Տնային ուսումնասիրության դաս
Հակոբոս 2–Ա Պետրոս 5 (Մաս 29)
Նախաբան
Հակոբոս Առաքյալը պարզաբանեց Սրբերի մոտ տարածված որոշ թյուրիմացություններ` կապված ճշմարիտ հավատքի հետ: Նա նաև ուսուցանել է հավատքի ու գործերի միջև եղած հարաբերության մասին:
Ուսուցման առաջարկներ
Հակոբոս 2.14-26
Հակոբոսն ուսուցանում է մեր փրկության մեջ հավատքի և գործերի դերի մասին
Հրավիրեք ուսանողներին ենթադրել, որ մի երիտասարդ տղամարդ գիտակցում է, որ ինքը մեղք է գործել: Նա հավատում է Հիսուս Քրիստոսի Քավությանն ու Փրկիչի` իրեն փրկելու կարողությանը: Նա ասում է, որ այն ամենը, ինչ պետք է անի, դա հավատալն է, ու Տերը կների իրեն` առանց որևէ այլ ջանք նրանից պահանջելու:
Խնդրեք ուսանողներին խորհել արդյոք միայն այս երիտասարդ տղամարդու հավատքը բավարար է իր մեղքերից ներում ստանալու համար:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոսի 2.14 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հարցրեց Սրբերին հավատքի վերաբերյալ:
-
Հակոբոսն ի՞նչ հարցրեց Սրբերին հավատքի վերաբերյալ։
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ գործեր նկատի ուներ Հակոբոսը:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրում էին Հակոբոսի 2 գլխի վրա հիմնված դասը, նրանք իմացան, որ Հակոբոս Առաքյալն ուղղում էր հավատքի վերաբերյալ սխալ գաղափարը: Որոշ մարդիկ սխալ էին հասկացել` կարծելով, որ հավատքը պարզապես համոզմունքի բանավոր արտահայտումն է: Հակոբոս 2.14-ի բովանդակությունում Հակոբոսը գործեր տերմինն այլ կերպ է օգտագործել, քան Պողոս Առաքյալը: Երբ Պողոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ Մովսեսի օրենքի հետ առնչվող գործերը: Երբ Հակոբոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ բարեպաշտության կամ արդարակեցության գործերը:
Բացատրեք, որ Հակոբոսն իր հարցի պատասխանը լուսաբանելու համար 14-րդ հատվածում համանմանություն կատարեց:
Հրավիրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առջև։ Ուսանողներից մեկին խնդրեք կատարել մուրացկանի դեր, ով սնունդ, հագուստ և ծածկ է խնդրում, որն անհրաժեշտ է նրան գոյատևելու համար: Մյուս ուսանողին հրավիրեք կատարել որևէ մեկի դերը, ով կարող է օգնել մուրացկանին: Հրավիրեք երրորդ ուսանողին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.15-16 հատվածները` մինչ այն երկու ուսանողները կատարում են այդ հատվածներում նկարագրված իրավիճակը:
-
Մուրացկանի դերը կատարող ուսանողին տրված պատասխանում ի՞նչն է սխալ:
-
Մյուս ուսանողի պատասխանը բավարար կլինի՞ մուրացկանին օգնելու համար:
Հրավիրեք դասարանին միասին բարձրաձայն կարդալ կամ արտասանել Հակոբոսի 2.17-18 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ է ուսուցանել հավատքի մասին: Հիշեցրեք նրանց, որ Հակոբոս 2.17–18 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։
-
Ձեր կարծիքով «հավատքը, եթէ գործ չունենայ, ըստ ինքեան մեռած է» (17-րդ հատված) արտահայտությունն ի՞նչ է նշանակում:
-
Ինչպե՞ս է Հակոբոսի` մուրացկանի մասին համանմանությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը:
-
Ըստ 17-րդ հատվածի` Հակոբոսն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի վերաբերյալ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը երևում է մեր արդար գործերով: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.19–20 հատվածները: Հավաստիացեք, որ ուսանողը նաև բարձրաձայն կկարդա Հակոբոսի 2.19-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը (Հակոբոս 2.19-ի ա ծանոթագրությունում): Հրավիրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով Հակոբոսի կիրառած օրինակին, որը ցույց էր տալիս, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:
-
Հակոբոսն ինչպիսի՞ օրինակ կիրառեց, որպեսզի ցույց տար, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության: … Միայն գործը չի հանդիսանում հավատք Փրկիչի հանդեպ, սակայն ճշմարիտ սկզբունքներին համաձայն գործելը հավատքի կենտրոնական բաղադրիչն է» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95): Այսպիսով, «հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.20)» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95)։
-
Ըստ Երեց Բեդնարի` ի՞նչն է հանդիսանում «հավատքի կենտրոնական բաղադրիչը»:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը նշանակում է և´ հավատալ Նրան, և´ գործել համաձայն ճշմարիտ սկզբունքների:
Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում քննարկված սյուժեի երիտասարդ տղամարդու մասին:
-
Ինչպե՞ս կարող է այն հասկացողությունը, որ հավատքն ընդգրկում է և´ համոզմունք, և´ գործողություն, օգնել ինչ-որ մեկին, ով ներում է փնտրում իր մեղքերի համար:
Ամփոփեք Հակոբոսի 2.21–26 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը, որպես օրինակ, վերագրում էր Աբրահամին ու Ռախաբին, ում հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ երևաց իրենց գործերով: (Խիզախ կին Ռախաբի մասին պատմությունը գտնվում է Յեսուի 2.1-22-ում):
Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի ժամանակի մասին, երբ նրանք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք են ցուցաբերել իրենց գործերով և թե ինչպես են օրհնվել այդպես անելով: Խրախուսեք ուսանողներին ընդգրկել Փրկիչի մասին իրենց վկայությունը և թե ինչպես են նրանք ցուցաբերելու այդ համոզմունքն իրենց գործողությունների միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Հրավիրեք ուսանողներին աղոթքով խորհել, թե ինչպես կարող են նրանք ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ` հնազանդվելով Նրան: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած ցանկացած հուշման:
Հաջորդ Մաս (Բ Պետրոս– Հուդա)
Հարցրեք ուսանողներին, թե ինչու են մարդիկ ընտրում մեղք գործել, չնայած որ գիտեն դա սխալ է: Հաջորդ շաբաթվա ընթացքում Բ Պետրոս-ի և Յուդայի գրքերը կարդալիս հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց պատասխանել հետևյալ հարցերին. Ինչպե՞ս կարող ենք խուսափել կեղծ վարդապետությամբ խաբվելուց: Ըստ Հովհաննեսի, ի՞նչը կհեռացնի վախը: Ինչպե՞ս պետք է արտահայտենք մեր սերն Աստծո նկատմամբ: Ինչպիսի՞ աստվածային հատկանիշներ պետք է զարգացնենք հավերժական կյանք ժառանգելու համար: Ինչպիսի՞ զգուշացում էր տրվել նրանց մասին, ում հետ մենք ընտրում ենք շփվել: