Դաս 74
Հովհաննես 14
Նախաբան
Զատկի ընթրիքից հետո Հիսուսն ուսուցանեց Իր Առաքյալներին, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ և ինչպես սեր ցուցաբերել Փրկչի հանդեպ: Այնուհետև Հիսուսը խոստացավ Առաքյալներին, որ կուղարկի նրանց մի ուրիշ Մխիթարիչ:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 14․1-14
Փրկիչն ուսուցանում է Իր Առաքյալներին, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ
Եթե հնարավոր է, ցուցադրեք ձեր քաղաքի քարտեզը և հրավիրեք ուսանողներին որոշել իրենց ներկայիս գտնվելու տեղը դրա վրա: Քարտեզի վրա մատնացույց արեք մեկ այլ վայր, որը ծանոթ է ուսանողներին: Խնդրեք նրանց թղթի մի կտորի վրա գրել, թե ինչպես կարող են հասնել իրենց ներկա տեղից այդ տեղը: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների ասել, թե ինչ են գրել:
Գրատախտակին գրեք Սելեստիալ Արքայության: Հարցրեք ուսանողներին, թե ինչ ուղղություններ կտային մեկին, ով կցանկանար իմանալ, թե ինչպես հասնել սելեստիալ արքայություն:
Խնդրեք ուսանողներին Հովհաննես 14 գլուխն ուսումնասիրելիս փնտրեն մի ճշմարտություն, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ և մտնել սելեստիալ արքայություն:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես 14 գլխի համատեքստը, հիշեցրեք նրանց, որ Փրկիչն Իր Առաքյալների հետ նշում էր Զատկի տոնը Երուսաղեմում, վերին սենյակում: Զատկի ընթրիքից հետո Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ շուտով լքելու է նրանց (տես Հովհաննես 13.33):
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 14․1-5 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ ուսուցանեց Հիսուսն Իր Առաքյալներին, որպեսզի մխիթարի նրանց:
-
Ի՞նչ ուսուցանեց Հիսուսն Իր Առաքյալներին, որպեսզի մխիթարի նրանց:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան» արտահայտությունը 2 հատվածում:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքը.
«Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» [նախադասությունը] … պետք է լինի՝ «Իմ Հոր թագավորությունում շատ թագավորություններ կան», որպեսզի դուք լինեք Աստծո ժառանգները և իմ ժառանգակիցները: … Կան բնակարաններ նրանց համար, ովքեր հնազանդվում են սելեստիալ օրենքին, և կան այլ բնակարաններ նրանց համար, ովքեր չեն համապատասխանում օրենքին՝ ամեն մարդ ըստ իր կարգի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 219):
Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն թագավորություն և թագավորություններ բառերն իրենց սուրբ գրություններում՝ տանը և բնակարաններ բառերի վերևում՝ Հովհաննես 14.2 հատվածում:
-
Հովհաննես 14.1–4 հատվածներում, ո՞ր ուսմունքները կարող էին մխիթարող լինել Առաքյալների համար:
-
Համաձայն 5 հատվածի՝ ինչպե՞ս արձագանքեց Թովմասը Փրկչի այն ասածին, թե Իր Առաքյալները գիտեն Երկնային Հոր թագավորության ճանապարհը:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 14.6 հատվածը, և դասարանին խնդրեք տեսնել, թե ինչ պատասխանեց Հիսուսը Թովմասի հարցին:
-
Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց Թովմասի հարցին:
Գրատախտակին նկարեք մի ճանապարհ: Ճանապարհի մի ծայրում գրեք Մենք, մյուս ծայրում գրեք Երկնային Հոր Թագավորություն: Գրեք Ճանապարհ ճանապարհի տակ և նշեք, որ այս արտահայտությունը վերաբերում է այն ուղուն, որը տանում է մի տեղից դեպի մյուսը:
-
Ի՞նչ առումով է Փրկիչը՝ Ճանապարհ: (Ուսանողները կարող են ասել, որ Փրկիչը ցույց է տալիս մեզ, թե ինչպես ապրենք, որպեսզի նմանվենք Աստծուն, և թե ինչպես արժանանանք Երկնային Հոր ներկայությունում ապրելուն։)
Գրատախտակին «Ճանապարհի» տակ գրեք Ճշմարտություն և Կյանք:
-
Ի՞նչ առումներով է Հիսուսը Քրիստոսը Ճշմարտություն: (Նա բոլոր ճշմարտությունների աղբյուրն է և կատարյալ ձևով ապրել է այդ ճշմարտություններով։)
-
Ի՞նչ առումներով է Հիսուսը Կյանք: (Նա հնարավոր է դարձնում մեզ համար, որ հաղթահարենք ֆիզիկական մահը և հարություն առնենք անմահ ֆիզիկական մարմիններով և հաղթահարենք հոգևոր մահը՝ հավերժական կյանք ձեռք բերելու համար: Նա է «լույս, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին» [ՎևՈւ 88.13]։)
Գրատախտակին նկարված ճանապարհի տակ գրեք Հիսուս Քրիստոսն է՝ «Ճանապարհ» բառի կողքին:
-
Քննարկվածի հիման վրա, ինչպես կամփոփեք Փրկչի խոսքերի նշանակությունը, որ «ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես 14.6): (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով և հետևելով Նրա ուղուն մենք կարող ենք մտնել Երկնային Հոր թագավորությունը:)
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք փորձենք հետևել մի ուղով, որը Փրկչի ուղին չէ:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Լորենս Ե. Քորբրիջի հետևյալ խոսքը: Դասարանի անդամներին խնդրեք լսել, թե ինչ կպատահի, եթե փորձենք հետևել մի ուղու, որը Փրկչի ուղին չէ:
«Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում: Նա է Ճանապարհը: Յուրաքանչյուր այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ինչպիսին էլ որ լինի, անմտություն է: …
… Մենք կարող ենք կամ հետևել Տիրոջը և օժտվել Նրա զորությամբ ու ունենալ խաղաղություն, լույս, ուժ, գիտելիք, վստահություն, ուղղություն, սեր և ուրախություն, կամ կարող ենք գնալ որևէ այլ ճանապարհով, ցանկացած այլ ճանապարհով, ինչպիսին էլ այն լինի, և գնալ միայնակ, առանց Նրա աջակցության, առանց Նրա զորության, առանց ուղղության, խավարի, խառնաշփոթի, կասկածի, վշտի ու հուսահատության մեջ: Եվ ես հարցնում եմ, ո՞ր ճանապարհն է ավելի հեշտ: …
Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում: Հիսուս Քրիստոսն է ճանապարհը» («Ճանապարհը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 34, 36):
-
Ըստ Երեց Քորբրիջի, ի՞նչ կպատահի, եթե մենք չհետևենք Փրկչի ուղուն:
-
Ի՞նչ կպատահի, եթե հետևենք Փրկչի ուղուն:
Ուսանողներին խնդրեք խորհել փորձառությունների մասին, որ նրանք ունեցել են՝ երբ օրհնվել են Փրկչի ուղուն հետևելով: Հրավիրեք մի քանիսին` կիսվել իրենց փորձառություններով:
Ամփոփեք Հովհաննես 14.7–14 հատվածները, բացատրելով, որ Փրկիչն ուսուցանել է Իր Առաքյալներին, որ երկիր գալու Իր նպատակներից մեկը՝ Իր խոսքերի ու գործերի միջոցով բացահայտելն է Երկնային Հոր ճշմարիտ բնույթը: Նա նաև խոստացավ Իր Առաքյալներին, որ նրանք զորություն կունենան մեծ գործեր կատարելու:
Հովհաննես 14.15–31
Հիսուսն ուսուցանում է Իր Առաքյալներին, թե ինչպես սեր ցուցաբերել Իր հանդեպ
Խնդրեք ուսանողներին մտածել մեկի մասին, ում սիրում են:
-
Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերը այդ մադու նկատմամբ:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 14.15 հատվածը, և խնդրեք դասարանին տեսնել, թե Հիսուսն ի՞նչ ասաց Իր Առաքյալներին, որ անեն, որպեսզի ցույց տան իրենց սերը Իր հանդեպ:
-
Ելնելով նրանից, թե Հիսուսն ինչ ուսուցանեց Իր Առաքյալներին՝ ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի ցույց տանք մեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Ուսանողները պետք է ասեն հետևյալ ճշմարտությունը. Մենք ցույց ենք տալիս մեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ պահելով Նրա պատվիրանները:)
Դասարան բերեք մի քանի թղթե ժապավեններ, որոնց վրա գրված կլինեն պատվիրաններ՝ (ինչպես օրինակ, հնազանդվել Իմաստության Խոսքին, վճարել տասանորդը, և սուրբ պահել Հանգստության օրը): Հրավիրեք մի քանի ուսանողների կանգնել դասարանի առաջ: Հրահանգեք ամեն մեկին վերցնել թղթի մի ժապավեն, կարդալ պատվիրանը բարձրաձայն, և բացատրել, թե այդ պատվիրանը պահելով ինչպես կարող ենք ցույց տալ մեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այնուհետև խնդրեք նրանց վերադառնալ իրենց տեղերը:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որքա՞ն լավ են իրենք ցույց տալիս իրենց սերը Փրկչի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները: Քաջալերեք նրանց նպատակ դնել՝ ցույց տալու իրենց սերը Փրկչի հանդեպ, ավելի լավ պահելով պատվիրաններից մեկը կամ մեկից ավել, որոնք հնարավոր է դժվար են իրենց համար:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 14.16–17, 26 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով Իր Առաքյալներին տված Տիրոջ խոստումը:
-
Ի՞նչ խոստացավ Փրկիչն Իր Առաքյալներին:
Բացատրեք, որ «ուրիշ Մխիթարիչ» արտահայտությունը հատված 16-ում վերաբերում է Սուրբ Հոգուն: Քանի որ Իր մահկանացու ծառայության ժամանակ Փրկիչը մխիթարիչ էր Իր Առաքյալների համար, Նա կոչեց Սուրբ Հոգին ուրիշ Մխիթարիչ:
-
Համաձայն Հովհաննես 14.16–17, 26 հատվածների, Սուրբ Հոգին ի՞նչ կարող է անել մեզ համար: (Իրենց խոսքերով պատմելով ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգին կարող է մխիթարել մեզ, ուսուցանել մեզ բոլոր բաները, և բերել բոլոր բաները մեր հիշողության մեջ:)
Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.
-
Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին մխիթարել է ձեզ։ Ե՞րբ եք զգացել, որ Նա ուսուցանել է ձեզ։ Ե՞րբ է Նա օգնել ձեզ, որ բաներ հիշեք:
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի կամավորների` կիսվել իրենց գրածով:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 14.18–23 հատվածները:
-
Համաձայն 21 և 23 հատվածների, ինչպե՞ս մենք կօրհնվենք, եթե պահենք պատվիրանները: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ հետ կլինեն:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կլինեն մեզ հետ: (Սա վերաբերում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անձնապես հայտնվելուն [տես ՎևՈւ 130.3]:)
Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ մինչ Սուրբ Հոգին կոչվում է առաջին Մխիթարիչ, Հիսուս Քրիստոսը երկրորդ Մխիթարիչն է: Որպեսզի ստանանք Նրան որպես Երկրորդ Մխիթարիչ, մենք նախ պետք է հավաքք զարգացնենք Նրա հանդեպ, ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգին և ձգտենք արդարակյաց լինել ու ծառայել Աստծուն: Եթե անենք այս բաները, ի վերջո «Հիսուս Քրիստոս անձը կայցելի [մեզ], կամ Նա կհայտնվի [մեզ] ժամանակ առ ժամանակ, …և երկինքների տեսլականները կբացվեն [մեզ], և Տերը կուսուցանի [մեզ] դեմ առ դեմ» (in History of the Church, 3:380–81): Խոստումը կիրականանա համաձայն Տիրոջ կամքի և ժամանակի (տես ՎևՈւ 88.68):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 14.27հատվածը, փնտրելով Փրկչի ուղերձը Իր Առաքյալներին:
-
Ինչպե՞ս է հատված 27-ի Փրկչի ուղերձը վերաբերում այս դասին մեր հայտնաբերած սկզբունքներին:
-
Ո՞րն է տարբերությունը՝ Փրկչի առաջարկած խաղաղության և աշխարհի առաջարկած խաղաղության միջև:
Ամփոփեք Հովհաննես 14.28–30 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 14.30 (հատված 30, ծանոթագրություն ա) բացատրելով, որ Հիսուսն ասել է Իր Առաքյալներին, որ պետք է ուրախանան, քանի որ Նա շուտով հեռանալու է իրենց մոտից և վերադառնալու է Երկնային Հոր մոտ: Նա նաև ասաց, որ Սատանան զորություն չունի Նրա վրա, քանի որ Նա հաղթել է աշխարհին: Հիսուսն ասաց Առաքյալներին, որ Սատանան կարող դեռ ազդել նրանց վրա, քանի որ նրանք դեռ չեն ավարտել իրենց աշխատանքը երկրի վրա:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 14.31 հատվածը, տեսնելով, թե Փրկիչն ինչ էր ցանկանում, որ աշխարհն իմանար:
-
Ի՞նչ էր Փրկիչը ցանկանում, որ աշխարհն իմանար:
-
Ինչպե՞ս էր Փրկիչը ցույց տալիս Իր սերը Երկնային Հոր հանդեպ:
Եզրափակեք, հրավիրելով ուսանողներին վկայել, թե այս դասի սկզբունքներն ինչպես կօգնեն նրանց, երբ փորձում են վերադառնալ Աստծո ներկայությունը՝ սելեստիալ արքայությունում:
Սուրբ գրությունների սերտման հատված՝ Հովհաննես 14․6:
Օգնեք ուսանողներին անգիր սովորել Հովհաննես 14.6 հատվածը, կարող եք օգտագործել այս ձեռնարկի վերջում տրված հավելվածի գաղափարներից որևէ մեկը:
Սուրբ գրությունների սերտման հատված՝ Հովհաննես 14․15:
Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել Հովհաննես 14.15 հատվածը, հրավիրեք նրանց գրել այա մի թղթի վրա: Խնդրեք նրանց այնքան կրկնել այս հատվածը մինչև որ մտապահեն: Այնուհետև թող դնեն այդ թուղթը այնպիսի մի տեղ, որտեղ այն կհիշեցնի նրանց իրենց սերը ցույց տալ Տիրոջ հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները: