Դաս 81
Գործք Առաքելոց 1․1–8
Նախաբան
Հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը 40 օր ծառայեց Իր Առաքյալներին: Նա նրանց նախապատրաստեց լինել Իր վկաները ողջ աշխարհում։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 1․1-8
Հիսուսը 40 օր ծառայում է Իր աշակերտներին
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ այլ հավատ դավանող ընկերը, դիմելով նրանց, ասում է, որ ցանկանում է ավելին իմանալ Եկեղեցու մասին և հարցնում է․ «Ո՞վ է առաջնորդում ձեր եկեղեցին»։
Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին:
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 1․1-8 հատվածները, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտությունը, որը կօգնի պատասխանել այն հարցին, թե ով է առաջնորդում Եկեղեցին։
Հրավիրեք ուսանողներին բացել Գործք Առաքելոց գիրքը և խորհել այս գրքի վերնագրի շուրջ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
-
Ելնելով գրքի վերնագրից, ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք սովորել այս գրքից։
Բացատրեք, որ Գործք Առաքելոցը էական անցումային նշանակություն ունի նոր Կտակարանում։ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը տալիս են Փրկիչի մահկանացու ծառայության պատմությունը՝ ներառելով Նրա Քավությունն ու Հարությունը։ Գործք Առաքելոցը պատմում է Փրկիչի երկինք Համբարձվելուց հետո Առաքյալների ծառայության մասին։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 1.1–2 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե ում էր հասցեագրված այս գիրքը։
-
Ո՞ւմ էր հասցեագրված Գործք Առաքելոցը։
Բացատրեք, որ Ղուկասը Գործք Առաքելոց գրքի հեղինակն է և «առաջին պատմությունը», որի մասին խոսվում է 1-ին հատվածում, Ղուկասի գիրքն է, որը նույնպես հասցեագրված էր Թեոփիլեին։ Գրելիս, Ղուկասը նպատակ է ունեցել օգնել Թեոփիլեին ձեռք բերել իր անձնական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին (տես Ղուկաս 1․1–4)։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 1.2-4 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել, փնտրելով, թե որքան ժամանակ Հիսուս Քրիստոսն անձամբ ծառայեց Իր Առաքյալներին Իր Հարությունից հետո։ (Կարող եք բացատրել, որ 3-դ հատվածում «չարչարանքից» արտահայտությունը վերաբերում է Փրկիչի քավող զոհաբերությանը, իսկ «շատ ապացոյցներով» արտահայտությունը վերաբերում է անհերքելի փաստերին, որոնց միջոցով Հիսուսն ապացուցեց, որ հարություն էր առել։)
-
Որքա՞ն ժամանակ Հիսուս Քրիստոսն անցկացրեց Իր Առաքյալների հետ Իր հարությունից հետո:
-
Հիսուսն ի՞նչ ուսուցանեց նրանց այդ 40 օրերի ընթացքում։ (Աստծո արքայությանը վերաբերող բաներ։)
Գրատախտակին սկսեք նկարել մի տնակ։ (Կամ կարող եք փոքրիկ տնակ պատրաստել խորանարդիկներով։)
Տնակի կեսը նկարելուց հետո կարող եք հրավիրել ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և ավարտել այն։ Ուսանողին տվեք շատ հստակ հրահանգներ, թե ինչպես ավարտին հասցնել աշխատանքը։ Դուք կարող եք խնդրել նրան ավելացնել տանիք, մի քանի պատուհաններ և կանաչապատել այն։ Կարճ ժամանակ միասին աշխատելուց հետո քայլեք դեպի դասարանի մյուս ծայրը և շարունակեք հրահանգներ տալ ուսանողին։ Երբ նկարը պատրաստ լինի, շնորհակալություն հայտնեք ուսանողին և խնդրեք նստել։
Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ տան նկարը ներկայացնում է Աստծո թագավորությունը երկրի վրա, որը Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է։
-
Ինչպե՞ս կարող է այս տնակը պատկերելու մեր մեթոդը ներկայացնել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը հիմնեց Իր Եկեղեցին Իր մահկանացու ծառայության ընթացքում և Իր Հարությունից հետո։ (Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը սկսեց հիմնել Իր Եկեղեցին։ Նա կանչեց ուրիշների, որպեսզի օգնեն Իրեն հիմնելու այն, և Իր Հարությունից հետո Նա առաջնորդում էր նրանց իրենց գործերում, չնայած այլևս ֆիզիկապես նրանց հետ չէր։)
-
Համաձայն 2-րդ հատվածի, ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին։ (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին․ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին՝ հայտնելով Իր կամքն Իր Առաքյալներին Սուրբ Հոգու միջոցով։)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«[Գործք Առաքելոցի] առաջին իսկ հատվածում հայտարարվում է, որ Եկեղեցին կշարունակի ղեկավարվել Աստծո կողմից, այլ ոչ թե մահկանացուների։ … Իսկապես, Գործք Առաքելոց գրքի ավելի ամբողջական վերնագրի պատշաճ տարբերակը կարող էր ունենալ նմանատիպ մի ձևակերպում․ «Հարություն առած Քրիստոսի գործերը, ով Սուրբ Հոգու միջոցով գործում էր Իր Կարգված Առաքյալների կյանքում և նրանց ծառայությունների միջոցով»։ …
Եկեղեցին ղեկավարվում է նույն ձևով։ Փոխվել է Փրկիչի տեղը, սակայն Եկեղեցու ղեկավարման կարգը մնացել է անփոփոխ» (“Therefore, What?” [Church Educational System conference on the New Testament, Aug. 8, 2000], 6, si.lds.org)։
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսն այսօր շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին հայտնության միջոցով։
Ուսանողներին խնդրեք խորհել փորձառությունների մասին, որոնք ամրացրել են իրենց վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն այսօր առաջնորդում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ։
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 1.4–8: Ուսանողներին հրավիրեք հետևել, փնտրելով, թե Հիսուսն ինչ պատվիրեց Առաքյալներին անել։
-
Ըստ 4-րդ հատվածի, Հիսուսն ի՞նչ էր պատվիրում Առաքյալներին անել։
-
Ըստ 5-րդ հատվածի, Փրկիչն ի՞նչ խոստացավ Առաքյալներին, որ կստանային, եթե նրանք մնային Երուսաղեմում։
-
Համաձայն 8-րդ հատվածի, Սուրբ Հոգու տված զորությամբ ի՞նչ էին անելու Առաքյալները:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Առաքյալների մասին 8-րդ հատվածում Փրկիչի ուսուցանածից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Առաքյալները Հիսուս Քրիստոսի վկաներն են և վկայում են Նրա մասին ողջ աշխարհով մեկ։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․
«Մեր օրերում Տերը կանչել է 15 հատուկ վկաների՝ վկայելու Նրա աստվածայնության մասին ողջ աշխարհի առջև: Նրանց կոչումը շատ յուրահատուկ է․ նրանք Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներն են՝ ընտրված և լիազորված Նրա կողմից։ Նրանց պատվիրված է վկայել Նրա կենդանության իրականության մասին սուրբ առաքելության զորությամբ ու իշխանությամբ, որը վստահված է նրանց» (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 4)։
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մեր օրերի Առաքյալները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը …
Հնարավորության դեպքում ձեր դասարանի յուրաքանչյուր ուսանողի տվեք «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների Վկայությունը» (Ensign, Apr. 2000, 2) հայտարարության մեկ օրինակ։ Դուք կարող եք նաև վերցնել մեկ օրինակ, բաժանել դրանք փոքր հատվածների և բաժանել հատվածները ուսանողներին։ Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ հայտարարությունը կամ հատվածը, փնտրելով, թե ինչպես կարող են ավարտել գրատախտակին գրված նախադասությունը: Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, հրավիրեք ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և լինել դպիր։ Խնդրեք ուսանողներին ներկայացնել իրենց բացահայտումները և գրատախտակի մոտ գտնվող ուսանողին խնդրեք գրատախտակին գրել նրանց պատասխանները:
-
Այդ հայտարարություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար:
-
Մեր օրերի Առաքյալների վկայությունն ինչպե՞ս է ազդում առ Հիսուս Քրիստոսն ունեցած ձեր անձնական վկայության վրա:
Բացատրեք, որ չնայած Գոր․ 1․8 հատվածները հատկապես վերաբերում են Առաքյալների դերին` որպես Փրկիչի հատուկ վկաներ, դրանք նաև սովորեցնում են մեզ, թե ինչը մեզ կարող է օգնել լինելու Հիսուս Քրիստոսի վկաները ողջ աշխարհով մեկ։
-
Ելնելով Գոր․ 1․8-ում Առաքյալներին տված Տիրոջ խոստումից՝ ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս լինել Հիսուս Քրիստոսի վկաները։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք դառնալ Հիսուս Քրիստոսի վկաները։)
-
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում մեզ դառնալ Փրկիչի վկաները։
Հրավիրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգին, մինչ ուրիշները կիսվել են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց վկայությամբ։ Մի քանի րոպե անց հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով։ Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:
-
Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին օգնել է ձեզ կամ ուրիշներին վկայել Հիսուս Քրիստոսի մասին։
Խրախուսեք ուսանողներին հնարավորություններ փնտրել ուրիշների հետ իրենց վկայությամբ կիսվելու համար և վստահել, որ Սուրբ Հոգին կհաստատի իրենց վկայության ճշմարիտ լինելը։
Գործք Առաքելոց–Հայտնություն
Համառոտ հասկացողություն Նոր Կտակարանի երկրորդ մասի վերաբերյալ
Բացատրեք, որ Գոր․ 1․8 հատվածները ոչ միայն ուսուցանում են ճշմարտություններ, այլ նաև օգնում են ձեռք բերել համառոտ հասկացողություն Նոր Կտակարանի երկրորդ մասի վերաբերյալ։
-
Համաձայն Գոր․ 1․8-ի Փրկիչի մարգարեության, որտե՞ղ պետք է Նրա աշակերտները վկայեին Նրա մասին։
Գրատախտակի վրա գրեք հետևյալը. Գործք Առաքելոց 1–5 = Երուսաղեմ, Գործք Առաքելոց 6–9 = Հուդա և Սամարիա, Գործք Առաքելոց 10–28 = աշխարհի ծայրերը (տես Աստվածաշնչի բառարան, «Գործք Առաքելոց»)։
Բացատրեք, որ աշակերտները սկսեցին վկայել Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես որ հրահանգված էր իրենց։ Առաքյալները նախ քարոզեցին Երուսաղեմում, ապա Հուդայում և Սամարիայում, իսկ հետո` աշխարհի ծայրամասերում։
Խնդրեք ուսանողներին բացել Աստվածաշնչի ցանկը։ Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Նոր Կտակարանի այն գրքերին, որոնք հաջորդում են Գործք Առաքելոցին։ Բացատրեք, որ Հռովմայեցիս գրքից մինչև Եբրայեցիս գիրքը ներառյալ, թղթեր (նամակներ) են, որոնք գրված են Պողոս Առաքյալի կողմից։ Ուսանողները կսովորեն Պողոսի դարձի գալու և ծառայության մասին, երբ նրանք ուսումնասիրեն Գոր․ 9, 13–28 գլուխները։
Խնդրեք ուսանողներին բացել Ա Թեսաղոնիկեցիս: Բացատրեք, որ թեսաղոնիկեցիներն այն մարդիկ էին, ովքեր ապրում էին Թեսաղոնիկե քաղաքում։ Հրավիրեք ուսանողներին բացել Աստվածաշնչի քարտեզները, հ․13 «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», և քարտեզի վրա գտնել Թեսաղոնիկեն։ Բացատրեք, որ Նոր Կտակարանի թղթերից շատերը հղված են եղել տարբեր քաղաքներում ապրող Եկեղեցու անդամներին, որտեղ քննարկված են նրանց հատուկ կարիքները։ Կարող եք նաև բացատրել, որ Նոր Կտակարանում այս թղթերը դասավորված չեն ըստ ժամանակագրության: Ենթադրվում է, որ Ա Թեսաղոնիկեցիս թուղթը եղել է Պողոսի գրած առաջին նամակը։
Խնդրեք ուսանողներին բացել ցանկը և նշել մի քանի այլ գրքեր, որոնք գրված են որպես Սրբերի խմբերին ուղղված թղթեր։
Բացատրեք, որ Սրբերի խմբերին գրելուց բացի Պողոսը գրել է նաև անհատների, ինչպես օրինակ` Տիմոթեոսին, Տիտոսին և Փիլիմոնին։
Խնդրեք ուսանողներին նայել, թե ցանկում որ գրքերն են հաջորդում Եբրայեցիս գրքին։
Բացատրեք, որ Պողոսից բացի այլ Առաքյալներ և Եկեղեցու ղեկավարներ նույնպես գրել են Եկեղեցու անդամներին։ Մենք ունենք այդ թղթերից մի քանիսը, որոնք սկսվում են Հակոբոսի գրքից և շարունակվում մինչև Հուդայի գիրքը ներառյալ։ Հայտնության գրքում գրառված է տեսիլքը, որը տեսել էր Հովհաննես Առաքյալը։
Հրավիրեք ուսանողներին շարունակել կարդալ Նոր Կտակարանի երկրորդ մասն ինքնուրույն։ Խրախուսեք նրանց ուսումնասիրելուց առաջ աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա լուսավորել նրանց և օգնել ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն, մինչ նրանք կուսումնասիրեն Նոր Կտակարանի Առաքյալների ուսմունքները։