Տնային ուսումնասիրության դաս
Գործք Առաքելոց 6-12 (Մաս 18)
Նախաբան
Տեսիլքի միջոցով Աստված հայտնում է Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Պետրոսն ուսուցանեց ավետարանը Կոռնելիոսին և նրա ընտանիքին, որից հետո վեճի բռնվեց հրեա Սրբերի հետ՝ հեթանոսներին ավետարանը քարոզելու վերաբերյալ։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 10
Տեսիլքի միջոցով Աստված հայտնում է Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին
Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ իրենց ընկերը հարցնում է․ «Ես լսել եմ, որ 1978 թվականին ձեր եկեղեցին փոխեց իր դիրքորոշումը, թույլ տալով բոլոր տղամարդկանց ստանալ քահանայություն՝ անկախ ռասայից։ Եթե դուք հավատում եք, որ ձեր եկեղեցին ղեկավարվում է Աստծո կողմից, իսկ Աստված անփոփոխ էակ է, ինչպե՞ս է դա հնարավոր»։
Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել, թե ինչպես կպատասխանեին իրենց ընկերոջը: (Ուշադրություն. Համոզվեք, որ ուսանողները պատասխանում են Եկեղեցու գործելակերպը փոխելու հարցին, այլ ոչ թե շահարկում քահանայության սահմանափակումների հնարավոր պատճառները։ Ձեր քննարկման ժամանակ նաև մի շահարկեք այն հարցը, թե ինչու էր անհրաժեշտ քահանայության սահմանափակումը, քանի որ այդ պատճառները հայտնի չեն դարձվել [տես Պաշտոնական hայտարարություն 2]:)
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Գործք Առաքելոց 10 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց պատասխանել նմանատիպ հարցերի․ ինչպես է Տերը առաջնորդում, ղեկավարում, փոփոխություններ մտցնում և ուղղորդում Իր Եկեղեցին։
Բացատրեք, որ մինչ Նոր Կտակարանի ժամանակների այս պահը, ավետարանը, մի քանի բացառություններով հանդերձ, քարոզվել էր միայն հրեաներին, ինչպես պատվիրել էր Փրկիչը (տես Մատթեոս 10․5–6)։ Այնուամենայնիվ, Գործք Առաքելոց 10-ում մենք կարդում ենք Եկեղեցու գործելակերպի նշանակալից փոփոխության մասին։
Հրավիրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ սովորեցին Կոռնելիոս անունով հեթանոսի մասին պատմությունն ուսումնասիրելու արդյունքում։ (Նա հռոմեական բանակի բարձրաստիճան զինվորական էր: Նա և իր ընտանիքը հավատացյալներ էին և աստվածավախ մարդիկ։ Որպես հեթանոս նա չէր կարող միանալ Քրիստոսի Եկեղեցուն, եթե նախ դարձի չգար դեպի հուդայականությունը։)
Ամփոփեք Գոր․ 10․3-8 հատվածները, բացատրելով, որ Կոռնելիոսի հավատարմության շնորհիվ հրեշտակը հայտնվեց նրան և հրահանգեց մարդիկ ուղարկել Հոպպե՝ Պետրոսին գտնելու։ Մինչ Կոռնելիոսի ծառաները ուղևորվում էին Հոպպե, Պետրոսը, որ մնում էր Սիմոն անունով մի մարդու տանը, մի ուշագրավ տեսիլք տեսավ։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․10․9-16 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսը տեսիլքում ինչ տեսավ։ (Ուսանողներին կարող եք թերթիկներ բաժանել նկարելու համար։ Հրավիրեք նրանց մտքում կարդալ Գոր․ 10.9-16 հատվածները և նկարել Պետրոսի տեսիլքը, ինչպես այն նկարագրված է այս հատվածներում։ Բավարար ժամանակից հետո խնդրեք ուսանողներին իրենց նկարի օգնությամբ բացատրել դասընկերներից մեկին, թե ինչ տեղի ունեցավ Պետրոսի տեսիլքում։) Այդ ընթացքում հարցրեք․
-
Տեսիլքում Պետրոսին ի՞նչ պատվիրվեց ուտել։
-
Ըստ 14 հատվածի, ինչպիսի՞ն եղավ Պետրոսի առաջին արձագանքը։ (Բացատրեք, որ Մովսեսի օրենքով հրեաներին արգելված էր ուտել կենդանիներ, որոնք համարվում էին պիղծ կամ անմաքուր [տես Ղևտացոց 11]։)
-
Համաձայն Գոր․ 10․15, Տերն ի՞նչ ասաց անմաքուր կենդանիների մասին, որ Պետրոսին պատվիրել էր ուտել։
Ամփոփեք Գոր․ 10․17-28 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը սկզբում չհասկացավ այս տեսիլքի իմաստը։ Մինչ նա խորհում էր, Կոռնելիոսի ծառաները եկան և պատմեցին Պետրոսին Կառնելիոսի տեսիլքի մասին։ Հաջորդ օրը Պետրոսը և այլ աշակերտներ նրանց հետ միասին գնացին Կոռնելիոսին տեսնելու։ Չնայած այն հանգամանքին, որ հրեաների մեծ մասը անօրինություն էր համարում հեթանոսի հետ շփվելը կամ նրան այցելելը, Պետրոսը մտավ Կոռնելիոսի տուն։
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 10․28 հատվածը։ Ուսանողներին հանձնարարեք հետևել, փնտրելով պատճառը, որը Պետրոսը բերեց հեթանոսի հետ շփվելու կամ նրան այցելելու համար։
-
Ի՞նչ պատճառ բերեց Պետրոսը հեթանոսի հետ շփվելու կամ նրան այցելելու համար։
Ամփոփեք Գոր․ 10․29-33 հատվածները, բացատրելով, որ Կոռնելիոսը պատմեց Պետրոսին իր տեսիլքը։ Կոռնելիոսը հավաքել էր նաև իր ընտանիքին և ընկերներին, որպեսզի Պետրոսը կարողանար ուսուցանել նրանց։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 10.34-35 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ սովորեց Պետրոսը։
-
Ինչպե՞ս դուք կամփոփեք Պետրոսի սովորածը։ (Դուք կարող եք բացատրել․ քանի որ Աստված սիրում է մարդկանց անկախ նրանց ազգությունից կամ հասարակական դիրքից, Նա դատում է բոլոր մարդկանց ըստ իրենց գործերի և օրհնում է նրանց, ովքեր հնազանդվում են Իրեն։ Դուք կարող եք նաև օգտակար համարել «Ազգություն և Եկեղեցի․ բոլորը նույնն են Աստծո համար» [mormonnewsroom.org/article/race-church] հոդվածը։)
Ամփոփեք Գոր․ 10․36-43 հատվածները, բացատրելով, որ Պետրոսն ուսուցանեց Կոռնելիոսին և նրա ընտանիքին Հիսուս Քրիստոսի և Նրա բարի գործերի, Խաչելության և Հարության մասին։ Պետրոսը վկայեց, որ նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, ներում կստանան իրենց մեղքերին։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 10.44-48 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ազդեցություն թողեցին այս հեթանոսների վրա Պետրոսի ուսմունքները։ Բացատրեք, որ 45-րդ հատվածում «թլփատութիւնիցն էին» արտահայտությունը վերաբերում է հրեա աշակերտներին, ովքեր Պետրոսի հետ եկել էին Հոպպեից։
-
Համաձայն 44-46 հատվածների, ի՞նչ ազդեցություն ունեցան Պետրոսի ուսմունքները Կոռնելիոսի ընտանիքի վրա։ (Կարող եք բացատրել, որ 45-րդ հատվածում «Սուրբ Հոգու պարգևը» արտահայտությունը վերաբերում է Սուրբ Հոգու զորությանը, որը հեղվել էր այդ հեթանոսների վրա։ Սա տարբերվում է Սուրբ Հոգու պարգևից, որը մենք ստանում ենք հաստատման արարողության միջոցով մկրտությունից հետո [տես Գոր․ 8․14–17, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 97]։)
-
Ինչո՞ւ հրեաները, որոնք ներկա էին այս իրադարձությանը, զարմացան։
-
Գործք Առաքելոց 10-ում գրառված Պետրոսի փորձառությունների միջոցով Տերն ի՞նչ հայտնեց նրան հեթանոսների մասին։
Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել վարդապետությունները, որոնք կարող ենք սովորել Գործք Առաքելոց 10-ից, բաժանեք նրանց երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերի։ Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկից մեկական օրինակ կամ այս հարցերը գրեք գրատախտակին։ Ուսանողներին հրավիրեք աշխատել իրենց խմբերում և պատասխանեք հարցերին։
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների գալ գրատախտակի մոտ և գրել այն ճշմարտությունները, որոնք բացահայտել են իրենց խմբերը։ Համոզվեք, որ հետևյալ ճշմարտություններն արտահայտված լինեն նրանց գրածներում․
Աստված ղեկավարում է Իր Եկեղեցին հայտնություններ տալով Իր մարգարեին՝ ավագ Առաքյալին։
Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջը, կարող ենք հայտնություն և հասկացողություն ստանալ աստիճանաբար։
Աստված կարող է փոխել կամ ավելացումներ անել հրահանգներին, որոնք տվել է նախկինում` համաձայն Իր իմաստության և Իր զավակների կարիքների։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Ուսանողներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է իրենց ներկայացրած երրորդ ճշմարտությունը ներկայացվում Երեց Քրիստոֆերսոնի ելույթում․
«Պետրոսին տրված այս փորձառությամբ և հայտնությամբ Տերը փոխեց Եկեղեցու գործունեությունը և հայտնեց ավելի ամբողջական վարդապետական ըմբռնում Իր աշակերտներին։ Եվ ասպիսով, ավետարանի քարոզումը տարածվեց՝ ընդգրկելով ողջ մարդկությունը» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 88)։
Ուսանողներին ժամանակ տվեք իրենց գրածը վերանայելու համար, թե ինչպես կպատասխանեին Եկեղեցու գործունեությունը փոխելու վերաբերյալ իրենց ընկերոջ հարցին։ Խրախուսեք նրանց գրել լրացուցիչ մտքեր, որոնք նրանք ունեցան Գոր․ 10-րդ գլուխն ուսումնասիրելիս և թույլ տվեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։
Դուք կարող եք շեշտել, որ չնայած Աստված կարող է փոխել Եկեղեցու գործունեությունը և ավելացնել մեր վարդապետական հասկացողությունը շարունակվող հայտնության միջոցով (տես Հավատո Հանգանակ 1․9), Նրա աստվածային էությունը, հատկանիշները, ուխտերը, վարդապետությունները և ծրագիրը երբեք չեն փոխվում։ Սա իմանալը կարող է օգնել մեզ հավատք ունենալ առ Աստված և վստահել, որ Նա կառաջնորդի Իր Եկեղեցին համաձայն Իր կամքի և Իր զավակների կարիքների։
Ավարտեք՝ հրավիրելով ուսանողներին կիսվել իրենց սովորած ճշմարտությունների մասին վկայություններով:
Հաջորդ Մասը (Գործք Առաքելոց 13-19)
Հրավիրեք ուսանողներին փնտրել հետևյալ հարցերի պատասխանները և խորհել դրանց մասին, երբ ուսումնասիրեն Գործք Առաքելոց 13–19: Ինչպե՞ս վարվեց Պողոսը Եղիմաս մոգի հետ։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե մարդիկ կարծեին, թե դուք աստված եք։ Ինչո՞ւ Պողոսին և Բառնաբասին սկսեցին երկրպագել որպես աստվածների։ Նրանք ինչպե՞ս արձագանքեցին։ Ի՞նչ խնդիր ունեին Եկեղեցու անդամները թլփատության հետ կապված, և ինչո՞ւ պետք է այդ խնդիրը բերվեր Առաքյալների առաջ։ Նրանք ի՞նչ որոշում կայացրեցին։ Երբ Պողոսը այցելեց Աթենք, նա Արիսպագոսի մեջ քարոզեց անծանոթ աստծո մասին։ Ի՞նչ ուսուցանեց նա մարդկանց։