Դաս 84
Գործք Առաքելոց 3
Նախաբան
Տաճարի դռան մոտ Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են մի մարդու, ով ի ծնե կաղ էր։ Ապա Պետրոսն ուսուցանում է այն մարդկանց, ովքեր ականատես եղան այս մարդու բժշկմանը։ Նա վկայում է Հիսուս Քրիստոսի մասին, հրավիրում է նրանց մկրտվել և մարգարեանում է վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին:
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 3․1–11
Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են մի մարդու, ով ի ծնե կաղ էր
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբ են նրանք ինչ-որ հատուկ բան խնդրել (հավանաբար տարեդարձի կամ Սուրբ Ծննդյան նվեր), բայց դրա փոխարեն ուրիշ բան են ստացել։ Նրանցից մի քանիսին խնդրեք կիսվել իրենց փորձառություններով և բացատրել, թե ինչ են զգացել, երբ չեն ստացել իրենց ուզածը։
-
Ինչպե՞ս կարող ենք այդ փորձառությունը համեմատել աղոթքի միջոցով Երկնային Հոր օրհնությունները փնտրելու հետ։ (Երբեմն Հայրը մեր աղոթքներին չի պատասխանում այնպես, ինչպես մենք ենք ակնկալում կամ չի տալիս այն օրհնությունները, որոնք մենք ենք խնդրում։)
Խնդրեք ուսանողներին խորհել այն փորձառությունների մասին, երբ նրանք Երկնային Հորից չեն ստացել այն պատասխանը կամ օրհնությունը, որն ակնկալել են։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 3 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել սկզբունքը, որը կօգնի նրանց, երբ նրանք չեն ստանա այն պատասխանները կամ օրհնությունները, որոնք ակնկալում են Տիրոջից։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 3.1-3 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պետրոսն ու Հովհաննեսը ում հանդիպեցին տաճարի դռան մոտ։
-
Ո՞ւմ հանդիպեցին Պետրոսն ու Հովհաննեսը տաճարի դռան մոտ։
-
Ի՞նչ է նշանակում, որ այդ մարդը «աղաչում էր, որ ողորմութիւն առնէ»: (հատված 3): (Կարող եք բացատրել, որ ողորմություններն այն առարկաներն են, որոնք մարդիկ նվիրաբերում են աղքատներին։)
Նշեք, որ Գոր․ 4․22 հատվածից մենք սովորում ենք, որ կաղ մարդը մոտավորապես 40 տարեկան էր։
-
Հաշվի առնելով այն փաստը, որ այդ մարդը 40 տարի չէր կարողացել քայլել, ի՞նչ վիճակում կարող էին լինել նրա ոտքերը։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կզգային, եթե լինեին կաղ մարդու վիճակում։
-
Սովորաբար ի՞նչ ձևով են մարդիկ արձագանքում նման վիճակում գտնվող մարդուն։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 3.4-7 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ արեց Պետրոսն այդ մարդու համար։
-
Ի՞նչ արեց Պետրոսն այդ մարդու համար։
-
Պետրոսի գործողություններից և խոսքերից որո՞նք են ավելի տպավորիչ ձեզ համար։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 3․8 հատվածը և դասարանին խնդրեք փնտրել, թե մարդն ինչ արեց այն բանից հետո, երբ Պետրոսը «վերկացրեց նորան» (հատված 7)։
-
Ի՞նչ արեց մարդն այն բանից հետո, երբ Պետրոսը «վերկացրեց նորան»:
-
Այս մարդու ստացած օրհնությունն ինչո՞ւ էր ավելի մեծ, քան ողորմությունները, որոնք նա հիմնականում խնդրում էր։
Խրախուսեք ուսանողներին հիշել այն փորձառությունների մասին, երբ նրանք Երկնային Հորից ստացել են պատասխան կամ օրհնություն, որը տարբերվել է այն պատասխանից կամ օրհնությունից, որը նրանք ակնկալել են։
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Գոր․ 3․1-8 հատվածներից, որը կօգնի մեզ, երբ չենք ստանա այն պատասխանը կամ օրհնությունը, որն ակնկալում ենք Երկնային Հորից։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը․ Երկնային Հայրը միգուցե չպատասխանի մեր աղոթքներին այնպես, ինչպես մենք ենք ուզում կամ ակնկալում, սակայն Նրա պատասխանները միշտ ավելի բարի են լինում մեզ համար։ Այս ճշմարտությունը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրությունների լուսանցքում հատված 6-ի կողքին։)
-
Ինչպե՞ս կարող է մեր աղոթքներին տրված Երկնային Հոր պատասխանը տարբերվել մեր ցանկացած կամ ակնկալած պատասխանից։ (Օրինակ, Նա կարող է մեզ ուժ տալ դիմանալու փորձությանը, այլ ոչ թե հեռացնի այն, կամ Նա կարող է մեզ իմաստություն տալ մեր խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե Ինքը լուծում տա դրանց։)
Բացատրեք, որ Գոր․ 3․1-8-ում գրառված պատմության մեջ ակնհայտ է, որ այդ մարդու ստացածն ավելի մեծ էր, քան այն, ինչը նա խնդրում էր։ Այնուամենայնիվ, այլ դեպքերում միգուցե այդքան պարզ չերևա, որ այն, ինչը մենք ստանում ենք, ավելի մեծ է, քան այն, ինչը մենք խնդրում ենք։
-
Գրատախտակին գրված սկզբունքի հիշելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մեր աղոթքի պատասխանը տարբերում է մեր ակնկալածից։
Հրավիրեք ուսանողներին խորհել փորձառությունների մասին, երբ նրանց աղոթքին տրված Տիրոջ պատասխանը տարբերվել է իրենց ցանկացած պատասխանից, սակայն ստացվել է այնպես, որ ավելի լավ է եղել նրանց համար։ Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց փորձառություններով։ Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 3.9-11 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես մարդիկ արձագանքեցին այդ մարդու բժշկմանը։
-
Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին այդ մարդու բժշկմանը։
Գործք Առաքելոց 3.12-26
Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ապաշխարություն քարոզում
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք եղել են տաճարում հավաքված բազմության մեջ և ականատես են եղել կաղ մարդու բժշկմանը։ Շեշտեք, որ այդ մարդիկ հաճախ են տեսել կաղ մարդուն մուրալիս, երբ մտել են տաճարի դռնից, սակայն բժշկվելուց հետո նրանք տեսան նրան վազելիս և քայլելիս։
-
Եթե դուք լինեիք տաճարում հավաքվածների մեջ, ձեր կարծիքով, այս հրաշքին ականատես լինելուց հետո ինչպե՞ս կփոխվեր ձեր կարծիքը Պետրոսի և Հովհաննեսի մասին։
Ուսանողներին զույգերի բաժանեք: Յուրաքանչյուր զույգին հրավիրեք միասին բարձրաձայն կարդալ Գոր․ 3.12-16 հատվածները, տեսնելով, թե Պետրոսն ինչպես բազմությանը մեկնաբանեց կաղի բուժումը։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.
-
Արդյո՞ք Պետրոսը պարծենում էր, որ բուժել էր մարդուն։
-
Համաձայն Պետրոսի խոսքերի, մարդն ի՞նչ զորությամբ բժշկվեց։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի ծառաները կարող են հրաշքներ գործել՝ հավատալով Նրա անվանը։)
Բացատրեք, որ Պետրոսն օգտագործեց այս առիթը մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար, ով վերջերս էր մահվան դատապարտվել Իր իսկ ժողովրդի կողմից, սակայն հաղթել էր մահն Իր Հարության միջոցով։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Գոր․ 3․17–21 հատվածները, ինչպես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հատված 17 (տես ծանոթագրություն ա) և 20 (տես ծանոթագրություն բ)։ Դասարանին հրավիրեք հետևել` փնտրելով ժողովրդին հղած Պետրոսի հրավերը։
-
Պետրոսը մարդկանց ի՞նչ հրավիրեց անել։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Պետրոսի ուղերձը, շեշտեք, որ Պետրոսը խոսում էր այն մարդկանց հետ, ովքեր կանչում էին` «խաչել» կամ հավանություն էին տալիս Հիսուս Քրիստոսի Խաչելությանը (տես Գոր․ 3․14–15)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը․
«[Պետրոսը] նրանց չասաց՝ «Ապաշխարեք և մկրտվեք ձեր մեղքերի թողության համար», այլ նա ասաց․ «Ուրեմն զղջացէք եւ ետ դարձէք, որ ձեր մեղքերը ջնջուին. Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան»։ [Գոր․ 3․19։]
… Նրանք չէին կարող մկրտվել մեղքերի թողության համար, քանի որ նրանք թափել էին անմեղ արյուն» (History of the Church, 6:253)։
Շեշտեք «Որ Տիրոջ երեսիցը հանգստանալու ժամանակները գան․ եւ նա ուղարկէ Հիսուս Քրիստոսին» (հատվածներ 19–20) արտահայտությունը։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը.
«Այս նշված ժամանակը, այս հանգստանալու ժամանակը գալու է Մարդու Որդու երկրորդ գալստյան ժամանակ, այն օրը, երբ Տերը կրկին աշխարհ կուղարկի Քրիստոսին։
… Դա այն օրն է, երբ «երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը»։ (Հավատո տասներորդ հանգանակը։) Դա «նոր երկրի» օրն է, որը տեսել է Եսայիան (Եսայիա 65․17), երկիր, որտեղ այլևս չի լինի ամբարշտություն, երբ կսկսվի հազարամյակը (Conference Report, Oct. 1967, 43)։
Գրատախտակին ամրացրեք «Երկրորդ Գալուստը» նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հ․ 66, տես նաև LDS.org)։ Վերնագրեք այն «Հանգստանալու ժամանակները», և գրեք այն գրատախտակին՝ նկարի մոտ։
-
Ինչպե՞ս երկիրը կնորանա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ: (Այն կմաքրվի ամբարշտությունից։)
Շեշտեք «Ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը (հատված 21)։
-
Ձեր կարծիքով, ինչի՞ն է վերաբերում «ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը։ (Դուք կարող եք շեշտել Գոր․ 3․21, ծանոթագրություն ա, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ այն վերաբերում է վերջին օրերում ավետարանի վերականգնմանը։ Հիսուս Քրիստոսը երկնքում կմնա սպասվող ուրացության ժամանակներում, սակայն Նա կվերադառնա երկիր, որպեսզի հաստատի կամ վերականգնի բոլոր բաները, որոնք վերաբերում են ավետարանին։ Դուք կարող եք նաև շեշտել, որ Պետրոսն օգտագործեց «ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը, որպեսզի նկարագրի առանձին դեպքերը, երբ Հիսուս Քրիստոսը կայցելի երկիր նախքան Իր Երկրորդ Գալուստը։)
-
Ե՞րբ է Հիսուս Քրիստոսն այցելել երկիր որպես վերջին օրերում ավետարանի Վերականգնման մի մաս: (Ուսանողները կարող են նշել Փրկիչի հայտնվելը Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի ժամանակ [տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․17] և Կիրթլենդի Տաճարում [տես ՎևՈւ 110․2–5]։)
Գրատախտակին փակցրեք «Առաջին տեսիլքը» նկարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 90, տես նաև LDS.org)։ Վերնագրեք այն ,Ամեն բաների հաստատվելու ժամանակները» և գրեք այն գրատախտակի վրա` նկարի մոտ։
-
Համաձայն հատված 21-ի, ո՞վ լրացրեց Պետրոսին՝ խոսելով վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին։ (Օգտագործելով իրենց սեփական բառերը, ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը. Մարգարեները բոլոր դարերում կանխագուշակել են վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին։)
Ամփոփեք Գոր․ 3․22–26 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը վկայել է, որ Մովսեսը և «բոլոր մարգարէները Սամուէլից սկսած» (հատված 24) խոսել են Հիսուս Քրիստոսի մասին և նախազգուշացրել Նրան մերժելու հետևանքների մասին (հատված 23)։
Վերջում կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսը եկել է աշխարհ` որպես վերջին օրերում ավետարանի Վերականգնման մի մաս, և որ Նա կվերադառնա Իր Երկրորդ Գալուստի ժամանակ մաքրելու աշխարհը ամբարշտությունից։
Սուրբ գրությունների սերտում—Գործք Առաքելոց 3․19-21
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես օգտագործել Գոր․ 3․19–21 հատվածները որպես միսիոներ, ներկայացրեք հետևյալ սցենարը․ Լսողը հարցնում է․ «Աստվածաշնչում որտե՞ղ է ասվում, որ ավետարանը կվերականգնվի վերջին օրերում»։
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Յուրաքանչյուր զույգին խնդրեք պատրաստել այս հարցի պատասխանը՝ օգտագործելով Գոր․ 3․19–21 հատվածները և Աստվածաշնչից առնվազն ևս մեկ հատված։ Կարող եք խորհուրդ տալ, որ ուսումնասիրեն «Ավետարանի Վերականգնումը» թեմաների այբբենական ցանկում։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մեկին հանդես գալ լսողի դերում, իսկ ուսանողների զույգերից մեկին հանդես գալ որպես միսիոներներ։ Միսիոներների դերում հանդես եկող ուսանողների զույգին խնդրեք կիսվել իրենց պատրաստած պատասխանով այն ուսանողի հետ, ով հանդես է գալիս որպես լսող։