Դաս 2
Փրկության ծրագիրը
Նախաբան
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը կրոնական ուսուցիչներին հանձնարարել է ամեն ուսումնական տարվա սկզբում ներկայացնել փրկության ծրագրի մի համառոտ ակնարկ.
«Երջանկության ծրագրի» համառոտ ակնարկը…, եթե տրվի հենց սկզբում և վերանայվի ժամանակ առ ժամանակ, կլինի խիստ արժեքավոր ձեր ուսանողների համար» (“The Great Plan of Happiness” [address to CES religious educators, Aug. 10, 1993], si.lds.org; see also Teaching Seminary: Preservice Readings [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2004], 68–74)։
Այս դասը պարունակում է փրկության ծրագրի համառոտ ակնարկ և կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի առանցքային դերի և Նրա Քավության վրա այդ ծրագրում։
Ուսուցման առաջարկներ
Հիսուս Քրիստոսի դերը նախաերկրային կյանքում
Հոգևոր մտքի շրջանակում կարող եք հրավիրել դասարանին երգել «Ես հավատում եմ Քրիստոսին» օրհներգի տողեր 1-ին և 4-րդը (Hymns no. 134) կամ մեկ այլ օրհներգ Փրկիչի մասին։ Սկսեք դասը հետևյալ հարցերով․
-
Ինչպե՞ս դուք կարձագանքեիք, եթե մեկը հարցներ ձեզ, թե ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար:
Բացատրեք ուսանողներին, որ այսօրվա դասի ժամանակ նրանք կսովորեն Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի դերի մասին: Իրենց այսօրվա ուսումնասիրության ժամանակ հրավիրեք նրանց փնտրել ճշմարտությունները, որոնք կարող են օգնել նրանց ամրացնել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը։
Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը: Դուք նույնպես կարող եք այն բաժանել ուսանողներին թերթիկի միջոցով։ (Եթե բաժանելու եք թերթիկներ, գրատախտակին աղյուսակը լրացնելիս խնդրեք ուսանողներին լրացնել իրենց աղյուսակները)։
Հիսուս Քրիստոսի դերը առանցքային է Երկնային Հոր փրկության ծրագրում
Սեմինարիայի ուսուցչի Նոր Կտակարանի ձեռնարկ. Դաս 2
Նախաերկրային կյանք |
Մահկանացու կյանք |
Ետմահկանացու կյանք |
---|---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Ընդգծեք, որ Երկնային Հոր ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից. 1) Մեր նախաերկրային կյանքը, որը նախորդում էր մեր ֆիզիկական ծննդին, 2) մեր մահկանացու կյանքը այս երկրի վրա, և 3) մեր ետմահկանացու կյանքը, որը կհետևի մեր ֆիզիկական մահվանը։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը և հրավիրեք դասարանին լսել այն սահմանափակումների մասին, որոնք ունեցել ենք մեր նախաերկրային կյանքում.
«Նախքան այս երկրի վրա ծնվելը մենք ապրում էինք որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ: Սակայն մենք մեր Երկնային Հոր պես չէինք, ոչ էլ երբևէ կարող էինք դառնալ Նրա պես և վայելել այն բոլոր օրհնությունները, որոնք Նա վայելում է առանց մահկանացու կյանքը ֆիզիկական մարմնով ապրելու փորձառության։
«Աստծո ողջ նպատակը՝ Նրա աշխատանքը և Նրա փառքը, մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալն է վայելելու Նրա բոլոր օրհնությունները։ Նա ապահովել է մի կատարյալ ծրագիր Իր նպատակը իրագործելու համար։ Մենք հասկացանք և ընդունեցինք այս ծրագիրը` մինչև այս երկիր գալը։ …
«Առաջադիմելու և Աստծո նման դառնալու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանար մարմին և ստուգվեր փորձաշրջանի ընթացքում այս երկրի վրա» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 48, 49):
-
Մենք ի՞նչ սահմանափակումներ ունեցանք մեր նախաերկրային կյանքում։
Բացատրեք, որ երբ Երկնային Հայրը ներկայացրեց Իր երջանկության ծրագիրը, մենք իմացանք, որ կպահանջվի մի փրկիչ այս ծրագիրն իրականացնելու համար։ Լյուցիֆերը՝ Երկնային Հոր զավակներից մեկը, ըմբոստացավ Երկնային Հոր փրկության ծրագրի դեմ։ Նա հայտնի դարձավ որպես սատանա. մի հրեական տերմին, որը նշանակում է «հակառակորդ»։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մովսես 4.1-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե սատանան ինչ պահանջեց Երկնային Հորից։
-
Սատանան ի՞նչ պահանջեց Երկնային Հորից:
-
