Գրադարան
Հովհաննեսի ավետարանի նախաբանը


Հովհաննեսի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Քրիստոնյաների դեմ ահագնացող հալածանքների, աճող ուրացության և Հիսուս Քրիստոսի բնույթի մասին վիճաբանությունների ժամանակներում էր, որ Հովհաննես Առաքյալն արձանագրեց Փրկչի մասին իր վկայությունը: Հովհաննեսի ավետարանը ուսումնասիրելով ուսանողները կճանաչեն Երկնային Հորը Իր Որդու, Հիսուս Քրիստոսի ծառայության միջոցով: Հովհաննեսի պատմությունն ուսուցանում է, որ նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի ուսմունքներով, կարող են մեծ օրհնություններ ստանալ, ներառյալ՝ հավերժական կյանք:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս գիրքը գրել է Հովհաննես Առաքյալը: Գրքում նա իր մասին գրում է որպես աշակերտ, «որին Հիսուսը սիրում էր» (տես Հովհաննես 13.23; 19.26; 20.2; 21.7, 20):

Հովհաննեսը և իր եղբայր Հակոբոսը ձկնորսներ էին (տես Մատթեոս 4.21): Նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ և Առաքյալ դառնալը՝ Հովհաննեսն, ըստ երևույթին, Հովհաննես Մկրտչի հետևորդն էր (տես Հովհաննես 1.35-40, Սուրբ գրքերի ուղեցույց, «Հովհաննես՝ Զեբեդոսի որդի», scriptures.lds.org):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք հաստատ չգիտենք, թե երբ է գրվել Հովհաննեսի այս գիրքը: Ենթադրվում է, որ այն գրվել է մ.թ. 60 թվականից մինչև մ.թ. 100 թվականը: Մ.թ. երկրորդ դարի վաղ Քրիստոնյա գրողները ասում էին, որ Հովհաննեսը գրել էր այս գիրքը Փոքր Ասիայի Եփեսոսում (ժամանակակից Թուրքիա):

Ո՞ւմ համար էր գրվել այն և ինչո՞ւ:

Չնայած որ Հովհաննեսի գրվածքները նախատեսված էին բոլորի համար, նրա ուղերձը նաև ուղղված էր ավելի որոշակի լսարանի: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին գրել է. «Հովհաննեսի ավետարանը պատմություն է սրբերի համար, այն նախևառաջ ավետարան է Եկեղեցու համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:65): Հովհաննեսն ասում է, որ այս գիրքը գրելու իր նպատակն էր՝ համոզել մյուսներին «հավատալ, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին. և որ հավատալով կյանք ունենանք նրա անունովը» (Հովհաննես 20.31): Հիսուսի կյանքի դրվագները, որ [Հովհաննեսը] նկարագրում է, մանրակրկիտ ընտրվել և ձևակերպվել են՝ այդ նպատակն ի նկատի ունենալով» (Աստվածաշնչի բառարան, «Հովհաննեսի ավետարան»):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Հովհաննեսի ավետարանի գրեթե 92 տոկոսը չենք գտնի մյուս ավետարանական պատմություններում: Հավանաբար, քանի որ Հովհաննեսի լսարանը արդեն իսկ Հիսուս Քրիստոսի մասին պատկերացում ունեցող Եկեղեցու անդամներ էին, ուստի անկասկած տարբերվում էին Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի լսարաններից: Հովհաննեսի կողմից գրված յոթ հրաշքներից հինգը մյուս ավետարաններից ոչ մեկում հիշատակված չեն: Մինչ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը զգալի տեղեկություն էին ներկայացնում Գալիլեայում Հիսուսի ծառայության մասին, Հովհաննեսը գրել է բազմաթիվ իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Հրեաստանում: Հովհաննեսի ավետարանը լի է վարդապետությամբ, որտեղ հիմնական թեմաներն են՝ որպես Աստծո Որդի Հիսուսի աստվածային բնույթը, Քրիստոսի Քավությունը, հավերժական կյանքը, Սուրբ Հոգին, վերստին ծնվելու կարիքը, մյուսներին սիրելու և Փրկչին հավատալու կարևորությունը:

Հովհաննեսը շեշտում է Հիսուսի աստվածային դերը որպես Աստծո Որդի: Հովհաննեսը արձանագրել է Հիսուսի ավելի քան 100 անգամ Իր Հորը անդրադառնալուն, որից ավելի քան 20 անգամը միայն Հովհաննես 14 գլխում: Հովհաննեսի գլխավոր ավանդներից մեկն այն է, որ նա գրում է, թե ինչ է Փրկիչն ուսուցանում Իր աշակերտներին Իր ձերբակալությանը նախորդող ժամերին, ներառյալ՝ մեծ Բարեխոսական աղոթքը, որը Նա ասեց Գեթսեմանում չարչարանքներ կրելու գիշերը: Հովհանեսի պատմության այս մասը (Հովհաննես 13-17) ներկայացնում է Հովհաննեսի ավետարանի էջերի ավելի քան 18 տոկոսը, մեզ ավելի մեծ հասկացողություն տալով Փրկչի վարդապետության և այն մասին, թե ինչ է Նա ակնկալում Իր աշակերտներից:

Համառոտ շարադրանք

Հովհաննես 1 Հովհաննեսը վկայում է Հիսուս Քրիստոսի նախամահկանացու աստվածային դերի և ողջ մարդկությանը փրկություն բերող առաքելության մասին: Հավհաննեսը գրում է Հիսուսի մկրտության և Իր աշակերտներից մի քանիսին կանչելու մասին:

Հովհաննես 2-4 Հիսուս Քրիստոսը ջուրը վերածում է գինու: Նա ուսուցանում է Նիկոդեմոսին հոգևոր վերածննդի մասին և աղբյուրի մոտ վկայում կնոջը, որ Ինքն է Քրիստոսը: Նա բժշկում է ազնվականի որդուն:

Հովհաննես 5-7 Փրկիչը բժշկում է կաղին Բեթհեզդայի ավազանի մոտ և հայտարարում Իր աստվածային զորության և իշխանության մասին: Նա կերակրում է հինգ հազար հոգու նախապատրաստելով նրանց իր Կյանքի հացի մասին քարոզին, հռչակում է, որ Ինքն է Մեսիան, և Տաղավարահարաց տոնին հայտարարում է, որ միայն նրանք կստանան հավերժական կյանքը, ովքեր կընդունեն Իրեն:

Հովհաննես 8-10 Շնության մեջ բռնված կնոջ միջադեպը օգտագործելով Հիսուսն ուսուցանում է կարեկցանքի և ապաշխարության մասին: Նա հայտարարում է, որ Ինքն է Եհովան՝ մեծ Ես Եմը: Նա բժշկում է ի ծնե կույր մարդուն, Իրեն նմանեցնում է Բարի Հովվին, ով սիրում և Իր կյանքն է դնում Իր ոչխարների համար:

Հովհաննես 11-13 Հիսուս Քրիստոսը կենդանացնում է Ղազարոսին՝ ցույց տալով մահվան հանդեպ Իր զորությունը: Նա հաղթական մուտք է գործում Երուսաղեմ: Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը լվանում է Իր աշակերտների ոտքերը և սովորեցնում նրանց սիրել միմյանց:

Հավհաննես 14-16 Հիսուսը ուսուցանում է Իր աշակերտներին սիրո և հնազանդության միջև կապի մասին: Նա խոստանում է Մխիթրիչ (Սուրբ Հոգին) ուղարկել և անձնապես ծառայել Իր աշակերտներին: Նա հայտարարում է, որ Ինքն է Ճշմարիտ որթը և Ինքը հաղթել է աշխարհին:

Հովհաննես 17-19 Հիսուսը Բարեխոսական աղոթք է ասում Իր աշակերտների և այն մարդկանց համար, ովքեր կհավատան նրանց քարոզին: Նրան մատնեցին, ձերբակալեցին և դատապարտեցին: Խաչի վրա տառապելուց հետո Նա մահացավ և թաղվեց:

Հովհաննես 20-21 Հարություն առած Հիսուս Քրիստոսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն Գերեզմանի պարտեզում և ապա Իր աշակերտներին՝ Երուսաղեմում: Նա հայտնվում է աշակերտներից յոթին Գալիլեայի ծովափին և պատվիրում է Պետրոսին ղեկավարել աշակերտներին մյուսներին ծառայելու գործում: