Դաս 86
Գործք Առաքելոց 6-7
Նախաբան
Առաքյալները ձեռնադրում են մի քանի աշակերտների, որ աջակցեն Տիրոջ գործին: Ստեփանոսը՝ ընտրվածներից մեկը, գործում է բազմաթիվ հրաշքներ։ Որոշ հրեաներ մեղադրում են նրան սրբապղծության մեջ և բերում Սանհեդրինի առջև, որտեղ նա այլակերպվում է։ Փրկիչին մերժելու համար հրեաներին հանդիմանելուց հետո Ստեփանոսը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ապա նրան քաղաքից դուրս քշեցին և քարկոծելով սպանեցին։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 6․1–8
Յոթ աշակերտներ ընտրվում են աջակցելու Առաքյալներին աշխատանքում
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքից, ծխից կամ համայնքից ինչ-որ մեկի մասին, ով ունի առանձնահատուկ ժամանակավոր դժվարություն կամ կարիք։
-
Ի՞նչ եք զգում, երբ խորհում եք այդ անձնավորության և նրա իրավիճակի մասին։
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Երկնային Հայրը վերաբերվում այդ անհատներին։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 6․1-8 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել ուղին, որը Տերը նախատեսել է Իր զավակների կարիքները հոգալու համար։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 6.1–2 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով մտահոգությունը, որի վրա Առաքյալների ուշադրությունը հրավիրեցին հելլենախոսները։ Հելլենախոսները «հելլեներեն խոսող հրեա քրիստոնյաներ էին», իսկ եբրայեցիները «պաղեստինացի հրեա քրիստոնյաներ էին» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 288)։
-
Ի՞նչ մտահոգություն հայտնեցին հելլենախոս Սրբերը։
Բացատրեք, որ այդ ժամանակ Եկեղեցին շատ արագ էր աճում, դրա հետ մեկտեղ շատանում էին նյութական կարիքներ ունեցողները, ինչպես նաև որբևայրիները։ Քանի որ Առաքյալները պատասխանատու էին ավետարանը «բոլոր ազգերին» (Մատթեոս 28․19) քարոզելու համար, նրանք չէին կարող անձամբ զբաղվել Եկեղեցու յուրաքանչյուր անդամի կարիքներով։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 6.3-6-ը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես Առաքյալները լուծեցին այդ խնդիրը։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով։
-
Ի՞նչ արժանիքներ պետք է ունենային Եկեղեցու աճող կարիքները հոգալու համար ընտրվողները, որպեսզի արժանի լինեին այդ կոչմանը։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն հատված 3-ի և 5-ի այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այդ հատկանիշները։)
-
Ինչո՞վ է այդ գործընթացը նման այն ամենին, ինչը Տերն անում է այսօր Իր Եկեղեցում, որպեսզի անդամների կարիքները չանտեսվեն։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Եկեղեցու արժանի անդամները կանչված են օգնելու ծառայել ուրիշների կարիքներին։)
Հրավիրեք ուսանողներից մի քանիսին մոտենալ գրատախտակին և գրել Եկեղեցու կոչումները։ Նրանց գրած մի քանի կոչումների վերաբերյալ հարցրեք․
-
Ու՞մ կարիքներն են հոգում այն մարդիկ, ովքեր հավատարմությամբ ծառայում են այս կոչումին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ուրիշների կարիքներին ծառայելու համար կանչվածները ունենան այն հատկանիշները, որոնք նշված են հատված 3-ում և 5-ում։
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Գոր․ 6.7-8 հատվածները: Կարող եք առաջարկել նրանց նշել դրական արդյունքները, որոնց հասան ուրիշներին ծառայելու համար այդ յոթ աշակերտներին կանչելուց հետո։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։
Գործք Առաքելոց 6․9–7․53
Ստեփանոսին բերում են Սանհեդրինի առջև և վկայում, որ նրանք մերժել են Մեսիային
Հրավիրեք մի քանի ուսանողների կանգնել և ցույց տալ, թե ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք փորձեն հրաժարվել ուրիշի օգնությունից հետևյալ իրավիճակներում, չնայած նրանք ունեն օգնության կարիք․ տնային աշխատանք կատարելիս, ճաշ պատրաստելիս, իրենց կյանքում մեծ խնդիր լուծելիս։
-
Մենք ինչո՞ւ ենք երբեմն հրաժարվում ուրիշների օգնությունից:
-
Ի՞նչ հետևանքներ կարող են լինել, երբ մենք հրաժարվում ենք ուրիշների օգնությունից:
Շեշտեք, որ Երկնային Հայրը հաճախ մեզ օգնում է Սուրբ Հոգու միջոցով։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 6․9-7․53 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել Սուրբ Հոգուն դիմակայելու հետևանքները։
Բացատրեք, որ ինչպես գրված է Գոր․ 6․9-ում, շատերը, ովքեր չէին հավատում Հիսուս Քրիստոսին, դիմակայեցին Ստեփանոսին, մինչ նա ուսուցանում էր ավետարանը։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 6.10-11 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչու էին Ստեփանոսին դիմակայողները բարկացած նրա վրա։ Կարող եք բացատրել, որ հրապուրել բառը 11-րդ հատվածում նշանակում է կաշառել։
-
Ի՞նչ ազդեցություն էին գործել Ստեփանոսի ուսմունքները նրանց վրա, ովքեր փորձում էին դիմակայել նրան։
-
Ինչո՞ւմ մեղադրվեց Ստեփանոսը։
Ամփոփեք Գոր․ 6․12-14 հատվածները, բացատրելով, որ Ստեփանոսին տարան հրեական կառավարության խորհրդի առջև, որը կոչվում էր Սանհեդրին։
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 6․15 հատվածը։ Ուսանողներին հրավիրեք հետևել, փնտրելով, թե ինչ անսովոր բան նկատվեց Ստեփանոսի արտաքին տեսքում, երբ նա կանգնեց խորհրդի առջև։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Ստեփանոսի «երեսը հրեշտակի երեսի նման տեսան» արտահայտությունը (հատված 15): (Ստեփանոսը այլակերպվել էր։ Այս սուրբ այլակերպությունը ուղիներից մեկն էր, որով Աստված ցույց էր տալիս մարդկանց, որ Նա աջակցում էր Ստեփանոսին և հաստատում էր նրա ուղերձը։ [Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. (1965–73), 2:67])։
Ամփոփեք Գոր․ 7․1–50 հատվածները, բացատրելով, որ ի պատասխան իրեն ներկայացված մեղադրանքներին, Ստեփանոսը պատմեց Իսրայելի պատմությունից որոշ հատվածներ։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 7.35-39 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Ստեփանոսն ինչ ասաց Մովսեսի հանդեպ հնադարյան Իսրայելի վերաբերմունքի մասին։
-
Համաձայն հատված 35-ի, Իսրայելի զավակներն ինչպե՞ս արձագանքեցին Մովսեսին, երբ նա եկավ ազատելու նրանց Եգիպտոսից։
-
Ինչպե՞ս նրանք արձագանքեցին Մովսեսին նույնիսկ այն բանից հետո, երբ նա ազատեց նրանց (տես հատված 39)։
Ուսանողներին հիշեցրեք, որ Հիսուս Քրիստոսն այն մարգարեն էր, որի մասին մարգարեացել էր Մովսեսը (տես հատված 37)։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 7.51-53 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել և փնտրել, թե Ստեփանոսն իր օրերի հրեա ղեկավարներին ինչպես համեմատեց իր նկարագրած հին ժամանակների հրեաների հետ։
-
Համաձայն 51-րդ հատվածի, ինչո՞վ էին Ստեփանոսի օրերի հրեա ղեկավարները նման նրա նկարագրած հին ժամանակների հրեաներին։ (Նրանք հակառակվում էին Սուրբ Հոգուն։ Բացատրեք, որ «խստապարանոցներ և սրտերով չթլփատուածներ» արտահայտությունը վերաբերում է հրեաների մեղսալի հպարտությանն ու ամբարիշտ սրտերին։)
-
Համաձայն հատված 52-ի, հին ժամանակների հրեաներն ո՞ւմ էին մերժել ու հալածել՝ դիմակայելով Սուրբ Հոգուն: (Մարգարեներին, որոնց թվում է նաև Մովսեսը։)
-
Ըստ Ստեփանոսի, ո՞ւմ էր մերժել հրեաների խորհուրդը։ («Այն Արդարին» [հատված 52], նկատի ունի Փրկիչին։)
Բացատրեք, որ Ստեփանոսը փորձում էր լուսաբանել այն փաստը, որ ճիշտ, ինչպես հրեաները հին ժամանակներում մերժեցին Մովսես մարգարեին, այդպես էլ Ստեփանոսի օրերի հրեաները մերժեցին Փրկիչին։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսին դիմակայելու մասին: (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Սուրբ Հոգուն հակառակվելը կարող է տանել դեպի Փրկիչին և Նրա մարգարեներին մերժելուն։)
-
Սուրբ Հոգուն հակառակվելն ինչպե՞ս կարող է տանել դեպի Փրկիչին և Նրա մարգարեներին մերժելուն։ (Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և հաստատում է Նրա խոսքերն ու Նրա մարգարեների խոսքերը։ Ուստի, Սուրբ Հոգուն հակառակվելը կթուլացնի մարդու վկայությունը և Փրկիչին ու Նրա մարգարեներին հետևելու վճռականությունը։)
Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե մարդն ինչպես կարող է գայթակղվել և հակառակվել Սուրբ Հոգուն հետևյալ իրավիճակներում․ (1) ժամանցներ և լրատվամիջոցներ ընտրելիս, (2) ժամադրությունների վերաբերյալ մարգարեների տված խորհուրդին հետևելու ընտրություններ կատարելիս և (3) Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների ուսուցանած ապաշխարության սկզբունքները կիրառելու որոշումներ կայացնելիս։
-
Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ենթարկվենք, այլ ոչ թե դիմակայենք Սուրբ Հոգու ազդեցությանը։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Սուրբ Հոգու ազդեցությանը ենթարկվելն օգնել նրանց ընդունել Փրկիչին և Նրա մարգարեներին և կիրառել նրանց ուսմունքները։
Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել հաջորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի հրավիրեն Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանք: Հրավիրեք նրանց գրել այդ նպատակն իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում և խրախուսեք նրանց իրականացնել այդ նպատակը։
Գործք Առաքելոց 7.54–60
Ստեփանոսին քարկոծելով սպանում են
Գրատախտակին գրեք նեղություն բառը և ուսանողներին հարցրեք, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում այն: Ուսանողների պատասխաններից հետո բառի կողքին գրեք հետևյալ սահմանումը. մեծ անհանգստության կամ տառապանքի պատճառ։
-
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք ինչո՞ւ պիտի նեղություններ ակնկալենք։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 7․54-60 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել մի սկզբունք, որը կարող է օգնել մեզ, երբ մենք նեղության հանդիպենք։
Բացատրեք, որ երբ Ստեփանոսը հանդիմանեց ամբարիշտ հրեա ղեկավարներին, նրանք «սրտերումը կատաղում էին» (հատված 54) և բարկանում։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 7.55-56 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Ստեփանոսն ինչ զգաց հալածանքի այդ պահին։
-
Ստեփանոսն ի՞նչ զգացումներով լցվեց։
-
Ստեփանոսն ո՞ւմ տեսավ։
Ցուցադրեք «Ստեփանոսը տեսնում է Հիսուսին Աստծո աջ կողմում» (Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 63, տես նաև LDS.org) նկարը։
-
Աստվածագլխի վերաբերյալ ի՞նչ հիմնական վարդապետություն կարող ենք սովորել Ստեփանոսի տեսիլքի պատմությունից։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ վարդապետությունը. Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք առանձին էակներ են: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս վարդապետությունն իրենց սուրբ գրություններում Գոր․ 7․55-56 հատվածների կողքի լուսանցքում:)
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 7.57-60 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել, փնտրելով, թե մարդիկ ինչ արեցին Ստեփանոսին։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով։
-
Ստեփանոսի աղոթքի ո՞ր բառերն են ավելի տպավորիչ ձեզ համար։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ղուկասը Ստեփանոսի ողբերգական մահը նկարագրում «ննջեց» բառով: (հատված 60): (Շեշտեք, որ այս արտահայտությունը կարող է վերաբերել մահկանացու կյանքի նեղություններից արդար հոգու ազատվելուն և խաղաղությանը, որով նման անձնավորությունն այս կյանքից անցնում է մյուս կյանք [տես ՎևՈւ 42․46]։)
Հրավիրեք ուսանողներին կենտրոնացնել իրենց ուշադրությունն այն բանի վրա, թե ինչ փորձառություն ունեցավ Ստեփանոսը` նախքան քաղաքից դուրս տանելն ու նահատակվելը (տես Գոր․ 7․55–56)։
-
Ինչպե՞ս էր Աստված զորացնում Ստեփանոսին Սանհեդրինում ունեցած փորձառությունների ժամանակ։ (Ստեփանոսը լցված էր Սուրբ Հոգով և տեսավ Փրկիչին՝ Աստծո աջ կողմում կանգնած։)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ստեփանոսի փորձառությունից, որը կարող է օգնել մեզ հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին նեղությունների ժամանակ։ (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել, բայց համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսին փորձությունների ժամանակ, Նա մեզ հետ կլինի:)
-
Ինչպե՞ս կարող է Տերը լինել մեզ հետ, երբ մենք հանդիպում ենք նեղությունների:
-
Չնայած Ստեփանոսը կորցրեց իր կյանքը, փոխարենը ի՞նչ գտավ նա։
Բացատրեք, որ Ստեփանոսն ընդհանուր առմամբ համարվում է առաջին քրիստոնյա նահատակը։ Բացի դրանից, նրան կարելի է նմանեցնել Քրիստոսին, քանի որ թե նա, և թե Փրկիչը կանգնեցին խորհրդի առջև փորձվելու, առերես հայտարարեցին ճշմարտությունն իրենց թշնամիներին, տվեցին իրենց կյանքը հանուն արդար գործի և նույնիսկ տանջալից մահից առաջ նույնատիպ արտահայտություններ արեցին (տես Ղուկաս 23․33–34, 46)։ Դուք կարող եք շեշտել, որ Սողոս անունով մի երիտասարդ, ով հետագայում դարձավ Պողոս Առաքյալը, ներկա էր և վկա Ստեփանոսի նահատակությանը (տես հատված 58)։
Վկայեք այս դասի ընթացքում ուսուցանված ճշմարտությունների մասին: