Դաս 142
Հակոբոս 3
Նախաբան
Հակոբոսն ուսուցանում էր Սրբերին իրենց խոսքը վերահսկելու կարևորության մասին: Այնուհետև նա հակադրել է աշխարհի իմաստությունը Աստծուց եկած իմաստության հետ:
Ուսուցման առաջարկներ
Հակոբոս 3.1-12
Հակոբոսն ուսուցանում է Սրբերին իրենց խոսքը վերահսկելու կարևորության մասին
Դասարան բերեք ատամի մածուկի մի պարկուճ: Ուսանողներից մեկին հրավիրեք պարկուճը սեղմելով դուրս բերել ողջ ատամի մածուկը (կամ խնդրեք ուսանողներին պատկերացնել այս տեսարանը): Խնդրեք մեկ ուրիշ ուսանողի փորձել պարկուճի մեջ ետ լցնել ողջ ատամի մածուկը: Երբ երկրորդ ուսանողը դա անելու համար ճիգեր գործադրի, հարցրեք.
-
Ինչպե՞ս կարող է այս վարժության մեջ օգտագործված ատամի մածուկը նմանվել մերասած բառերի հետ:
Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք նրանք երբևէ ասել են ինչ-որ բան, որի համար ավելի ուշ զղջացել են: Հորդորեք ուսանողներին Հակոբոս 3․1-12 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց իմաստությամբ ընտրել իրենց խոսքերը:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 3.2–4 և Հակոբոս 3.5-ի առաջին նախադասությունը: Դասարանին խնդրեք հետևել`ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչպես է նկարագրել նրանց, ովքեր իրենց բառերով չեն վիրավորում ուրիշներին: Բացատրեք, որ «մեղանչում ենք ամենս» արտահայտությունը 2-րդ հատվածում նշանակում է, որ մենք բոլորս սխալներ ենք գործում, և բացատրեք, որ Հակոբոսը մեր արտաբերած բառերը վերագրելու համար օգտագործել է լեզու բառը:
-
Ինչպե՞ս է Հակոբոսը նկարագրել նրանց, ովքեր կարողանում են վերահսկել իրենց բառերը:
Կարող եք ցուցադրել կամ գրատախտակի վրա նկարել ձիու սանձի և նավի ղեկի նկարներ: Դուք կարող եք բացատրել, որ սանձը (3-րդ հատված) մի փոքր մետաղի կտոր է դրված ձիու բերանում, որը միացված է երասանակներին` թույլ տալով հեծնորդին առաջնորդել ձիուն: Այս հատվածում ղեկ բառը (4-րդ հատված) վերաբերում է նավի ղեկին, որն օգնում է մեկին վարել կամ պտտել նավը:
-
Համաձայն Հակոբոսի` ձիու սանձն ու նավի ղեկն ի՞նչ ընդհանուր բաներ ունեն: (Երկուսն էլ համեմատաբար փոքր են, և երկուսն էլ վարում կամ ղեկավարում են ավելի մեծ օբյեկտներ, որոնց նրանք կցված են):
-
Ինչպե՞ս կարող է Հակոբոսի` այս առարկաների համեմատությունը լեզվի կամ մեր արտաբերած բառերի հետ օգնել մեզ հասկանալ մեր բառերի զորությունը:
-
Այս հատվածներից ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ի՞նչ տեղի կունենա, երբ մենք սովորենք վերահսկել մեր խոսքը: (Ուսանողները պետք է բացահայտեն նման մի սկզբունք. երբ մենք սովորենք վերահսկել մեր լեզուն, մենք կկարողանանք սովորել վերահսկել մեր մնացած գործողությունները):
-
Ինչո՞ւ մեր խոսքը վերահսկելը կկարողանա օգնել մեզ վերահսկել մեր մյուս գործողությունները:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 3.5-ի վերջին նախադասությունը, ինչպես նաև Հակոբոս 3.6: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն էլ ինչի հետ համեմատեց մեր խոսքը: Բացատրեք, որ բան բառը վերաբերվում է անտառին (տես 5-րդ հատված, ծանոթագրություն բ):
-
Հակոբոսն էլ ինչի՞ հետ համեմատեց մեր խոսքը:
-
Մեր կյանքի ո՞ր կողմերը կարող են «կրակով վառվել» (6-րդ հատված) կամ վտանգի ենթարկվել մեր բառերի ոչ իմաստուն օգտագործումից:
Բացատրեք, որ «գոյութեան անիվը» արտահայտությունը 6-րդ հատվածում կարող է վերաբերել ինչ-որ մեկի կյանքի ընթացքին:
-
Ինչպե՞ս կարող են մեր արտաբերած բառերն ազդել մեր կյանքի ընթացքի վրա:
-
Ինչպե՞ս կարող է մեր արտաբերած բառերի մեջ փոքր փոփոխություններ կատարելը դրականորեն ազդել մեր և ուրիշների կյանքի ընթացքի վրա:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հակոբոս 3.7-12 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն էլ ինչի հետ համեմատեց մեր խոսքը:
-
Հակոբոսն էլ ինչի՞ հետ համեմատեց մեր խոսքը: (Կենդանի, որն ունի վարժեցման կարիք [տես 7–8-րդ հատվածները], «մահաբեր թոյն» [8-րդ հատվածը], մի աղբյուր, որից «քաղցր և դառն ջուր կբղխէ» «նոյն ակնից» [11–12-րդ հատվածները], թզենի, որը ձիթապտուղ է բերում թզի փոխարեն, և որթ, որը թուզ է բերում [տես 12-րդ հատվածը]):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածների բովանդակությունը, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքը.
«Ակնհայտորեն Հակոբոսը նկատի չունի, որ մեր լեզուները միշտ սոսկալի են, ոչ էլ ամեն ինչ, որ մենք ասում ենք, «լցուած [է] մահաբեր թոյնով»: Բայց նա հստակորեն նկատի ունի, որ առնվազն որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող է կործանարար լինել, նույնիսկ թունավոր, և դա Վերջին Օրերի Սրբի համար հանդիսանում է սառը մեղադրանք: Ձայնը, որը խորիմաստ վկայություն է բերում, արտասանում է ջերմեռանդ աղոթք, և երգում Սիոնի հիմները, կարող է լինել նույն ձայնը, որը նախատում է և քննադատում, վիրավորում է և նվաստացնում, ցավ է պատճառում և կործանում իր սեփական հոգին և միևնույն ժամանակ ուրիշներինն էլ: …
… Թող որ մենք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ ու կանայք թերևս այժմ այս մի ձևով․ խոսքերով չվիրավորենք, կամ ավելի լավ կլինի ասել, խոսենք նոր լեզվով, հրեշտակների լեզվով։ Մեր խոսքերը, մեր գործերի նման, պետք է լցված լինեն հավատքով, հույսով ու գթությամբ` Քրիստոնեական երեք մեծ պատվիրաններով, որոնք այնքան խիստ անհրաժեշտ են այսօրվա աշխարհում: Հոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր ասելուց արցունքներ կարող են չորանալ, սրտեր կարող են բուժվել, կյանքեր կարող են բարձրացվել, հույսը կարող է վերադառնալ, վստահությունը կարող է գերիշխել» («Հրեշտակների լեզուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 16, 18):
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք պարզել այս հատվածներից այն մասին, թե Աստծո հետևորդներն ինչպես պետք է խոսեն: (Օգտագործելով իրենց սեփական բառերը` ուսանողները պետք է նշեն նման մի ճշմարտություն. Աստծո հետևորդները ձգտում են օգտագործել իրենց լեզուն արդար նպատակների համար, այլ ոչ թե չարիք տարածելու համար):
-
Ինչո՞ւ է լուրջ խնդիր լինում, երբ Վերջին Օրերի Սրբերն օգտագործում են իրենց լեզուն չար նպատակների կամ ուրիշներին վիրավորելու և նվաստացնելու համար:
-
Որո՞նք են այն որոշ բաները, որ կարող ենք անել մեր խոսքերի ընտրության մեջ մի քիչ ավելի «կատարեալ» (Հակոբոս 3.2) լինելու համար:
Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես Հակոբոս 3․9-10-ում իրենց բացահայտած ճշմարտություններով ապրելը կառաջնորդեր իրենց գործողությունները հետևյալ իրավիճակներում.
-
Դուք հաղորդագրություն եք գրում կամ օգտագործում եք սոցիալական կայքեր:
-
Դուք քահանա եք, ով կիրակի օրերին օրհնում է հաղորդությունը: Դպրոցում ձեր ընկերները սկսում են ծաղրել մի ուսանողի:
-
Դուք երիտասարդ կին եք, ով անցյալում իր ծխի կամ ճյուղի մի երիտասարդ կնոջ մասին լավ չի արտահայտվել:
-
Ձեր թիմի անդամները տհաճ բառեր են օգտագործում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից:
«Այն, թե դուք ինչպես եք հաղորդակցվում, ցույց է տալիս, թե ով եք դուք` որպես Աստծո որդի կամ դուստր: Մաքուր և խելացի խոսելաձևը վկայում է պայծառ և առողջ մտքի մասին: Լավ խոսելաձևը, որը բարձրացնում, քաջալերում և գովաբանում է մյուսներին, հրավիրում է Հոգուն լինելու ձեզ հետ: Մեր խոսքերը մեր գործերի պես, պետք է լցված լինեն հավատքով, հույսով ու գթությամբ» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 20):
-
Ե՞րբ են այլ մարդկանց խոսքերը վեհացրել կամ քաջալերել ձեզ:
-
Ինչպե՞ս եք օրհնվել ուրիշներին ձեր բառերով վեհացնել կամ քաջալերել փորձելիս:
Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում նպատակ սահմանել այն մասին, թե ինչ կանեն իրենց խոսքն ավելի լավ կառավարելու և իրենց լեզուն ավելի արդար նպատակներով օգտագործելու համար: Հանձնարարեք նրանց հաջորդ շաբաթվա ընթացքում գործել ըստ իրենց գրածի:
Հակոբոս 3.13–18
Հակոբոսը հակադրում է աշխարհի իմաստությունը Աստծուց եկած իմաստության հետ:
Ամփոփեք Հակոբոս 3.13–18 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը հակադրում է աշխարհի իմաստությունը Աստծուց եկած իմաստության հետ: Աշխարհի իմաստությունը տանում է դեպի «անկարգությիւն» (16-րդ հատված) և «հակառակութիւն» (14-րդ հատված), մինչ «վերին իմաստութիւնը» «սուրբ» է և «ողորմութիւնով … լիքը» (17-րդ հատված):
Կիսվեք այսօրվա դասին ուսուցանված սկզբունքների մասին ձեր վկայությամբ: