Գրադարան
Դաս 72․ Հովհաննես 12


Դաս 72

Հովհաննես 12

Նախաբան

Մարիամը Բեթանիայից, Մարթայի և Ղազարոսի քույրը, օծեց Հիսուսի ոտքերը, որպես նշան Նրա մոտալուտ թաղման։ Հաջորդ օրը Հիսուսը հաղթական մտավ Երուսաղեմ և կանխագուշակեց Իր մահը։ Չնայած Հիսուսի կատարած հրաշքներին, որոշ մարդիկ չհավատացին Նրան։ Նա ուսուցանեց Իրեն հավատալու և չհավատալու հետևանքների մասին։

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 12․1-19

Մարիամն օծում է Հիսուսի ոտքերը, և Հիսուսը հաղթական մուտք է գործում Երուսաղեմ։

Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին նկարել Նոր Կտակարանում գրված Հիսուսի հրաշքներից մեկը։ Երբ յուրաքանչյուր ուսանող ավարտի նկարելը, դասարանի անդամներին հրավիրեք գտնել, թե որ հրաշքն է պատկերված։ Այդ հրաշքը նկարած ուսանողին հարցրեք, թե ինչու է նա ընտրել հենց այդ հրաշքը։

Հարցրեք ուսանողներին, թե ականատես լինելով այդ հրաշքներից որևէ մեկին, ինչպես կաճեր նրանց հավատքը Փրկչի հանդեպ։ Հրավիրեք նրանց Հովհաննեսի 12 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն տարբեր ձևերին, որով մարդիկ կարող են արձագանքել Փրկիչի կատարած հրաշքներին, ինչպես նաև փնտրել այն ճշմարտությունները, որոնք կօգնեն մեզ հասկանալ այդ արձագանքները։

Ամփոփեք Հովհաննես 12․1–9 հատվածները և բացատրեք, որ Զատիկից վեց օր առաջ Հիսուսը Բեթանիայում ընթրեց որոշ ընկերների հետ։ Մարամը, Մարթայի և Ղազարոսի քույրը, օծեց Հիսուսի ոտքերը թանկարժեք յուղով։ Շատերը լսեցին, որ Հիսուսը Բեթանիայում էր և եկան տեսնելու Նրան և Ղազարոսին, ում Հիսուսը կենդանացրել էր մեռելներից։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․10–11 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էին ցանկանում անել քահանայապետերը Ղազարոսի հետ։ Կարող եք նշել, որ կենդանություն ստացած Ղազարոսը անվիճելի ապացույց էր այն բանի, որ Հիսուս Քրիստոսը զորություն ուներ մահվան վրա։

  • Քահանայապետերն ի՞նչ էին ցանկանում անել Ղազարոսի հետ։ Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում մեզ հասկանալ այս քահանայապետերի և փարիսեցիների ամբարշտությունը։ (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այդ հրեա առաջնորդները նաև ցանկանում էին սպանել Փրկիչին [տես Հովհաննես 11․47–48, 53]։)

Ամփոփեք Հովհաննես 12․12–16 հատվածները և բացատրեք, որ մեկ օր անց այն բանից, երբ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը, Նա հաղթական մուտք գործեց Երուսաղեմ։ (Հաղթական մուտքի նախնական մանրամասներն ուսուցանվել են Մատթեոսի 21․1–11-ում։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․17–19 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Փրկիչի Երուսաղեմ հաղթական մուտքի ժամանակ ինչ արեցին այն մարդիկ, ովքեր լսել էին, որ Հիսուսը մեռելներից կենդանություն էր տվել Ղազարոսին։

  • Ի՞նչ արեցին այդ մարդիկ Փրկիչի Երուսաղեմ հաղթական մուտքի ժամանակ։

  • Ըստ 19-րդ հատվածի, ինչպե՞ս արձագանքեցին փարիսեցիները կատարվածին։

Հովհաննես 12․20–36

Հիսուսը կանխագուշակում է Իր մահը

Ամփոփեք Հովհաննես 12․20–22 հատվածները և բացատրեք, որ «ոմանք Հելլենացիք» (հատված 20), հնարավոր է Հուդաիզմ ընդունած նորադարձներ, Երուսաղեմ էին եկել Զատիկի տոնի համար և կամենում էին տեսնել Հիսուսին։ Երբ Հիսուսն իմացավ նրանց ցանկության մասին, մտածեց Իր մոտեցող տառապանքների, մահվան և Հարության մասին։ Հանձնարարեք լուռ կարդալ Հովհաննես 12․27–33 հատվածները և փնտրել, թե ինչ ուսուցանեց Հիսուսն Իր Քավության մասին։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն, ինչ գտել են:

  • Ըստ 27-րդ հատվածի, ինչի՞ էր պատրաստ Հիսուսը, նույնիսկ, երբ Նրա «անձը խռոված [էր]»։ (Նույնիսկ, երբ Նա զգաց Իր մոտալուտ տառապանքի ծանրությունը, Հիսուսը որոշեց առաջ շարժվել և իրագործել Իր նպատակը։)

  • Ըստ 28-րդ հատվածի, ինչի՞ համար աղոթեց Հիսուսը։ Ինչպե՞ս արձագանքեց Երկնային Հայրը: (Բացատրեք, որ «դարձեալ կ’փառաւորեմ» արտահայտությունն արտացոլում է Երկնային Հոր լիակատար վստահությունն Իր Որդու հանդեպ, որ Նա կիրականացնի Քավությունը։)

  • Ինչպե՞ս են 32-րդ հատվածում գրված Հիսուսի խոսքերն առնչվում Քավության հետ։

Բացատրեք, որ Հիսուսի ուսմունքները լսելուց հետո, մարդիկ ասացին, որ սուրբ գրություններում նրանք կարդացել էին, որ Մեսիան երբեք չի մեռնի և հարցրին, թե ով էր «մարդի Որդին», ով «կբարձրանար» (Հովհաննես 12․34

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․35–36 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուսը պատասխանեց նրանց հարցին։

  • Ի՞նչ ասաց Հիսուսն ի պատասխան մարդկանց հարցերի։ (Փրկիչն Իրեն կոչեց «լույս»։)

Հովհաննես 12․37–50

Հիսուսն ուսուցանեց Իրեն հավատալու և չհավատալու հետևանքների մասին։

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Հիսուսի հրաշքները պատկերող նկարներին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․11 հատվածը, իսկ մեկ ուրիշին՝ Հովհաննես 12․37 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն տարբեր եղանակներին, որով մարդիկ արձագանքում էին Հիսուսի կատարած հրաշքներին։

  • Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Հիսուսի կատարած հրաշքներին։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս տարբեր արձագանքներից այն մասին, թե ինչ կապ գոյություն ունի հրաշքների և Հիսուս Քրիստոսին հավատալու միջև։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք հասկանան, որ հրաշքներն ինքնին մեզ չեն ստիպի հավատալ Հիսուս Քրիստոսին։)

  • Չնայած նրան, որ հրաշքներն ինքնին չեն ստիպում մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին, ինչպե՞ս են նրանք մեծացնում մեր հավատքը Նրա հանդեպ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ հավատում Հիսուս Քրիստոսին՝ Նրա հրաշքների մասին լսելով կամ տեսնելով դրանք, իսկ մյուսները չեն հավատում։

Ամփոփեք Հովհաննես 12․38–41 հատվածները և բացատրեք, որ այն փաստը, որ որոշ մարդիկ չեն հավատում Հիսուսին, իրականացնում է Եսայիա մարգարեի մարգարեությունները (տես Եսայիա 6․9–10, 53․1–3)։ Չնայած Փրկիչի կատարած մեծ գործերին, որոշ մարդիկ կուրացրին իրենց աչքերը և կարծրացրին իրենց սրտերը Նրա դեմ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․42–43 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու որոշ հրեա առաջնորդներ, ովքեր հավատացին Հիսուսին՝ «չդավանեցին» (հատված 42), կամ բացահայտ կերպով չընդունեցին իրենց հավատքը Նրա հանդեպ։

  • Ինչո՞ւ իշխաններից ոմանք բացահայտ կերպով չընդունեցին իրենց հավատքը Հիսուսի հանդեպ։

  • Ի՞նչ է նշանակում «մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը» արտահայտությունը։ (հատված 43):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Մտածել ավելի շատ գոհացնել մյուսներին, քան գոհացնել Աստծուն. այս սկզբունքը կարող է խանգարել մեզ բացահայտ կերպով ընդունել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հարցրեք.

  • Որո՞նք են այդ սկզբունքի որոշ օրինակները մեր օրերում:

  • Որո՞նք են այն պատշաճ եղանակները, որոնցով մենք կարող ենք ցույց տալ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։

  • Դրական ի՞նչ հետևանքներ կարող են ի հայտ գալ, եթե մենք ցույց տանք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ։

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին բացահայտելու Հովհաննես 12․44–46 հատվածներում ներկայացված սկզբունքը, հիշեցրեք նրանց այն պահի մասին, երբ նրանք չէին կարողանում տեսնել մթության պատճառով (օրինակ, երբ նրանք գտնվել են մութ սենյակում կամ դրսում՝ գիշերով)։ Հրավիրեք մի քանի ուսանողի նկարագրել իրենց փորձառությունները և սպասվող վտանգների մասին իրենց զգացմունքները, և թե ինչպես լույսի առկայությունը կարող էր օգնել իրենց։

Հնարավորության դեպքում անջատեք սենյակի լույսերը, բայց թույլ տվեք մի փոքր լույս թափանցի ներս։ Նշեք, որ առարկայական խավարը կարող է օգնել մեզ հասկանալ հոգևոր խավարը։

  • Ինչո՞վ է առարկայական խավարում գտնվելը նման հոգևոր խավարում գտնվելուն։

  • Ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ հոգևոր խավարում ապրելուց։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 12․44–46 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսին հավատացողներն օրհնվել։

  • Ըստ Հովհաննես 12․46-ի, ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսին հավատացողներն օրհնվել։ (Ուսանողների պատասխաններից հետո միացրեք սենյակի լույսերը, եթե նախկինում դրանք անջատել էիք։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին` օգտվելով ուսանողների խոսքերից․ Եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, մենք ստիպված չենք լինի ապրել հոգևոր խավարում։)

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը լույս հանդիսանում։ Նրան հավատալու շնորհիվ ինչպե՞ս կարող է հոգևոր խավարը հեռանալ մարդու կյանքից։ (Տես նաև ՎևՈւ 50․23–25, 93․36–39։)

handout iconՈրպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը փարատում հոգևոր խավարը և լուսավորում (կամ առաջնորդում և պարզորոշ դարձնում) մեր կյանքը, բաժանեք ուսանողներին երկու կամ երեք խմբի։ Յուրաքանչյուր խմբին տրամադրեք հետևյալ թերթիկների մեկական օրինակ։

handout, Jesus Christ Dispels Spiritual Darkness

Հիսուս Քրիստոսը լուսավորելով` փարատում է հոգևոր խավարը

Նոր Կտակարանի ուսուցման ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար—Դաս 72

Հետևյալ թեմաներից յուրաքանչյուրի համար քննարկեք հետևյալ հարցերը․

  • Հոգևոր խավարում գտնվելիս, ի՞նչ կարող էին մարդիկ մտածել այդ թեմայի մասին։

  • Այդ թեմայի մասին ի՞նչ լույս է սփռում Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը։

Թեմաներ․

  • Մեր ֆիզիկական մարմինների նպատակը

  • Ժամանց և տեսալսողական նյութեր

  • Ձեռք բերել խաղաղություն և երջանկություն

  • Ամուսնություն և ընտանիք

  • Կյանք մահից հետո

Դասարանով քննարկեք թերթիկի վրա գրված թեմաներից մեկը՝ օգտվելով ուղեկցող հարցերից։ Ապա, ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք՝ այդ հարցերի միջոցով քննարկելու մնացած թեմաները։ (Կարող եք այդ թեմաներից մի քանիսը փոխարինել նրանցով, որոնք դուք հարմար եք գտնում ձեր ուսանողների համար։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեք ընտրել թեմաներից մեկը և կիսվել այդ թեմայի շուրջ իրենց խմբի քննարկումներով։ Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս կարող է 46-րդ հատվածում բացահայտած սկզբունքն օգնել մեզ հասկանալ, թե մենք ինչու պետք է որոշակի թեմաներին ու խնդիրներին այլ կերպ նայենք, քան ուրիշները։

  • Ո՞ր իրավիճակներում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի լույսն օգնել ձեզ։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջերիթ Վ․ Գոնգի հետևյալ միտքը, որտեղ նա վկայում է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին հավատալու և Նրան հետևելու շնորհիվ․

Երեց Ջերիթ Վ. Գոնգ

«Հավատքը դա ընտրություն է [տես Մոսիա 4․9]։ …

Երբ որոշում ենք հավատալ, մենք իրերն ուրիշ կերպ ենք տեսնում և հասկանում։ Երբ տեսնում և ապրում ենք այդ կերպ, մենք այնպիսի երջանկություն ու ուրախություն ենք զգում, որը միայն ավետարանը կարող է բերել» (“Choose Goodness and Joy,” New Era, Aug. 2011, 44)։

Ամփոփեք Հովհաննես 12․47–50 հատվածները և բացատրեք, որ Հիսուսն ուսուցանեց, որ նրանք, ովքեր չհավատան Իր խոսքերին և նրանք, ովքեր չընդունեն Իրեն, կդատվեն ըստ Իր խոսքերի, որոնք այն խոսքերն են, որը Երկնային Հայրն է տվել Իրեն։

Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք դուք ունեցել եք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին հավատալու ձեր ընտրության արդյունքում։ Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչպես կկիրառեն իրենց սովորած սկզբունքներից որևէ մեկը։ Հորդորեք ուսանողներին ընտրություն կատարել և հավատալ Հիսուս Քրիստոսին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 12․11, 37 Ինչպե՞ս կարող են հրաշքները մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է, թե ինչպե՞ս կարող են հրաշքները մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը․

«Հրաշքները կամ Աստծո ուժի արտասովոր դրսևորումները, նախատեսված չեն անհավատի կամ կողմնակի մարդկանց համար, դրանք Սրբերին մխիթարելու համար են, դրանք նախատեսված են զորացնելու և ամրացնելու նրանց հավատքը, ովքեր սիրում, ծառայում են Աստծուն և վախենում են Նրանից» (Teachings of Presidents of the Church․ Brigham Young [1997], 254

Հովհաննես 12․27–34 «Սորա համար եկայ այս ժամի մէջ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը ուսուցանել է, թե ինչպես է Հովհաննես 12․27 հատվածում գրված Փրկիչի խոսքերն անդրադարձել Նրա հնազանդության վրա, երբ Նա մոտենում էր Քավությանը․

«Երբ աներևակայելի բեռը սկսեց ընկնել Քրիստոսի վրա, այն հաստատեց Նրա երկար սպասված և պարզ հասկացողությունն այն մասին, թե Նա ինչ պետք է անի։ Նրա տանջանքները սկսվեցին և Հիսուսը հայտարարեց․ «Հիմա իմ անձը խռոված է. Եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը»։ Այնուհետև, կարծես թե հոգևոր մենախոսության կամ իր հետ գտնվողներին հրահանգելու համար, Նա ասաց․ «Սորա համար եկայ այս ժամի մէջ»։ (Հովհաննես 12․27)» (“Willing to Submit,” Ensign, May 1985, 72)։

Հովհաննես 12․46 Պաշտպանված լինել Հիսուս Քրիստոսի տված լույսով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանեց այն պաշտպանության մասին, որը հնարավոր դարձավ Հիսուս Քրիստոսի տված լույսի շնորհիվ․

«Մենք ներգրավված ենք լույսի և խավարի ուժերի միջև տիրող պատերազմի մեջ։ …

Տերը մեր լույսն է և բառիս բուն իմաստով՝ մեր փրկությունը (տես Սաղմոս 27․1)։ 3-րդ Նեփիի սրբազան կրակի նման, որը շրջապատել էր երեխաներին (տես 3 Նեփի 17․24), Նրա լույսը պաշտպանական վահան կհանդիսանա ձեր և հակառակորդի խավարի միջև, եթե դուք ապրեք դրան արժանի։ Ձեզ պետք է այդ լույսը։ Մեզ պետք է այդ լույսը։ Ուշադիր ուսումնասիրեք սուրբ գրությունները և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և ականջ դրեք ձեր ծնողների և ղեկավարների ուսմունքներին։ Ապա, իմաստուն խորհրդին հնազանդվելով, սովորեք յուրացնել ավետարանի պաշտպանիչ լույսը» (“Out of Darkness into His Marvelous Light,” Ensign, May 2002, 70)։

«Քրիստոսի լույսի» մասին ավելին իմանալու համար տես՝ ՎևՈւ 88․7–13 հատվածները։ «Քրիստոսի լույսը» վերնագրով իր ելույթում (Ensign կամ Լիահոնա, ապր. 2005), Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերն ուսուցանել է Սուրբ Հոգու և «Քրիստոսի լույսի» միջև եղած տարբերության մասին (ՎևՈւ 88․7)։ Քրիստոսի լույսը մեկ այլ ոգեշնչման աղբյուր է, որը յուրաքանչյուր ոք ունի։ Երբեմն այն կոչում են ներքին լույս կամ ճշտի ու սխալի գիտելիք, բարոյականություն կամ խիղճ։