Դաս 38
Մարկոս 7–8
Նախաբան
Հիսուսը հանդիմանեց փարիսեցիներին նրանց կեղծ ավանդույթների համար: Ապա Նա կարեկցաբար բուժեց մի երեխայի` դևին դուրս հանելով նրա միջից, ինչպես նաև մի խուլ մարդու, ով լեզվական արատ ուներ: Գալիլեայի ծովի մոտ Նա կերակրեց չորս հազար մարդու և ուղևորվեց դեպի Բեթսայիդա, որտեղ Նա փուլերով բժշկեց մի կույր մարդու:
Ուսուցման առաջարկներ
Մարկոս 7
Հիսուսը դատապարտում է փարիսեցիներին, բուժում է մի երեխայի` նրա միջից դևերին դուրս քշելով և բժշկում խուլ մի մարդու
Նախքան դասի սկսվելը երեք ուսանողի տվեք հետևյալ հրահանգները. Ուսանող 1. «Հրահանգի դեպքում քայլեք դասարանով առանց վերարկուի և ձևացրեք, թե դողում եք»: Ուսանող 2. «Հրահանգի դեպքում քայլեք սենյակով և հարցրեք, թե արդյոք որևէ մեկը տեսել է ձեր ընտանիքի կորած կենդանուն»: Ուսանող 3. «Հրահանգի դեպքում բացեք ձեր ուսապարկն այնպես, որ քայլելիս իրերը դուրս թափվեն»: (Կարող եք հարմարեցնել այս վարժությունը` օգտագործելով ուրիշ իրավիճակներ, որոնք պատկերում են կարիքավոր ուսանողների, բայց ուշադիր եղեք, որ չափազանց շատ ժամանակ չօգտագործեք:)
Երբ դասը սկսվի, ուսանողներին խնդրեք հերթով կատարել այս հրահանգները: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե այս երեք իրավիճակներն ինչ ընդհանուր բան ունեն։
-
Ի՞նչ ընդհանուր բան կա այս երեք իրավիճակներում: (Այս իրավիճակներից յուրաքանչյուրը ներկայացնում է կարիքի մեջ գտնվող որևէ մեկին:)
-
Որքա՞ն հաճախ ենք մենք հնարավորություն ունենում օգնել կարիքի մեջ գտնվողներին: Վերջերս ի՞նչ հնարավորություններ եք ունեցել:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մարկոսի 7-8 գլուխները, խրախուսեք նրանց գտնել, թե Փրկիչն ի՞նչ է ուսուցանում մեզ անել, երբ մենք նկատում ենք, որ ինչ-որ մեկը կարիքի մեջ է:
Ամփոփեք Մարկոսի 7․1-30 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը հանդիմանեց փարիսեցիներին սխալ ավանդույթներին հետևելու համար։ Նա նաև բժշկեց մի հույն կնոջ դստերը, ով դիվահար էր: Հիշեցրեք ուսանողներին, որ այդ ժամանակ Փրկիչի առաքելությունը Իսրայելի տանը ծառայելն էր, այլ ոչ հեթանոսներին, սակայն Նա կարեկցանքով օգնեց այս հեթանոս կնոջը, ով խնդրանքներով ձանձրացրեց Նրան:
Հրավիրեք ուսանողներին Աստվածաշնչի քարտեզների վրա գտնել Տիվրոս և Սիդոն քաղաքները և Գալիլեայի ծովը, հմր. 11, «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում»: Բացատրեք, որ երբ Փրկիչը հեռացավ Տիվրոսից ու Սիդոնից, Նա ուղևորվեց դեպի Գալիլեայի ծովի արևելյան ափին գտնվող Դեկապոլիս երկրամասը:
Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք նրանց բարձրաձայն կարդալ Մարկոսի 7.31-37 հատվածները` փնտրելով, թե Դեկապոլիսում Փրկիչն ինչպիսի կարեկցանք ցուցաբերեց մի մարդու հանդեպ: Բավարար ժամանակից հետո ուսանողներին խնդրեք քննարկել հետևյալ հարցերը իրենց զուգընկերների հետ։
-
Այս մարդն ինչպիսի՞ պայմաններ էր փնտրում, որպեսզի բուժվեր:
-
Փրկիչն ի՞նչ արեց, նախքան կբուժեր այս մարդուն:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկիչի գործողությունները, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.
«Տերը առնչվում է մի հավատացող հոգու հետ, ով չի կարող լսել նրա խոսքերը կամ սահուն պատասխան տալ դրանց: Եվ այսպիսով, ինչն է ավելի բնական, քան օգտվել հասարակ նշաններից, որոնք ծանոթ ու հասկանալի են խուլ և լեզվական արատ ունեցող մարդուն, ցույց տալու, թե Տերն ի՞նչ կարող էր անել և կաներ… » (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:373):
-
Փրկիչի գործողություններն այս իրավիճակում ի՞նչ կարող են սովորեցնել մեզ Նրա բնավորության մասին։
Բացատրեք, որ չնայած Փրկիչը նախազգուշացրեց նրանց, ում բուժել էր, չտարածել Իր հրաշքները, Դեկապոլիս երկրամասում մարդիկ, այնուամենայնիվ, լսեցին այն հրաշալի բաների մասին, որոնք Փրկիչը կատարել էր, և մեծ ամբոխներ էին հավաքվում Նրա մոտ (տես Մարկոսի 7.36–37):
Մարկոս 8.1-21
Հիսուսը կերակրում է ավելի քան չորս հազար մարդու
Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:
-
Ե՞րբ է որևէ մեկը նկատել, որ դուք օգնության կարիք ունեք և արել է ինչ-որ բան ձեզ օգնելու:
Բացատրեք, որ դասի վերջում ցանկացողները հնարավորություն կունենան կիսվել իրենց փորձառություններով:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՄարկոսի 8.1-3 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել` փնտրելով այն խնդիրը, որը ծագեց, քանի որ ժողովուրդը հետևեց Հիսուսին։
-
Ի՞նչ խնդիր ծագեց ժողովրդի համար: Ո՞վ հասկացավ ժողովրդի կարիքը:
-
Փրկիչն ինչի՞ համար էր անհանգստանում, որ կպատահի մարդկանց, եթե փորձեին վերադառնալ իրենց տները` առանց նախօրոք հաց ուտելու:
-
Համաձայն 2-րդ հատվածի, Փրկիչն ինչպիսի՞ վերաբերմունք ուներ ժողովրդի հանդեպ: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել «Խեղճս է գալիս այս ժողովրդի վերայ» արտահայտությունը, որը ցույց է տալիս, որ Փրկիչը կարեկցում էր ժողովրդին և մտահոգված էր նրանց համար:)
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 8․4-9 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե ինչ տեղի ունեցավ Փրկիչի կարեկցանքի արդյունքում:
-
Փրկիչն ի՞նչ արեց ժողովրդի համար:
-
Քանի՞ մարդ կերակրվեց:
-
Ի՞նչ եք սովորում այս պատմության մեջ տրված Փրկիչի օրինակից: (Օգնեք ուսանողներին առանձնացնել հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` հասկանալով ուրիշների կարիքները և հետո օգնել նրանց` հոգալով այդ կարիքները: Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, բացատրեք, որ քույր Լինդա Կ. Բըրթընը` Սփոփող Միության գերագույն նախագահը, ուսուցանել է․ որպեսզի հետևենք Փրկիչի օրինակին Աստծո զավակներին ծառայելիս, մենք պիտի «նախ նկատենք, ապա ծառայենք» («Նախ նկատեք, ապա ծառայեք» Ensign կամ Լիահոնա, Նոյեմբեր 2012, 78): Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը այդ սկզբունքի տակ։)
-
Ինչպե՞ս կարող ենք սովորել ավելի ուշադիր լինել ուրիշների կարիքների հանդեպ: (Նշեք, որ որոշ կարիքներ կարող են անմիջապես նկատելի չլինել: Սակայն, մենք կարող ենք աղոթել և օգնություն խնդրել, որպեսզի կարողանանք նկատել ուրիշների կարիքները և կենտրոնացնել մեր մտքերը ավելի շատ ուրիշների, քան մեզ վրա:
-
Ի՞նչը կարող է լավացնել ուրիշների կարիքները նկատելու և դրանց մասին հոգալու մեր կարողությունը:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրի առած փորձառություններով այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը նկատել է իրենց կարիքը և օգնության է եկել:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Քանի՞ անգամ է ձեր սիրտը դողացել հուզմունքից, երբ ականատես եք եղել ուրիշի կարիքին: Որքա՞ն հաճախ եք դուք մտադրվել լինել այն մեկը, ով օգնության կհասնի: Եվ սակայն, որքան հաճախ են առօրյա հոգսերը խանգարել, և դուք թողել եք, որ ուրիշներն օգնեն, համարելով, որ «Օ, անշուշտ ինչ-որ մեկը հոգ կտանի այդ կարիքի մասին»:
Մենք այնքան շատ ենք կլանվում մեր կյանքի հոգսերով: Սակայն, եթե մենք ետ նայենք ու մի արագ հայացք գցենք այն ամենին, ինչ անում ենք, մենք կպարզենք, որ ընկղմվել ենք «անկարևոր ու մակերեսային խնդիրների մեջ»: Այլ կերպ ասած, շատ հաճախ մենք ծախսում ենք մեր ժամանակը` հոգ տանելով այնպիսի բաների մասին, որոնք, ընդհանուր առմամբ, այնքան էլ կարևոր չեն, արդյունքում անտեսելով ավելի կարևորները» («Ի՞նչ եմ ես արել այսօր ինչ-որ մեկի համար» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 85):
Խնդրեք ուսանողներին մտքում պատկերացնել իրենց համար մի սովորական օրվա դեպքերը: Հրավիրեք նրանց մտածել այն մարդկանց մասին, ում նրանք հանդիպում են, ինչպես օրինակ` ծնողները, եղբայրները, քույրերը կամ հասակակիցները, ովքեր հավանաբար ունեն նրանց օգնության կարիքը: Խրախուսեք ուսանողներին պարտավորվել հետևել Փրկիչի օրինակին, օգնություն առաջարկելով ինչ-որ մեկին, եթե զգում են, որ նա կարիքի մեջ է:
Ամփոփեք Մարկոսի 8.10-21 հատվածները` բացատրելով, որ հրաշքով 4000 մարդու կերակրելուց հետո Հիսուսը և Իր աշակերտները նավարկեցին Դաղմանութա անունով մի վայր: Այնտեղ փարիսեցիները նրան խնդրեցին, որ նշան ցույց տա: Հիսուսը մերժեց և ուսուցանեց Իր աշակերտներին զգուշանալ փարիսեցիների վարդապետությունից, որը հանգեցնում է հոգևոր կուրության:
Մարկոս 8.22-26
Հիսուսը աստիճանաբար բուժում է կույր մարդուն
Բացատրեք, որ Հիսուսը և Իր աշակերտները հեռացան Դեկապոլիսից և եկան Բեթսայիդա անվամբ մի վայր: Երբ նրանք տեղ հասան, մի կույր մարդու բերեցին Փրկիչի մոտ բուժելու:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 8.22-26 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ փնտրելով, թե Տերն ինչպես բուժեց կույր մարդուն։
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Փրկիչն առաջին անգամ Իր ձեռքերը դրեց կույր մարդու վրա: (Դուք կարող եք բացատրել. «Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս` ման են գալիս» արտահայտությունը [հատված 24] ցույց է տալիս, որ կույր տղամարդը տեսնում էր, բայց ոչ պարզ:
-
Ի՞նչ պատահեց, երբ Փրկիչը երկրորդ անգամ դրեց Իր ձեռքերը կույր մարդու վրա:
