Դաս 159
Հայտնություն 20
Նախաբան
Հովհաննեսը տեսավ այն իրադարձությունների պատկերը, որոնք կպատահեին Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությունից անմիջապես առաջ և ընթացքում։ Նա նաև ականատես եղավ Սատանայի և Աստծո ուժերի միջև տեղի ունեցող վերջնական պատերազմին Հազարամյակի վերջում և տեսավ վերջին դատաստանը, որի ժամանակ Աստված կդատի բոլորին՝ համաձայն գրված գրքերի։
Ուսուցման առաջարկներ
Հայտնություն 20․1-6
Հովհաննեսը տեսիլքում տեսնում է, թե ինչ կպատահի Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորությունից անմիջապես առաջ և ընթացքում։
Հրավիրեք ուսանողներին մտածել որևէ մրցույթի կամ մրցախաղի մասին (գեղարվեստական կամ մարմնամարզական բնույթի), որոնց ժամանակ նրանք իրենց մասնակցությունն են ունեցել, նույնիսկ հասկանալով, որ կպարտվեն։ Ապա, հորդորեք նրանց մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք իրենց մասնակցությունն են ունեցել մի մրցույթի կամ մրցախաղի՝ հասկանալով, որ կհաղթեն։
-
Մրցույթի կամ մրցախաղի վերաբերյալ ձեր սպասումներն ինչպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես եք ձեր մասնակցությունն ունենում այդ միջոցառմանը։
-
Ինչո՞ւ են մարդիկ հանձնվում, երբ նրանք կարծում են, որ կպարտվեն։ Եղե՞լ է արդյոք մի ժամանակ, երբ մտածել եք, որ կպարտվեք, սակայն իրականում դուք հաղթել եք։
Բացատրեք ուսանողներին, որ Հայտնություն 20 գլուխն ուսումնասիրելիս նրանք ավելին կիմանան բարու ու չարի միջև տեղի ունեցող պատերազմի և դրա արդյունքի մասին։ Հրավիրեք նրանց Հայտնություն 20 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց հավատարիմ մնալ Փրկիչին այդ պատերազմի ժամանակ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․1–3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի սատանայի հետ հազարամյակի ընթացքում։
-
Ի՞նչ կպատահի սատանայի հետ Հազարամյակի ընթացքում: (Բացատրեք, որ անդունդը խորհրդանշում է դժոխքը։)
-
Համաձայն 3-րդ հատվածի, ի՞նչ չի կարողանա անել սատանան՝ շղթայված լինելու պատճառով։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20.4-6 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսը ում տեսավ դատվելիս։
-
Համաձայն 4-րդ հատվածի, ու՞մ տեսավ Հովհաննեսը դատվելիս։
-
Ի՞նչ պարգևատրում ստացան այդ մարդիկ իրենց հավատարմության շնորհիվ։
-
Ի՞նչ մասնակցություն նրանք ունեցան հազարամյակի ընթացքում։ (Առաջին Հարություն։)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Հայտնություն 20․4–6 հատվածներից այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ, եթե հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն պետք է բացահայտեն մի սկզբունք, որը համանման է հետևյալին․ Եթե մենք հավատարիմ ենք Հիսուս Քրիստոսին, մենք կմասնակցենք Առաջին Հարությանը և կթագավորենք Քրիստոսի հետ հազարամյակի ընթացքում։)
Բացատրեք, որ Առաջին Հարությունը սկսվել է Հիսուս Քրիստոսի հարությունից և ընդգրկում է այն արդարներին, ովքեր մահացել են նախքան Հիսուս Քրիստոսի հարությունը (տես Մոսիա 15․21–25, Ալմա 40․16–20)։ Արդարների մեծ մասը, ովքեր մահացել են Քրիստոսի հարությունից հետո, հարություն կառնեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ (տես James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. [1924], 385)։ Ամբարիշտներն ու չապաշխարած մարդիկ հարություն չեն առնի մինչև Երկրորդ Հարությունը, որը տեղի կունենա հազարամյակի վերջին (տես ՎևՈւ 76․85)։
-
Եթե իմանաք, որ կմասնակցեք Առաջին Հարությանը և հազարամյակի ընթացքում կթագավորեք Հիսուս Քրիստոսի հետ, դա ինչպե՞ս կօգնի ձեզ այժմ մնալ հավատարիմ չարի դեմ պայքարում։
Վկայեք, որ նրանք, ովքեր կմնան հավատարիմ, կմասնակցեն Առաջին Հարությանը և կթագավորեն Փրկիչի հետ հազարամյակի ընթացքում։
Հայտնություն 20.7–11
Հովհաննեսը տեսնում է Հազարամյակի վերջում սատանայի և Աստծո ուժերի միջև տեղի ունեցող վերջին պատերազմը։
Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Հազարամյակի վերջում …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․7–10 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որոնք Հովհաննեսը նկարագրել էր, որ տեղի կունենան հազարամյակի վերջում։
-
Ի՞նչ իրադարձություններ էր Հովհաննեսը նկարագրել։ (Բացատրեք, որ Գոգ և Մագոգ անունները 8-րդ հատվածում վերաբերում են այն ուժերին, որոնց օգնությամբ սատանան հազարամյակի վերջում վերջին անգամ կպայքարի Տիրոջ ժողովրդի դեմ [տես ՎևՈւ 88․110–14]։)
-
Այդ պատերազմից հետո ի՞նչ կպատահի դևի և նրա հետևորդների հետ։ (Երբ ուսանողները կպատասխանեն, ավարտեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ կարդացվի՝ Հազարամյակի վերջում Աստծո ուժերը կհաղթեն սատանային և նրան հետևորդներին։)
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստծո և սատանայի միջև ձգվող պատերազմի վերջը։
Հայտնություն 20.12-15
Հովհաննեսը տեսնում է Վերջին դատաստանը
Բացատրեք, որ Երկնային Հոր փրկության ծրագրի մասն է, որ այս երկրի վրա ապրած ցանկացած մարդ կանգնի Աստծո առաջ և դատվի։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե Վերջին դատաստանն ինչպիսի՞ն կլինի։
-
Աստծո առաջ կանգնելու և դատվելու ժամանակ ի՞նչ մտքեր ու զգացումներ կցանկանայիք ունենալ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հայտնություն 20․12–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես մենք կդատվենք Աստծո կողմից։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 12-րդ հատվածից այն մասին, թե ինչպես մենք կդատվենք։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Աստված մեզ կդատի այն գրքերի համաձայն, որոնք գրվել են մեր գործերին համապատասխան։)
-
Հովհաննեսը ի՞նչ գրքեր տեսավ։ (Սուրբ գրությունները, Եկեղեցու այն գրառումները, որոնց մեջ գրանցված են փրկող արարողությունները և միգուցե այլ արարողություններ և կյանքի գիրքը [տես 2 Նեփի 29․10–11, ՎևՈւ 128․6–7]։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ կյանքի գրքի հետևյալ բացատրությունը․
«Ինչ-որ իմաստով Կյանքի Գիրքը մարդու մտքերի և գործերի ամբողջությունն է՝ նրա կյանքի հիշատակարանը։ Սակայն սուրբ գրքերը նշում են, որ նաև երկնային հիշատակարան է պահվում հավատարիմների վերաբերյալ, որն ընդգրկում է նրանց անունների և արդար գործերի արձանագրությունը (ՎևՈւ 88․2, 128․7)» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կյանքի գիրքը»)։
Նշեք, որ Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնել է, որ բացի մեր գործերից, մենք կդատվենք համաձայն մեր սրտերի ցանկությունների (տես ՎևՈւ 137․9, տես նաև Ալմա 41․3–5)։
-
Ըստ Հայտնություն 20․13, ի՞նչ տեղի կունենա մեր դատվելուց առաջ։ (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «ծովն իր մեջի մեռելները տուավ, և մահը և դժոխքը իրանց մեջի մեռելները տուին» նախադասությունը վերաբերում է բոլոր մարդկանց հարությանը։)
-
Ինչո՞ւ է նշանակալից, որ Աստծո առաջ կանգնելուց և դատվելուց առաջ մենք հարություն կառնենք։
Վկայեք, որ բոլորս էլ կկանգնենք Աստծո առաջ և կդատվենք, և այժմ կատարած մեր արարքները կորոշեն, թե այդ փորձառությունն ինչպիսին կլինի մեզ համար։ Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցը և հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել դրան։
-
Ի՞նչ կարող եք լավացնել ձեր կյանքում, որ պատրաստվեք դատվել Տիրոջ կողմից։
Սուրբ գրությունների սերտման հատված—Հայտնություն 20․12
Կարող եք հրավիրել ուսանողներին օգտվել սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքներից, ինչպիսիք են՝ հատվածների տողատակի գրառումները, Սուրբ գրքերի ուղեցույցը (հասանելի է՝ scriptures.lds.org), և Թեմաների այբբենական ցանկը, որպեսզի գտնեն լրացուցիչ հատվածներ Վերջին դատաստանի մասին։ Ուսանողները կարող են այդ լրացուցիչ հատվածների հղումները գրել Հայտնություն 20․12-ի կողքին։ Հրավիրեք ուսանողներին դասարանի անդամների հետ կիսվել Վերջին դատաստանին վերաբերող լրացուցիչ հատվածներով, որոնք նրանք սովորեցին այս վարժության ժամանակ։