Դաս 125
Փիլիպպեցիս 4
Նախաբան
Պողոսը հորդորեց Փիլիպպեայի Սրբերին անընդհատ աղոթել և ձգտել այն ամենին, ինչն արդար է: Նա նաև իր վստահությունն արտահայտեց Հիսուս Քրիստոսի արտոնող զորության վերաբերյալ։ Պողոսն իր թուղթն ավարտեց, շնորհակալություն հայտնելով Փիլիպպեայի Սրբերին դժվարին պահերին իրեն աջակցելու համար։
Ուսուցման առաջարկներ
Փիլիպպեցիս 4.1-14
Պողոսը հորդորում է Փիլիպպեայի Սրբերին անընդհատ աղոթել և ձգտել այն ամենին, ինչն արդար է։
Դասից առաջ հետևյալ նախադասությունները գրեք առանձին թղթերի վրա և ամեն ուսանողի տվեք մեկական թերթիկ․
«Ես մտահոգված եմ գալիք քննությունը հանձնելու համար»:
«Ես մտահոգված եմ ընտանիքիս անդամի հիվանդությամբ»:
«Ես մտահոգված եմ, որ չեմ կարող պաշտպանել իմ համոզմունքները»:
«Ես մտահոգված եմ, թե արդյոք ես կարող եմ լինել հաջողակ միսիոներ»:
Դասը սկսեք` գրատախտակին գրելով մտահոգվել բառը։ Նշեք, որ մեր կյանքի ընթացքում մենք կհանդիպենք դժվարությունների կամ այնպիսի հանգամանքների, որոնք մեզ մտահոգվելու առիթ կտան։ Հանձնարարեք թերթիկներ ունեցող ուսանողներին ոտքի կանգնել և հերթով կարդալ իրենց նախադասությունները։ Հրավիրեք դասարանի անդամներին վերհիշել, թե երբ են նրանք նմանատիպ մտահոգություններ ունեցել։
-
Ուրիշ ի՞նչ մտահոգություններ կարող ենք ունենալ դժվարությունների կամ դժվար իրավիճակների ժամանակ։
Հանձնարարեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ դժվարությունների առաջ են իրենք կամ իրենց ծանոթներից մեկը կանգնած, որոնց մասին նրանք մտահոգվում են։ Հանձնարարեք ուսանողներին Փիլիպպեցիս 4-րդ գլուխն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, որը կօգնի նրանց մտահոգությունների ժամանակ։
Հիշեցրեք ուսանողներին, որ Փիլիպպեայի Եկեղեցու անդամներին ուղղված Պողոսի թղթում նա գովեց Եկեղեցու անդամների հավատարմությունը (տես Փիլիպպեցիս 2․12) և ուսուցանեց նրանց այն հավերժական պարգևների մասին, որոնք կստանան նրանք, ովքեր զոհաբերում են հանուն Հիսուս Քրիստոսի և հավատարիմ են Նրան։ Ամփոփեք Փիլիպպեցիս 4․1–5 հատվածները և բացատրեք, որ Պողոսը պատվիրեց Սրբերին ամուր կանգնել Տիրոջ հավատարմության մեջ, ուրախանալ Տիրոջով և թույլ տալ, որ իրենց հեզությունը (տես հատված 5, տողատակի գրառում ա) հայտնի լինի բոլոր մարդկանց։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․6 հատվածի առաջին արտահայտությունը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել Սրբերին տված Պողոսի ցուցումին։ Ուսանողների ուշադրությունը դարձրեք 6-րդ հատվածի, տողատակի ա գրառման վրա, որպեսզի օգնեք նրանց հասկանալ «ոչինչ հոգս մի անեք» արտահայտությունը, որը նշանակում է չափազանց չմտահոգվել որևէ բանի մասին։
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, եթե …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․6 հատվածի մնացած մասը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց Սրբերին անել՝ մտահոգվելու փոխարեն։ Կարող եք բացատրել, որ աղաչանքով բառը նշանակում է խոնարհ, ջանասեր խնդրանք։
-
Ինչպե՞ս կամփոփեիք հատված 6-ի Պողոսի հորդորը։ (Ուսանողների պատասխանները «եթե» պնդման նմանատիպ ձևով գրեք գրատախտակին․ Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, եթե մենք աղոթենք աղաչանքով և երախտագիտությամբ, …)
Ավելացրեք ապա շաղկապը գրատախտակին գրված նախադասությանը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․7 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն օրհնության վրա, որը Պողոսը խոստացավ աղաչանքով և երախտագիտությամբ աղոթելու փոխարեն։ Բացատրեք, որ պահպանել բառն այս հատվածում նշանակում է հսկել (տես հատված 7, տողատակի գրառում գ)։
-
Ինչպե՞ս կամփոփեիք Պողոսի խոստացած օրհնությունը։ (Ուսանողների պատասխանը գրեք գրատախտակին ապա բառից հետո։ Ուսանողները պետք է բացահայտեին նմանատիպ մի սկզբունք. Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, եթե մենք աղոթենք աղաչանքով և երախտագիտությամբ, ապա Աստված կօրհնի մեզ Իր խաղաղությամբ։)
-
Երբ մտահոգված ենք, երախտագիտությունը մեր աղոթքներում ինչպե՞ս է մեզ խաղաղություն բերում:
-
Աստծո խաղաղությունն ինչի՞ց է պաշտպանում մեր սրտերն և մտքերը։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը։ Դասարանի անդամներին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ուրիշ ինչ տեսանկյունից է Աստծո խաղաղությունն օգնում մեզ.