Ուսանողներին բաժանեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերի օրինակները և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Խրախուսեք ուսանողներին հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ էր Հիսուսը բուժում տղամարդուն աստիճանաբար կամ քայլ առ քայլ:
«Այս հրաշքը յուրահատուկ է: Սա միակ գրանցված դեպքն է, երբ Հիսուսը մարդուն բուժում է աստիճանաբար: Հնարավոր է, որ Տերը գնում էր այս ճանապարհով, որպեսզի ամրացներ կույր մարդու թույլ, բայց աճող հավատը: Երևում է, որ Հիսուսի հետ ունեցած ֆիզիկական շփման հաջորդական դեպքերը ավելացող հույսի, հավաստիացման և հավատի ազդեցություն էին ունեցել կույր մարդու վրա: Հիսուսն անձամբ (1) ձեռքից բռնած առաջնորդեց կույր մարդուն քաղաքից դուրս, (2) կիրառեց իր սեփական թուքը կույր մարդու աչքերի համար, (3) կատարեց ձեռնադրման արարողությունը, և (4) իր ձեռքերը երկրորդ անգամ դրեց մարդու աչքերի վրա:
Անշուշտ այն եղանակը, որով կատարվեց այս բուժումը, ուսուցանում է, որ մարդիկ պիտի փնտրեն Տիրոջ բժշկող շնորհը` իրենց ողջ ուժով ու հավատով, չնայած այդպիսին բավարար է միայն մասնակի բուժման համար, որի բաղադրատոմսին հետևելով, նրանք կարող են ձեռք բերել լրացուցիչ հավաստիացում և հավատ` փրկվելու և ապաքինվելու համար` բոլոր առումներով: Մարդիկ հաճախ աստիճանաբար ապաքինվում են նաև իրենց հոգևոր տկարություններից, քայլ առ քայլ, երբ նրանք ներդաշնակություն են ձեռք բերում իրենց կյանքում` Աստվածության նպատակների ու ծրագրերի համաձայն» (Doctrinal New Testament Commentary, 1:379–80):
-
Աստիճանաբար առողջացումը ինչպե՞ս կարող է ուժեղացնել հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ որոշ օրհնություններ, ինչպես օրինակ` ավետարանի մասին վկայություն ձեռք բերելը կամ ֆիզիկական ու հոգևոր ապաքինումը հաճախ գալիս են աստիճանաբար, քայլ առ քայլ, այլ ոչ անմիջապես կամ միանգամից:
Մարկոս 8.27-38
Պետրոսը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մարկոսի 8.27 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այն հարցը, որը Փրկիչն ուղղեց Իր աշակերտներին։ Հրավիրեք ուսանողներին ներկայացնել իրենց գտածը։ Դասարանին խնդրեք վերհիշել, թե Պետրոսն ինչպես պատասխանեց այս հարցին, ինչպես գրված է Մատթեոս 16.16 հատվածում (այս հատվածը սուրբ գրությունների սերտման հատված է): Եթե նրանք չեն կարողանում հիշել, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 8.29 հատվածը (այս հատվածն ընդգրկում է Պետրոսի պատասխանը):
Ամփոփեք Մարկոսի 8․30-38 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը հանձնարարեց Իր աշակերտներին դեռևս հասարակությանը հայտնի չդարձնել Իր ինքնությունը` որպես Քրիստոս կամ Մեսիա։ Նա նաև սկսեց ուսուցանել նրանց Իր վերահաս տառապանքի ու մահվան մասին:
Եզրափակեք դասը` հրավիրելով ուսանողներին վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք նրանք սովորեցին այս դասի ընթացքում ուսումնասիրած սուրբ գրություններից։