, թե ինչպե՞ս Հիսուսը մկրտվեց։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ անմիջապես «ջրից դուրս եկավ» արտահայտությունը նշանակում է, որ Նա մկրտվեց ընկղմամբ, այսինքն՝ որ Նա ամբողջությամբ ծածկվեց ջրով։ Գրատախտակին գրեք Ընկղմամբ արտահայտությունը՝ Ինչպե՞ս հարցի կողքին։)
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանք գտնվում էին Հորդանան գետում, երբ Հիսուսը եկավ մկրտվելու։
-
Ինչո՞ւ Հովհաննեսը սկզբում չցանկացավ մկրտել Փրկչին։ (Նա գիտեր, որ Հիսուսի կոչումը և իշխանությունն ավելի բարձր էր, քան իրենը։)
-
Ըստ 15-րդ հատվածի ո՞րն էր պատճառը, որ Հիսուսը մկրտվեց։ («Որպեսզի կատարի ամեն արդարություն»։ Գրատախտակին գրեք այդ արտահայտությունը Ինչո՞ւ հարցի կողքին։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:
Բացատրեք, որ «ամեն արդարություն կատարել» արտահայտությունը նշանակում է կատարել այն ամենն, ինչ Երկնային Հայրը պահանջում է մեզանից, որպեսզի մենք նորից կարողանանք ապրել Նրա հետ։ Դա իր մեջ ներառում է փրկության արարողությունները, որոնք Աստված պահանջում է Իր բոլոր զավակներից, այդ թվում՝ Հիսուսից։ Մկրտվելով Հիսուսը կատարյալ օրինակ ծառայեց մեզ համար՝ ցույց տվեց խոնարհություն, հնազանդվեց Իր Հոր պատվիրաններին և ստացավ այն արարողությունը, որն անհրաժեշտ էր հավերժական կյանքի ստացման համար (տես 2 Նեփի 31․4–11)։
Խնդրեք ուսանողներին գրատախտակին գրված երեք հարցերի պատասխաններից օգտվելով բացահայտել այն վարդապետությունը, որը մենք սովորում ենք Մատթեոսի 3․13–17 հատվածներից։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Իշխանություն ունեցողի կողմից ընկղմամբ մկրտությունը կարևոր է փրկության համար։
-
Ինչպե՞ս է ձեր մկրտությունը նման Փրկչի սահմանած օրինակին։
Բացատրեք, որ Մատթեոսի 3․16–17 հատվածները նաև մեզ օգնում են իմանալ Աստվածագլխի մասին վարդապետությունը։ Հրավիրեք ուսանողներին կրկին անգամ լուռ կարդալ այդ հատվածները՝ փնտրելով, թե ինչ են դրանք ուսուցանում Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին։
-
Փրկչի մկրտության ժամանակ, որտե՞ղ էին գտնվում Աստվածագլխի բոլոր անդամները։ (Հիսուս Քրիստոսը Հորդանան գետում էր, Սուրբ Հոգին աղավնու նման ցած իջավ Նրա վրա, իսկ Երկնային Հայրը խոսեց երկնքից։ Կարող եք բացատրել, որ իրականում Սուրբ Հոգին չվերափոխվեց աղավնու։ Փոխարենը՝ աղավնին մի նշան կամ խորհրդանիշ էր, որ Սուրբ Հոգին իջել էր Հիսուսի վրա։)
-
Աստվածագլխի մասին ի՞նչ վարդապետություն է ուսուցանվում այս հատվածներում։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երեք տարբեր և առանձին անձնավորություններ են։)
Նշեք, որ շատ մարդիկ Աստվածագլխի մասին ճշգրիտ կամ լիարժեք գիտելիք չունեն։ Որքան ավելի շատ հասկանանք Աստվածագլխի ճշմարիտ բնույթը, այնքան ավելի մեծ սեր կարող ենք զգալ նրանց հանդեպ և ավելի լավ կնախապատրաստվենք ուրիշներին Նրանց մասին ուսուցանելուն և վկայելուն։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ պատկերացում կազմել Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի ինքնության մասին, բաժանեք նրանց երեք խմբի և հանձնարարեք կարդալ «Աստված» մասը Աստվածաշնչի բառարանում։ Յուրաքանչյուր խմբից մեկական անդամի նշանակեք լինելու Աստվածագլխի անդամներից մեկը։ Հրավիրեք ուսանողներին կարդալ գրառումը՝ փնտրելով իրենց նշանակված անդամի մասին տեղեկություններ։ Բավական ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին խնդրեք իրենց խմբերին պատմել այն, ինչ իրենք սովորել են, և բացատրել, թե ինչու են այդ ճշմարտությունները կարևոր մեզ համար։
Դասի վերջում կարող եք ուսանողներին հրավիրել դասարանի հետ կիսվել Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին իրենց վկայություններով։