«Քանի որ նա հարգում է ձեր ազատ կամքը, Երկնային Հայրը երբեք ձեզ չի ստիպի, որ աղոթեք Իրեն։ Սակայն եթե դուք ձեր այդ ազատ կամքը գործադրեք և Նրան ներգրավվեք ձեր առօրյա կյանքի ամեն մի փուլում, ձեր կյանքը կլցվի խաղաղությամբ, զվարթ խաղաղությամբ։ Այդ խաղաղությունը կօգնի ձեր մաքառումներին նայել հավերժական տեսանկյունից։ Այն կօգնի ձեզ այդ դժվարությունները կառավարել հավերժական տեսանկյունից» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 93)։
-
Ըստ Երեց Սքոթի, ինչպե՞ս է Աստծո խաղաղությունն օգնում մեզ, երբ հանդիպում ենք դժվարությունների։
-
Ե՞րբ եք աղաչանքով և երախտագիտությամբ աղոթել մտահոգ պահերին և օրհնվել Աստծո խաղաղությամբ։
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք դասի սկզբում իրենց գրած մտահոգության վրա։ Խրախուսեք նրանց աղաչանքով ու երախտագիտությամբ աղոթել՝ մտահոգվելու փոխարեն։ Եթե ուսանողները գրել են մեկ այլ մարդու մտահոգության մասին, հորդորեք նրանց կիսվել այս սկզբունքով այդ մարդու հետ։
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին բացահայտել մեկ այլ սկզբունք, որը Պողոսն ուսուցանեց Փիլիպպեայի Սրբերին, դասարանը բաժանեք երեք մասի։ Դասարանի մի կեսին հանձնարարեք մտածել իրենց նախընտրելի ուտեստի մասին, դասարանի երկրորդ կեսին հանձնարարեք մտածել մի ծաղրանկարի կամ ծիծաղելի պատմության մասին, իսկ երրորդ կեսին՝ մտածել տաճարային մի լուսանկարի կամ տաճարում ունեցած փորձառության մասին։ Հրավիրեք ուսանողներին 30 վայրկյան մտածել այդ մտքերի շուրջ։
-
Այդ մտքերի վրա կենտրոնացումն ի՞նչ ազդեցություն թողեց ձեզ վրա։
Նշեք, որ այն, ինչի մասին մենք մտածում ենք, կարող է ազդել մեր ցանկությունների և վարքագծի վրա։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․8–9 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հորդորեց Պողոսը Փիլիպպեայի Սրբերին, որ մտածեն ու անեն։ Կարող եք բացատրել, որ «մտածեցեք» նշանակում է ունենալ ուշադիր, շարունակական մտքեր։
Ուսանողներին հորդորեք նշել այն յուրաքանչյուր տեսակը, որոնց վրա Պողոսը հորդորեց Սրբերին կենտրոնացնել իրենց մտքերը։
-
Բացի այդ բաների վերաբերյալ մտածելուց, Պողոսը Եկեղեցու անդամներին ի՞նչ պատվիրեց անել։
-
Պողոսն ի՞նչ օրհնություն խոստացավ Սրբերին, եթե նրանք հետևեն իր ուսմունքներին և օրինակին։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն հատվածներից, որոնք Պողոսը Փիլիպպեցիս 4․8–9-ում ուսուցանեց հավատարիմ Սրբերին։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե հավատարիմ Սրբերն իրենց մտքերը կենտրոնացնեն ամեն արդար բանի վրա և հետևեն առաքյալներին և մարգարեներին, ապա խաղաղության Աստվածը կլինի նրանց հետ։)
-
Ինչպե՞ս կարող է արդար բաների վրա մեր մտքերի կենտրոնացումն ազդել մեր ցանկությունների ու վարքագծի վրա։
Դասարանի անդամներին հանձնարարեք բացել Հավատո Հանգանակը՝ Թանկագին Մարգարիտում։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ տասներեքերորդ հանգանակը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փիլիպպեցիս 4․8-ի հետ նմանություններին։
-
Ի՞նչ նմանություններ նկատեցիք այդ երկու հատվածներում։
Բացատրեք, որ երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տասներեքերորդ հանգանակում Փիլիպպեցիս 4․8 հատվածից մեջբերեց «Պողոսի հորդորը», նա «այդ մտածեցեք» արտահայտությունը փոխեց ավելի պարտադրող «մենք ձգտում ենք այդ ամենին» խոսքերով։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ձգտենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո (կամ մաքուր), առաքինի, գեղեցիկ և գովեստի արժանի գործերի։
-
Ձգտելով այս ամենին, ինչպե՞ս կարող ենք մեր մտքերը կենտրոնացնել նման գործերի վրա։
Ուսանողներին երեք կամ չորս հոգանոց խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր խմբին տվեք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի մեկական օրինակ (գրքույկ, 2011) և հետևյալ թերթիկը։ Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի հետևյալ թեմաներից երկուսը՝ «Ժամադրություն», «Հագուստ և արտաքին տեսք», «Կրթություն», «Ժամանց և տեսալսողական նյութեր», «Ընկերներ», «Խոսելաձև», և «Երաժշտություն և պարեր»։ (Դասարանի անդամների քանակին համապատասխան հարմարեցրեք խմբերի և թեմաների քանակը։) Հրահանգեք ուսանողներին հետևել թերթիկի ցուցումներին։
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ամեն խմբից մեկական ուսանողի հրավիրեք կիսվելու յուրաքանչյուր հարցի շուրջ իրենց խմբի քննարկումներով։
-
Երբ ձեր մտքերը կենտրոնացրել եք արդար բաների վրա,խաղաղության Աստվածն ինչպե՞ս է ցույց տվել, որ Նա ձեզ հետ է։
Խրախուսեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրել մի տարբերակ, թե ինչպես կարող են իրենց մտքերն ավելի կենտրոնացնել արդար բաների վրա և հետևել Աստծո առաքյալներին ու մարգարեներին։
Ամփոփեք Փիլիպպեցիս 4․10 հատվածը և բացատրեք, որ Պողոսը շնորհակալություն հայտնեց Փիլիպպեայի Սրբերին այն աջակցության ու հոգատարության համար, որոնք նրանք ցուցաբերել էին իր փորձությունների ժամանակ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․11–12 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Սրբերին ասված Պողոսի խոսքերի, ինչ էր նա սովորել։
-
Պողոսն ի՞նչ սովորեց անել ցանկացած իրավիճակում։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․13–14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ով էր Պողոսի ուժի սկզբնաղբյուրը։
-
Ըստ Պողոսի խոսքերի, ո՞վ էր իր ուժի սկզբնաղբյուրը։
Բացատրեք, որ 13-րդ հատվածի Պողոսի խոսքերը վերաբերում են իր ունակությանը, Հիսուս Քրիստոսի կողմից տրված ուժին՝ անելու բոլոր բաները, որոնք անհրաժեշտ և հաճելի էին Աստծուն, այդ թվում՝ գոհ լինել ցանկացած իրավիճակում։
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել հատված 13-ից: (Իրենց իսկ բառերով ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք ամեն ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով մեզ ուժ է տալիս [տես Ալմա 26․12]։)
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ձեռք բերենք այն ուժը, որը տալիս է Հիսուս Քրիստոսը։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը. Ուսանողների ուշադրությունը հրավիրեք, թե ինչ կարող ենք անել այդ ուժի օգնությամբ․
«Աստված ուժի և զորության օրհնություններ է թափում, հնարավորություն տալով մեզ հասնել բաների, որոնք այլ կերպ վեր կլինեին մեր ուժերից: Աստծո զարմանալի շնորհով է, որ Նրա զավակները կարող են հաղթահարել խաբեբայի ստորջրյա հոսանքներն ու սորուն ավազը, վեր բարձրանալ մեղքի հարթությունից և «կատարյալ լինել Քրիստոսում» [Մորոնի 10․32]» («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108)։
-
Ինչպե՞ս կարող ենք զգալ այդ ուժն ու շնորհը։ (Հնարավոր պատասխաններն են՝ դիմադրողականության, վճռականության, քաջության, համբերության, հաստատակամության և ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր տոկունության ու ուժի աճի միջոցով։)
-
Ե՞րբ է Հիսուս Քրիստոսը ձեզ ուժ տվել մի բարի գործ անելու համար։ (Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։)
Փիլիպպեցիս 4․15–23
Պողոսը Փիլիպպեցիներին ուղղված իր թուղթն ավարտում է երախտագիտության խոսքերով
Ամփոփեք Փիլիպպեցիս 4․15–23 հատվածները և բացատրեք, որ Պողոսը կրկին շնորհակալություն հայտնեց Փիլիպպեայի Սրբերին՝ կարիքի պահերին իրեն աջակցելու համար։ Սրբերի ընծաները հաճելի նվեր էին Աստծո համար և Պողոսը խոստացավ, որ Աստված նույնպես կբավարարի նրանց կարիքները։
Վերջում կիսվեք այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:
Սուրբ գրությունների սերտում՝ Եփեսացիս 4․13
Օգնեք ուսանողներին մտապահել Փիլիպպեցիս 4․13 հատվածը, գրելով գրատախտակին և միասին բարձրաձայն արտասանելով այն։ Ջնջեք մի բառ և հատվածը կրկին անգամ բարձրաձայն արտասանեք։ Այդ նույնը կրկնեք այնքան ժամանակ, մինչև բոլորը բառերը ջնջվեն։