Համաձայն 2-րդ հատվածի, ի՞նչ ասաց Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ի՞նչ անելու համար ընտրվեց Հիսուս Քրիստոսը: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը Նախաերկրային կյանք բառերի տակ. Նախաերկրային կյանքում Հիսուս Քրիստոսն ընտրվեց լինելու մարդկության Փրկիչը:)
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Հիսուս Քրիստոսն ընտրվեց Երկնային Հոր փրկության ծրագիրն իրականացնելու համար, Նա ստեղծեց այս երկիրը, որտեղ մեզանից յուրաքանչյուրը կկարողանար ձեռք բերել ֆիզիկական մարմին և փորձառություն։
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եբրայեցիներ 1․1-2: Դասարանին հրավիրեք հետևել` փնտրելով Հիսուս Քրիստոսի դերը երկրի ստեղծման գործում։
-
Ո՞րն էր Հիսուս Քրիստոսի դերը երկրի ստեղծման գործում։ (Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը Նախաերկրային կյանք բառերի տակ. Մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը։)
Հրավիրեք ուսանողներին խորհել երկրի գեղեցկության մասին։ Կարող եք ցուցադրել երկրի գեղեցկությունը ներկայացնող մեկ կամ մի քանի նկարներ:
-
Իմացությունը, որ Հիսուս Քրիստոսը ստեղծեց այս երկիրը և դրա նման միլիոնավոր մոլորակներ, ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացումների վրա։
Հիսուս Քրիստոսի դերը մահկանացու կյանքում
Բացատրեք, որ մահկանացու կյանքում մենք ունենում ենք լրացուցիչ սահմանափակումներ կամ խոչընդոտներ, որոնք խանգարում են մեզ նմանվել Երկնային Հորը և վերադառնալ Նրա ներկայության մեջ։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն երկու խոչընդոտների վրա, որոնք ունենում ենք մահկանացու կյանքում։
«Մահկանացու կյանքում մենք ապրում ենք մի վիճակում, որտեղ ենթակա ենք և ֆիզիկական և հոգևոր մահվան։ Աստված ունի կատարյալ, փառավորված, մսից ու ոսկորից կազմված անմահ մարմին։ Որպեսզի նմանվենք Աստծուն և վերադառնանք Նրա ներկայության մեջ, մենք էլ պիտի ունենանք կատարյալ, մսից և ոսկորից անմահ մարմին։ Սակայն Ադամի ու Եվայի անկման պատճառով երկրի վրա ամեն մարդ ունի ոչ կատարյալ, մահկանացու մարմին և ի վերջո կմահանա։ Եթե չլիներ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի։
«Ֆիզիկական մահն ու մեղքը մեծ խոչընդոտներ են, որոնք խանգարում են մեզ դառնալ մեր Երկնային Հոր նման և վերադառնալ Նրա ներկայության մեջ։ Մեր մահկանացու վիճակում մենք հաճախ տեղի ենք տալիս գայթակղությանը, խախտում ենք Աստծո պատվիրանները և մեղանչում։ … Չնայած դա երբեմն այլ կերպ է թվում, մեղքը միշտ էլ տանում դեպի դժբախտություն։ Մեղքն առաջացնում է ամոթի և հանցանքի զգացումներ։ Մեր մեղքերի պատճառով մենք անկարող ենք վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ, եթե նախապես չներվենք և չմաքրվենք։
«… Ինչպես ֆիզիկական մահվան դեպքում, մեղքի հետևանքներն էլ մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել» (Քարոզիր իմ ավետարանը,50):
Բացատրեք, որ նախքան այս երկրի վրա Հիսուսի ծնվելը, մի հրեշտակ երազում երևաց Հովսեփին, և նա իմացավ, որ Մարիամը սպասում էր երեխայի։ Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 1.21: Հրավիրեք դասարանին հետևել` փնտրելով, թե ինչ հայտարարեց հրեշտակը Հովսեփին:
-
Ի՞նչ հայտնեց հրեշտակը, որ Հիսուսը պիտի աներ: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը Մահկանացու կյանք բառերի տակ. Հիսուս Քրիստոսը եկավ փրկելու մեզ մեր մեղքերից։)
-
Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որը մեզ հնարավորություն է տալիս փրկվել մեր մեղքերից:
Ցուցադրեք «Հիսուսն աղոթում է Գեթսեմանում», «Խաչելությունը», և «Մարիամը և հարություն առած Հիսուս Քրիստոսը» նկարները (Ավետարանի նկարների գիրք [2009], nos։ 56, 57, 59, տես նաև LDS.org)։ Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսի տառապանքները, մահը և Հարությունը հավաքական իմաստով կոչվում է Քավություն։
-
Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի փրկվենք մեր մեղքերից Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: (Sես Գործք 2.38):
Հիսուս Քրիստոսի դերը ետմահկանացու կյանքում
Խնդրեք ուսանողներին հիշել որևէ մեկին, ով մահացել է։ Մի քանի րոպե անց հարցրեք.
-
Փրկության ծրագրի ձեր հասկացողության համաձայն՝ որտե՞ղ են նրանք, ովքեր մահացել են։ (Մահվան ժամանակ բոլոր մարդկանց հոգիները մտնում են հոգիների աշխարհ: Ուսանողների հասկացողությունը լրացնելու համար կարող եք հրավիրել մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 40․11-14)։
Ցուցադրեք «Հիսուսի թաղումը»նկարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 58, տես նաև LDS.org)։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Պետրոս 3.18–20, 4.6։ Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսն Իր մահից անմիջապես հետո։
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.18-19, 30-32 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` գտնելով թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի ավետարանը հոգևոր աշխարհում քարոզվի բոլորին։
-
Ի՞նչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի ավետարանը հոգևոր աշխարհում քարոզվի բոլորին։
-
Ինչպե՞ս են այս ջանքերը նկարագրում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը բոլոր մարդկանց հանդեպ։
Դիտարկեք Մարիամի և հարություն առած Հիսուս Քրիստոսի նկարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 59, տես նաև LDS.org) և հարցրեք դասարանին.
-
Ի՞նչ տեղի ունեցավ Փրկիչի մահից երեք օր հետո։ (Նա հարություն առավ):
-
Ի՞նչ է նշանակում հարություն առնել: (Անձի ոգին ու ֆիզիկական մարմինը միանում են, որ այլևս երբեք չբաժանվեն [տես ՎևՈւ 138.17])։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Կորնթացիս 15.20-22: Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Հարությունը ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա:
-
Ինչպիսի՞ ազդեցություն ունի Հիսուս Քրիստոսի Հարությունը մեզ վրա։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը Ետմահկանացու կյանք բառերի տակ. Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի)։
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հայտնություն 20.12: Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ տեղի կունենա մեզ հետ մեր հարությունից հետո։
Բացատրեք, որ կյանքի գիրքը կարող է ներկայացնել անձի մահկանացու կյանքի մտքերն ու գործերը, ինչպես նաև երկնքում արդարների մասին գրանցված գրառումները (տես Աստվածաշնչի բառարան, «Կյանքի գիրքը»)։ Ընդգծեք, որ մենք դատվում ենք ոչ միայն ըստ մեր գործերի, այլ նաև մտքերի, խոսքերի և ցանկությունների համաձայն (տես Մոսիա 4.30, Ալմա 12:14, 41.3, ՎևՈւ137.9)։
Կարող եք առաջարկել ուսանողներին գրել Հովհաննես 5.22 իրենց սուրբ գրություններում՝ Հայտնություն 20.12 հատվածի լուսանցքում։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Հովհաննես 5.22 հատվածը և փնտրել, թե ով է դատելու մեզ։
-
Ո՞վ կդատի մեզ։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը Ետմահկանացու կյանք բառերի տակ. Հիսուս Քրիստոսը կդատի ողջ մարդկությանը)։
Հիշեցրեք ուսանողներին, որ Երկնային Հոր ծրագրի գերագույն նպատակը է ընձեռնել մեզ հավերժական կյանքը կամ վեհացումը ձեռք բերելու հնարավորություն, ինչը նշանակում է՝ նմանվել Երկնային Հորը և հավիտյան ապրել` Նրա հետ հավերժական ընտանիքներում։ Դուք կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը և բացատրել, թե ինչու է կարևոր ձեզ համար կարողանալ հավիտյան ապրել Երկնային Հոր ու ձեր ընտանիքի հետ։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննեսի 3.16–17 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել` փնտրելով, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի ստանանք հավերժական (կամ հավիտենական) կյանք:
-
Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք հավերժական կյանք: (Բացատրեք, որ հավատալ Միածին Որդուն նշանակում է` գործադրել հավատք առ Հիսուս Քրիստոսը և ապրել Նրա ավետարանի համաձայն, ինչը ներառում է տաճարային արարողություններ ստանալը)։
-
Ինչպե՞ս կամփոփեիք Հովհաննեսի 3.16 հատվածը որպես սկզբունք։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը Ետմահկանացու կյանք բառերի տակ. Եթե մենք գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոսը և ապրենք Նրա ավետարանի համաձայն, ապա կարող ենք ստանալ հավերժական կյանք:)
Հիշեցրեք ուսանողներին այն հարցի վերաբերյալ, որը դուք տվել էիք դասի սկզբում։ Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե մեկը հարցնի ձեզ, թե ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար: Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչպես կարող են էլ ավելի զարգացնել այս հարցի պատասխանները՝ հիմնվելով իրենց այսօրվա սովորածի վրա։ Դուք կարող եք նաև հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց վկայություններով` Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրում Նրա դերի մասին։ Դուք կարող եք ամփոփել, նույնպես կիսվելով ձեր անձնական վկայությամբ: